ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Հայաստանի միջազգային պահեստները՝ նախորդ տարուան մինչեւ Նոյեմբեր երկարած ժամանակաշրջանին հետ բաղդատելով, նուազած են շուրջ 25 տոկոսով՝ 2 միլիառ 20 միլիոն տոլարէն հասնելով 1 միլիառ 537 միլիոնի:
Տնտեսագէտ Վահագն Խաչատրեան դիտել տուած է, որ ասիկա ամէնէն ցած ցուցանիշն է 2009 թուականէն ի վեր, ինչ որ, ըստ անոր, լուրջ հարուած պիտի հասցնէ Հայաստանի հեղինակութեան. «Մեզ պարզապէս կարող են ճանաչել անվճարունակ երկիր եւ յատուկ կառավարման ինստիտուտ մտցնել: Դա էլ ընդունուած է միջազգային նորմերով, եւ այստեղ Հայաստանի իշխանութիւնը ֆինանսական գործարքների հետ կապուած որեւէ իրաւասութիւն չի ունենայ: Նրա ամբողջ պարտականութիւնը իրենց վրայ կը վերցնեն ֆինանսական այն կառոյցները, որոնք Հայաստանին չեն թողնի, որ մենք՝ երեք միլիոն ազգաբնակչութիւնս ուղղակի սովից կոտորուենք»:
Պահեստներու առանցքային նպատակներէն է պետական պարտքի սպասարկումը: Տնտեսագէտը ընդգծած է. «Ամենամեծ ցանկութեան դէպքում անգամ Հայաստանը, որի պետական պարտքն արդէն հասել է մօտ 5 միլիառ դոլարի, չի կարող պահուստային ֆոնտից յատկացնել 250 միլիոն տոլարից աւելի գումար, քանի որ, ըստ Արժոյթի միջազգային հիմնադրամի չափորոշիչների, պետութիւնները պարտաւոր են միջազգային պահոցներում ունենալ նուազագոյնը 3.5 ամսուայ ապրանքների ներկրման ծաւալներից ոչ պակաս անձեռնմխելի գումար։ Եւ եթէ մենք այդ հաշուարկը կատարում ենք, մենք պէտք է ունենանք անձեռնմխելի 1 միլիառ 200 միլիոն տոլարի պահուստ: Այսինքն, մենք կը մօտիկանանք այդ կրիտիկական սահմանին, որից պակաս պարզապէս գործող նորմատիւի սահմաններում իրաւունք չունենք»:
Կեդրոնական դրամատունը տակաւին չէ հրապարակած Դեկտեմբերի տուեալները: Մինչդեռ, Խաչատրեանի հաշիւներով, Հայաստանի միջազգային պահեստներու յաւելման տուեալներ չկան նաեւ տարեսկիզբին։ Լաւատեսական հիմքեր չկան նաեւ դրամի արժեւորման իմաստով. «Ներդրումներ չկան: Հայաստանում ըստ էութեան ներդրումային մթնոլորտ չկայ, տրանսֆերտները կրճատուել են, որովհետեւ հիմնականում Ռուսաստանից եկող գումարներն էին: Այսինքն՝ ներհոսք չկայ: Արտաքին բնագաւառում էլ տնտեսութեան առումով մեր արտահանուող ապրանքների կոնիւկտուրան դրական չէ՝ պղնձի, մոլիբդենի գների նուազում է գնում: Այս ամէն ինչը բերելու է արտարժոյթի սովի, արտարժոյթի սովն էլ բերելու դրամի արժեզրկման»:
Միջազգային պահեստները 11 ամսուան մէջ 500 միլիոն տոլարով նուազեցուցած Կեդրոնական դրամատան նախագահ Արթուր æաւադեանը աւարտող 2014 թուականը որակած է նաեւ ձեռքբերումներու տարի:
Նախորդ շաբաթավերջին ան յայտնած էր. «Մեր քաղաքացիների եւ տնտեսվարողների մօտ դեռեւս կան մտավախութիւններ գալիք տարուայ առաջին ամիսների հետ կապուած, սակայն մեր կողմից արդէն իսկ գործի դրուած միջոցառումները երաշխաւորելու են ֆինանսական շուկայում կայունութիւնը»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.