ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
2015 թուականը Շահումեանի շրջանի համար եղել է որոշակի ձեռքբերումների տարի: Անցնող տարում մենք առերեսուեցինք նաեւ նոր մարտահրաւէրների՝ տնտեսական զարգացման եւ վերաբնակեցման խնդիրները լուծելու հարցերում: Այս մասին, ամփոփելով անցնող 2015 թուականը, մեզ հետ զրոյցում նշեց Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար Կարէն Եղիշեանը:
Անդրադառնալով 2015ի ամենալուրջ ձեռքբերումներին՝ մեր զրուցակիցը նախ առանձնացրեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարութիւնը: «Ճանապարհաշինարարութեան աւարտից յետոյ մեր շրջանի 7-8 համայնքներ այդ ճանապարհից մեծ օգուտ կ՛ունենան:
Սա կը նպաստի ե՛ւ զբօսաշրջութեան, ե՛ւ գիւղատնտեսութեան զարգացմանը. նոր ճանապարհի շնորհիւ մեր համայնքների բնակիչներն աւելի հեշտօրէն ու քիչ ծախսերով իրենց գիւղատնտեսական արտադրանքը կը հասցնեն թէ՛ Ստեփանակերտի շուկայ, թէ՛ Հայաստանի Հանրապետութեան մօտակայ բնակավայրեր», ընդգծեց շրջվարչակազմի ղեկավարը:
Զբօսաշրջութեան զարգացման հարցում մեծ դեր է վերապահւում Դադիվանք վանական համալիրին: «Համալիրը վերանորոգուել է, եւ այսօր վանական համալիրի հոգեւոր հովիւ տէր Յովհաննէսի եւ մի շարք բարերաների շնորհիւ այնպիսի բարւոք վիճակում է, որ կարելի է ներկայացնել համաշխարհային հանրութեանը: Այս ճանապարհի շինարարութիւնը Դադիվանք գիւղին հնարաւորութիւն կը տայ զարգացնել զբօսաշրջութիւնը, ունենալ հիւրանոցային համալիր»:
2015թ. կարեւոր էր նաեւ Շահումեանի շրջանում հիդրօկայանների կառուցման համար. «Այսօր մենք ունենք մէկ հզօր հիդրօկայան Թարթառ գետի ակունքում, նախատեսւում է կառուցուել եւս չորսը՝ Թարթառ եւ Լեւ գետերի վրայ: Յոյս ունեմ, որ դրանք կը բաւարարեն ինչպէս շրջանի, այնպէս էլ հանրապետութեան մակարդակով էներգետիկ պաշարներ ունենալու, այս ոլորտում անկախ լինելու համար: Ծրագիրը մեծապէս կարեւորում է կառավարութեան կողմից», ընդգծեց Կարէն Եղիշեանը:
Ամփոփելով անցնող տարում գիւղատնտեսական ոլորտի ունեցած նուաճումները, մեր զրուցակիցն ասաց. «Այս տարի աճ է գրանցուել խոզերի գլխաքանակում՝ անցած երկու տարիների համեմատ ցուցանիշը կրկնապատկուել է՝ հասնելով 1039ի: Ցուցանիշների աւելացում է նկատւում նաեւ մանր եղջերաւոր անասունների, թռչունների թուաքանակում:
Սա մեծ յոյս է ներշնչում, որ ժամանակին մենք կարողանալու ենք համապատասխան առաջարկներով դիմելու գործարարներին՝ շրջանում մսամթերքի պահեստաւորման, ինչու ոչ, նաեւ պահածոյացման արտադրման կէտեր հիմնելու առաջարկով: Մենք մեծ ուշադրութիւն ենք դարձնում այս ոլորտի զարգացմանը»:
Շրջվարչակազմի ղեկավարը որպէս ոլորտի ձեռքբերում առանձնացրեց նաեւ այն փաստը, որ 2015թ. մեր շրջանում կթուած կաթի 80 տոկոսը մթերուել ու մշակուել է:
«Գիւղացիները սրա շնորհիւ համոզւում են, որ գիւղատնտեսական ոլորտում աշխատանքն էլ կարող է շահոյթ բերել»:
Խօսելով գիւղատնտեսական ոլորտի մէկ այլ կարեւոր ճիւղի՝ մեղուապահութեան մասին, Կարէն Եղիշեանն ընդգծեց. «Այս տարի եղանակային պայմաններն անբարենպաստ էին մեղրատուութեան համար, բայց չնայած անբարենպաստ պայմաններին, մեր շրջանում ստացուել է 12,500 կգ. մեղր:
Սա եւս կարող է շահագրգռել գործարար անձանց: Մենք ցանկանում ենք նաեւ տարածքում վերականգնել տանձի ու խնձորի այգիները. շրջանը շատ բարենպաստ է նշուած մրգերի աճեցման համար:
Սա եւս կարող է հիմք դառնալ պահածոյի գործարանի համար: Հեռանկարային է նաեւ ընկոյզի մուրաբայի արտադրամաս հիմնելը», նշեց մեր զրուցակիցն ու յոյս յայտնեց, որ 2016ին միջազգային ու տարածաշրջանային իրադրութիւնը հնարաւորութիւն կը տան տնտեսական խաղաղ զարգացման համար:
Խօսելով շրջանում բնակչութեան թուի մասին՝ Կարէն Եղիշեանն ուրախութեամբ փաստեց, որ ըստ վերջին մարդահամարի տուեալների, շրջանի բնակչութեան թիւը չի նուազում: «Սա նշանակում է, որ բնակիչները չեն լքում մեր շրջանը, այստեղ աշխատանք են գտնում, այստեղ ապրում են: Ուրախալի է, որ 2016ին 5 եւ աւելի երեխաներ ունեցող 22 ընտանիքի համար նախատեսուած է տուն կառուցել»:
Խօսելով 2016թ.ի հիմնական նախագծերից՝ շրջվարչակազմի ղեկավարն առանձնացրեց նորաստեղծ ընտանիքներին շինանիւթով օգնելու ծրագիրը, որն սկսուել է 2015ին: «Նպատակ ունենք շրջանում պակասեցնել աւերակների թիւը: Ինձ համար շատ կարեւոր է հէնց երիտասարդ ընտանիքներին աջակցել՝ կառուցելու իրենց տունը: Սեփական ձեռքով կառուցուած տունը մարդը չի լքի, աւելի ամուր կը կապուի ե՛ւ այս հողի, ե՛ւ իր կառուցած տան հետ»:
2016ի կարեւոր ծրագրերից է նաեւ քննարկումներ անցկացնել վերը նշուած գործարանների կառուցման վերաբերեալ: «Ես չեմ էլ սպասում, թէ մենք միանգամից մեծ զարգացում ենք ունենալու. ես այսօր մէկ այլ խնդիր եմ տեսնում. առաջնային, զարգացման համար կարեւորագոյն պայման է այն գաղափարային յեղափոխութիւնը, համաձայն որի մարդն ինքն իր համար պէտք է բարիք ստեղծի, եւ ոչ թէ սպասի տարբեր օգնութիւնների: Կարծում եմ՝ առանց այս հիմնաւոր փոփոխութեան որեւէ առաջընթաց չենք ունենայ: Եւ մեծ յոյս ունեմ, որ մարդիկ կ՛աշխատեն եւ ունենալով իրենց ստեղծած ապրանքն իրացնելու համապատասխան միջոց՝ կը դառնան մեր երկրի համար իսկական քաղաքացի»:
2016ին ծրագիր կայ Քարվաճառում մի փոքրիկ մատուռ կառուցել՝ քաղաքին հոգեւոր շունչ տալու համար: «Կարծում եմ, որ այդ եկեղեցու կառուցման գործում մեծ դեր պիտի ունենան նախ եւ առաջ մեր համայնքի բնակիչները, որ իրենք էլ մեծապէս կապուած լինեն այդ մշակութային, ճարտարապետական ու հոգեւոր կոթողին», 2016թ.ի հիմնական ծրագրերն ամփոփելով՝ նշեց շրջվարչակազմի ղեկավարը, յաւելելով, որ վարչակազմն ունի նաեւ շատ ընթացիկ ծրագրեր:
Շնորհաւորելով բոլորին գալիք տարուայ առթիւ՝ Կարէն Եղիշեանը նախ խաղաղութիւն ու բարի ծառայութիւն մաղթեց սահմանում կանգնած մեր բոլոր զինուորներին:
«Նախ ցանկանում եմ, որ բոլոր ծառայող տղաներն անփորձանք տուն վերադառնան: Եւ թող բոլորս առողջ լինենք ու աշխատենք եւ բարեկեցիկ ապրենք՝ ըստ մեր կատարած աշխատանքի» ամփոփեց մեր զրուցակիցը:
Թամարա Գրիգորեան՝
թղթակից «Արարատ»
հիմնադրամի