Յայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր ապօրինի յաւակնութիւններն արդարացնելու նպատակով Ադրբեջանը շարունակ դիմում է բացայայտ ստի, զեղծարարութիւնների, կեղծիքի, փաստերի խեղաթիւրման ու այլ ստոր միջոցների: Դրանց թուին կարելի է դասել եւ միջազգային իրաւունքի դրոյթների կամայական, իսկ աւելի ճշգրիտ՝ բացառապէս իր օգտին մեկնաբանումը: Օրերս 1news.az «պորտալ»ին տուած հարցազրոյցում Ադրբեջանի ԱԳՆ մամլոյ ծառայութեան ղեկավար Հաջիեւը խորհրդածութիւններ արեց Արցախի կողմից ինքնորոշման իր իրաւունքի իրացման օրինաչափութեան շուրջ: «ՄԱԿի կանոնադրութեան մէջ յստակ ընդգծւում է, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը տարածւում է այն ժողովուրդների վրայ, որոնք գտնւում են գաղութային լծի տակ եւ խնամարկեալ տարածքներում: Ինչպէս հետեւում է այդ սկզբունքի անուանումից եւ բովանդակութիւնից, հայ ժողովուրդը, ինչպէս եւ միւս ժողովուրդները, արդէն մէկ անգամ որոշել են իրենց ճակատագիրը», բարբառեց օրինականութեան այս ջատագովը՝ դրանով իսկ մերժելով ճանաչել Արցախի ինքնորոշման իրաւունքը: Մէջբերուած արտայայտութեան մէջ ակնառու կերպով նշմարւում է միջազգային իրաւունքին դիմելու հարցում Ադրբեջանի բացայայտ ընտրողական մօտեցումը, որն այդ իրաւունքը վերաձեւում է սեփական կաղապարներով, ասել է թէ՝ յօգուտ իրեն: Բանն այն է, որ Հաջիեւի կողմից մէջբերուած փաստաթուղթը, որը կոչւում է բանաձեւ 637 (VII)՝ «Ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման իրաւունք», ՄԱԿի գլխաւոր վեհաժողովի կողմից ընդունուել է դեռեւս 1952թ. Դեկտեմբերի 16ին: Բայց նոյնիսկ այն ժամանակ նրանում ընդգծւում էր, որ ազգերի ինքնորոշման իրաւունքը նախադրեալ է հանդիսանում՝ լիակատար չափով օգտուելու մարդու իրաւունքներից: Սակայն ժամանակի հետ տեղի ունեցաւ միջազգային իրաւունքի էվոլիւցիա (եղափոխութիւն-Խմբ.), ինչը յանգեցրեց նրանում որոշակի ուղղումներ մտցնելու անհրաժեշտութեան, որոնք թելադրում էր կեանքն ինքը: Մենք կանգ չենք առնի միջազգային օրէնսդրութեան զարգացման բոլոր փուլերի վրայ, ընդամէնը նշենք, որ յետագայում ինքնորոշման գաղափարն իր մարմնաւորումը գտաւ եւ ՄԱԿի այլ փաստաթղթերում: Այսպէս, Մարդու իրաւունքների մասին 1966թ. պակտի (ուխտի-Խմբ.) յօդուած 1ն ուղղակիօրէն ասում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրաւունք: Այդ իրաւունքի համաձայն նրանք ազատ որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատ ապահովում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը»: Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդակցութեան Հելսինկեան 1975թ. եզրափակիչ ակտում «իր ճակատագիրը տնօրինելու իրաւունքը» վերապահուած է բոլոր ժողովուրդներին: Միայն այդ փաստն արդէն վկայում է Արցախի ինքնորոշման իրաւունքի անհերքելի լինելու մասին, սակայն, Հաջիեւին հակադարձելով, այստեղ կարեւոր է նշել նաեւ մէկ այլ բան. 1970թ. ընդունուել է ՄԱԿի Գլխաւոր ասամբլէայի 2625 (XXV) բանաձեւը, իսկ 1993թ.՝ Վիեննայի հռչակագիրը, որոնցում յստակ արձանագրուած է, որ «արտաքին ինքնորոշման» կամ սեցեսիայի (անջատման-Խմբ.) իրաւունքը վերաբերում է միայն այն ժողովուրդներին, որոնք գտնւում են գաղութային կամ այլ օտար կախուածութեան մէջ: Ընդ որում, սեցեսիայի ակտն աւելի քան արդարացուած է, եթէ պետութեան իշխանութիւնները թոյլ են տալիս մարդու իրաւունքների զանգուածային խախտումներ կամ սիստեմատիկ խտրականութիւն: Որեւէ մէկը կը համարձակուի՞ պնդել, թէ Ադրբեջանը, որն այսօր փարիսեցիաբար վկայակոչում է միջազգային իրաւունքը, իր կազմում Ղարաբաղի գտնուելու ողջ ժամանակաընթացքում հայկական բնակչութեանը չի ենթարկել խտրականութեան, ինչպէս նաեւ, որ իրեն քաղաքակիրթ է պահել, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օրինական ճանապարհով իր ինքնորոշման հարցն է դրել: Անգամ ԽՍՀՄ շրջանում հէնց «եղբայրական» Ադրբեջանի իշխանութիւններն են կազմակերպել հայ ժողովրդի ցեղասպանութիւնն ու տեղահանումը Սումգայիթում, Բաքւում, հայաբնակ միւս վայրերում, ինչպէս եւ Արցախում: Իսկ Խորհրդային Միութեան փլուզմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեցին ԼՂՀի դէմ, ինչն այլ ձեւերով շարունակւում է եւ այսօր: Դառնանք համեմատաբար ոչ հեռաւոր անցեալի օրինակներին: Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտնել է. «Յայտարարելով իր անկախութեան մասին՝ Ղրիմի Գերագոյն խորհուրդը հիմք է ընդունել Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան կանոնադրութիւնը, որում խօսւում է ազգերի ինքնորոշման իրաւունքի մասին»: Այլ կերպ՝ խոստովանեց, թէ Ղրիմի իրավիճակի հանգուցալուծման համար հիմնարար սկզբունք է հանդիսանում ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը: Յընթացս նշենք, որ խօսքերն այս պատկանում են Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրի նախագահին: Տուեալ յիշեցումն աւելի քան տեղին է, քանի որ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկուած ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման երեք սկզբունքներից մէկը հէնց ինքնորոշման իրաւունքն է: Ինչպէս տեսնում ենք, ի տարբերութիւն Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցչի, միջազգային հանրակցութիւնը՝ ի դէմս Մինսկի խմբի համանախագահների եռեակի, չի հերքում Արցախի այդ իրաւունքը: 1news.az «պորտալ»ին տուած Հաջիեւի մեկնաբանութեան մէջ աչքի էր ընկնում ուշագրաւ մի հանգամանք: Նրա խօսքով՝ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան համատեքստում միջազգային իրաւունքի մէջ չկան հակասութիւններ պետութիւնների տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի սկզբունքների միջեւ: Ուղղակիօրէն ասենք՝ տարօրինակ է հնչում: Միթէ՞ կարելի է խօսել Ադրբեջանի դիրքորոշման որոշակի ձեւափոխման մասին, որի նախագահը միշտ պնդում էր տարածքային ամբողջականութեան սկզբունքի գերակայ լինելն ինքնորոշման իրաւունքից՝ արհեստականօրէն հակասութիւն առաջացնելով դրանց միջեւ: Այդուհանդերձ, դժուար է չտրուել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի շուրթերով պաշտօնական Բաքուին տրտմեցնելու գայթակղութեանը. «ՄԱԿի կանոնադրութեան մէջ կան մի քանի սկզբունքներ, եւ ազգերի ինքնորոշման իրաւունքն առանցքային տեղ է զբաղեցնում, իսկ տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը պէտք է յարգուեն»: ՌԴ ԱԳՆ ղեկավարը միաժամանակ յաւելեց, թէ այն երկրները, որոնք յաւակնում են, որ իրենց յարգեն, չպէտք է թոյլ տան, որ ինքնորոշման իրաւունքի իրացումը խոչընդոտուի՝ կոպիտ ուժ կիրառելու ճանապարհով: Սա դարձեալ ասուել է Ղրիմի կապակցութեամբ, ինչը, սակայն, բնաւ չի խանգարում տուեալ իրավիճակը տարածել եւ Լեռնային Ղարաբաղի վրայ: Եզրայանգումը մէկն է. ինքնորոշման իրաւունքը՝ որպէս միջազգային իրաւունքի հրամայական սկզբունքներից մէկը, տարածւում է եւ Արցախի վրայ: Հակառակ Ադրբեջանի «յատուկ» կարծիքի: