Իր Մօտեցումներն Է Ներկայացնում Թուրքագէտ Յակոբ Չաքրեանը
Զրուցեց՝ ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Պարոն Չաքրեան, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նշանակութիւն ունի Համահայկական հռչակագիրը մեր պետութեան եւ ժողովրդի համար:
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ.- Համահայկական հռչակագիրը, թերեւս, ամենանշանակալի քայլն է, որ կատարել է Հայաստանը Մեծ Եղեռնի 100րդ տարելիցին ընդառաջ: Դա Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դրա հետեւանքների վերացման, ինչպէս նաեւ այս հարցերում, ի լուր աշխարհի, Հայաստանի վարած հետեւողական քաղաքականութեան վերահաստատման եւ Հայաստան-Սփիւռք միասնականութեան ընդգծման համար կարեւոր նշանակութիւն է ունենալու հայ ժողովրդի ու հայկական պետութեան համար:
Համահայկական հռչակագրում Հայաստանի՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղուած նախաձեռնութիւնները անմիջականօրէն պայմանաւորւում են ՀՀ Անկախութեան հռչակագրով եւ ՀՀ Սահմանադրութեամբ, ցեղասպանութեան փաստի անժխտելիութիւնը հիմնաւորւում է ՄԱԿի 1948թ.ի համապատասխան կոնվենցիայով (համագումար-Խմբ.) եւ ՄԱԿի Մարդու իրաւունքների հռչակագրով, մատնանշւում է կոնվենցիայի յետադարձ ուժը մարդկութեան դէմ իրագործուած յանցագործութիւնների պարագայում, դատապարտւում է թուրքական ժխտողականութիւնը եւ դրանով պայմանաւորւում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականութիւնը, Հայ Դատին հետամուտ լինելու կոչ է արւում հայ երիտասարդութեանը, ապագայ սերունդներին պարտաւորեցնում պայքարել յանուն արդարութեան եւ ազգային իղձերի, միաժամանակ ընդգծւում է Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման անհրաժեշտութիւնը, որպէսզի հնարաւոր լինի յաղթահարել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ առկայ անվստահութիւնը: Այլ կերպ ասած՝ Հռչակագիրը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցին մօտենում է Հայաստանի եւ Սփիւռքի միասնականութեան տեսանկիւնից, մօտեցումը համադրւում է միջազգային իրաւունքի նորմերի հետ, որպէսզի երեւան հանուի թուրքական ժխտողականութեան սնանկութիւնը ու ինքնըստինքեան սահմանափակուեն Թուրքիայի հակաքայլերի հնարաւորութիւնները:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Հռչակագրի ո՞ր ձեւակերպումներն ու կէտերն էք ինքներդ առանձնացնում, որոնք լինելու են մեր առաջիկայ պայքարի առանցքում:
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ.- Ըստ երեւոյթին, մեր պայքարի առանցքում կը լինեն հայ երիտասարդութեանն ուղղուած՝ Հայ Դատին հետամուտ լինելու ազգային իղձերի համար պայքարի կոչը, ապագայ սերունդներին, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման անհրաժեշտութիւնն ու ՄԱԿի կոնվենցիայի յետադարձ ուժի կիրառումը, այսինքն՝ կիրառելիութիւնը նախքան 1948թ. իրագործուած ցեղասպանութիւնների նկատմամբ:
Ինչպէս յայտնի է, թուրքական կողմը, ելնելով կոնվենցիայի ընդունման տարեթուից, առաջ է քաշում Հայոց Ցեղասպանութեան վաղեմութեան հարցը, ասելով, թէ 1948թ.ին ընդունուած փաստաթուղթը չի կարող վերաբերել 1915թ.ի իրադարձութիւններին: Թուրքիային այս հարցում ընդառաջում են եւրոպական որոշ պետութիւններ, որոնք ճանաչել են հրեաների Հոլոքոստը: Եթէ այդպէս լինէր, ապա ոչ մի պետութիւն չպէտք է ճանաչեր հրեաների ցեղասպանութիւնը, քանի որ Հոլոքոստը նոյնպէս իրագործուել է նախքան 1948 թիւը, ՄԱԿի կոնվենցիայի ընդունումից տարիներ առաջ:
ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ի՞նչ տրամադրութիւններ է առաջացրել Համահայկական հռչակագիրը Թուրքիայում, եւ ինչպիսի՞ հակաքայլերի կարելի է սպասել:
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ.- Համահայկական հռչակագիրը յարուցել է Թուրքիայի զայրոյթը եւ հաւասարակշռութիւնից հանել է թուրքական բարձրագոյն իշխանութիւններին: Այլապէս Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը չէր յայտարարի, որ Հռչակագիրը ոտնահարում է միջազգային բոլոր նորմերը, որակելով այն Թուրքիայի նկատմամբ թշնամանքի ակնյայտ դրսեւորում, ոչ էլ Թուրքիայի արտգործնախարարութիւնը հանդէս կը գար յատուկ հաղորդագրութեամբ՝ որակելով Հռչակագիրը որպէս դիւանագիտական էթիկայի կանոնների կոպիտ խախտում եւ մեր երկրի նախագահի համար անվայել արարք համարելով: Թուրքական իշխանութիւնների այս սանձարձակութիւնն անգամ բաւական է Համահայկական հռչակագրի նպատակայարմարութիւնը փաստելու եւ նշելու, որ փաստաթուղթը նպատակին արդէն իսկ ծառայում է: