Ապրիլի 24ին, աշխարհի բոլոր անկիւններում բնակուող հայերը կազմակերպել էին բողոքի միջոցառումներ Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի կապակցութեամբ: Այն ժամանակ, երբ բազմահազարանոց քայլերթներ էին տեղի ունենում աշխարհի հայաշատ մայրաքաղաքներում, Սոլթ Լէյք Սիթիում, որտեղ մօտաւորապէս 1000 հայ ընտանիք է բնակւում, նոյնպէս անմասն չէին մնացել իրենց բողոքը արտայայտելուց:
Ապրիլի 24ին, 451 Սաութ Սթէյթ հասցէում գտնուող դաշնային կառավարութեան շէնքի դիմաց, հաւաքուել էին մօտաւորապէս 500 հայ՝ արտայայտելու իրենց բողոքը: Այնտեղ էլ հանդիպեցի «Արարատ» աւետարանական եկեղեցու հովիւ Գէորգ Պարոնեանին: Նա ասաց, որ նախորդ տարուայ վատ կազմակերպուած միջոցառումները պատճառ հանդիսացան նախանձախնդրութեան, եւ ի վերջոյ ձեւաւորուեց հայ համայնքը՝ որպէս իրաւական միաւոր, եւ նահանգը ճանաչեց այն:
«Այն, ինչ այսօր տեսնում էք, իրականացուել է չորս կազմակերպութիւնների համատեղ ջանքերի արդիւնքում, դրանք են՝ ՀՕՄը, «Արարատ» աւետարանական եկեղեցին, մէկ տարուայ պատմութիւն ունեցող Հայ համայնքը եւ Հայ առաքելական եկեղեցու յանձնախումբը: Ցեղասպանութեան միջոցառումների կազմակերպման համար իրականացրինք դրամահաւաք, նախատեսում էինք, որ մօտ 7 ընտանիք կը մասնակցի, սակայն նուիրատուների քանակը շատ աւելի եղաւ», ներկայացրեց տէր Գէորգը: Նա նաեւ յաւելեց, որ ողջ նպատակն այն է, որ հայ համայնքը դէմք ունենայ եւ Ապրիլի 24ով չաւարտուի ոգեշնչումը:
Ակցիայի ժամանակ աչքի էին ընկնում երիտասարդներն ու երեխաները: Տէր Գէորգը ներկայացրեց, որ նրանք հիմնականում իրենց սաներն են, ովքեր յաճախում են «Արարատ» աւետարանական եկեղեցուն կից գործող հայկական շաբաթօրեայ դպրոց, ինչպէս նաեւ տարբեր երաժշտական խմբակներ, շախմատի դասարան եւ նուագախումբ:
Երեկոյեան «Արբատ» հայկական ճաշասրահում տեղի էր ունենալու Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած «Յայտագիր» վերտառութեամբ երեկոյթը, որի ընթացքում երեխաները պէտք է հանդէս գային կատարումներով, ասմունքէին, որից յետոյ էլ տեղի էր ունենալու հիւրասիրութիւն:
Շատ ոգեւորիչ էր տեսնել Իուտայում կենտրոնացած ոչ մեծ թուով հայերի ջանքերը՝ կազմակերպուած համայնք ունենալուն ուղղուած։ Ինչպէս ակցիայի մասնակիցները նշեցին՝ այդպիսով նրանք աւելի արդիւնաւէտ կը կարողանան ներկայացնել իրենց քաղաքացիական դիրքորոշումը: