
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
1965թ. Ապրիլի 24ի առաւօտեան Թուրքիայի խորհրդարանի հայ նախկին պատգամաւոր Պերճ Թուրանի գլխաւորութեամբ 25-30 պոլսահայեր Թաքսիմի հրապարակում ծաղկեպսակ դրեցին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի յուշարձանին:
Ըստ պոլսահայ մամուլի, Պերճ Թուրանը Աթաթուրքի յուշարձանի մօտ ասել է. «Յոյները ջանում են մեր ազգակիցներին գրգռել Թուրքիայի դէմ: Չեմ կարծում, որ նրանց այս ընթացքը կարողանայ խռովել Թուրքիայում ապրող 70 հազար հայերի հանգիստը»: Ծաղկեպսակի զետեղման արարողութեանը ներկայ դոկտոր Կարապետ Արմանը ասել է. «Ցաւով տեղեկացանք, որ օսմանեան օրերին պատահած անախորժ դէպքերի 50ամեակը պիտի նշուի (Բէյրութում եւ այլ գաղութներում)»:
Թուրքական մամուլը լայնօրէն անդրադարձաւ 1965թ. հայկական միջոցառումներին: «Հուրիյէ»չը Ապրիլի 8ի համարում գրել է. «Ապրիլի 24ին, ամբողջ աշխարհի հանրային կարծիքի առջեւ, Թուրքիայի դէմ պիտի միջազգային նոր պայքար մղուի: Բէյրութի եկեղեցու (Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւն) առաջնորդութեամբ, Փարիզի, Նիւ Եորքի, Աթէնքի, Լոնդոնի եւ Հարաւային Ամերիկայի զանազան քաղաքներում «ջարդուած հայեր»ի յիշատակին պիտի տեղի ունենան սգահանդէսներ՝ զոհերի յիշատակը ոգեկոչելու եւ «Թուրքիայի վայրագութիւնները ծանուցելու» համար: Այս արարողութիւնները, ճառերը եւ հրապարակուած գրքոյկները պէտք է սփռուեն ռադիօկայաններով ու հեռուստատեսութեամբ»:
Թուրքական մամուլը լուրջ կարեւորութիւն էր տալիս այս միջոցառումներին եւ անընդհատ յօդուածներ գրում Ապրիլի 24ի մասին՝ Բէյրութ ուղարկելով իր թղթակիցներին: «Հուրիյէ»չը կարճ հարցազրոյցներ էր տպագրում Ստամբուլի երեւելի հայերի հետ, դրանք դնելով «Մեր հայրենիքը Թուրքիան է, մեր դրօշը թուրքական դրօշն է, ամէն թուրքի պէս կապուած ենք այս երկրի հետ» վերնագրի տակ: Հայ կաթոլիկների կրօնապետը իբր ասել է. «Մենք բնաւ չենք ուզում, որ յիշատակները վերակենդանան… Բէյրութում ծրագրուած միտինգները որեւէ օգուտ չպիտի ունենան»: Թուրքիայի Հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստեանի խօսքը չափաւոր էր. «Մեռելները յիշելը բոլոր մարդկանց իրաւունքն է ու բարոյական պարտականութիւնը: Միայն թէ յարգանքի արտայայտութիւնները պէտք չէ, որ ազգերի սրտերում թշնամութիւն սերմանեն»:
Թուրքական մամուլը լայնօրէն անդրադարձաւ աշխարհի տարբեր վայրերում կազմակերպուած հայկական ցոյցերին: Այդ առիթով խորհրդարանում ելոյթ ունեցաւ վարչապետ Սուաթ Հայրը Իւրգիւփլիւն՝ յայտարարելով, որ մի շարք երկրներում հայկական ծայրայեղական կազմակերպութիւններ ցոյցեր ու հանրահաւաքներ են կազմակերպել, սակայն կազմակերպիչներն իրենց ակնկալած մասնակցութիւնը չեն ապահովել: Վարչապետը մեղադրեց յոյներին, իբր այդ ցոյցերի հետեւում նրանք են կանգնած: «Գրգռիչների նպատակն է յիսուն տարի անց պատմական իրողութիւնները նենգափոխել եւ Թուրքիայի դէմ հակաքարոզչութիւն տանել: Մենք շահագրգիռ պետութիւններին բացատրել ենք, որ Հայկական Հարցը որեւէ կապ չունի Թուրքիայի հետ եւ չի կարելի պատմութիւնը նենգափոխել: Մեր ողջամիտ հայ հայրենակիցները չմասնակցեցին այդ միջոցառումներին եւ նոյնիսկ Ապրիլի 24ին, այսինքն՝ հանրահաւաքի օրը, Աթաթուրքի յուշարձանին ծաղկեպսակ դնելով՝ դատապարտեցին արտասահմանի մէջ տեղի ունեցող ցոյցերը»:
2010 թուականից սկսած՝ Ապրիլի 24ը ամէն տարի յիշատակւում է Պոլսում, բայց ոչ ժխտական մօտեցումով: Հինգ տարի առաջ այդ օրը մի քանի տասնեակ իրաւապաշտպաններ բողոքի ակցիա էին անցկացնում Ստամբուլի «Հայդար Փաշա» կայարանում, որտեղից 95 տարի առաջ՝ 1915ին, մահուան ճամբորդութեան էին ուղարկել հայ մտաւորականների առաջին խմբին: Նրանք պարզել էին աքսորուած եւ դաժանաբար սպաննուած հայ գրողների նկարները: Թուրք եւ քուրդ իրաւապաշտպանները, մտաւորականները սգոյ միջոցառում անցկացրին նաեւ Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Թաքսիմում՝ ի յիշատակ 1915թ. զոհերի:
Թուրքիայի համար անսովոր այս միջոցառումները թուրք ազգայնականների յարձակումներից պաշտպանում էին շուրջ հազար ոստիկաններ: Թուրք ազգայնականները յայտարարում էին, որ հայերն են կոտորել թուրքերին: Մէկ օր անց ծայրայեղ ազգայնական «Մեծ միութիւն» կուսակցութեան ներկայացուցիչները այրեցին հայկական եռագոյնը:
Մէկ տարի անց նոյն օրը՝ 2011ի Ապրիլի 24ին, յիշատակի միջոցառումներ անցկացուեցին Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում, Բոդրումում: Մասնակիցները դատապարտում էին 1915ին եւ յետագայ տարիներին տեղի ունեցածը, այն համարում «մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն», «մեծ ոճիր», զօրակցութիւն յայտնում հայերին, նրանցից ներողութիւն խնդրում, սակայն հիմնականում խուսափում էին «ցեղասպանութիւն» բառից: Թաքսիմ հրապարակում այս անգամ հաւաքուել էր աւելի քան 400 մարդ: Հնչում էր հայկական երաժշտութիւն, որի ներքոյ ակցիայի բոլոր մասնակիցները ծնկի էին իջել եւ լռութեամբ յարգում էին 1915թ. զոհերի յիշատակը: Հնչեցին ելոյթներ, որոնց ընթացքում անուն առ անուն յիշատակւում էին շուրջ 250 մտաւորականները, ովքեր Եղեռնի զոհ են դարձել:
Յիշատակի միջոցառում տեղի ունեցաւ նաեւ Ստամբուլի «Սուլթան Ահմեդ» պատմական վայրում: Թուրք մտաւորականները պահել էին պաստառներ, որտեղ գրուած էր, որ թանգարանը 1915թ. բանտ էր, որտեղ՝ մահուան ճամբորդութիւնից առաջ, պահւում էին հայ մտաւորականները: Թուրք ազգայնականները պատասխանեցին երկու գործողութիւններով: Թաքսիմի հարեւանութեամբ հաւաքուած մի քանի տասնեակ թուրքեր կրում էին պաստառ, որի վրայ գրուած էր. «Կեցցէ մեր նոր ազատագրական պատերազմն ընդդէմ երկրորդ Սեւրի դաշնագրի»: Ապա ծայրայեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպութեան անդամները, ձեռքներին ադրբեջանական դրօշներ, անցան Իստիկլալ պողոտայով՝ ցեղասպանութեան պնդումները որակելով «իմպերիալիստական ստեր»:
Թուրքիայում 1915 թուականի յիշատակումը, անկախ մասնակիցների թուից ու հնչած ելոյթների բովանդակութիւնից, աննախադէպ է: Այն յիշատակուելու է նաեւ այս տարի Ապրիլի 24ին՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի:
———————————————————————–
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Խաժակ եւ Հիլտի Սարգիսեաններ Սան Ֆրանսիսքօ
Հրայր եւ Աստղիկ Թէճիրեան
Դոկտ. Տիրան եւ Շաքէ Արոյեան
———————————————————————-