
ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«ԱրմինիաՆաու»ի Թղթակից
Թէեւ կառավարութիւնը պնդում է, որ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կէտերից բաղկացած պահանջների մի մասն արդէն իսկ քննարկուել ու իրագործուել են, սակայն ըստ քառեակի ներկայացուցիչների՝ ոչինչ էլ չի արուել եւ պայքարը շարունակուելու է:
Հայաստանի կառավարութիւնը իրեն տրուած վերջնաժամկէտից մէկ օր անց՝ Հոկտեմբերի 1ի երեկոյեան, արձագանգելով Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 պահանջներին, յայտարարութիւն էր տարածել՝ նշելով, որ քառեակի պահանջների մի մասը վերցուած է կառավարութեան ծրագրից, սակայն ոչ թէ առաջարկւում է դրանց իրատեսաբար՝ միջին ժամկէտում կատարումը, այլ դրւում է դրանց անմիջապէս իրականացման անհնարին եւ կատեգորիկ պահանջ:
ԱԺ «Բարգաւաճ Հայաստան», «Ժառանգութիւն», Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն ու Հայ Ազգային Կոնգրես խմբակցութիւնները դեռեւս Յունիսին կառավարութեանը ներկայացրել էին երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման 12 կէտերից բաղկացած առաջարկներ եւ խոստացել, որ մինչեւ Սեպտեմբերի վերջը պահանջները չկատարելու դէպքում հանրահաւաքի միջոցով պահանջելու են կառավարութեան հրաժարականը:
«Մենք ոչ թէ բառեր էինք ուզում, այլ բովանդակութիւն, իսկ բովանդակութիւնը բոլորին էլ պարզ է, որ չի իրականացել, այնպէս որ, այն մի քանի կէտերն էլ, որոնք իբրեւ թէ կատարել են, իրականութեան մէջ այդպիսին չէին: Իբրեւ թէ կուտակայինի պահով կատարել են, այնինչ շատ աւելի խայտառակ բան արեցին կամ շահութահարկը՝ ամբողջ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկութիւնները դրա հետ կապուած այսօր ոտքի վրայ են: Պարզ է, որ նախադասութիւնների հերթական շարանն էր, նոր իրավիճակ չկայ», «ԱրմինիաՆաուին» ասում է «Ժառանգութիւն» կուսակցութեան փոխնախագահ Արմէն Մարտիրոսեանը:
Չորեքշաբթի, վարչապետ Յովիկ Աբրահամեանը, ԱԺում պատասխանելով ԲՀԿական պատգամաւորներից մէկին, անդրադառնալով քառեակին՝ կոչ էր արել համագործակցել կառավարութեան հետ:
«Հրաւիրում ենք, զանգ ենք տալիս ԱԺ նախագահին, առաջարկում ենք, որ ֆրակցիաների հետ հանդիպենք, մեր փաթեթը ներկայացնենք մինչեւ ԱԺ բերելը, եթէ պէտք է՝ մենք գանք ԱԺ, եթէ պէտք է՝ կառավարութիւնում լինի: ԱԺ նախագահն ասում է, որ իրենք ցանկութիւն չունեն: Բա ձեր ցանկութիւնն ի՞նչ է, ի՞նչ էք դուք ուզում, որ այս երկրում իշխանափոխութի՞ւն լինի, յեղափոխութի՞ւն լինի: Ի՞նչ, երկրորդ Մարտի 1 է՞ք ուզում այս երկրում ունենալ, ձեր ցանկութիւնն ի՞նչ է», ասել էր Աբրահամեանը:
Սակայն Մարտիրոսեանն այս յայտարարութիւնը համարում է սպառնալիք ու կարծում, որ վարչապետի նման արտայայտութիւններն աւելի ակնառու են դարձնում իշխանութիւնների վախի, վտանգի աստիճանը ու փորձում են այդ արտայայտութիւններով ահաբեկել հասարակութեանը, սակայն նա չի կարծում, թէ յաջողութեան կը հասնեն:
«Սա նշանակում է, որ իշխանութիւններն այլեւս միանշանակ ընդունեցին, որ դա հակաօրինական է եղել, եւ հիմա էլ փորձում են հերթական անգամ ահաբեկել անօրինական բռնութեամբ եւ փորձում են հակաօրինական եղանակներով յաւէրժ իշխանութեան մէջ լինել: Ի հարկէ, սա պէտք է ահազանգ լինի հասարակութեանը, որ այս իշխանութիւնը պէտք է ժամ առաջ հեռանայ: Հայկական ասացուածքն ասում է՝ «Արջը վախենալուց է գոռում», ասում է Մարտիրոսեանը՝ յաւելելով, որ չնայած իշխանութեան խոչընդոտներին՝ շարունակելու են հանրահաւաքներն անցկացնել ու պատրաստւում են համապետական հանրահաւաքին:
Հոկտեմբերի 10ին Երեւանում անցկացուելիք համապետական հանրահաւաքին ընդառաջ, Սեպտեմբերի 25ից Հոկտեմբերի 8ը արդէն եռեակ դարձած ուժերը (քառեակի առաջիկայ մարզային այցելութիւններին ու հերթական նիստերին տարաձայնութիւնների պատճառով չի մասնակցում ՀՅԴն) նախատեսում են հանրահաւաքներ անցկացնել Հայաստանի 8 քաղաքներում: Հոկտեմբերի 3ին հերթական հանրահաւաքը տեղի կ՛ունենայ Արարատում, որտեղ սակայն քաղաքապետարանը չի ընդունել հանրահաւաք անցկացնելու յայտը, ինչն ընդդիմադիրները դիտարկում են որպէս «քաղաքական պատուէր»:
«Քաղաքապետարանի դիրքորոշումը անօրինականութեան հերթական դրսեւորումն է, հանրահաւաքը մերժելու համար որեւէ հիմք չկայ, պարզապէս իշխանական քմահաճութեան շրջանակներում չեն թոյլատրում եւ վերջ: Սակայն հանրահաւաքը կ՛անցկացուի, ու կարծում եմ, որ Արարատի բնակչութիւնը պէտք է շատ ակտիւ մասնակցի հանրահաւաքին», ասում է Մարտիրոսեանը: