Արդէն երրորդ տարին է, որ առաջնորդի կրթաթոշակի միջոցով ֆինանսական աջակցութիւն է տրւում հայկական վարժարան յաճախող հայ երեխաներին:
«Ոչ մի երեխայ չի մնացել առանց ուշադրութեան՝ շնորհիւ մեր նուիրատուների», նշեց յանձնախմբի անդամ Էիլեն Քեօսայեանը:
Յովնան սրբազանի հովանաւորութեամբ ստեղծուած յանձնախմբի անդամների ջանքերով տարբեր դրամահաւաք ձեռնարկների ժամանակ հաւաքւում է կրթութեան համար դրամի կարիք ունեցող երեխաներին անհրաժեշտ գումարը:
«Այս տարին իւրայատուկ է, քանի որ բոլորս ներգրաւուած ենք Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի աշխատանքներում, որը խորհրդանշում է մեր ազգի վերապրումը: Մեր երեխաներին կրթաթոշակ տրամադրելով, յարգանքի տուրք ենք մատուցում բոլորիս ընտանիքներին, ովքեր զրկուած են եղել կրթութիւն ստանալու հնարաւորութիւնից Ցեղասպանութեան պատճառով: Նախորդ տարի, 21 աշակերտ ստացաւ հայկական վարժարանում կրթութիւնը շարունակելու համար անհրաժեշտ ֆինանսական աջակցութիւն ձեր նուիրատուութիւնների շնորհիւ», Կրթաթոշակի հիմնադրամի յանձնախմբի աշխատանքները ներկայացրեց եւ բարերարներին երախտագիտութիւն յատնեց յանձնախմբի նախագահ՝ Ալիս Չաքրեանը:
Այս տարի, չորս հայկական վարժարաններ՝ Ալֆրեդ եւ Մարգարիտ Յովսէփեան, ՀԲԸՄի Վաչէ եւ Թամար Մանուկեան աւագ դպրոցը, ՀԲԸՄի Մանուկեան Տեմիրճեան եւ Թէքէեանի Արշակ Տիգրանեան կրթական հաստատութիւններից իւրաքանչիւրին տրուեց ութ հազարական դոլարի ֆինանսական աջակցութիւն: Յովնան սրբազանը, Ալիս Չաքրեանն ու Փեգի Քանքաբաբեանը, Մարտի 7ի ձեռնարկի ժամանակ յանձնեցին գումարը դպրոցների տնօրէններին ու ներկայացուցիչներին:
Յովնան սրբազան ուրախութեամբ անդրադարձաւ կրթաթոշակի հիմնադրամի յանձնախմբի աշխատանքներին եւ յաջողութիւններին: Դիմելով ներկաներին, առաջնորդը մասնաւորապէս նշեց՝ «սա իսկապէս շատ ուրախ առիթ է, քանզի ձեր օգնութեամբ, հայկական ոգու ապագան զօրեղ է: Ապագան մեր երեխաներինն է, եւ մեր երեխաների կրթութիւնը՝ մեր հայկական հաստատուն գոյապայքարի ապագան է»:
Տեղեկանք: Յովնան սրբազանի անուան Կրթաթոշակը հիմնադրուել է այն համոզմամբ, որ իւրաքանչիւր հայ աշակերտ պէտք է ստանայ հայկական կրթութիւն հայկական վարժարանում: Այս կրթաթոշակը միաժամանակ հովանաւորում է Ապրիլին հայկական դպրոցներում անցկացուող շարադրութեան մրցոյթը: Դրամական պարգեւ է տրւում քրիստոնէական արժէքներին առնչուող թեմաներով շարադրութեան մրցոյթի յաղթողներին, որ 8 եւ 9րդ դասարանների աշակերտներ են:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.