Խորհուրդ է տրւում օրական օգտագործել ոչ աւել՝ քան 4 գրամ կոճապղպեղ: Աւելին օգտագործելիս այն կարող է ստամոքսի այրոցի, սրտխառնոցի եւ գազերի առաջացման պատճառ դառնալ:
Ստամոքսի խոցերի եւ բորբոքումների դէպքում կոճապղպեղը կարող է վատ ազդեցութիւն ունենալ եւ բորբոքել խոցը: Այս դեղաբոյսը հակացուցուած է նաեւ լեղապարկի քարեր ունեցող մարդկանց համար, քանի որ խթանում է լեղու արտադրութիւնը:
Կոճապղպեղը նպաստում է արեան շրջանառութեանը՝ կանխելով արեան թանձրուկների առաջացումը՝ դրանով մեծացնելով արիւնահոսութեան հնարաւորութիւնը՝ յատկապէս այն մարդկանց մօտ, ովքեր արիւնը նօսրացնող դեղամիջոցներ են օգտագործում (օրինակ՝ Warfarin, Coumadin): Այս դէպքում խուսափէք կոճապղպեղ օգտագործելուց:
Կոճապղպեղ խորհուրդ չի տրւում նաեւ յղի կանանց, քանի որ այն կարող է նպաստել արգանդի կծկումներին, որը յատկապէս վտանգաւոր է յղիութեան առաջին եւ վերջին ամիսներին: Վիրահատութիւններից առաջ՝ արիւնահոսութիւններից խուսափելու համար, նոյնպէս չ՛արժէ կոճապղպեղ օգտագործել:
Որոշ ուսումնասիրութիւնների համաձայն, կոճապղպեղը նուազեցնում է ախորժակը: Այն մարդիկ, ովքեր ուզում են քաշ աւելացնել, պէտք է յիշեն, որ կոճապղպեղը արգելք կը հանդիսանայ ախորժակի բարելաւման համար: Սա, ի հարկէ, հաճելի լուր է այն մարդկանց համար, ովքեր ուզում են քաշ կորցնել:
Շատերի համար կողմնակի բարդութիւնների պատճառ կարող են դառնալ կոճապղպեղի փոշին կամ ոչ թարմ վիճակում խանութում առաջարկուած սննդային լրացումները: Ընտրէք վստահելի ապրանքատեսակ՝ աւելորդ բարդութիւններից խուսափելու համար:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.