
Առողջութեան պահպանման մասին հիմա շատ են խօսում եւ գրում: Մենք ձգտում ենք առողջ լինել եւ փորձում ենք զանազան միջոցներ: Սակայն ժամանակի հետ հիւանդութիւնները ոչ թէ պակասում, այլ աւելանում են:
Մեր ակնարկներում նոյնպէս փորձում ենք օգնել ձեզ՝ պահպանելու համար առողջութիւնը: Այսօր ուզում ենք յիշեցնել մի քանի տարրական փաստեր, որոնք կ՛օգնեն ձեզ թէ՛ հիւանդ եւ թէ՛ առողջ ժամանակ:
Աւելի ճիշդ է կանխարգելել, քան բուժել: Մենք պէտք է բժշկի դիմենք ոչ այն ժամանակ, երբ հիւանդութիւնը մեզ անհանգստացնում է, այլ մշտապէս պէտք է հետաքրքրուենք մեր առողջական վիճակով:
Այլընտրանքային բժշկութիւն այժմ շատ է առաջարկւում: Լաւ է, որ այլընտրանքային բժշկութեան միջոցները կարող են լրացնել աւանդական բժշկութեանը: Սակայն մի տարբերութեամբ, որ մենք այն օգտագործենք զգուշութեամբ եւ միայն ու միայն այն դէպքում, երբ վստահ ենք արդիւնքին:
Ամենալաւ դեղը առողջարար սնունդն է: Մրգի եւ բանջարեղէնի մի քանի տարատեսակների մէջ աւելի շատ սննդարար եւ օգտակար բաղադրիչներ կան, քան ցանկացած դեղամիջոցի մէջ: Նկատի ունենք առանց զանազան աւելցուկներ եւ քիմիական մշակումներ ունեցող սնունդը:
Բնութեան հետ կապը նոյնպէս կ՛երկարացնի ձեր կեանքը, քանի որ աղտոտուած քաղաքներում ձեր առողջութիւնը վտանգուած է կեղտոտ օդով եւ քիմիական բաղադրիչներով: Այնինչ, բնութիւնը բարերար ուժ ունի առողջութեան վրայ:
Հանգստի կարեւորութիւնը մենք յաճախ անտեսում ենք: Լարուածութիւնը եւ քնի պակասը նպաստում են զանազան հիւանդութիւնների: Հանգիստ ասելով, ի հարկէ, նկատի չունենք համակարգչի կամ հեռուստացոյցի առջեւ նստելը:
Ստրեսի կանխարգելումը ձեզ համար հնարաւոր կը լինի, եթէ ապրէք կենտրոնանալով ներկայի վրայ՝ անցեալի սխալների եւ ապագայի նպատակների վրայ անհանգստանալու փոխարէն:
Մարդկանց հետ լաւ յարաբերութիւնները նոյնպէս կարեւոր են: Գիտնականները յայտնաբերել են, որ գրկախառնութիւնը բարերար ազդեցութիւն է ունենում արեան ճնշման վրայ: Սա միայն մէկ օրինակ է:
Որոշ միկրոբներ նաեւ մեր օրգանիզմի բարեկամներն են (օրինակ՝ աղեստամոքսային աշխատանքը կարգաւորելու համար): Այդ պատճառով, չարժէ մշտապէս անտիբիոտիկներ ընդունել, քանի որ դրանք վերացնում են միկրոբները եւ զանազան հիւանդութիւնների պատճառ դառնում: