Յաջորդ փորձութիւնը եկաւ Պորտուգալիայից, որտեղ կոմկուսի լեգենդար նախագահի ազգանունը գրաբարի անցեալ կատարեալով նոյնքան հայհոյական էր, որքան նախորդ երկուսը: Alvaro Cunhal-ի ազգանունը հայկական մամուլը խոհեմաբար գրում էր Ալվարօ Կունեալ, այսինքն՝ այնպէս, ինչպէս արտասանւում էր պորտուգալերէն, եւ ոչ թէ մեսրոպեան այբուբենի երեսունվեցերորդ տառով: Հայերէնի ականջ ունեցողները, վստահ ենք, արդէն լսեցին այդ անուան գրաբարեան արտասանութիւնը եւ տեղնուտեղը որսացին աշխարհաբար իմաստը…
Օրինակները կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բաւական է՝ ապացուցելու համար, թէ ինչպէս երեք դէպքում էլ գործել է լեզուամշակութային միեւնոյն օրինաչափութիւնը. օտար բառերը նախ եւ առաջ լսւում են մայրենի լեզուով, այդպիսին է մեր ականջը, ուզենք թէ չուզենք: Մենք դեռեւս մայրական որովայնից լսում ենք մեր մայրենին եւ հոգեպէս թէ մարմնապէս հասակ առնում, ձեւաւորւում նրա հնչիւնների ու մեղեդու ներքոյ: Աշխարհի միւս բոլոր լեզուները նախ եւ առաջ լսում ենք նրա ելեւէջներով, լսում ենք հայերէն, որքան էլ դա մեզ հեռացնի օտար լեզուի բուն բառիմաստից: Ուրիշ կերպ չենք կարող, ընդոծին այդ յատկութիւնը մեզ հետ պիտի տանենք գերեզման, եթէ անգամ մինչ այդ մի քանի օտար լեզուներ իւրացնենք: Միեւնոյն է, օտար բերանից դուրս եկող ամէն մի բառը նախ եւ առաջ պիտի լսենք հայերէն: Եւ սա միայն հայերէնին բնորոշ երեւոյթ չէ, ապացոյց՝ ռուսների հեգնական զարմանքը, երբ լսում են մեր Սիրուն անձնանունը, որը ռուսերէն, առաջին ձայնաւորը սղելու դէպքում, բաւական խայտառակ իմաստ է ստանում:
Ֆրանսիացիներին էլ զուարճացնում է մեր լաւաշը, որը նրանք լսում են որպէս la vache, ասել է թէ՝ կով: Լեհերն էլ վրդովուում են, երբ իմանում են, որ «ուռոդ» ռուսերէն նշանակում է այլանդակ, քանի որ լեհերեն uroda-ն ճիշդ հակառակն է՝ գեղեցկութիւն:
Եւ այսպէս շարունակ:
Մօտ երեք տասնամեակ առաջ հայերէնում յայտնուեց «տեստ» բառը, որ գրւում էր Տ-ով ոչ միայն որ փոխառնուել էր ռուսերէնից, այլեւ որ այդ տարիներին մեր ականջը լսում էր հայերէն: Բառն ամրապնդուեց մեր գործածական բառարանում եւ որոշ ժամանակ անց, ենթարկուելով «անգլօամերիկերէնի» աշխարհաքաղաքական ագրեսիային, դարձաւ թեսթ եւ գիշերուզօր այդպէս հնչում է հեռուստաէկրանից: Այս խայտառակ տառադարձումի հեղինակի ականջն, անշուշտ, խլացել էր, այլապէս շրջանառութեան մէջ կը դնէր հայերէն բազմաթիւ համարժէքներից մէկը կամ կը խուսափէր Տ-ն Թ-ով փոխարինելուց, որպէսզի գարշահոտութեան զուգորդումներ չառաջացնի:
Սակայն, պարզւում է, ոչ միայն նրա, այլեւ տասնեակ հազարաւորների ականջն է խլացել: Եւ ոչ միայն ականջը: Կորցրել են նաեւ հոտառութիւնը: Աշակերտ, ուսանող, ուսուցիչ, դասախօս, բանասէր, պատմաբան, գրող, լրագրող… բոլորը կրկնում են, եւ ոչ մէկի մտքով չի անցնում յիշել, թէ անգլերէն տառադարձմամբ այդ բառը հայերէնում ինչ է նշանակում: Այս ողբալի երեւոյթի ախտորոշումն առաւել քան որոշակի է. ականջի զանգուածային, գուցէեւ համազգային խլացում, իսկ հոտառութեան խնդիրը թողնում եմ իրենց…
Այսինքն, գուցէ խտացրինք գոյները. վերջերս Վալերի Միրզոյեանը հեռուստաելոյթի ժամանակ գործածեց «տեստ»ի հայերէն լիովին ընդունելի համարժէքը. «հարցաշար»: Գուցէ մի քիչ երկար է, բայց չի ստիպում քիթը բռնել:
Անչափ միամիտ ենք, եթէ կարծում ենք, թէ բախտներս բերեց, որ Բլեդի մրցաշարը յիսուն տարի առաջ էր կամ Կիպրոսի վերոյիշեալ նախագահը վաղուց լքել է քաղաքական ասպարէզը: Եթէ հիմա տեղի ունենային այդ դէպքերը, մեր խլացած ականջներն առանց վարանելու կը գրէին այնպէս, ինչպէս չգրուեց անցած տարիներին: Դարձեա՞լ խտացրինք գոյները: Ամենեւին:
Օրինակ՝ ամէն կերպ ջանում ենք հաճոյանալ Եւրոպային, երբեմն նոյնիսկ արւում են զիջումներ, որ, հաւանաբար, կարելի էր չանել, բայց հասարակ մի հարցում թոյլ ենք տալիս աններելի մի անտակտութիւն՝ Եւրոպայից եկած բարձրաստիճան պաշտօնեայի ազգանունը տառադարձելով այնպէս, որ տեղնուտեղը յիշում ես յամառութեամբ աչքի ընկնող չորքոտանուն: Դրութիւնն առաւել ծանրանում է, երբ իմանում ենք, որ խնդրոյ առարկայ անձը կին է: Կարող ենք առանց վարանելու ասել, որ քսան-երեսուն տարի առաջ Catherine Ashton-ի ազգանունն անպայման կը գրուէր Ա-ով, բայց այսօր, խլացուած ականջները հլու-հնազանդ ենթարկուելով «անգլօամերիկերէնի» արտասանական տարերքին եւ առանց դոյզն ինչ մտահոգուելու, թէ դա ինչպէս կը հնչի հայերէն, գրում են Էշթոն: Բարեբախտաբար, տիկինը հայերէն չգիտի եւ հայկական թերթեր չի կարդում…
Դեռեւս XIX դարի երկրորդ կէսին Ժիւլ Վեռնը նկատել էր, որ լեզուն եւս դառնում է ոչ միայն գաղութացման, այլեւ զանգուածային տխմարացման գործիք: Նրա վէպերից մէկում կայ մի տեսարան, երբ Ժակ Պագանելը հեռաւոր Աւստրալիայի տափաստանում հանդիպում է մի տղայի, որը շատ է զարմանում՝ իմանալով, թէ աշխարհում անգլերէնից զատ ուրիշ լեզուներ գոյութիւն ունեն:1
Այսօր Հայաստանում գնալով շատանում է «աւստրալացի տղաների» թիւը, եւ այն, ինչ հասկանալի ու ներելի էր հարիւր յիսուն տարի առաջ հեռաւոր մայրցամաքի ծակուռում գոյութիւնը քարշ տուող պատանու համար, կատարելապէս աններելի ու դատապարտելի է այսօրուայ բազմամշակութային աշխարհում ապրող հայաստանեան մի հսկայական զանգուածի համար, որը յաւակնում է ներկայանալ որպէս մտաւորական: Նրանցից շատերի անգլերէնի, աւելի շուտ՝ «անգլօամերիկերէնի» իմացութիւնը (եթէ իսկապէս գիտեն) բնաւ յարգանք չի առաջացնում իմ մէջ, քանի որ իւրացրել են օտար լեզուն ոչ թէ սեփականը հարստացնելու, այլ աւելի շատ աղքատացնելու եւ քայքայելու համար: Այսինքն, այնքան լեզուն չեն իւրացրել, որքան այդ լեզուի արտասանական որոշ սկզբունքներ, որոնք գիտակցուած թէ ոչ՝ պարտադրում են հայերէնին:
Հասկանալի է, որ հայերէնում աւելի ու աւելի յաճախակի գործածուող անգլերէն բառերը տառադարձւում են այդ լեզուի արտասանութեամբ2, բայց կատարելապէս անհասկանալի եւ անընդունելի է, երբ եւրոպական գրեթէ բոլոր տեղանուններն ու անձնանունները տառադարձւում են «անգլօամերիկերէնով»: Այս «սկզբունքի» ողջ անհեթեթութիւնն ու վնասակարութիւնը երեւում է յատկապէս ռոմանական լեզուների հետ առնչուելիս, որոնցում, ի տարբերութիւն անգլերէնի, Տ-ն Թ, Պ-ն Փ, Կ-ն Ք չի դառնում:
Սակայն նրանք թքած ունեն միւս բոլոր լեզուների՝ դարերի ընթացքում կայունացած սկզբունքների վրայ, քանի որ այդ մարդիկ աշխարհը տեսնում ու լսում են բացառապէս անգլերէն: Արդէն ասել ու գրել ենք, նորից պիտի ասենք. Քամիւ մի՛ գրէք, այլ՝ Կամիւ, Թրուայա մի՛ գրէք, այլ՝ Տրուայա, Փոլ Էլիւար մի՛ գրէք, այլ՝ Պոլ, Բեռնար Քլաւել մի՛ գրէք, այլ՝ Կլաւել: Կամ կը ցանկանա՞ն արդեօք մեր անգլագէտները բացատրել, թէ ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհու անունն ինչո՞ւ է հայկական ամբողջ մամուլում «արտասանւում» անգլերէն՝ Բրիջիտ Բարդօ, երբ մեզ համար ճիշդ ձեւը Բրիժիտն է, ինչպէս ֆրանսիացիք են արտասանում: Հայաստանի ռուսալեզու մամուլն էլ, ենթարկուելով այս պսիխոզին, գրում է Բրիժիտ (ռուսերէն): Ինչո՞ւ պիտի մենք՝ հայերս, որ ֆրանսիացիների հետ աւելի քան հազար տարուայ առնչութիւններ ունենք, այսօր «անգլօամերիկերէն» արտասանենք նրանց անունները:
Աւերները, սակայն, տառադարձումով չեն սահմանափակւում: Այսօր Գլենդելում ապրող հայն առանց անգլերէնի իմացութեան կարող է ապրել, մինչդեռ Երեւանում, որտեղ պետական լեզուն, իբրեւ թէ, հայերէնն է, անգլերէն չիմացողի համար կեանքը գնալով աւելի է դժուարանում: Հետեւութիւնը պարզ է. սովորիր անգլերէն, եթէ ոչ՝ ռադդ քաշիր այստեղից, այլապէս առանց այդ լեզուի իմացութեան քո իսկ հայրենիքում կը դառնաս մարգինալ, ներողութիւն՝ հոմլես:
Այսօր առանց բառարանի այլեւս անկարելի է հայկական հեռուստատեսութիւն նայել: Անգլերէն բառերի մի տարափ է թափւում էկրանից, բառեր, որոնց մեծագոյն մասի համարժէքները գոյութիւն ունեն հայերէն: Լաւ, հեռուստացոյց կարող ես չնայել, դա նոյնիսկ օգտակար է մարմնի եւ մտքի առողջութեան համար: Բայց փողոցով չքայլել չես կարող, քայլելիս էլ համատարած տխմարութեան դրսեւորումները չնկատել չես կարող:
Օրինակ՝ հնարաւո՞ր է արդեօք առողջ մտքի արտայայտութիւն համարել Զէյթունի կորած-մոլորած փողոցներից մէկի կիսանկուղային յարկում ծուարած կասկածելի մաքրութեան ճաշարանի ճակատին գրուած «Ֆաստֆուդ» ազդը: Եթէ եանկիների համար է գրել (նրանք հաստա՛տ այդտեղ չեն հասնի, բայց ենթադրենք), ապա պիտի գրուէր լատինատառ, իսկ եթէ հայերի՝ ապա ինչո՞ւ հայատառ անգլերէն եւ ինչո՞ւ, ընդհանրապէս, անգլերէն:
Տխմարութեան նոյնպիսի բարձր մակարդակ է մատուցում Մոսկովեան փողոցում հաստատուած չինական ռեստորանը, որի ցուցափեղկին կարդում ենք. «ԼԱՆՉ 1500 դրամ»: Ի դէպ, որքան անցել եմ այդտեղով, օրուայ տարբեր ժամերին, ռեստորանը միշտ դատարկ է, եթէ «ՃԱՇ» գրէին, ամենայն հաւանականութեամբ, այցելուներ կ՛ունենային:
Հապա տաքսիների շարժուն անգրագիտութիւնը: «Vernisaj, «Chao» կարդում ենք մեքենաների վրայ: Ուղեղը մի՛ լարէք եւ իզուր մի՛ փնտռէք. աշխարհի լատինատառ ոչ մի բառարանում այդպիսի բառեր չէք գտնի: Ֆրանսերէն եւ իտալերէն այդ բառերի ճիշդ ձեւն է Vernissage եւ Ciao, սակայն անգրագէտ տաքսիատէրը գրել է այնպէս, ինչպէս լսում է եւ որքան գիտի, քաղաքապետարանի, թաղապետարանի կամ չգիտեմ՝ ո՛ր ջհաննամի առաւել անգրագէտ եւ անպատասխանատու պաշտօնեան էլ, պահանջուած գումարն ստանալուց յետոյ, կնիքով վաւերացրել է տխմարութեան այս եւ նման մշտաներկայ բազմաթիւ վկայութիւնները:
Աւելի քան 160 տարի ապրեցինք ռուսական պետականութեան, մշակոյթի եւ լեզուի զօրաւոր ազդեցութեան ներքոյ: Այդ տարիներն այսօր զանազան վարձու թէ ձրի ճամարտակողներն անուանում են ստրկութեան, ազգային մշակոյթի եւ ինքնութեան աղաւաղման ժամանակաշրջան: Մենք ճիշդ հակառակն ենք կարծում, քանի որ հէնց այդ տարիներին հայ մշակոյթն ու գիտութիւնն աննախադէպ վերելք ապրեցին, հայոց լեզուն էլ հասաւ բացառիկ մի կատարելութեան՝ շնորհիւ ռուսական գիմնազիաներ աւարտած (ընդգծում ենք այս հանգամանքը) Վահան Տէրեանի եւ Եղիշէ Չարենցի: Ուստի պիտի ասենք, որ այդ «սեւ տարիներին», Խորհրդային Հայաստանի ամբողջ տարածքում չէիր գտնի հասարակական սննդի որեւէ օբյեկտ, որի ցուցափեղկին գրուած լինէր «ԱԲԵԴ»: Այդ բնագաւառի աշխատողներից շատերը, ճիշդ է, չէին փայլում բարեխղճութեամբ, բայց ազգային արժանապատուութիւն ունէին, գոնէ նուազագոյն մակարդակով: Այսօր ո՛չ մէկն ունեն, ո՛չ միւսը:3
Ճաշարանատէրերը մի կողմ. այսօրուայ համատարած բարոյալքման պայմաններում, հաւանաբար, շատ կը լինի նրանցից ազգային բարձր գիտակցութիւն պահանջել, բայց հայկական հեռուստաեթերից կարող ենք եւ պարտաւոր ենք պահանջել: Գոնէ մէկ հարցում: Ի սէր Աստծոյ, բաւական է աղաւաղել Մեսրոպեան այբուբենը: Հայկական տառերն անուններ ունեն: Թուարկելիս մի՛ ասէք «ա», «բը», «գը»…, այլ՝ Այբ, Բեն, Գիմ… Բառացիօրէն մի քանի տարում վարժեցրին արտասանել «էյ», «բի», «սի», երբ տարրական էթիկան պահանջում է արտասանել «ա», «բէ», «ցէ», ինչպէս լատիներէնում է եւ ինչպէս արտասանում էինք մենք մինչեւ ինքնակամ ստրկացումը «անգլօամերիկեան» լեզուա-ենթամշակոյթին:
***
Պատմութիւնը ցոյց է տալիս, որ լեզուն անմիջապէս արտացոլում է քաղաքական-հասարակական մեծ թէ փոքր ցնցումները: Անկախութեանը յաջորդած տարիները բացառութիւն չդարձան մեր լեզուի համար: Բառարաններից հանուեցին բառեր, ստեղծուեցին նորերը, գործածութիւնից դուրս եկան հները: Օրինակ՝ «խանու»չ կամ «մթերային» այլեւս չես հանդիպի, նրանց փոխարինել են «վաճառասրահը», անգլերէն «մարկետ»ը կամ «ֆուդ»ը: Որքան այլանդակւում են բարքերը, այնքան նրբանում են բառերը. «պոռնիկ»ը եւ «բոզ»ը, լիովին հիմնաւորուած, կենցաղից քոչեցին քաղաքականութիւն, տեղը զիջելով «մարմնավաճառ»ին, երբեմն էլ ռուսերէնից փոխառնուած «պուտանկա»ին, որն, ի դէպ, նոյն «պոռնիկ»ն է:
Կատարուել է նաեւ իմաստների ծանրաբեռնում մէկ բառի վրայ, այլ խօսքով, գործածական բառարանի աղքատացում: Իլֆի եւ Պետրովի հերոսուհի Էլոչկան ընդամէնը երեսուն բառ գիտէր, եւ այդքանը լիովին բաւարարում էր նրան հաղորդակցուելու համար: Մեր լեզուն այսօր անշեղօրէն ընթանում է այդ ուղիով: Այլեւս չեն ասում «համերգ», «ներկայացում», «ֆիլմ»: Դրանց փոխարինել է ընդամէնը մէկ բառ. «նախագիծ», որը նախկինում աւելի գործածական էր ճարտարապետութեան ասպարէզում: Բարեբախտաբար, գիրքը դեռեւս «նախագիծ» չէ:
Մէկ բառով տարբեր բաներ ասելը լիովին հաճոյ է մտաւոր ծոյլերին: Գիւղատնտեսութեանը նուիրուած հաղորդումներում գնալով աւելի հազուադէպ է հնչում «դաշտ»ը, որը քոչել է բոլորովին ուրիշ ասպարէզներ. «հարկային դաշտ», «իրաւական դաշտ», նոյնիսկ «լրագրողական դաշտ» (երբ կարելի է պարզապէս ասել մամուլ) եւ այլն: Բայց անհեթեթ է, որ հայերէնը հարստացնելու կոչուած գրչի մարդը, տուրք տալով մտքի ծուլութեանը, յամառօրէն գործածում է «գրական դաշտ»ը, երբ աւելի սազական կը լինէին «գրական կեանքը», «գրական ասպարէզը», «գրական պրոցեսը» կամ, վերջապէս, «գրականութիւնը»: Հետաքրքիր է, «մագնիսական դաշտ»ը մնացե՞լ է իր բուն իմաստով:
Միւս բառը, որ կատարեալ աղէտ դարձաւ մեր գլխին, «գործընթաց»ն է: Որտեղ ասես որ չեն գործածում՝ տեղի-անտեղի: Լսում ես ու միտք անում. ինչպէ՞ս էր կարողանում ապրել մեր բազմաչարչար լեզուն մի քսան-երեսուն տարի առաջ՝ առանց «դաշտի», «նախագծի» եւ «գործընթացի»…
Հանրայայտ է, որ նորաբանութիւններ ստեղծելու համար լեզուին պիտի լաւ տիրապետես: Այսօր, սակայն, պարզւում է, որ անգրագէտներն էլ կարող են նոր բառեր ստեղծել կամ ընդլայնել իմաստային ոլորտը, ներողութի՛ւն՝ «դաշտը»: Արդէն վաղուց արմատացել է «որոշներ» ձեւը. օր չկայ, որ ազգային էկրանից չլսես այս անհեթեթութիւնը, շատ հնարաւոր է, որ վաղը յայտնուի բառարանում4: Միթէ՞ այդ մարդիկ չեն սովորել, որ «որոշ»ը յոգնակի չի ընդունում, դրա համար կայ «ոմանք»ը, որն, ըստ երեւոյթին, անծանօթ է ոմանց: Կամ ռուսերէն «ասսոցիրովատսիյա»ից պատճէնել են ձախաւեր «ասոցացուել»ը, երբ այդ իմաստը կարող էին արտայայտել «զուգորդուել»ով:
Կամ թէ լսում ենք՝ «անշուշտ է»: Այս բառն օժանդակ բայի կարիք չունի, իր մէջ արդէն «Է» է պարունակում: Ի միջիայլոց, այս սխալը հիմնականում լսւում է պարսակահայերից:
Կամ թէ լսում ենք դարձեալ էկրանից5 «ի շնորհիւ այսինչի…», երբ տուեալ միտքն արտայայտելու համար պէտք է ասուի «շնորհիւ», առանց Ի-ի:
Կամ թէ լուրջ (գոնէ արտաքինով) մարդիկ են ելոյթ ունենում, եւ տեսնում ես, որ չեն զանազանում «իր»ն «իրեն»ից կամ «երբեւիցէ»ն «երբեւէ»ից: «Երբեւէ այդպիսի բան չեմ անի» վճռականօրէն յայտարարում էր մէկը: Հաւատում ենք, քանի որ «երբեւէ»ն անցեալ կատարեալն է, անցաւ-գնաց: Հնչեց նաեւ. «Երբեւիցէ այդպիսի բան չեմ ասել»: Դարձեալ հաւատում ենք, քանի որ այս մէկն ապառնի է, օրը կը գայ, կը տեսնենք: Ասում են. «Իրեն կարծիքով», երբ պէտք է ասել. «Իր կարծիքով», բայցեւ ճիշդ կը լինի, եթէ ասեն. «Այդ կարծիքն իրենն է»:
Մէկ այլ վտանգ, որ գալիս է աղաւաղուած արեւմտահայերէնից: Արդէն վաղուց հայկական անունները ֆրանսերէն կամ անգլերէն գրելիս ենթարկւում են տարօրինակ փոփոխութեան. Կարօն դառնում է Garo, Տէր-Յակոբեանը՝ Der Hagobian, Տիգրանը՝ Dikran, Գէորգը՝ Kevork, Կիրակոսը՝ Guiragos, Կայծակը՝ Gaydzag եւ այլն: Հնչիւնական այս աղաւաղումներն այժմ ֆրանսերէնից ու անգլերէնից սկսել են անցնել արեւելահայերին. հայաստանեան մամուլում վերջերս յայտնուեց ամերիկահայ քաղաքագէտի ազգանունը «Գիրագոսեան» եւ ֆրանսահայ դերասանի ազգանունը՝ «Բաբազեան» տառադարձումով: Հաւանաբար չզարմանամ, եթէ նոյն լրատուամիջոցներում վաղը տեսնեմ Վահրամ Բաբազեան գրելաձեւը:
Հայերի ջախջախիչ մեծամասնութիւնն այսօր ասում է «կապնուել», «փորձուել» («Արա, հըլը, փորցուի ըտենց բան արա…»), երբ ճիշդ ձեւը «կապուել»ն ու «փորձել»ն է: Ժամանակ առ ժամանակ լսում ենք «ունթունել», «սննկանալ» (այսպէս արտասանում էր ժողովրդական արտիստը բեմից եւ վերջերս արտասանեց բանասիրութեան դոկտորը՝ հեռուստաէկրանից), «տուժուել», «առաչի անքամ», «հոյրանոց» (արտասանութեան այս կերպը լսում ենք բանասիրութեան մէկ այլ դոկտորի բերանից)…
Այսպիսով, հասանք փողոցի լեզուին, որն անսասան հաստատուել է մեր էկրաններում: «Ասում ա, խօսում ա, էս ա, էտ ա, էն ա…»: Հասկանալի է, որ մարգինալացուող6 հասարակութիւնը պիտի խօսի մարգինալների լեզուով, բայց խայտառակութիւն է, երբ նման խօսելակերպը, փաստօրէն, քաղաքացիական իրաւունք է ստանում ազգային էկրանում, եւ հիմնականում սերիալների կործանարար ազդեցութեամբ7:
***
Կարծում եմ, անօգուտ է կոչ անել այս ասպարէզի համար պատասխանատու պաշտօնեաների հայրենասիրական զգացումներին, ինչպէս եւ մեր պետութեան առաջին դէմքերին, քանի որ նրանք տեսնում են ամէն ինչ, յուսամ, նրանց ականջին հասնում են ժամանակ առ ժամանակ հնչող բողոքներն ու տագնապները, ենթադրում եմ նաեւ, որ նրանց միջավայրում խօսուել է այս խնդիրների մասին: Չենք կասկածում, որ նրանք եւս մտահոգուած են, բայց աւետարանական իմաստութիւնն ասում է, որ ծառը պտղով է ճանաչւում. անցած տարիների ընթացքում նրանց կողմից որեւէ վճռական քայլ չտեսանք եւ, անկեղծ ասած, յոյս էլ չունեմ, թէ կը տեսնենք8:
Ուստի, ելնելով այսօրուայ մեր շահատենչ հասարակութեան մտայնութիւնից, ուր ոչ թէ մարդն է ամէն ինչի չափը, այլ՝ Նորին Մեծութիւն Փողը, աւելի իրական է պահանջել, որ տուգանք սահմանուի լեզուական խեղումների համար, այն էլ՝ ոչ թէ խորհրդանշական մի թիւ, այլ շօշափելի մի գումար: Հանրութեան աչքն ու ականջը խոթուող տխմարութեան եւ անգրագիտութեան համար պէտք է թանկ վճարել: Սինգապուրում հէնց նման միջոցներով կարողացան քաղաքն աղտոտող խուժանին դարձնել գիտակից քաղաքացի9: Մեր լեզուի մաքրութիւնը նոյնքան կարեւոր է, մանաւանդ որ տրտունջներ են լսւում, թէ մեր բիւջէն դժուարութեամբ է լրացւում: Խնդրե՛մ, անսպառ աղբիւր:
……………………………..
1.- Երկու տարի առաջ անգլիական մի նախարար (Chris Bryant) Ալբիոնին բնորոշ ամբարտաւանութեամբ յայտարարեց, որ ֆրանսերէնը երկրորդական լեզու է: Եթէ ֆրանսերէնն է երկրորդական, հապա ի՞նչ ասեն սկանդինաւները, հոլանդացիք, լեհերը, հունգարները, ռումինացիք, մեր մասին էլ չեմ ասում… Քարանձաւային բարբարոսի եւ լկտիացած գաղութատիրոջ մտայնութիւն է սա, քանի որ «երկրորդական» լեզուներ չեն կարող լինել: Իսլանդերէնն այսօր գործածում է ընդամէնը 300,000 հոգի, բայց այդ լեզուով անցած ութ դարերի ընթացքում ստեղծուել են գլուխգործոցներ, որոնք ոչնչով չեն զիջում անգլերէնով ստեղծուածներին:
2.- Չնայած այստեղ էլ որոշակի սկզբունք չի նկատւում: Օրինակ՝ «Հետք» օրաթերթը (27 Յուլիսի 2012թ.) գրում է՝ «ֆունթ ստեռլինգ»: Եթէ «ֆուն»չ ապա ինչո՞ւ «ստեռլինգ» եւ ոչ թէ «սթեռլինգ»: Ո՞րն է տրամաբանութիւնը: Մեր փորձուած թարգմանիչներից մէկն էլ վերջերս գործածեց Արիսթոտել ձեւը… Պարզւում է 1600 տարի սխալ ենք գրել այս անունը: Բայց ինչո՞ւ երկու Տ-ից միայն մէկն է Թ դարձրել: Աշխարհի բոլոր լեզուաբանները որ հաւաքուեն, հաւանաբար չկարողանան մեկնել այս առեղծուածը:
3.- Խորհրդային իշխանութիւնը կարողացաւ կարճ ժամանակում համատարած գրագիտութեան հասնել, իսկ այսօր, դարձեալ կարճ ժամանակում, ստեղծուեց տառաճանաչ անգրագիտութիւնը, որը միտում ունի համատարած դառնալու:
4.- Այս բառն արդէն քաղաքացիական իրաւունք է ստացել նաեւ ԶԼՄներում:
5.- Անգրագիտութիւնների 99 տոկոսն այդտեղից է սփռւում, գումարած հակագեղարուեստական սերիալների անշտկելի աւերները, չասած մանր-մունր «խնդիկ-մնդիկ» եւ տափակ հաղորդումների մասին, կարելի է գալ այն եզրակացութեան, որ ազգային էկրանն, աւելի քան տասը տարի դիւերսիոն գործունէութիւն է ծաւալել սեփական ժողովրդի դէմ: Հասկանալի է, որ բոլորը Աբեղեան ու Աճառեան չեն, բայց, հաւանաբար, սխալների յետագայ տարածումը կանխելու համար, պէտք է ընդունելի մի ձեւ մշակել դրանք տեղնուտեղը շտկելու եւ սրբագրելու համար, ասենք՝ տողատակին անմիջապէս դրուի ճիշդ ձեւը կամ մէկ ուրիշ կերպ: Մեր լեզուի մաքրութիւնը շատ աւելի կարեւոր է, քան որոշ անգրագէտ, բայց յաւակնոտ մարդկանց հիւանդագին ինքնասիրութիւնը: Ի վերջոյ, եթէ հայերէն չգիտեն, թող հանդէս չգան հեռուստատեսութեամբ: Վարակիչ հիւանդներին մեկուսացնում են առողջներից, անգրագէտներին էլ պէտք է մեկուսացնել գրագէտներից, քանի որ անգրագիտութիւնը նոյնպէս վարակիչ է եւ ոչ պակաս վտանգաւոր հասարակութեան համար:
6.- «Մարգինալ» ասելով նկատի չունենք միայն ստորին խաւի լիւմպենացուած հատուածը, այլեւ շքեղաշուք մեքենաներով երթեւեկող, լիքը գրպանով, բայց դատարկ գլխով, իրենք իրենց «էլիտար» համարող, կրիմինալ կամ կիսակրիմինալ տարրերին, որոնց բարգաւաճման համար իդէալական պայմաններ են ստեղծուել Հայաստանում: Այսօրուայ սերիալային «մշակոյթը» հէնց սրանց «սոցիալական պատուերի» արտայայտութիւնն է, նրանց հաւատոյ հանգանակը:
7.- Մերձաւոր Արեւելքի հայութեան առօրեային քաջատեղեակ լրագրողներից մէկն ինձ ասաց. «Մի՛ դատապարտէք սերիալները, դրանք կարողացան Լիբանանի, Սիրիայի, Յորդանանի հայութեան ուշադրութիւնը վերջապէս շեղել թուրքական սերիալներից, չասած այն մասին, որ Սփիւռքի միւս գաղութներում այդ ֆիլմերով հայերէն են սովորում»: Ուրեմն մի աղբից անցանք միւսին՝ թուրքականից հայկականին… Միակ մխիթարութիւնն այն է, որ այդ աղբը մերն է: Իսկ աղբը ազգային պատկանելութիւն ունի՞…
8.- Լիովին համամիտ ենք սփիւռքահայ վաստակաշատ մտաւորականին, երբ միեւնոյն առիթով նա տագնապ էր հնչեցնում իր թերթի էջերին. «Հարցը այլեւս լեզուի հարց չէ. արժանապատիւ ինքնութի՛ւն ունենալու, սեփական դէմք ու դիմագիծ պահելու հարց է, Սփիւռքի մէջ թէ Հայաստանի:
Հարցը դուրս կու գայ մեր՝ մտաւորականութեան, գրողներու, լեզուաբաններու, նոյնիսկ կրթական ու մշակութային հաստատութիւններու ու կազմակերպութիւններու ազդեցութեան սահմաններէն:
Հարցը շարունակութիւնն է Աղէտին, անոր ընդդիմանալո՛ւ, դիմադրելո՛ւ հարց է»:
Բայց որքա՜ն լաւատես, եթէ չասենք միամիտ էր նա՝ գրելով. «Պետութեան, կուսակցութիւններուն ու ազգի ապագայով մտահոգ ղեկավարութեան հարցն է, կամ գուցէ ճիշդ պիտի ըլլար ըսել՝ ղեկավարութեա՛ն հարց է…» (Վրէժ-Արմէն Արթինեան, «Հորիզոն», 19. 12. 2011թ.):
9.- Չէ՞ որ գլխի ընկանք (ցաւօք, ուշացումով), որ պէտք է տուրք դնել մարդկային սնափառութեան վրայ. մեքենաների, այսպէս կոչուած, «պրեստիժնի» համարներ ստանալու համար այսօր պէտք է որոշակի գումար մուծել: Ի դէպ, ժամանակն է այդ գումարը կրկնապատկել, նոյնիսկ եռապատկել: Օրաւուր աճող սնափառութիւնն ու յիմարութիւնը գոնէ այդ կերպ օգուտ տան երկրին:
«Գրական Թերթ»
—————————————————————–
To our Family
and Friends and the entire Armenian Community
Wishing you all Healthy, Happy and a Peaceful
Christmas and a Happy New Year
HENRY AND NORA SAHAGIAN AND FAMILY
———————————————————————–
Տէր Եւ Տիկ. Հրանդ Եւ Մարի Աճէմեան
Թող 2015ը Բերէ Խաղաղութիւն, Առողջութիւն Եւ Ուրախ Կեանք
————————————————————————
Դոկտ. Եւ Տիկ. Տիրան Եւ Շաքէ Արոյեան
Կը Շնորհաւորենք
Համայն Հայութեան Նոր Տարին
եւ Ս. Ծնունդը Եւ Կը Մաղթենք
Բոլոր Իղձերու Իրականացում
—————————————————————————-
Ara Tavitian Los Angeles
Warmest Wishes for Christmas & New Year
————————————————————————–
Շնորհաւոր Նոր Տարի եւ Ս. Ծնունդ
Քրեսենթա Հովիտի Հայց. Առաք. եկեղեցւոյ հոգեւոր հովիւն ու հոգաբարձութիւնը, խոնարհելով մեր անմեղ նահատակներու խնկելի յիշատակին, կու գան շնորհաւորելու համայնքիս հաւատացեալները
Նոր Տարուան
եւ Ծննդեան Ս. Տօներն
առիթներով, ցանկալով բոլորին քաջառողջութիւն
եւ ամենայն բարիք։
———————————————————————-
ՍԱՐԳԻՍ ԵՒ ԷԼԻԶԱՊԷԹ ԹԱԹԻԿԵԱՆ
Թող իրականանան պահանջատէր հայի անկատար տենչերը այս Նոր Տարուն
———————————————————————–
Hovsep & Rita Tokat
Modul Marble
Նոր Տարուան
բարիքներով եւ
Ս. Ծնունդի խորհուրդով
թող լեցուին
մեր կեանքերը
————————————————————————-
Գալիք օրերու անսպառ ծրագիրներու իրականացում այս Նոր Տարուան ընթացքին
Ralph & Savey Tufenkian Travel with Savey
————————————————————————–
Ով Նոր Տարի,
մեր հայրենիքին
շէնութիւն բեր, արեւշատութեամբ
լեցուր քաղաքները,
գիւղերն ու հայ մարդոց սիրտերը
Planet Tobacco
Anto Talatinian
2301 Colorado Blvd.,
Los Angeles, CA 90041
————————————————————————-
Phoenix – Arizona
ARF Kevork Chavoush
ARS Ararat Chapter
AYF Kedashen Chapter
Homenetmen Phoenix
ANC of Arizona
Հայ Դատի պահանջատիրական պայքարին մեծ ոստում մը կը մաղթենք Ցեղասպանութեան հարիւրամեակի այս տարուան ընթացքին, որմէ ետք՝
արագ քայլերով
վախճանական յաղթանակ