«ԱՍՊԱՐԷԶ»
Մայիս 28ին տօն էր, տօներուն մեծագոյնը՝ Հայաստանի անկախութեան տօնը:
Տօնական օրերու յատկանիշերէն է, կարծես, որ մեր պետութեան ղեկավարը այդ առիթներուն ունեցած իր ելոյթներով իրապէս կը փայլի զարմանալի լուսամտութեամբ ու յստակատեսութեամբ:
Այսպէս, Հինգշաբթի, Մայիս 28ին, Սարդարապատի մէջ, նախագահ Սարգսեան ճշգրիտ գնահատումը կատարած է Հայաստանի առաջին Հանրապետութեան: Ամէնէն կարեւորը, այնտեղ նախագահը կը կատարէ նշանակալի յայտարարութիւն մը՝ Առաջին Հանրապետութեան պատգամներով առաջնորդուելու մասին:
Կը մաղթենք, որ նախագահը իր իշխանութեան մնացեալ օրերուն իսկապէս աշխատի այդ պատգամներուն ոգիով, որ, իր իսկ բառերով, «փարոսներ են», որոնք կրնան խաղաղ նաւահանգիստ առաջնորդել հայոց պետական նաւը՝ բոլոր տեսակի փոթորիկներու ընդմէջէն:
Ստորեւ կը ներկայացնենք նախագահի ելոյթը՝ ամբողջութեամբ.
Մայիսի 28ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրաւունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր եւ դարաւոր ընդմիջումից յետոյ հայկական պետութեան վերականգնման փայլուն սկիզբ:
Թուրքական բանակի դէմ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսեան յաղթանակները փրկեցին Արեւելեան Հայաստանի վերջին հողակտորները եւ դրանց վրայ ապրող հայութեանը: Բոլորի համար պարզ էր, որ Արեւելեան Հայաստանի համար նախատեսուած էր նոյն ճակատագիրը, ինչին արդէն արժանացել էր արեւմտահայութիւնը:
Այս տարի Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի կապակցութեամբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփիւռքում բազմաթիւ միջոցառումներ են իրականացուել եւ դեռ իրականացուելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչն ու հոգեւորականը: Եւ կասեցրել ենք մայիսեան հերոսամարտերով: Կասեցրել ենք հայկական պետականութեան ստեղծմամբ՝ պատմական Հայաստանի վերջին հատուածը փրկութեան ափ դարձնելով հարիւր հազարաւոր որբերի եւ գաղթականների համար:
Մայիսի 28ը հայերի փրկութեան, վերապրումի եւ վերածնունդի մեկնարկի օրն է: Ի հարկէ, անկախութեան հռչակմամբ մեր փորձութիւնները չաւարտուեցին, նոր փորձութիւններ սկսուեցին, բայց դրանք մենք արդէն դիմակայում էինք որպէս պետականօրէն կազմակերպուած ազգ:
Պէտք է հաշուի առնել եւս մի կարեւոր հանգամանք. մայիսեան հերոսամարտերի ընթացքում, հէնց մարտի դաշտերում, ձեւաւորւում ու ծնւում էր հայկական բանակը: 1915 թուականից անցել էր ընդամէնը երեք տարի, եւ մենք, առանց պետականութեան՝ միայն ինքնակազմակերպման հաշուին, կռուի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարուած հասցնող ռազմական ուժ: Սա պատմական սխրանքն է այն սերնդի, որին վիճակուած էր տեսնել ամենասարսափելին: Բայց նրան վիճակուած էր տեսնել նաեւ ամենաերանելին՝ անկախ Հայաստանը:
Մեր առաջին հանրապետութեան պետական խորհրդանիշները՝ դրօշը, զինանշանը եւ օրհներգը այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանիշներն են: Մենք ճամբորդներն ենք մի նոր ճանապարհի, որ սկսուել է 1918 թուականի Մայիսի 28ին:
Սակայն խորհրդանիշներից աւելի կարեւոր են առաջին հանրապետութեան բովանդակութիւնն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետեւեալներն են.
1. Հայաստանը համայն հայութեան հայրենիքն է:
2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր եւ ժողովրդավարական արժեհամակարգ:
3. Հայաստանի Հանրապետութիւնը սոցիալական պետութիւն է:
Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշւում ենք նաեւ այսօր, մերօրեայ՝ երբեմն իսկապէս փոթորկալից նաւարկութիւնների ընթացքում:
Յաւերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28ը:
Յաւերժ փառք ու խոնարհում բոլոր այն նահատակների յիշատակին, ովքեր հնարաւոր դարձրին Մայիսի 28ը:
Փա՛ռք Հայաստանի առաջին Հանրապետութեանը, որ հիմնասիւնն է ներկայ եւ ապագայ Հայաստանի: