Հայաստանի անկախացումից եւ բանակի ստեղծումից յետոյ սկսեցին կայանալ նաեւ ԶՈՒ զօրատեսակները: Ձեւաւորուեցին ու կայացան նաեւ կապի զօրքերը: Արցախեան գոյամարտի դժուարին օրերին ստեղծուեց կապի վարչութիւնը: Պետի պաշտօնակատար է նշանակւում Վլադիմիր Մկրտչեանը: Նորաստեղծ վարչութիւնում ծառայելու են գալիս խորհրդային բանակից հայրենիք վերադարձած առաջին կապաւորները՝ Արմէն Ազարեանը, Գրիգոր Ամալեանը, Դաւիթ Յարութիւնեանը, Պռոշեան աւանի ԱՀԿի աշխատողները, որոնց միահամուռ ջանքերով, ձեռքի տակ եղած կապի սուղ միջոցներով, սկսւում է կապի զօրքերի կառուցուածքի մշակումը: Կար ընդամէնը մի քանի հեռախօսագիծ, ԳՇ կապի հանգոյցը ամբողջովին աւերուած ու թալանուած էր, մարտական գործողութիւններում ընդգրկուած ստորաբաժանումների հետ կարգին կապ չկար: Ահա այս օրերին, մէկ տասնեակից աւելի նուիրեալ կապաւորների գործադրած աներեւակայելի ջանքերի ու նուիրուածութեան շնորհիւ, կարճ ժամանակամիջոցում պաշտպանութեան նախարարութիւնը միացւում է ընդհանուր հեռախօսակապին, իսկ բարձր հրամանատարութիւնն էլ՝ ապահովւում գծային կապով: 1992թ., երբ Արցախի հիւսիսում մարտական գործողութիւնների ընթացքը թելադրեց ինքնապաշտպանական ուժերում կառուցուածքային մեծ փոփոխութիւններ կատարելու եւ զօրքերի ենթակայութիւնը յստակեցնելու անհրաժեշտութիւնը, ինչը ենթադրում էր նաեւ մեծ փոփոխութիւններ կապի կազմակերպման ասպարէզում, մեր կապաւորները իրենց առջեւ դրուած առաջադրանքը պատուով կատարեցին: Արցախում զինուորական կապաւորների կառուցած գծալարային կապի առաջին խոշոր համակարգը Ստեփանակերտ-Մարտակերտ կապուղին էր: 1992 թուականին կապի զօրքերն համալրւում են գիտահետազօտական ինստիտուտներից, դրանց մասնաճիւղերից բանակ զօրակոչուած մասնագէտներով, որոնցից շատերը նշանակւում են զօրամասերի կապի պատասխանատուներ:
1993 թուականի սկզբին ռազմաճակատի ամբողջ երկայնքով ընթացող ծանր մարտերին զուգահեռ կազմաւորւում են նաեւ կապի զօրամասերը: Նորաստեղծ կենտրոնական ենթակայութեան կապի զօրամասի հրամանատար է նշանակւում փոխգնդապետ Վազգէն Աղաջանեանը: Օրախնդիր հարց է դառնում կապի միջոցների նորոգման եւ նորագոյն սպասարկման հարցը: Այդ նպատակով, Գարեգին Սահակեանի ջանքերով, կազմաւորւում է կապի նորոգման գումարտակը: Միաժամանակ ամբողջ թափով ընթանում է հակաօդային պաշտպանութեան ու հրթիռահրետանային զօրքերի կապի համակարգի ստեղծումը:
Կապի զօրքերի ստեղծման ու կայացման ակունքներում են կանգնած եղել Ֆերդինանդ Սոլոմոնեանը, Գագիկ Մկրտչեանը, Արմէն Քրդեանը, Գարեգին Սահակեանը, Սամուէլ Մադոյեանը, Տիգրիս Մաղաքեանը, Արտիւշա Մարուխեանը, Կառլէն Արշակեանը, Աշոտ Սարգսեանը, Արթուր եւ Արա Սարգսեանները, Լեւոն Դոխոյեանը, Սահակ Իսկանդարեանը, Արայիկ Բէգլարեանը… Տարբեր տարիներին կապի զօրքերը ղեկավարել են գնդապետ Ա. Բալբաբեանը, գեներալ-մայորներ Ա. Փափազեանը, Ա. Բաբուրեանը, իսկ 2009 թուականից մինչ օրս կապի զօրքերը ղեկավարում է գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադեանը:
ՀՀ ԶՈՒ կապի զօրքերի հերթական՝ 22րդ տարեդարձը նշուեց կապի ուսումնական զօրամասում, որի հրամանատարն է փոխգնդապետ Ն. Խոջոյեանը: Միջոցառմանը ներկայ էին զինուորների հարազատներ, ԱԺ պատգամաւորներ, Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի ներկայացուցիչներ՝ քաղաքապետի գլխաւորութեամբ, բազմաթիւ հիւրեր, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ… Առաւօտեան ժամը 10ին զօրամասի ողջ անձնակազմը շարահրապարակում շարուեց հանդիսաւոր տողանցի: Զինուորական նուագախմբի հնչիւնների ներքոյ հանդիսաւորութեամբ ներս բերուեց զօրամասի դրօշը, որից յետոյ կատարուեց ՀՀ պետական օրհներգը:
Տօնական օրուայ կապակցութեամբ շնորհաւորելով անձնակազմին ու հիւրերին՝ ՀՀ ԶՈՒ Կապի եւ ԱԿՀ վարչութեան պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադեանը մասնաւորապէս ասաց.
«ՀՀ զինուած ուժերի կապի համակարգը ձեւաւորուել է Արցախեան պատերազմի ժամանակ եւ անցնելով բաւականին բարդ ուղի, պատուով է դուրս եկել բոլոր փորձութիւններից՝ ապահովելով ԶՈՒ անընդհատ եւ յուսալի ղեկավարումը, դարձել մեր յաղթանակի գրաւականներից մէկը:
Յանուն յաղթանակի եւ ԶՈՒ կայացման, կապի զօրքերի կազմաւորման՝ բազմաթիւ նուիրեալ կապաւորներ դրել են իրենց կեանքը: Այսօր այդ բոլոր դժուարութիւններն արդէն հետեւում են, իսկ կապի զօրքերը՝ կայացած: Տարեցտարի կատարելագործւում է զօրքերի ղեկավարման համակարգը, կատարւում են մեծ ներդրումներ, ձեռք են բերւում նոր տեխնիկա եւ կապի միջոցներ: Սակայն սա դեռեւս չի նշանակում, որ ձեռք բերածը բաւարար է, որ մենք այլեւս անելիքներ չունենք:
Այո՛, կապաւորի ծառայութիւնը շատ բարդ է եւ պատասխանատու: Սակայն մենք՝ կապաւորներս, գիտակցում ենք մեզ վստահուած խնդրի կարեւորութիւնը, զգում ենք ղեկավարութեան յատուկ ուշադրութիւնը կապի համակարգի նկատմամբ, նրանց կողմից կապի համակարգի կարեւորումը, որի վառ ապացոյցն է այսօր կապի համակարգում իրականացուող վերազինման ծրագիրը:
Դժուարութիւններ միշտ լինելու են, սակայն համապատասխան կամքի դրսեւորման ու գործի նկատմամբ նուիրուածութեան դէպքում կարող ենք յաղթահարել բոլոր դժուարութիւնները եւ հասնել մեծ յաջողութիւնների: Ես, որպէս կապի զօրքերի պետ, էապէս համոզուած եմ եւ իմ ու ամբողջ կապի զօրքերի անունից վստահեցնում եմ մեր ղեկավարութեանը, որ այսօր կապի զօրքերը կայացել են, որ այսօր զինուած ուժերի կապի համակարգը յուսալի է եւ կարող է ապահովել զօրքերի անընդհատ ղեկավարումը ցանկացած իրավիճակում՝ ինչպէս ամէնօրեայ գործունէութեան ժամանակ, այնպէս էլ մարտական գործողութիւնների դէպքում:
Առանց ժամանակակից կապի միջոցների, անհնար կը լինի արդի մարտահրաւէրներին դիմակայելը: Եւ այդ քաջ գիտակցում են մեր կապաւորները, որոնց նուիրուածութեան, գրագիտութեան, մասնագիտական բարձր գիտելիքների եւ հմտութիւնների շնորհիւ հնարաւոր եղաւ կերտել ոչ միայն Արցախեան յաղթանակը, այլեւ այսօրուայ մեր ժամանակակից ու հզօր բանակը»:
«Հայ Զինուոր»