1958 թուականին հիմնադրուած հեղինակաւոր այս կառոյցը, որ հիմնականում զբաղւում է ռազմական ոլորտի հետազօտութիւններով, այսօր հրապարակած ամէնամեայ զեկոյցում արձանագրում է. «Հաշուի առնելով այն լարուածութիւնը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտութեան պատճառով առկայ է Ադրբեջանի հետ յարաբերութիւններում, Հայաստանի Զինուած ուժերը հիմնականում կենտրոնացած են տարածքային պաշտպանութեան խնդիրների լուծման վրայ»:
Անդրադառնալով հայաստանեան Զինուած ուժերի որակական յատկանիշներին՝ զեկոյցի հեղինակները նկատում են. «Ժամկետային զինծառայութեան պրակտիկան պահպանւում է, դրան զուգահեռ, սակայն, գնալով աճում է պրոֆեսիոնալ սպաների քանակը»:
Բրիտանացի մասնագէտները որպէս հայկական բանակում առկայ հիմնական խնդիր մատնանշում են ռազմական աւիացիայի տեխնիկական վիճակը. «Սպառազինութեան եւ սարքաւորումների մեծ մասը ռուսաստանեան ծագում ունի: Ռազմաօդային ուժերի համար խնդրայարոյց է աստիճանաբար հնացող ինքնաթիռները պատշաճ վիճակում պահելն ու դրանց (տեխնիկական) սպասարկումն իրականացնելը»:
Դրա հետ մէկտեղ, ըստ Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային ինստիտուտի մասնագէտների՝ հայկական Զինուած ուժերը կարողանում են յաջողութեամբ համադրել ռուսաստանեան եւ արեւմտեան փորձը:
«Թէեւ Հայաստանի որդեգրած ռազմական հայեցակարգն ընդհանուր առմամբ շարունակում է ռուսական լուրջ ազդեցութիւն կրել, մասնակցութիւնը արտերկրում իրականացուող գործողութիւններին, մասնաւորաբար, Աֆղանիստանում տեղակայուած ISAF զօրախմբում ծառայութիւնը հնարաւորութիւն է տալիս հայ զինծառայողներին որոշակի փորձ ձեռք բերել նաեւ արտերկրի գործընկերների օգնութեամբ», նշում են զեկոյցի հեղինակները՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով Հայաստանի զինուած ուժերի կազմում գործող խաղաղապահ ստորաբաժանման շուրջ զարգացումներին:
«Հայաստանի նպատակը խաղաղապահ զօրախմբի զարգացումն է մինչեւ Հիւսիսատլանտեան դաշինքի չափանիշներին համապատասխանող մէկ բրիգադի չափերի: Դա թոյլ կը տայ Հայաստանին ՆԱՏՕի հետ համագործակցելուն ընդունակ ինքնաբաւ մէկ գումարտակի տեղակայում իրականացնել», նշում են զեկոյցի հեղինակները՝ ակնարկելով, սակայն, որ դաշինքի հետ համագործակցութեան խորացումը չի նշանակում յարաբերութիւնների խզում Մոսկուայի հետ:
«Պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ կապերը շարունակում են խնդիրների բաւական լուրջ շրջանակ ընդգրկել: 2014ին երկու երկրները համագործակցութեան համաձայնագիր են ստորագրել այս ոլորտում», նշուած է Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային ինստիտուտի հրապարակած զեկոյցում:
Բրիտանացի մասնագէտների հեղինակած փաստաթղթում նաեւ մանրամասնօրէն ներկայացուած է այն զինանոցը, որին տիրապետում են աշխարհի տարբեր պետութիւնները, այդ թւում՝ Հայաստանը:
Զեկոյցից տեղեկանում ենք, որ Հայաստանն ունի մարտավարական նշանակութեան այնպիսի զինատեսակներ, ինչպիսին են «Տոչկա» եւ «Էլբրուս» (Արեւմուտքում առաւելապէս յայտնի է որպէս SCUD) տեսակի բալիստիկ (նետուող-Խմբ.) հրթիռներ: Յիշատակուած են նաեւ հայրենական արտադրութեան «Կռունկ» տեսակի անօդաչու սարքերը, որոնց ընդհանուր քանակը, ըստ բրիտանացի մասնագէտների՝ հասնում է 15ի:
Ինչ վերաբերում է հարեւան Ադրբեջանին, ապա անցած տարի Բաքուի ռազմական ծախսերի ընդհանուր ծաւալը, ըստ Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային ինստիտուտի, կազմել է 2 միլիարդ 110 միլիոն ամերիկեան դոլար՝ 2013ի 1 միլիարդ 950 միլիոնի համեմատ:
Գնահատելով ադրբեջանական զինուած ուժերում տիրող ընդհանուր կացութիւնը՝ բրիտանացի փորձագէտները գրում են. «Թէեւ Ադրբեջանը դեռ պէտք է յաջողութեամբ անցում կատարի խորհրդային մոդելից, նաւթի վաճառքից ստացուող եկամուտների աճը հնարաւորութիւն է տալիս երկրին աւելացնելու պաշտպանական ոլորտի ծախսերը: Դա էլ իր հերթին թոյլ է տալիս Ադրբեջանին այնպիսի զինատեսակներ ձեռք բերել, ինչպիսին են, օրինակ, ռուսական C-300 տեսակի հրթիռային կայանքները: Դրա հետ մէկտեղ, սակայն, յստակ չէ, թէ որքանով է ժամանակակից նման զինատեսակների ձեռքբերումը նպաստում ադրբեջանական բանակի ընդհանուր օպերատիւ կարողութիւնների աճին»: «Ժամկէտային զինծառայութիւնը շարունակում է ուժի մէջ մնալ, եւ պատրաստուածութեան մակարդակը զօրամասերում տարբեր է», նշում են զեկոյցի հեղինակները՝ յաւելելով. «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը եւս խնդիրներ ունեն՝ մարզումների եւ տեխնիկական սպասարկման հետ կապուած: Բացի այդ, զինուած ուժերն ի վիճակի չեն համադրուած օժանդակութիւն ցուցաբերել արտերկրում իրականացուող գործողութիւններին»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.