Գրի Առաւ՝ ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ
«Հայաստանն ու հայկական Սփիւռքը մէկ օրգանիզմ է՝ երկու թոքերով: Եթէ մի թոքը փակւում է, միւսն աւելի շատ պէտք է աշխատի, մինչ միւսն առողջանայ»:
Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների իր այս տեսլականը Հոկտեմբերի 14ին Հայաստանի Ամերիկեան համալսարանի շրջանաւարտների եւ դասախօսների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է հայկական Սփիւռքի ամենաճանաչուած ներկայացուցիչներից մէկը՝ Նիւ Եորքի հանրային գրադարանի նախկին տնօրէն, «Կարնեգի» կորպորացիայի 12րդ նախագահ Վարդան Գրիգորեանը:
Վարդան Գրիգորեանը ծնուել է 1934 թուականին Իրանում՝ Թաւրիզ քաղաքում: Տեղափոխուելով ԱՄՆ՝ գերազանցութեամբ աւարտել է Սթենֆորդ համալսարանը՝ մասնագիտանալով պատմութեան եւ հումանիտար գիտութիւնների ոլորտում:
1981թ. Վարդան Գրիգորեանը դարձաւ Նիւ Եորքի հանրային գրադարանի ղեկավարը: Այդ պաշտօնից նրա հեռանալու կապակցութեամբ «Նիւ Եորք Թայմզ»ը գրել էր. «Գրիգորեանը տուեց մեզ Ֆլորենցիան, Աթէնքը եւ Կարթագենը, եւ մենք խոնարհւում ենք նրա հոյակերտ ընծաների առջեւ»:
1988 թուականին Վարդան Գրիգորեանը գլխաւորեց Բրաուն համալսարանը, այնուհետեւ դարձաւ Նիւ Եորքի «Կարնեգի» կորպորացիայի 12րդ նախագահը:
2004 թուականին Վարդան Գրիգորեանը արժանացաւ ամերիկեան ամենաբարձր քաղաքացիական պարգեւին՝ ԱՄՆի նախագահ æորջ Բուշ կրտսերը նրան շնորհեց «Ազատութեան» մեդալը:
Վարդան Գրիգորեանը Հոկտեմբերի 11ին պաշտօնապէս բացուած UWC Dilijan College-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Ներկայացնում ենք հատուածներ Ամերիկեան համալսարանում Վարդան Գրիգորեանի ելոյթից.
ԿՐԹՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
«Իւրաքանչիւր ուսուցիչ, ում դասերին յաճախել եմ, ինձ համար դարձել է առաջնորդ, մենթոր, ով անպայման ուզում էր, որպէսզի յաջողութեան հասնեմ: Իմ ուսուցիչներն իրենց առջեւ խնդիր էին դրել՝ անել այնպէս, որ ես յաջողութեան հասնեմ: Իւրաքանչիւր սովորող անձնաւորութեան մէջ կայ մի բան, որը պէտք է բացայայտել, արթնացնել նրա մէջ սէրը դէպի կրթութիւնը: Բախտս բերել է, քանի որ ողջ կեանքիս ընթացքում անծանօթ, օտար մարդիկ հօր կերպարի դեր են կատարել ինձ համար, ինչպէս օրինակ՝ Սիմոն Վրացեանը»:
ԱԶՆՈՒՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
«Տատիկս ասում էր՝ ունեցածդ ամէն ինչ սակարկելի է. արտաքինդ կասկածելի է, խելքդ կասկածելի է, բայց թոյլ չտաս, որ երբեւէ ինչ որ մէկը կասկածի տակ դնի քո ազնուութիւնը: Եթէ ազնուութիւնից զրկուես, կը զրկուես ամէն ինչից, սնանկ կը լինես: Հնարաւոր է՝ լինես հարուստ, բայց ոչինչ չունենաս»:
ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
«Երբ հրաժարուեցի Փենսինլվանիայի համալսարանից եւ աշխատանքի անցայ Նիւ Եորքի հանրային գրադարանում, ինձ ասում էին, որ գրադարանը սնանկանալու է մէկ տարուայ ընթացքում: Ինձ հարցնում էին՝ ինչի՞դ է դա պէտք: Բայց գրադարանը ինձ համար շատ թանկ վայր է: Այն ժողովրդավարութեան վկայութիւն է եւ քաղաքակրթութեան ԴՆԹն»:
ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
«Հարուստ մահացողը մահանում է պատուազուրկ: Ուրեմն նա այնքան երեւակայութիւն չի ունեցել, որպէսզի ներդնի իր գումարները հասարակութեան համար: Քանի կենդանի ես, պէտք է ներդրումներ կատարես յանուն քո հասարակութեան եւ ազգի: Այս դասը քաղել եմ Դէյլ Կարնեգիից»:
ԿՐԹՈՒԹԵԱՆ,
ՍՓԻՒՌՔԻ ԵՒ ՏԵՂԱՑԻ
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանը պէտք է խորապէս երախտապարտ լինի ԱՄՆ հայկական համայնքին՝ Հայաստանում Ամերիկեան համալսարան հիմնելու համար: Սակայն Հայաստանը չպէտք է միայն ստացող լինի: Հայաստանը պէտք է շէնացուի ներսից՝ տեղացի գործարարների ներդրումներով: Նրանք պէտք է օգնեն հայաստանեան համալսարաններին: Մենք սիրում ենք կրկնել, որ հայ ժողովուրդը սիրում է գիրքը, իր մշակոյթը, ճարտարապետութիւնը, սակայն գործնականում այդ սէրը չենք կիրառում: ԱՄՆում բարեգործութիւնը պարտադիր պայման է: Եթէ մարդ հարուստ է եւ բարեգործութիւն չի անում, դա ամօթ է: Հիանալի կը լինէր, եթէ Հայաստանում ասէին, որ, այո՛, Սփիւռքն արել է իր անելիքը, ես էլ իմ հերթին կ՛անեմ գործի իմ բաժինը, քանի որ սա մեր երկիրն է: Քսան տարուայ անկախութիւնից յետոյ այս երկրում ստեղծուած հարստութիւնը պէտք է կրկին ներդրուի այս երկրում»:
«Նրանք, ովքեր անուշադրութեան են մատնում կրթութիւնը, գիտահետազօտական հաստատութիւնները, բուհերը, դաւաճանում են երկիրը: Ցաւալի է տեսնել, որ մեր գիտնականները լաւ չեն վարձատրւում: Մեր ազգը բաւական հարուստ է՝ մեզ նման բան թոյլ չտալու համար: Մենք պէտք է պարծենանք, որ Մեսրոպ Մաշտոցի, անկախութեան համար զոհուածների արժանի յետնորդներն ենք»:
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՇԷՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայերը ներդրումներ են արել Սինգապուրում, շէնացրել են Փարիզը, Վիեննան, ամբողջ աշխարհը, սակայն պատմութեան ընթացքում անուշադրութեան ենք մատնել մեր տարածաշրջանը: Հիմա այլեւս սրան արդարացում չկայ: Մենք պէտք է ներդրումներ անենք մեր երկրում»: