
ՍԱՌԱ ԽՈՋՈՅԵԱՆ
«ԱրմինիաՆաու»ի Թղթակից
Ռուսաստանի տնտեսական դրութեամբ պայմանաւորուած՝ Հայաստանում դրամի ու ռուսական ռուբլու արժէզրկումը երկրի տնտեսութեան համար բացասական զարգացումներ է խոստանում, ինչն էլ առաջին հերթին սոցիալապէս աւելի վատ պայմաններում ապրող մարդկանց վիճակն է վատացնելու՝ համոզուած են տնտեսագէտները:
Անցած մէկ ամսում հայկական դրամն ու ռուսական ռուբլին Հայաստանում շարունակաբար արժէզրկուել են համապատասխանաբար 5 եւ 1 դրամով: Ըստ Հայաստանի կենտրոնական բանկի՝ Նոյեմբերի 6ին երկրի տարածքում 1 դոլարն արժեցել է 413 դրամ, ռուսական 1 ռուբլին՝ 9.3 դրամ: Մէկ ամիս առաջ՝ Հոկտեմբերի 6ին, 1 դոլարի արժէքը 408 դրամ էր, 1 ռուբլունը՝ 10.2:
Ու եթէ դրամի արժէզրկումը բացասաբար է ազդելու Հայաստանի տնտեսութեան վրայ, ապա ռուբլու արժէզրկումը փոքրացնելու է այն ընտանիքների բիւջէն, որոնց դրամական հիմնական եկամուտը Ռուսաստանում աշխատող ընտանիքի անդամներն են ապահովում:
Սպասելիքները աւելի են վատթարացնում Ռուսաստանից Հայաստան ֆիզիքական անձանց կողմից արուող դրամական փոխանցումների շարունակական կրճատումները, մասնաւորապէս, այս տարուայ Սեպտեմբերին 8.6 տոկոսով աւելի քիչ գումար է փոխանցուել անցեալ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ: Այսինքն՝ առանց այն էլ քիչ ուղարկուող ռուսական ռուբլին աւելի քիչ դրամի տեսքով է մտնելու բիւջէ:
Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրես կուսակցութեան ներկայացուցիչ, տնտեսագէտ Վահագն Խաչատրեանի մեկնաբանութեամբ՝ այս ցուցանիշները նշանակում են Հայաստանի համախառն ներքին արդիւնքի նուազում, որն էլ ազդելու է երկրի սոցիալական վիճակի վրայ:
«Սա նշանակում է բիւջէի մուտքերի ու տնտեսական ակտիւութեան նուազում, որը շղթայով բերում է աշխատատեղերի կրճատման ու սոցիալական աւելի վատ պայմանների», «ԱրմինիաՆաու»ին ասաց Խաչատրեանը:
«Երկրորդ վտանգը կարող է լինել գների փոփոխութիւնը՝ աճը, քանի որ հայկական դրամի արժէզրկումը նշանակում է, որ ներկրուած ապրանքներն աւելի թանկ են վաճառուելու, իսկ ներքին արտադրութեան զարգացման հնարաւորութիւնները պակասելու են, արտահանուող ապրանքների ինքնարժէքը թանկանալու է», յաւելեց Խաչատրեանը՝ ուշադրութիւն հրաւիրելով նաեւ այն հանգամանքին, որ Ռուսաստանի տնտեսական խնդիրների պատճառով ռուսական ընկերութիւնները նախատեսուածից ու սպասուածից աւելի պակաս ներդրումներ կ՛անեն Հայաստանում:
Այս համատեքստում յատկանշական է, որ Ռուսաստանը Հայաստանի խոշոր առեւտրային գործընկերն է, աւելին՝ անցած երկու տարիներին Ռուսաստանից են եղել հայաստանեան տնտեսութեան համար էական նշանակութիւն ունեցող տրանսֆերտների մօտ 85 տոկոսը:
Ցանկութեան ու քաղաքական կամքի դէպքում, սակայն, ըստ Խաչատրեանի, հնարաւոր է անգամ այս պայմաններում տնտեսութիւնն ակտիւացնել.
«Հայաստանի տնտեսութեան մոդելը պիտի փոխուի՝ մենաշնորհները պէտք է վերացուեն, փոքր ու միջին բիզնեսին աւելի շատ հնարաւորութիւններ տան, տնտեսութիւնը պէտք է աւելի ազատականացնել»: