
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՎԷՄ» ՀԱՆԴԷՍԻ
«…Գրաւոր պատմութեան կողքին գոյութիւն ունի նաեւ կենդանի պատմութիւնը, որը տարիներ անց վերսկսւում է կամ շարունակւում, որովհետեւ նրանում կարելի է յայտնաբերել անցեալի բազում հոսքեր, որոնք նախկինում ցամաքած էին թւում»:
Մորիս Հալբվաքս
Բանալի բառեր՝ Եղեռն, յիշողութիւն, գլոբալիզացիա, հայրենիքի գաղափար, յիշողութեան վայրեր, ընդհանուր ցաւ, նահանջ, ընդհանուր տուն, փոքր քարտէս, ծննդավայր, նախնիներ, թելեր:
Հայոց Ցեղասպանութեան մասին մեր հաւաքական յիշողութեան մէջ անցած 100ամեակում տեղի ունեցած խորքային փոփոխութիւնների ուսումնասիրութիւնը խիստ անհրաժեշտ է գլոբալացող աշխարհում նրա ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների յաղթահարման համար:
Թէեւ այդ ընթացքում մեզ յաջողուել է ապահովել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի անշրջելիութիւնը, բայց ազգի տրաւմատիկ յիշողութեան պարբերական վերաթարմացումները Մեծ Եղեռնի ընկալումը վերածել են մեր «ձեռքբերովի էութիւններ»ի երկար շղթայի եւս մէկ օղակի: Ուստի միջնադարին ու նոր ժամանակներին բնորոշ հայկականութեան դարաշրջանային կերպաւորումների երկար շարքը համալրած՝ ցեղասպանուածի բարդոյթը մի կողմից՝ նոր միջավայրին մեր ոչ ադեկուատ (համարժէք-Խմբ.) արձագանգի վկայութիւնն է, իսկ միւս կողմից՝ գլոբալացող աշխարհին ինչ որ կերպ ներկայանալու հնարաւորութիւնը: Անզօրութեան եւ ուժի նման համադրութիւնը մեր «բուն էութեան» որոնման խնդիրը կրկին մղել է յետին պլան, որովհետեւ այդպէս էլ չի փոխակերպուել ժամանակի մէջ սեփական ներկայութիւնն ապացուցող լիարժէք գոյութեան:
Աւելին՝ Եղեռնը վերապրած սերնդի կեանքից հեռանալու հետ միասին, թուլացել է տեսողական յիշողութեան միջոցով պահպանուող՝ Հայրենիքի հետ անմիջական-զգայական կապը: Մեր ընդհանրացուած պատկերացումներում սկսել է ջնջուել նաեւ հայրենիքի քաղաքական ու պատմական ընկալումների տարբերութիւնը՝ խանգարելով միջազգային-իրաւական առումով մեզ պատկանող Վիլսոնեան Հայաստանի եւ Հարաւային Կովկասի հայապատկան տարածքների միասնութեան ընկալմանը: Անցած տասնամեակներում Սփիւռքում ծնուած հայերի մօտ ծնունդ է առել նաեւ հակառակ ծայրայեղութիւնը՝ «երկու հայրենիքներ»ի մասին պատկերացումը, ինչը երկատել է նրանց ինքնութիւնը: Արդիւնքում առաջ է եկել հարազատ հողից կտրուած բոյսի նման թառամող հայի մի նոր տեսակ, որին բնորոշ երկլեզուութեան փաստը յանգեցրել է որեւէ օտար լեզուի եւ արեւմտահայերէնի զուգորդման իրողութեանը: Ուստի կորուսեալ հայրենիքի՝ գնալով աւելի ու աւելի խունացող պատկերին գամուած մեր ազգային ժամանակը նոր սերունդների մօտ աստիճանաբար տրոհուել է Եղեռնի մասին յիշողութեան եւ ապրուած կեանքի երկուութեանը՝ ամբողջացնելով յետեղեռնեան Նահանջի ողջ համապատկերը:
Նորագոյն շրջանում այն ժամանակաւորապէս կասեցուել է անազատ, բայց հարազատ հողի վրայ՝ Խորհրդային Հայաստանում, որտեղ 1960ական թուականների կէսերից Եղեռնի վերյուշը հետեւողականօրէն խթանել է ազգային ինքնութեան որոնումները: Արդիւնքում՝ 1970-1980ականներից Հայաստանում ու Սփիւռքում այն փոխակերպուել է ազգի զոյգ հատուածների միասնական պահանջատիրական պայքարի: Դրա հետեւանքով դեռեւս մինչեւ Հայաստանի անկախացումը Մեծ Եղեռնի յիշողութիւնը դարձել է այն ընդհանուր ցաւը, որը միաւորում է Հայաստանում եւ օտար երկրներում բնակուող՝ իրենց ազգային ինքնագիտակցութիւնը պահպանած բոլոր հայերին:
Նորանկախ Հայաստանի պետական կեցութեան առաջին տասնամեակների փորձն արդէն ապացուցել է, որ այդ ցաւից անհնար է ձերբազատուել՝ չունենալով նոր կորուստներ: Դրա ամենահամոզիչ վկայութիւնը Եղեռնի վերյուշի դառն էջերը քաղցր յաղթանակների փոխակերպած Ղարաբաղեան պատերազմն էր: Սակայն պատերազմին յաջորդած տասնամեակներին Հայաստանի ու Սփիւռքի կեանքում արձանագրուած նոր տեղատուութիւնը այլեւս կասկած չի թողնում, որ մինչ Հայոց ազգային ժամանակը 1915ից յետոյ անվերջ պտոյտներ է գործում պատմութեան շրջափուլային ընկալումների շրջագծում, մեր շուրջը ձեւաւորուել է մի նոր աշխարհ, որը նոր մարտահրաւէր ու նաեւ՝ նոր հնարաւորութիւն է Ազգի ու Հայրենիքի միասնութեան խնդրի լուծման ճանապարհին:
Այլեւս ակնյայտ է, որ գլոբալացող աշխարհում անհնար է երկար ժամանակ պահպանել Եղեռնի յիշողութիւնը ազգ-պետութիւնների ձեւաւորման դարաշրջանին բնորոշ պատկերացումների միջոցով, որովհետեւ նրանում արձանագրուող տարածութեան սեղմման ու ժամանակի ընդարձակման իրողութիւններն աստիճանաբար ողջ Երկիր մոլորակը վերածում են մէկ ընդհանուր «Հայրենիք»ի: Ու թէեւ երկրորդի ազդեցութիւնն արդէն յանգեցրել է հայկական Սփիւռքի արագացուած ձուլմանը, առաջինի կողմից ընձեռուող փրկարար հնարաւորութիւնները դեռեւս չեն գիտակցւում նախորդ դարաշրջանին բնորոշ պատկերացումներով առաջնորդուող մեր հանրոյթի կողմից: Որովհետեւ ներկայումս՝ գլոբալացող աշխարհում, սեփական անկիւնն ունենալու ցանկութիւնը պայմանաւորւում է մասնագիտութեան, զբաղմունքի, նախասիրութեան, ի վերջոյ՝ անհատական ընտրութեան գործօնով, ուստի հայ մարդը, ուզի թէ չուզի, պէտք է ներգրաւուի մրցակցային նոր միջավայրի մէջ եւ ապացուցի սեփական մրցունակութիւնը, այսինքն՝ կենսունակութիւնը: Մինչդեռ հայութեանը միաւորող քաղաքական նախագծերը հիմնուած են ազգ-պետութիւնների ձեւաւորման շրջանի տրոհուած, կտրտուած եւ ազգային-պետական սահմաններում պարփակուած քարտէսային իրողութիւնների բարդ խճանկարի վրայ: Եւ երբ այսօր արձանագրւում է Երկիր մոլորակի հետեւողական փոխակերպումը մարդկութեան ընդհանուր տան, նրանում սեփական օջախն ունենալու ձգտումը ընդունում է ոչ այնքան աշխարհագրական, որքան արժէքային չափորոշիչների տեսք: Որովհետեւ երբ ազգ-պետութիւնները սկսում են ինտեգրուել մէկը միւսի հետ, գլոբալիզացիայի չափորոշիչներից տարանջատուելու եւ իրեն «մանուկ զգալու» համար մարդուն անհրաժեշտ հոգեւոր պաշարը մնում է այնտեղ, որտեղ ձեւաւորուել է նրա ինքնութիւնը՝ որպէս տրուած իրողութիւն:
Նման պայմաններում թւում է, թէ դեռեւս որպէս ազգ-պետութիւն չկայացած Հայաստանը դատարկող զանգուածային արտագաղթը դառնում է Հայրենիքի գաղափարի վախճանը: Մինչդեռ խորքային դիտարկումը ցոյց է տալիս, որ հնարաւոր է գտնել նոր իրողութիւններին ինտեգրուելու եւ սեփական նպատակներին ծառայեցնելու մեր ազգային յարացոյցը՝ թոյնբիական «մարտահրաւէր-պատասխան» բանաձեւի լուծման հայկական ալգորիթմը (լուծումի ամբողջութիւնը-Խմբ.): Չմոռանանք, որ գլոբալացող աշխարհում արձանագրուող «նոր հայրենազրկումը» ծաւալւում է մի կողմից՝ միջավայրի ու մարդու հակադրութեան խորացման, իսկ միւս կողմից՝ հաղորդակցութեան միջոցների աննախադէպ զարգացման պայմաններում: Այն այսօր արդէն թոյլ է տալիս, իսկ ապագայում է՛լ աւելի է դիւրացնելու մեր ամէնօրեայ կենդանի-ելեկտրոնային տեսակապը Եւրոպայում կամ ԱՄՆում բնակուող հարազատների հետ: Իսկ մասնագիտական կամ արձակուրդային լայն շփումների հնարաւորութիւնը ֆիզիկական առումով խիստ դիւրացնում է սեփական ինքնագիտակցութիւնը պահպանած անհատների ազատ ընտրութիւնը դէպի հարազատ միջավայրեր ուղղորդելու առաջադրանքի իրականացումը:
Ուրեմն՝ գլոբալացող աշխարհի ընձեռած շատ աւելի մեծ հնարաւորութիւնների գիտակցումը մեզանից պահանջում է փնտռել եւ գտնել հայ անհատի հայաստանակենտրոն ընտրութեան մոտիվացիոն (դրդապատճառներու-Խմբ.) դաշտի պահպանման ու ընդարձակման բանալիները: Առաջին առաջադրանքի լուծման ճանապարհին անմիջապէս արձանագրում ենք, որ Եղեռնի յիշողութիւնը՝ որպէս բոլոր հայերին միաւորող բարոյական պարտականութիւն, աստիճանաբար, աննկատ կերպով վերածուել է գլոբալացող աշխարհում ազգի ու հայրենիքի միասնութեան գիտակցութիւնը պահպանող միանգամայն գործուն աշխատակարգի:
Իրաւազրկուած ազգերի համար տրաւմատիկ (հոգեցունց-Խմբ.) յիշողութիւնը, ընդհանուր ցաւի զգացողութիւնը նախկինում էլ միաւորիչ ուժ են ունեցել: Նման յիշողութեան քաղաքականացման միջոցով 2000 տարուց աւելի իրենց պատմական հայրենիքից զրկուած հրեաները կարողացան վերատիրանալ նրան՝ 20րդ դարին բնորոշ ֆիզիկական ուժի գերակայութեան անբարենպաստ պայմաններում: Ուստի 21րդ դարին բնորոշ՝ որակական ռեսուրսների առաջնութեան համատեքստում նոյն գործընթացը ծաւալելու մեր հնարաւորութիւնները կախուած են ինքնագիտակցութեան ու ինքնակազմակերպման նոր մակարդակի հասնելու ցանկութիւնից եւ ունակութիւնից: Դա պահանջում է մի կողմ դնել ինչպէս պետութեան շրջանակներում ողջ ազգի գերկենտրոնացման, այնպէս էլ սփիւռքեան ապակենտրոն կեցութեանը բնորոշ իզոլեացիոնիզմի (մեկուսացումի-Խմբ.) զոյգ ծայրայեղութիւնները: Այս համատեքստում թէեւ բարոյապէս հասկանալի է այսօր Սփիւռքում նկատուող՝ «պետականութեամբ հարբածներին սթափեցնելու եւ Հայաստանի ներկայ իշխանութիւնների որդեգրած Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների խորհրդային-արխայիկ (հնաոճ-Խմբ.) բնորդը յաղթահարելու ցանկութիւնը, բայց սփիւռքեան ապակենտրոն կեցութեանը վերադառնալու ձգտումը, իր հիմքում, նոյնպէս արխաիզմ է:
Ներկայ պայմաններում Եղեռնի յիշողութիւնը՝ որպէս բոլոր հայերին միաւորող բարոյահոգեբանական գործօն, ունակ է դառնալու նման հակադիր ծայրայեղութիւնների յաղթահարման գործի առաջին հիմնաքարը: Դրա համար մեզ անհրաժեշտ է կազմել եւ իբրեւ օգտակար ուղեցոյց ունենալ երկու՝ մեծ եւ փոքր ազգային քարտէսներ: Մեծ քարտէսը պէտք է հնարաւորինս ընդգրկի ողջ աշխարհում ապրող եւ հայկական ինքնագիտակցութիւն ունեցող հայերին՝ իւրաքանչիւրի ներկայ ու նախկին բնակութեան վայրը, զբաղմունքը եւ նախասիրութիւնները թուարկող աղիւսակների միջոցով մեզ մատուցելով ազգի ամբողջական պատկերը: Փոքր քարտէսը պէտք է պատկերի Վիլսոնեան Հայաստանը եւ Հարաւային Կովկասում մեզ պատկանող բոլոր բնակավայրերը՝ ոչ թէ իբրեւ համահարթեցուած ամբողջութեան արտայայտութիւն, այլ փոքր հայրենիքների՝ հայոց ոստանների խճանկար:
Ներկայ գլոբալացող աշխարհում այնքան էլ կարեւոր չէ, թէ բախտի քմահաճոյքով որտե՞ղ է յայտնուել հայ մարդը: Կարեւորն այն է, որ նա, շնորհիւ իր ժողովրդի հանդէպ տեղի ունեցած անարդարութեան հետեւանքները յաղթահարելու անկեղծ ձգտման, մինչ օրս իրեն հայ է համարում եւ որպէս այդպիսին՝ որոնում է սեփական յիշողութիւնը նիւթականացնող այն կոնկրետ վայրը, որտեղից սերում են իր նախնիները, որպէսզի առայժմ գոնէ հոգեպէս ազգային մեծ քարտէսից տեղափոխուի փոքրի վրայ:
Եղեռնի յիշողութիւնը՝ որպէս բոլոր հայերի հաւաքական յիշողութիւն, այն հզօր բարոյահոգեբանական ազդակն է, որը Հայաստանի անկախացումից յետոյ հայ մարդու մօտ ուժեղացրել է Հայրենիքի հանդէպ հետաքրքրութիւնը՝ վերածուելով Հայաստանի Հանրապետութեան կամ Արցախի այս կամ այն բնակավայրի հետ կապուածութեան զգացողութեան, սակայն այդ գործընթացն ինքնահոսի է մատնուել, իսկ յաճախ էլ ձեւախեղուել է՝ Մեծ ու Փոքր հայրենիքների պարզունակ նոյնականացման կամ անհարկի հակադրման պատճառով:
Իրականում՝ առանց Փոքր Հայրենիքի զգացողութեան վերականգնման, գլոբալացող աշխարհում Մեծ Հայրենիքի գաղափարը այսուհետ եւս միաւորելու է միայն ազգի ընտրեալ զաւակներին: Ուստի Եղեռնի յիշողութեան բարոյական հզօր ուժը գլոբալացող աշխարհում անհատների ազատ ընտրութեան խնդիրը դէպի հոգեհարազատ միջավայրեր ուղղորդող առաջին խթանն է, որը թոյլ է տալիս բացել համահայկական կոմեմորացիայի (ոգեկոչումի-Խմբ.) ողջ գունապնակը: Իսկ այդ առումով հայրենիքը պարզ-քարտէսային իրողութիւն չէ, այլ՝ հայրենի յիշատակները մարմնաւորող լեռ ու ձոր, ամրոց ու եկեղեցի, տուն ու այգի, որոնց պատկերները խտացնում են սերունդների կողմից ապրուած կեանքի մասին կենդանի յիշողութիւնը: Ուստի առանց վերջինիս տրաւմատիկ երեսի նոստալժիկ (հայրենաբաղձութեան-Խմբ.) վերաիմաստաւորման՝ Եղեռնի յիշողութեան մէջ անթեղուած Մեծ Հայրենիքի զգացողութիւնը լաւագոյն դէպքում կարող է առաջ բերել Ապրիլ 24ին բողոքի ցոյցի դուրս գալու ցանկութիւն: Գլոբալացող աշխարհում իրեն մենակ զգացող հայի համար միայն Փոքր Հայրենիքի՝ հայրական տան, սեփական օջախի եւ միաժամանակ՝ վերջնահանգրուանի գիտակցումը կարող է արթնացնել կարօտի զգացողութիւնն ու վերադարձի ցանկութիւնը, որովհետեւ հէնց դա է հային բնորոշ վառ անհատականութեանն ընձեռում միջավայրի համահարթեցնող միօրինակութիւնից տարանջատուելու հնարաւորութիւն: Քանզի նման պայմաններում առաջ են գալիս անհատի մակարդակով ընկալուող միաւորիչ արժէքներ, որոնք ստեղծում են մարդկային մտքի ու սրտի հաշտեցման հնարաւորութիւն, մանաւանդ, երբ միաձուլւում են սրբազան յիշատակներից ամենանուիրականի՝ նախնիների շիրիմների առկայութեան գիտակցման հետ:
Ուստի նախկինում ցանկացած երկու հայի հանդիպման ժամանակ հնչող «որտեղացի՞ ես» աւանդական հարցումը՝ դիմացինի Փոքր Հայրենիքը՝ Վանի կամ Մուշի մօտ գտնուող կոնկրետ բնակավայրը պարզելու ցանկութիւնը, գլոբալացող աշխարհի պայմաններում դադարում է լինել հատուածականութեան դրսեւորում եւ աստիճանաբար ձեռք է բերում ինքնութեան բաղադրիչի իմաստ ու նշանակութիւն: Որովհետեւ նրանում Եղեռնի մասին ընդհանուր գիտելիքները խաղում են ոչ թէ արխիւային, այլ ֆունկցիոնալ յիշողութեան դեր: Քանզի յաջորդական սերունդների կեանքում տեղ գտած յիշողութեան վայրերը, որոնք «շրջապատուած են խորհրդանշական աուրայով» (մթնոլորտով-Խմբ.), ձեռք են բերում ոչ թէ սովորական տեղեկոյթի, այլ կեանքի անընդհատութեան իմաստ ու բովանդակութիւն:
Պատճառն ակնյայտ է. որքան ընդհանրական բնոյթ է ստանում աշխարհում մարդկանց միաւորող արժէքների համակարգը, այնքան անհրաժեշտութիւն է առաջանում փնտռել ու գտնել նրանց միմեանցից տարանջատող այն միկրոմիջավայրերը, որտեղ ծնուել, մեծացել, սիրել ու հերոսացել են կոնկրետ անհատներն ու նրանց նախնիները: Այս երեւոյթի առարկայացման գործընթացն անգամ ամենաառաջադէմ ազգերի մօտ արդէն տեղափոխուել է յիշողութեան վայրերի (lieux de memoire) փնտռտուքի եւ ուսումնասիրութեան (memory studies) հարթութիւն: Սա քաղաքակրթութեան զարգացման որոշակի հանգրուանից բխող մարտահրաւէր է, ուստի իր զբաղմունքի բերումով աշխարհի այս կամ այն կենտրոնում մասնագիտական գետնի վրայ ինքնահաստատուելու հետ միասին՝ իւրաքանչիւր հայ անհատ իր գիտակից կեանքի ընթացքում պարտաւոր է անպայման փնտռել, գտնել ու վերականգնել իր նախնիների տունը՝ կապուելով ներկայ Հայաստանի Հանրապետութեան, Արցախի կամ Արեւմտեան Հայաստանի որեւէ գիւղի կամ քաղաքի հետ: Արդիւնքում մենք կ՛ունենանք գլոբալիզացիայի դարաշրջանի նոր իրողութիւններին միանգամայն յարիր ազգի երկմիասնական տեղաբաշխման քարտէսը, որը 21րդ դարում կարող է ստեղծել ժողովրդագրական ամուր հենք հայկական պահանջատիրութեան համար:
Ազգ-պետութիւնների նեղ սահմաններն աստիճանաբար յաղթահարող գլոբալ աշխարհում Եղեռնի վերյուշն այն բարոյահոգեբանական ազդակն է, որը թոյլ է տալիս բռնել հայերի յաջորդական սերունդների յիշողութեան թելերը եւ նրանց առաջնորդել դէպի այն նուիրական վայրերը, որոնք շրջապատուած են իրենց անմիջական նախնիների կեանքի ու գործերի յիշատակներն ամփոփող խորհրդանշական աուրայով: Մեր շուրջն ընթացող զարգացումները ցոյց են տալիս, որ եկել է հայոց կենդանի պատմութեան մաշուող թելերը ազգային քաղաքականութեան ամուր կծիկի վերածելու ժամանակը, որովհետեւ մինչ օրս դրանց ամրութիւնը պահպանող՝ իրաւազրկուած լինելու գիտակցութիւնը վաղ թէ ուշ նահանջելու է Ցեղասպանութեան համար հատուցման խնդրի առաջադրմանն ու հանգուցալուծմանը զուգընթաց: