
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Աղօթքները մեր բոլոր,
Շարականները բոլոր,
Որ գրել ենք դարերի երկար ընթացքում
Ու մանաւանդ խաւարում միջնադարերի,
Իսկ օսմանեան թուրքութեան
Անմարդկային զազրութեան
Գիշատչային բռնաբարութեան գեհենում,
Խճողակով ձեր արեան լերդնած պալարի,
Խճողակով փշրուած ձեր ոսկորների,
Որ Դեր Զօրի աւազը չզօրեց մարսել,
Որ ործկաց ու զգայռեց ամբողջ տարածքով…
Աղօթքները մեր բոլոր,
Շարականները բոլոր,
Պատարագում եմ ես ձեզ,
Զոհաբերում եմ առ ձեզ,
Զզուանքով, որ մինչեւ այժմ
Չզօրեցինք որակել,
Արժեւորել ըստ արդեամբ մեր նկունութեան,
Նկունութեամբ հայրենի պետականութեան,
Նկունութեամբ մեր խղճուկ մնացորդացի,
Որ եկել է ժառանգել ձեր հրիտակը
Արաբական անջրդի անապատների,
Աւազների մէջ փսխուած ձեր զոհուածութեան…
Նահատակներ մեր բոսոր արիւնահեղուած,
Բռնաբարուած որպէս մայր,
Դժնի պղծուած որպէս քոյր,
Խեղդասպան յօշոտուած եղբայր, պարմանի,
Գանգաջախջախ սպանուած որպէս երեխայ,
Մանուկ եւ սուրբ նորածին,
Որ որպէս գոյ, մարդեղէն,
Դեռ չի գործել մեղք, յանցանք,
Հաստատելու մարդկային իր իրաւունքը…
Եւ որպէս այր, մարդ ու հայր,
Թէեւ տէր, բայց կռտած լաճ,
Բազմապատիկ կտտանքով
Մաշկազերծուած, խողողուած…
Ստորութեան անդունդը նետուած գարշահոտ…
Նահատակներ սրբազան,
Նահատակներ մեր բազում,
Նզովանքով մի խենէշ
Անձնասպան եմ ես լինում
Ձեր փոշու վրայ… փոշու,
Որ այսքան օր ու աւուր
Չկարողացանք թաղել ձեր ցրիւ փոշին
Հայրենական մասունքում, կամ մեր սրտերում.
Պատմութեան փոթորիկը չի զօրում աւլել
Խեղ աշխարհի պառաւուկ, դժնի երեսից…
Խեղ ու դժնի երեսից…
Նահատակներ բիւրբազում
Անձնասպան եմ ես լինում
Անզօրութեան նողկանքով դիակիս վրայ…
Ու ինչպէս ծէսն է հնոց,
Ահա կ՛ելնեն սեւագլուխ կղերը մեր,
Ու փոխարէն ի վերին Երեւանը մեր՝
Կը կոնգոռնեն ի վերին… ողբ… Երուսաղէմ…
æհուդական ուրացող նզովանքով հեղգ…
Ողբ է… ողբ է հարիւրամեայ, մի դարալից…
Ժողովներ են մշակում
Վաղեմի նոյն շարականները երգելու,
Կատարելու սուրբ պատարագ հանդիսաւոր,
Հոգեհանգիստ, պաշտամունք
Խնկահոտախառն, խեղդող,
Որ ժահում է թուլութեան մեղկ շնչառութեամբ:
Ոհ՜… ողբերս ո՞ւր լացեմ իմ անզօրութեան,
Անպետական սփիւռքով բազմաձայնութեան…
Ո՜վ երկիր, ո՜վ հայրենիք, ո՜վ աշխարհք…
Իսկ հայրենիքը… մի բուռ… բազմաբուռ ճեղքուած,
Որ պետական բռունցքով ազգ է փշրտում,
Ու բռունցքի ճեղքերից թափում է թափում…
Այլասերուող արտագաղթ… ապազգայնացում,
Հայրենական տարածքի բիրտ ազգաթափում:
Իսկ Ցեղասպան Եղեռնեան Նահատակներիս
Արիւնահեղձ յիշատակը փոշիացած
Դեռ մնում է թուրքութեան գողօն թալանը,
Շահագումար, կողոպուտ
Քարիւղահոս արաբեան անապատներում,
Եւրոպայից, Ամերիկայից շահելով
Քաղաքական, ռազմավարական տոկոսներ,
Շահարկուած արիւնագին…
Ցեղասպանուած զոհերիս յիշատակը,
Եղեռնական Մեծ Եղեռնի յիշատակը,
Տարածքներ ու կոթողներ,
Սուրբ վանքեր ու խաչքարեր
Դեռ մնում են սփռուած
Պետականօրէն թուրքասեփականացուած,
Թալանուած իմ հայրենական հողերում,
Ամերիկեան ու եւրոպական ռազմական
Բարեկամական խարդախ դաշնադրութեամբ,
Ռուսական էլ զէնքերով ժանիքաւորուած:
Ազգափախ հայրենիքի պետերը հեղձուկ,
Կթոտելով, անճարութեամբ մօտենում են
Եւրոմիութեան, կամ էլ
Եւրասիական Միութեան կախաղանին:
Հնչում է Նրա* ձայնը,
Որ իմ բառաչն է անիւսահեղց ու խզուած
Որ… ոչ մի ոք չմօտենայ կախաղանին
Ինձնից բացի… ինձնից զատ…
Զանգն է զուր… զուր բառաչ…
Ցեղասպանութեան Նահատակներս են,
Բառաչում են աղեխարշ…
Որ եւ ես եմ բառաչում,
Ինքնասպանութեան վերջնական մոլութեամբ,
Էլ ոչ մի ոք չմօտենայ կախաղանին
Ինձնից բացի… ինձնից զատ…
Դաւադրութիւնը դեռ շարունակւում է
Իմ ինքնասպանութեան հարիւրամեակին,
Որ Նահատակներիս Ցեղասպանութեան
Հարիւրամեայ տարելիցն է, դարալից…
Եւ իմ արեան յորդ լերդի
Ոսկորներիս ջարդուխուրդ փշրանքի վրայ,
Ձրի սփռուած արդէն
Չորս ծագերում աշխարհի.
Նեռ թուրքութիւնը զաւթած
Հայրենիքս է իւրացրել,
Որպէս ռազմավարական դաշնակից ընկեր
Ամերիկայի ու Եւրոպայի հզօր,
Ժանիքաւորուած նաեւ ռուսական զէնքով:
Անզօրութեան իմ ողբերը ես ո՞ւր վայեմ… ո՜հ…
Ո՜վ հող, ո՜վ բնութիւն, ո՜վ Աստուած…
Ողբով, աղօթքով կոծուած, յուշարձանացուած,
Ու քաղաքակիրթ բոլոր մանրամասներով,
Նահատակներիս նենգ Ցեղասպանութեան
Անաւարտ հարիւրամեակ,
Իմ ինքնասպանութեան միհարիւրերորդ
Տարելից եմ արդ նշում:
Այս ողբը… ոհ, այս կականը, կոծունքը, շիւանը…
Ո՜վ մարդկութիւն, ո՜վ աշխարհք, ո՜վ արարչութիւն…
Իմը չէ, ոչ:
Իմը չէ:
Ես քայլում եմ ամերիկեան սուրբ հողի վրայ,
Ապահովութեանս հաւաստիքով երկաթեայ,
Ու երաշխիքով հզօր ու անվերապահ…
Մինչդեռ նահատակներս
Ամայութիւններում են,
Որպէս չոչնչացող ցի՜ր
Փոշի, ցանուք ու մղեղ,
Որպէս փոշի,
Որ իմ մնացորդն է,
Որ ուզում է մարմնաւորուել որպէս
Իրաւունք,
Կեանք,
Հայրենիք…
Որ մնում է չճանաչուած, թուրքաթալան,
Անի ու Մշոյ Սուրբ Կարապետ,
Վան ու Մհերի Դուռ…
Սուրբ Նեմրութի դիցարան…
Իսկ ծայրամասի որպէս մնացուկ ու յոյս,
Իմ փոքրիկ Հայաստանը,
Որ դեռ պահանջ էլ չունի
Աճիւնիս տէր կանգնելու…
Անտէրութեան հարիւրամեայ իմ տարելից…
Իմ ողբագին դարալից…
* Եղիշէ Չարենց