«Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դէ Վալը Foreign Affairs պարբերականում իր «The G-word. Հայկական կոտորածները եւ ցեղասպանութեան քաղաքականութիւնը» վերտառութեամբ յօդուածում անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեան խնդրին, «ցեղասպանութեան» եզրոյթի գործածման հարցում ԱՄՆի քաղաքականութեանը:
Անդրադառնալով 1915թ.ին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած հայկական կոտորածներին՝ դէ Վալը նշում է, որ մինչեւ այժմ ԱՄՆ ղեկավարութիւնը չի կողմորոշուել արդեօք տեղի ունեցածը անուանել ցեղասպանութի՞ւն, թէ ականջալուր լինել իր դաշնակցին՝ Թուրքիային, որը խիստ ընդիմանում է այդ եզրոյթի գործածմանը՝ սպառնալով ետ կանչել դեսպանին կամ վերանայել ԱՄՆի հետ Թուրքիայի տարածքում տեղակայուած ռազմաբազայի վերաբերեալ պայմանագիրը:
«Ոչ մի այլ պատմական խնդիր Վաշինգտոնում չի առաջացնում նման անհանգստութիւն: Պետդեպի նախկին ներկայացուցիչներից մէկը ինձ պատմել է, որ 1992թ.ին æորջ Բուշ Աւագի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Բրենտ Սքուքրաֆտի աշխատասենեակում հաւաքուած պետական ամենաազդեցիկ գործիչները, ի համեմատութիւն այլ հարցերի, Ցեղասպանութեան հարցի շուրջ բանաձեւը ամենաերկարն են քննարկել: Այդ տարիներին «ցեղասպանութիւն» եզրոյթը այնպիսի «իշխանութիւն» էր ստացել, որ շատ գործիչներ խուսափում էին այն բարձաձայն արտաբերել եւ կոչում էին «G-word»», նշուած է յօդուածում:
Յօդուածագիրը շեշտում է, որ մինչեւ այժմ Թուրքիայի իշխանութիւնների համար ցանկացած այլ եզրոյթ ընդունելի է բացառութեամբ «ցեղասպանութիւն» եզրոյթի:
Խօսելով ԱՄՆի ղեկավարութեան կողմից «ցեղասպանութիւն» եզրոյթի գործածման հարցի մասին՝ Թոմաս դէ Վալը ընդգծում է, որ չնայած Բարակ Օբաման իր ապրիլքսանչորսեան ելոյթում փորձեց «Մեծ Եղեռն» բառի օգտագործմամբ խուսափել «ցեղասպանութիւն» եզրոյթը արտաբերելուց, սակայն դա հայկական լոբիիստական կազմակերպութիւնների կողմից ընդունուեց որպէս «եւս մէկ ամօթալի պարտութիւն թուրքական կողմի սպառնալիքներին»:
Յօդուածի «Պատմութիւնը՝ որպէս մարտադաշտ» ենթավերնագրի ներքոյ, վերլուծաբանը մանրամասնօրէն անդրադարձել է 1915թ.ի եւ դրան յաջորդող դէպքերին՝ մէջբերելով արտասահմանեան դիւանագէտների վկայութիւնները հայերի կոտորածների վերաբերեալ: Պարբերականը նշում է, որ 1930-70թթ.ի միջակայքում Թուրքիայում միայն մէկ գիրք է հրապարակուել կոտորածների թեմայի վերաբերեալ եւ այդ տարիներին այլ անդրադարձեր չեն եղել:
«Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբանը յօդուածում նշում է, որ Թուրքիայում պատմաբանները անցեալի մութ էջերին սկսեցին անդրադառնալու 1970ական թուականներից, սակայն նախորդ դարասկզբին տեղի ունեցածը ներկայացնելով այլ լոյսի ներքոյ՝ ժխտելով կոտորածները, հայերին ներկայացնելով որպէս դաւաճաններ, իսկ մուսուլմաններին՝ որպէս քրիստոնեայ գերտերութիւնների զոհ, ովքեր փորձում էին փլուզել Օսմանեան կայսրութիւնը:
Յօդուածում ընդարձակ անդրադարձ կայ «ցեղասպանութեան» եզրոյթի ծագման եւ շրջանառութեան մէջ դրուելու պատմութեանը: Ինչպէս նաեւ խօսւում է այն մասին, որ հայկական լոբիիստական կազմակերպութիւնները կարողացան ապացուցել, որ Լեմկինի կողմից շրջանառութեան մէջ դրուած «ցեղասպանութիւն» եզրոյթը բնութագրում է այն կոտորածները, որոնք իրականցուել են Օսմանեան կայսրութիւնում հայերի նկատմամբ:
«2002թ.ին Արդարութիւն եւ Զարգացում կուսակցութեան իշխանութեան գալուց յետոյ թուրքական հասարակութիւնը սկսել է անդրադառնալ պատմութեան մութ էջերին՝ ներառեալ նաեւ ոչ թուրք ազգաբնակչութեանը հալածանքների ենթարկելու թեմային: Հասարակութեան մէջ նման միտումների շնորհիւ վերաբացուեցին մի քանի հայկական դպրոցներ եւ եկեղեցիներ, թուրք պատմաբանները առանց վախի սկսեցին գրել Օսմանեան կայսրութեան պատմութեան վերջին շրջանի մասին», գրում է պարբերականը՝ յիշատակելով նաեւ Հրանդ Դինքի գործունէութիւնը, ով, ըստ յօդուածագրի, հանդիսացաւ այն կերպարը, որը օգնեց թուրքերին հասկանալու հայերի վէրքը, իսկ հայերին օգնեց՝ հասկանալու թուրքերի ազգային շահերը եւ այդ առաքելութեան համար նա վճարեց սեփական կեանքով:
Յօդուածի վերջում հեղինակը գալիս է այն եզրակացութեան, որ Միացեալ Նահանգները պէտք է որդեգրի այնպիսի քաղաքականութիւն, որը կը նպաստի հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը եւ կը համոզի Թուրքիային յարգելու հարիւր տարի առաջ հայերի եւ այլ ազգային փոքրամասնութիւնների կրած կորուստները:
Panorama.am