ԷԴՎԱՐԴ ՍԱԽԻՆՈՎ
Թւում է թէ Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած լայնածաւալ միջոցառումները անցան՝ թողնելով վառ յիշողութիւններ: Բայց դատելով ամէն ինչից, դա այդպէս չէ: Որոշ ժամանակ հասարակութեանը չյայտնուած եւ ստուեր անցած «Ռուսաստանի հայ կանանց միութիւնը», որը դեռեւս 2007թ. ստեղծուել է «Ռուս-հայկական համագործակցութիւն» կազմակերպութեան նախաձեռնութեամբ, որոշել է յիշեցնել իր մասին, իր ներդրումն ունենալ Հայերի Ցեղասպանութեան զոհերի յիշատակման հարցում:
Մոսկուայում, հայկական եկեղեցական համալիրի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցաւ «Յիշում եմ եւ պահանջում» յիշատակի երեկոն, որը կազմակերպել էր Հայ կանանց միութիւնը: Երեկոն տեղի էր ունենում Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի միջոցառումները համակարգող համառուսաստանեան յանձնաժողովի ծրագրի շրջանակում:
Միջոցառումը բացեց «Ռուսաստանի հայ կանանց միութեան» նախագահ Արմինէ Առաքէլեանը: Նա պատմեց հայկական ինքնութեան, մշակոյթի եւ հոգեւոր ժառանգութեան պահպանման մէջ հայ կանանց դերի մասին: Հայ կանայք ենթարկուել են բռնութեան, նրանց ստրկութեան են տարել, զրկել երեխաներից ու գոյքից, բայց նրանք բոլոր դժուարին փորձութիւնների ժամանակ կարողացել են պահպանել հաւատարմութիւնը սեփական ժողովրդի ու հաւատի նկատմամբ: Հայ եկեղեցու ներկայացուցիչ տէր Կիրակոսը աղօթք կարդաց զոհուածների հոգու փրկութեան համար:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՌԴում ՀՀ դեսպանութեան խորհրդական Մարիա Բաբայեանը: «Կանայք յանուն խաղաղութեան ողջ աշխարհում» ընկերակցութեան փոխնախագահ Իրինա Կիրիւշինան իր ելոյթում անդրադարձաւ երկրի հասարակական-քաղաքական կեանքում կանանց դերին ու նշանակութեանը:
«Ռուս-հայկական համագործակցութիւն» կազմակերպութեան նախագահ Եուրի Նաւոյեանը ընդգծեց հայկական պատմական յիշողութեան եւ ժամանակակից գործընթացների, հայ ժողովրդի քաղաքական իրաւունքների միջեւ կապի անքակտելիութիւնը: Նա կանգ առաւ Ցեղասպանութեան ժամանակ հայ կանանց կողմից դիմադրութեան հերոսական էջերին: Մեծ է ջարդերից փրկուած հայ կանանց եւ նրանց յետնորդների դերը տարբեր երկրներում մանկատների, դպրոցների, բարեգործական եւ մշակութային կազմակերպութիւնների ստեղծման գործում, ճշմարտութեան վերականգնման համար մղուող պայքարում: Ցեղասպանութեան լաւագոյն պատասխանը հանդիսանում է հայկական պետականութիւնը, որի զարգացմանը այսօր իրենց աւանդն են ներդնում նաեւ հայ կանայք:
Երեկոյի գեղարուեստական մասում միութեան անդամները՝ Մոսկուայի համալսարանների ուսանողները, պատրաստել էին բեմադրութիւն, որը պատմում էր ցեղասպանութիւն ապրած հայ կանանց տարբեր պատմութիւններ: Այն հնարաւոր չէր դիտել առանց հոգեկան ցաւի ու ցնցման: Դահլիճում շատերն էին թաքուն կերպով չորացնում արցունքները: Ապա ուսանողների ուժերով տրուեց հայոց վերածնունդը խորհրդանշող համերգ, որին մասնակցեցին նաեւ ճանաչուած արտիստներ: Մասնաւորաբար, նրանց շարքում էր ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկուայի Պ. Չայկովսկու անուան կոնսերվատորիայի պրոֆեսէօր Բորիս Կուդրեաւցեւը:
«Ռուսաստանի հայ կանանց միութեան» կազմակերպած յիշատակի երեկոն այս կազմակերպութեան վերաակտիւացման իւրօրինակ յայտ հանդիսացաւ, նշեց «Ռուս-հայկական համագործակցութիւն»ի նախագահ Եուրի Նաւոյեանը: Այսօր կանանց կազմակերպութիւնները պահանջուած են ինչպէս հասարակական-քաղաքական, այնպէս էլ պետական մակարդակներում եւ շատ բանի են ընդունակ: Հայ կանանց ամուր ու համախմբուած կազմակերպութեան գործունէութիւնը կարեւոր նշանակութիւն ունի ոչ միայն համայնքային սահմաններում: Այս միջոցառումը ցոյց տուեց, որ հայ հասարակութիւնը անհրաժեշտ ներուժ ունի յաջող գործունէութեան համար: