ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Ալֆրեդ եւ Մարգարիտ Յովսէփեան վարժարանն իր գործունէութեան երեսունամեակը նշանաւորեց աննախադէպ նորարարութեամբ: Ամերիկահայ սերունդներին հայեցի կրթելու եւ դաստիարակելու առաքելութիւնը ստանձնած Յովսէփեան դպրոցում, աշակերտներն այսուհետ հնարաւորութիւն կ՛ունենան ստանալու նաեւ երաժշտական մասնագիտական կրթութիւն: Կրթօջախն, այս ծրագրի իրականացման համար համագործակցելու է Փասադենայի հեղինակաւոր երաժշտանոցի (Pasadena Conservatory of Music) հետ՝ հայ մանուկներին ու պատանիներին ընդգրկուն դասական երաժշտական ծրագրով դասաւանդելու են արհեստավարժ մասնագէտներ: Այս մասին մեծ ուրախութեամբ յայտարարուեց Յունուարի 24ին կայացած Յովսէփան վարժարանի 30ամեակի յոբելեանական՝ «Երաժշտութիւն մեր երեխաներին» խորագրով խնջոյքի ժամանակ, որին ներկայ էին շուրջ երեք հարիւր հիւրեր. արքեպիսկոպոս Յովնան Տէրտէրեանը, դպրոցի խնամակալ մարմնի խորհրդի անդամներ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, քաղաքական-հասարակական յայտնի գործիչներ, արուեստագէտներ:
«Երեսուն տարին մեծ ձեռքբերում է հայկական կրթօջախի համար, այն դէպքում, երբ հայ դպրոցին վիճակուած է յաղթահարել բազմաթիւ դժուարութիւններ: Յովսէփեան վարժարանը մեծ հեղինակութիւն ու յարգանք է վայելում Փասադենայում եւ հարեւան քաղաքներում: Մեր դպրոցը մշտապէս առաջնորդուել է արդիական եւ առաջադիմական գաղափարներով: Շնորհիւ առաջնորդարանի եւ սրբազանի աջակցութեան, ինչպէս նաեւ մեր բարերարների նուիրատուութիւնների, կարողացել ենք մեզ թոյլ տալ ստեղծագործաբար մօտենալու մեր աշխատանքին, իրականացնելու բոլոր գաղափարները եւ, այսօր էլ, մեզ տրամադրուած մեծահոգի նուիրատուութիւնների շնորհիւ, մեկնարկում ենք մի նոր ծրագիր: Ինձ համար շատ կարեւոր է, որ հայ դպրոցն իր ուրոյն տեղն ունենայ հայ համայնքում, որ հայ մանուկն անպայման յաճախի հայկական դպրոց՝ մանկուց մերձենալով հայոց լեզուին, մշակոյթին, կրօնին: Այս ամէնը շատ դժուար է պահպանել հանրային դպրոցում եւ շատ կարեւոր է, որ նեցուկ լինենք հայ դպրոցին», իր խօսքում նշեց Յովսէփեան վարժարանի տնօրէն Շահէ Մանկրեանը:
Յովսէփեան վարժարանում երաժշտական դասընթացի ներմուծումը որպէս կրթական ծրագրի մաս, կրթօջախի ողջ անձնակազմը համարում է երազանքի իրականացում: «Մենք ամէն օր պայքարում ենք, որ մեր աշակերտներին տանք մասնագիտական այնպիսի գիտելիքներ, որոնք օգտակար եւ արդիւնաւէտ կը լինեն կեանքի ընթացքում: Երաժշտութիւնը մեծապէս օգնում է զարգացնելու սոցիալական հմտութիւններ, հնարաւորութիւն է տալիս կապուելու բնութեան հետ: Դա ձայնն է Սուրբ հոգու, որի վրայ մեր հաւատքն ու եկեղեցին են կառուցուել, եւ ինչն ուժ է տալիս անհրաժեշտ պահին: Երաժշտութիւնը եւս մէկ հնարաւորութիւն է մեր աշակերտի մէջ արթնացնելու բազմաթիւ շնորհներ եւ վերջապէս՝ երաժշտութեան միջոցով է, որ նրանք լսում են իրենց նախնիների ձայնը՝ ժողովրդական երգն օրինակ, որ հաւաքել ու մշակել է Կոմիտասը», անհատի կեանքում երաժշտական կրթութեան անհրաժեշտութեան մասին նշեց կրթօջախի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Րաֆֆի Բուրբուրջեանը:
Յովսէփեան կրթօջախն իր նոր ծրագրով խորհրդանշեց նաեւ իր պատմութեան մի նոր շրջան՝ միաժամանակ վկայելով, որ այսուհետ աւելի վառ է լինելու հայ ինքնութեան պահպանման այս սուրբ օջախի կրակը: «30 տարիների ընթացքում, դպրոցն ունեցել է հեզասահ եւ ալեկոծ օրեր, բայց իր շուրջ համախմբուած պայքարող, նպատակասլաց, չյուսահատուող ու նուիրեալ մի խումբ անհատների շնորհիւ, ովքեր անհրաժեշտ են համարում նոր սերնդի հայեցի դաստիարակութիւնը, կարողացել ենք յաղթահարել բոլոր դժուարութիւնները: Եւ այսօր տօնում ենք մեր յաղթանակը: Յովսէփեան կրթօջախը սկսելով մի քանի տասնեակ աշակերտներից, այսօր ունի 250 սաներ եւ արհեստավարժ ուսուցչական կազմ: Մենք կարողանում ենք իրականացնել մեր գաղափարները, եւ այս առումով, հպարտ եմ ասելու, որ առաջինն ենք, որ ներմուծեցինք երաժշտական դասընթաց: Երաժշտութեան դրական ազդեցութիւնը անհատի գիտակցութեան զարգացման եւ նկարագրի կերտման հարցում անհերքելի է, այն ազնուացնում է հոգին եւ ներշնչանքի աղբիւր է հանդիսանում», ասաց «Յովսէփեան»ի հայոց լեզուի բաժանմունքի ղեկավար, ուսուցչուհի Լիզա Ճիկէրեան-Մանոյեանը:
Յովսէփեան վարժարանի տօնակատարութեան ժամանակ իւրայատուկ զգացողութիւն կար՝ այս կրթօջախի ուսուցիչների, աշակերտների, ծնողների եւ դպրոցի շուրջ համախմբուած նուիրեալների միմեանց նկատմամբ վերաբերմունքն առաւել ջերմ էր, որ ընտանեկան միջավայր էր յիշեցնում: Հոգածութիւնն ու նուիրումն այնքան անկեղծ էին ու անմիջական, որ ակնյայտ էր դառնում այս հաստատութեան յաջողութեան գրաւականը:
«Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հովանու ներքոյ է ծնունդ առել Յովսէփեան ամէնօրեայ վարաժարանը, եւ դրա համար է, որ այստեղ մենք զգում ենք աստուածային սիրոյ ներկայութիւնը, հոգեւոր շունչը, եւ որտեղ մեր զաւակները հաւատքով եւ ազգային շնչով են մեծանում», իր հայրապետական խօսքում նշեց Յովնան արք. Տէրտէրեանը: Անդրադառնալով կրթօջախի առաջընթացին, առաջնորդը պատմեց, որ դպրոց հերթական այցի ժամանակ, ուսուցիչներից մէկը յուշել է իրեն հայերէն խօսել մանուկների հետ, ինչը մեծ ուրախութիւն է պատճառել. «Սա նշանակում է, որ հայերէնը տիրական ներկայութիւն ունի այս պատերի ներքոյ»: Յովնան արք. Տէրտէրեանն յայտարարեց, որ հայկական կրթօջախի կայացումը նաեւ լաւագոյն ձեւն է ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան 100ամեակը: «Մենք պէտք է աշխարհին ցոյց տանք, որ աւելի ուժեղ ենք, քան 100 տարի առաջ, պէտք է պատգամ տանք, որ 100 տարի յետոյ, մեր ազգն աւելի հզօր է եւ պատրաստ պայքարելու՝ անկախ հանգամանքից, թէ ով է ճանաչում հայերի դէմ իրականացուած մեծ ոճիրը: Կարեւորը, որ մեր զաւակներն իրենց հոգում արթուն պահեն մեր նահատակների յիշատակը: Երբ չկայ տեսլական, մարդիկ մահանում են: Մենք ունեցել են այն տեսլականը, որ մեր երեխաները հպարտօրէն կրելու են իրենց ժառանգութիւնը: Պէտք է համոզուած լինենք, որ մեր սերունդները դառնան յաջողակ»: Յովնան արք. Տէրտէրեանը իր խօսքում յիշատակեց գլխաւոր հիմնադիր Վաչէ արքեպիսկոպոս Յովսէփեանին, ում օրօք էլ բարերարներ տէր եւ տիկին Ալֆրեդ եւ Մարգարիտ Յովսէփեանները հովանաւորեցին կրթօջախի ստեղծումը: Այնուհետեւ ընթերցուեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի կոնդակը՝ վարժարանի 30ամեակի առիթով:
Յովսէփեան կրթահամալիրի կայացման հարցում անգնահատելի է անձնակազմի ու համախոհների նուիրական աշխատանքը: Դպրոցի յոբելեանական ձեռնարկին, երախտագիտութեան խօսքեր ուղղուեցին տասնամեակներ շարունակ վարժարանի շուրջ համախմբուած մարդկանց: Առանձնայատուկ պատուեցին երեք անհատների, ովքեր որպէս ուսուցիչ, ծնող, եւ աշակերտ՝ մեծ ազդեցութիւն են ունեցել դպրոցի կեանքում: Այդ անձինք էին. տարիներ շարունակ նախակրթարանի ուսուցիչ, իսկ յետոյ նախագահ աշխատած Գոհար Սասունեանը, ներկայում հոգաբարձուների խորհրդի անդամ, դպրոցի երեք շրջանաւարտների հայր Յարութիւն Հիլալեանն ու շրջանաւարտ, մարզիչ՝ Լիզա Սադօն:
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Ա. եւ Մ. Յովսէփեան վարժարանի տօնական խնջոյքը իւրատեսակ համերգի վերածեցին հանրայայտ ու սիրուած տարբեր սերնդի երգիչներ Յարութ Փամբուկչեանը, աշխարհահռչակ «Քեփիթըլ Սիթիզ»ի երգիչ Սեպուհ Սիմոնեանը, «Արմինիըն Փաբլիք Ռադիօ» խումբը, ում իրենց կատարումներով միացան նաեւ դպրոցի արուեստասէր ուսուցիչներն ու սաները: Երաժշտական այս հրավառութիւնը լաւագոյնս խորհրդանշեց վարժարանի նոր ծրագիրը՝ միաժամանակ բարի երթ մաղթելով նախաձեռնութեանը:
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու «Կիրակոս» սրահում անցկացուած «Երաժշտութիւն մեր երեխաներին» ձեռնարկի հասոյթը՝ 30 հազար դոլար, տրամադրուելու է նախամանկապարտէզից մինչեւ 8րդ դասարան երաժշտական ծրագրի յետագայ մշակման աշխատանքների համար, որ ներառում է նաեւ այլ երաժշտանոցների հետ համագործակցութիւնն ու երաժշտական գործիքների ձեռքբերումը:
Ձեռնարկին ներկայ էին եւ իրենց գովասանագրերն յղեցին Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարեանը, Մոնթեբելլոյի քաղաքապետ Ջէք Հաջինեանը, Գլենդելի քաղաքապետի կողմից՝ քաղաքապետարանի խօսնակ Արդի Քասախեանը, սենատոր Քերոլ Լուիից՝ շրջանային համակարգող Թալին Մանջիօգլին, Լոս Անջելեսի գաւառից՝ Մայք Անտոնովիչի ներկայացուցիչ Ռիտա Հաջիմանուկեանը: