ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅՐԵՆԻ ԱԶԳԱԳՐԱԳԷՏ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑՈՒ ՀԵՏ
Զրուցեց՝ ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ
ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.- Իւրաքանչիւր տօն պէտք է նշել խիստ ազգային, որովհետեւ մեր թէ՛ հեթանոսական, թէ՛ քրիստոնէական ծիսական բոլոր տօները շատ գեղեցիկ են: Պէտք չէ առանձնացնել հեթանոսական եւ քրիստոնէական տօները, քանի որ մենք ասում ենք ոչ թէ Ամանոր, այլ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, չենք ասում Տրնդէզ, այլ ասում ենք Տեառնընդառաջ, Յարութեան փոխարէն էլ ասում ենք Սուրբ Յարութիւն եւ Զատիկ: Ամանորը, ինչպէս նշեցի, նախաքրիստոնէական եւ քրիստոնէական տօն է՝ իրար հետ կապուած: Մենք ունեցել ենք երեք Նոր Տարի. մէկը նշուել է Մարտի 21ին՝ գարնանային գիշերահաւասարի օրը, միւսը եղել է Նաւասարդը, որը տօնւում էր Օգոստոսի 11ին, իսկ 18րդ դարում՝ Սիմէոն Երեւանցի կաթողիկոսի օրօք, որպէս նոր տարուայ սկիզբ ընդունուեց Յունուարի 1ը: Արդէն 20ական թուականներից Յունուարի մէկը որպէս տարուայ սկիզբ տօնելը դարձաւ համընդհանուր: Ամանորն ամենագեղեցիկ տօնն է եղել բոլոր տօների մէջ, որը ժողովուրդը շատ մեծ սիրով նշել է: Այն մինչեւ 20ական թուականները եղել է խիստ ժողովրդական, ծիսական տօն: Նախկինում պաս են պահել մինչեւ Յունուարի 6ը, եւ աւելի շատ այդ օրն է համարուել Ամանորը: Յունուարի 1ին գիւղերում կրակի տակ գերան են դրել, եւ վեց օր գերանը վառուել է: Ամանորի ծէսը կատարուել է տարուայ ամբողջ ընթացքում: Կանայք ողջ տարին հաւաքել են բերքն ու բարիքը, ինչ այգիներում ունեցել են, ու պատրաստուել Ամանորին: Տօնական օրերի ընթացքում փոխադարձ կապ է ստեղծուել ընտանիքների, բարեկամների եւ գերդաստանների միջեւ: Հնում նոյնպէս եղել է նուէրների փոխանցման արարողութիւն: Աւելի շուտ Ամանորը երեխաների տօնն է, նրանց ուրախութեան օրը եւ տարուայ սկիզբը:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Ինչպիսի՞ն պէտք է լինի Ամանորի ամենակարեւոր բաղկացուցիչ մասը կազմող ծիսական ծառը, որն այսօր դարձել է բազմաբովանդակ տօնածառ:
ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.- Ողջ Ամանորի ծէսը կապուած է ընտանիքի հետ: Ծիսական ծառը հաւաքական կերպար է, որի գաղափարը ընտանիքի եւ Աստծոյ միջեւ սէրն է: Այսինքն՝ Ամանորի տիեզերական ծառի խորհուրդն այսպիսին է. «Մարդն Աստծոյ մէջ եւ Աստուած մարդու մէջ»: Ծիսապաշտամունքային պատկերացումներում տօնական ծառի վերեւ ձգուած եռանկիւնին երկնայինի խորհրդանշանն է ներքեւ բեկուածը՝ երկրայինի: Գագաթը վերեւ եռանկիւնին մարդն է, որն ի բնէ ձգտում ունի բարձրանալու, երկնայինին հասնելու, իսկ գագաթը ներքեւ եռանկիւնին Աստուած է, որ ձգտում է իջնել եւ նեցուկ դառնալ իր նմանին: Ծառը հիմնականում զարդարւում էր արական եւ իգական տիկնիկներով, գործած ձուերով, ձեւաւոր դդումներով, սերմերով ու փշերով: Ծիսական ծառի գաղափարը յատկապէս տարածուած է եղել Արեւմտեան Հայաստանում: Այն եղել է ճիւղ, որը խրել են գաթայի մէջ եւ զարդարել են չրերով, պոպոքով (ընկոյզով-Խմբ.), պնդուկով (կաղինով-Խմբ.) եւ դա գցել են թոնրի մէջ: Այսօր կարելի է մեր հայկական բարիքներով ծիսական ծառի շատ շքեղ ձեւաւորում անել:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Շատերն այսօր չեն պատկերացնում Ամանորն առանց խոզի բդի եւ առանց այլ տարատեսակ «չալաղաջների», նախկինո՞ւմ էլ կար «մսի պաշտամունքը»:
ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.- Նախկինում տօնական սեղաններին ընդհանրապէս միս չի եղել: Այս վերջին տարիներին է, որ մսեղէն են օգտագործում: Կարեւոր ծիսական ճաշերից մէկը լոբին է եղել: Լոբին ընտանեկան հաւաքական կերպար է, որովհետեւ այն փակ է, եւ հատիկներ կան մէջը: Այդ սերմնահատիկները մարդն են, իսկ փակ կեղեւը ընտանիքն է խորհրդանշում: Ընդեղէնը նոյնպէս կարեւոր էր, որ լինէր սեղանին: Բոլոր կերակուրները խորհրդանշական են եղել, որովհետեւ Պասի շրջան էր համարւում: Հիմնականում պատրաստել են այնպիսի կերակուրներ, որոնք ներկայացրել են Քրիստոսի ծնունդը: Օրինակ՝ բոլորս գիտենք, որ Յունուարի 6ին սեղանին պէտք է լինեն ձուկ եւ չամիչով փլաւ: Իսկ հիմա ամէն ինչ դնում են սեղանին: Դուք էլ արդէն գիտէք, թէ ինչպիսին են լինում այսօրուայ տօնական սեղանները: Մինչդեռ հնում ամանորեայ սեղաններին դրուել է այն, ինչ որ այգին ու բնութիւնն այդ տարի տուել են:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Այսինքն՝ դուք զե՞րծ կը մնաք ամանորեայ խոզի բդից:
ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.- Կարծում եմ, հնարաւոր էլ չէ այդքան միս օգտագործել, աւելի լաւ կը լինի բուսական ճաշատեսակներ պատրաստել: Ի հարկէ, եթէ տանը տղամարդիկ շատ են, որոնք ուտում են այդքանը, կարող են օգտագործել: Կերակուրների տեսականին ընտրելը ընտանիքների տեսակից է կախուած, եւ մի քիչ ազատ պէտք է մօտենալ ծէսին:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Տօնական սեղանները պատրաստելու համար այսօրուայ առեւտրային եռուզեռն ու կանանց քրտնատանջ աշխատանքը հնում ինչպէ՞ս է դրսեւորուել:
ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.- Նախ՝ Ամանորին ոչ թէ վերջին օրն են առեւտուր անում, այլ արդէն թութը հասնելուց սկսուած՝ պատրաստւում են, քանի որ թութն ամենաշուտ հասնող միրգն է: Հնում թութը հասնելուն պէս հայ կինը սկսել է ամբարել տարբեր մրգեր: Կարեւորն այն է, որ կինը կարողանայ այդ ամբարուած պաշարը ճիշդ ներկայացնել սեղանին եւ ճիշդ բաժանել շրջապատին, որովհետեւ այդ օրը նաեւ բարութեան խորհրդանիշն ունի: Դու քո եղածից պէտք է տաս Աստծուն եւ մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Ծիսական ծառից եւ աւանդական սեղաններից զատ էլ ինչերո՞վ կարելի է զարդարել ու տօնական դարձնել բնակարանները:
ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.- Հնում Ամանորին օգտագործել են արական եւ իգական տիկնիկների գաղափարը, որոնք համարւում էին կենցաղային տիկնիկներ: Ունեցել ենք Ամանորի տիկնիկ, որին անուանում էին Ակլամարէ: Այն պատրաստուած էր գունաւոր լաթերից, աւելից, լոբուց, սիսեռից, ցորենի հասկից: Ակլամարէն պտղաբերութեան, բերք ու բարիքի խորհրդանիշն է, երգի ժամանակ տիկնիկն օգտագործել են եւ երեխաներն ու մեծերը պարեցրել: Հայ կինը պատրաստել է նաեւ Ամանորի մոմածառեր, որը կոչւում էր չաթալ ծառ: Ընտանիքի իւրաքանչիւր անդամ ունենում էր իր՝ գեղեցիկ ձեւաւորուած մոմը: Տղամարդկանց մոմերը պէտք է զարդարուած լինէին կանաչ գոյնով, իսկ կարմիր գոյնը կանանց խորհրդանիշն էր: Այդ չաթալ մոմածա վառւում էր Ամանորին՝ գիշերուայ ժամը 12ին, որովհետեւ 12ից յետոյ երկինքը բաց է, այսինքն՝ Աստծոյ ճանապարհն է բաց, ու դու կարողանում ես դիմել Աստծուն, որպէսզի տարուայ մէջ քո օրերը ուրախ ու բարեբեր լինեն, յարաբերութիւնները լաւ լինեն ընտանիքում: Եւ այդ խորհուրդին հետեւելով՝ իւրաքանչիւրը վառում էր իր մոմը:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Հնում ունենալով բազմաթիւ ծիսական խորհրդանշաններ՝ հաւատացե՞լ են կենդանակերպի նշաններին, որին այսօր մեծ տեղ են տալիս:
ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.- Կենդանակերպի նշանների մասին չեմ կարող ասել, որովհետեւ այդպիսի գուշակութիւններից շատ հեռու եմ: Բայց ժողովրդական ծէսը միշտ էլ տօնուել է:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Իսկ Ձմեռ պապն ու Ձիւնանուշն այսօր ո՞ւմ են փոխարինում:
ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.- Ունեցել ենք Կաղանդ պապիկի խորհրդանիշը, որը շատ գեղեցիկ խորհուրդ ունի: Կաղանդ պապիկն աւելի ճիշդ է, քան Ձմեռ պապ ունենալը: Դրանք բոլորն էլ սիմվոլիկ կերպարներ են ու ունեն նոյն գաղափարը: Կաղանդ պապիկի գաղափարը բարեբեր, բարի կամեցող, բարին սիրող եւ բարիք բաժանող մարդու կերպարն է: Ձմեռ պապիկի, Կաղանդ պապիկի եւ մնացեալ բոլոր պապիկների ստեղծման գաղափարն այն է, որ լինում է տարիքով մարդ, որն իր կեանքի փորձը, բարութիւնն ու կամեցողութիւնը փոխանցում է երեխաներին:
Վերջում՝ շնորհաւորելով բոլորիս Ամանորը՝ Լուսիկ Ագուլեցին նշեց եւ իր խօսքով մխիթարեց ժամանակակից Ամանորի տարբերակը նախընտրող հանրութեանը.
«Երբեք չես կարող թելադրել ու ասել, թէ այսպէս կամ այնպէս պէտք է տօնել: Ծէսը ազատ մտածողութիւն է, նայած՝ դու ինչպէս ես Աստծուն մօտենում ու ինչպէս ես կարողանում դա անել: Եթէ ինչ որ մէկը որոշել է խոզի բուդ դնել սեղանին, ոչ ոք չի կարող արգելել: Ժամանակի ընթացքում ամէն ինչ փոփոխւում է, կարող է մի տասը տարի յետոյ բոլորովին այլ կերպ ընկալուի եւ տօնուի Ամանորը: Եթէ այսօր ցանկանում են, թող նորովի տօնեն, բայց ոչ շատ ճոխ: Իսկ ամենակարեւորը՝ Ամանորին իրարից խռոված չպէտք է մնան, որովհետեւ Նոր Տարին եղել է նաեւ հաշտուելու օր:
——————————————————————————–
Նոր Տարին Յոյսերով Ու Բարիքներով Լի Տարի Մը Ըլլայ
Սամուրգաշեան Զարեհ եւ Յասմիկ Արմէն եւ Րաֆֆի
——————————————————————————
Հարիւրամեակի Տարին Թող Բեկումնային Յաջողութիւններ Բերէ Հայ Դատին Ու Հայաստանին
«Րաֆֆի»
Ռումանահայ Հայրենակցական
Մշակութային Միութիւն
————————————————————————-
Orange County
Merry Christmas
and Happy New Year
ARF Armen Karo
ARS Sevan Chapter
ARS Garni Chapter
AYF Serop Aghpure Badanegan
Homenemtmen Sardarabad Chapter
Hamazkayin Siamanto Chapter
ANCA of Orange County
AYF Ashod Yergat