Ուեսթ Հոլիվուդի նորընտիր քաղաքապետ Լինդզի Հորուաթը Ապրիլի 20ին ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի յիշատակման բանաձեւ: «Ուեսթ Հոլիվուդի քաղխորհուրդը յիշատակում է Հայոց Ցեղասպանութիւնն ու դատապարտում է մարդկութեան դէմ իրականացուած զանգուածային ջարդերն ու անհատի իրաւունքների խախտումը: Այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանութեան 100ամեակը, եւ Ապրիլի 24ը յիշատակում է Օսմանեան իշխանութիւնների կողմից հայ ժողովրդի համակարգուած բնաջնջման օրը», մասնաւորապէս նշուած է բանաձեւում:
Փաստաթղթում նաեւ ասւում է, որ Հարաւային Կալիֆորնիան ընդունուած է կոչել ամերիկահայերի կենտրոն, իսկ Ուեսթ Հոլիվուդը հայերը յաճախ համարում են իրենց տունը: Ըստ այդմ, Ուեսթ Հոլիվուդի քաղխորհուրդը ոգեկոչում է Հայոց Ցեղասպանութեան զոհերին եւ դատապարտում կոտորածը:
Բանաձեւը ստորագրել են քաղխորհդրի բոլոր անդամները:
Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչ Դաւիթ æորջ Գէորգեանն ու պատմաբան Գէորգ Նազարեանը շնորհակալութիւն յայտնեցին Ուեսթ Հոլիվուդի քաղաքապետարանին՝ ամէն տարի Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած հռչակագիր ընդունելու համար: Դաւիթ Գէորգեանն անդրադարձաւ վերջին ամիսներին Հայոց Ցեղասպանութեանը համաշխարհային արձագանգին՝ մէջբերելով Հռոմի պապի խօսքերը: Նա ընդգծեց, որ Ուեսթ Հոլիվուդի քաղաքապետարանը, որ մշտապէս եղել է հայ համայնքի կողքին, այս տարի եւս պատշաճ կերպով անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեանը։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.