ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսի մշակութային սրտում՝ «Գրանդ Փարք»ում, որ ձգւում է քաղաքապետարանից մինչեւ Երաժշտական կենտրոն, Ապրիլի 25ին վեր խոյացան Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների 48 մեծադիր լուսանկար-քանդակներ: «այՈւիթնես» (iWitness) խորագրով արուեստի այս ցուցադրութեան միջոցով, մէկ ամսից աւելի, մինչեւ Մայիսի 31ը, հանրութիւնը կը տեղեկացուի 20րդ դարի առաջին Ցեղասպանութեան մասին: «Երեսուն տարի առաջ, 1985թ.ին, Լեւոն Պարեանի հետ նախաձեռնեցինք վերապրածներին լուսանկարելու մի ծրագիր, որ նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան 80ամեակին: Մեր հերոսները վկաներն էին անցեալ դարի առաջին ամենասարսափելի ոճրագործութեան, եւ իւրաքանչիւրն ունէր իր պատմութիւնը: Անցեալ տարի, մտածեցինք, թէ ինչպէս կարելի է վերապրածների լուսանկարները ներկայացնել հնարաւորինս խօսուն, եւ որոշեցինք իրականացնել «արթ ինսթոլէյշըն»ի ձեւով, պատմում է «այՈւիթնես»ի համահեղինակ, լուսանկարիչ Արա Օշականը:
Համագործակցելով ճարտարապետ Վահագն Թոմասեանի հետ, Օշականն ու Փարեանը ստեղծում են 8-15 ոտնաչափ բարձրութեամբ լուսանկար-քանդակներ՝ վերապրածների համառօտ պատմութեամբ: «26 մեծադիր երկաթեայ քանդակների վրայ 46 լուսանկարները չունեն ուղիղ անկիւններ, այլ՝ ծուռումուռ են, եւ գաղափարն այն է, որ աշխարհն անկայուն է, մշտապէս առկայ է պատերազմների ու էթնիկ զտումների սպառնալիքը. ինչ որ բան սխալ է: Լուսանկարներում պատկերուած վերապրողները մեզ յուշում են, որ հարց կայ չլուծուած: Հայոց Ցեղասպանութիւնից 100 տարի է անցել, եւ աշխարհում ցեղասպանութիւնները շարունակւում են, քանզի կան կառավարութիւններ, որ մերժում են ճանաչել իրականութիւնը», գաղափարը ներկայացնում է Օշականը:
«Վերապրողների լուսանկարները ներկայացնելը միայն մշակութային թեմա չէ, նաեւ ունի քաղաքական եւ կրթական նպատակ: Այս առումով, ցուցադրութեան վայրը չափազանց նպաստաւոր է, քանզի պաշտօնական տուեալներով, 200 Նորթ Գրենդ պողոտայում գտնուող այս տարածքով, օրական անցնում է մինչեւ եօթ հազար մարդ, եւ «այՈւիթնես»ի ցուցադրութեան ողջ ընթացքում, ենթադրւում է, որ այն կը տեսնի առնուազն 200 հազար մարդ», տեղեկացնում է նախաձեռնութեան հանրային կապերի համակարգող Հրայր Շերիկեանը:
«Գրենդ Փարք»ի միջոցով, մինչեւ Լոս Անջելեսի Երաժշտական կենտրոն, երեք տարբեր հատուածներում, աստիճանաբար վեր են խոյանում Մարաշի, Այնթապի, Վանի, Խարբերդի, Զէյթունի կոտորածներից վերապրածների պատկերները:
«Նրանք Հուսէյնիկից մեզ տարան Մեզրէ, Խարբերդ, Մալաթիա, եւ մի քանի օր քայլելուց յետոյ՝ դէպի Եփրատ գետի ափերը: Կէսօրին մօտ էր, երբ հասանք այնտեղ եւ վրանեցինք: Աւելի ուշ, թուրք ոստիկանները եկան եւ յափշտակեցին բոլոր հինգից տասը տարեկան տղաներին: Ես եօթ թէ ութ տարեկան էի: Նրանք ինձ նոյնպէս բռնեցին: Նրանք մեզ բոլորիս նետեցին աւազոտ ափին, կոյտերի վրայ եւ սկսեցին խոցել թրերով ու սուիններով: Ես հաւանաբար մէջտեղում էի գտնուել, քանի որ միայն մէկ սուր էր ինձ խոցել… քերծել էր այտս, բայց ես չէի կարող լաց լինել: Ես ամբողջովին արիւնոտուել էի իմ վրայ գտնուող այլ մարմիններից հոսած արիւնից, սակայն չէի կարող լաց լինել, այլապէս այսօր այստեղ չէի լինի: Երբ մթնել էր, տատիկս ինձ գտաւ: Նա ինձ գրկեց եւ սփոփեց: Յետոյ, այլ ծնողներ եկան փնտռելու իրենց երեխաներին: Նրանք հիմնականում դիակնէր էին գտնում: Գետափն այնտեղ շատ աւազոտ էր: Նրանցից ոմանք մերկ ձեռքերով գերեզմաններ փորեցին, ոչ խորը գերեզմաններ, եւ փորձում էին թաղել իրենց երեխաներին այնտեղ: Միւսներն էլ՝ իրենց երեխաների մարմինները ուղղակի գետը նետեցին, Եփրատը, եւ ջուրը տարաւ նրանց փոքրիկ մարմինները», յիշում է լուսանկարներից մէկում պատկերուած Սեմ Քադուրեանը, ով ծնուել էր 1907 թուականին: Վերապրածների յուշերը նոյնպէս տեղ են գտել «այՈւիթնես»ի շրջանակներում:
«Մենք չենք կարող թոյլ տալ, որ յանցանքը շարունակուի՝ Հայոց Ցեղասպանութիւնը մնայ չճանաչուած, եւ այդ նպատակով մենք էլ ստեղծեցին այս նախագիծը», իր խօսքում նշեց լուսանկարիչ, «այՈւիթնես»ի համահեղինակ Լեւոն Փարեանը:
Նախագծի անդամները նշում են, որ «այՈւիթնես»ը ոչ միայն առաջին նման նախաձեռնութիւնն է համահայկական շրջանակներում, նաեւ՝ հանրային առաջին «արթ ինսթոլէյշըն»ն է Լոս Անջելեսում: Բնոյթով աննախադէպ արուեստի այս ցուցադրութեան բացմանը ներկայ էին ամերիկահայ քաղաքական-հասարակական գործիչներ, մտաւորականներ, համայնքի ներկայացուցիչներ, նաեւ ամերիկացի պաշտօնեաներ ու այցելուներ: Այս ծրագիրը հնարաւոր է դարձել իրականացնել բազմաթիւ բարեգործների եւ «Լուսի» հիմնադրամի նուիրատուութիւններով:
«այՈւիթնես»ը լաւագոյն միջոցներից է նաեւ օտարներին պատմելու Հայոց Ցեղասպանութեան մասին՝ վերապրածների աչքերով: