ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
Մարտ 4ին լրացաւ 94ամեակը այն տխրահռչակ հրամանագիրին («դեկրետին»), որուն միջոցաւ, ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետութիւնը կործանելէ ետք, անոր աւերակներուն վրայ «թագաւորելու» եկած պոլշեւիկները զինու զօրութեամբ հայերէնի իրենց նախընտրած «աբեղեանական ուղղագրութեան»… սխալագրութիւնը պետականօրէն պարտադրեցին հայ ժողովուրդին:
Հակառակ խորհրդային դարաշրջանէն «ժառանգուած» ապազգայնացման ու այլասերման բեռէն մէկանգամընդմիշտ ձերբազատուելու իր յանդուգն քայլերուն, վերանկախացեալ Հայաստանի Հանրապետութիւնը ահա քառորդ դար է կը շարունակէ կառչած մնալ պոլշեւիկեան իշխանութեանց կործանարար այդ հրամանագիրին, որ կոչուած էր ամբողջացնելու հայոց ազգային անցեալին հետ խորհրդային խզումն ու հայութեան երկփեղկումը՝ մայրենիի ուղղագրութիւնը չարափոխելու ճամբով:
Ինչպէս խորհրդային ստրկամտութեան տասնամեակներուն, նոյնպէս եւ այսօր սակաւաթիւ են Ռաֆայէլ Իշխանեանի եւ Վարագ Առաքելեանի օրինակով հայ ազգային արժէքներուն փարած եւ պահապան կանգնած այն դրօշակիրները, որոնք հայ մտաւորականի իրենց կոչումին տիրութիւն ընելով՝ պատրաստ են, ի գին հալածանքի եւ շնորհազրկումի, յառաջ մղելու հայերէնի դասական՝ Մեսրոպեան ուղղագրութիւնը վերականգնելու եւ մայրենին՝ արեւմտահայերէն թէ արեւելահայերէն, միեւնոյն ուղղագրութեամբ սերունդները դաստիարակելու սրբազան պայքարը:
Եւ որքան ալ հեղինակաւոր հնչէ այսօրուան հայրենի ակադեմականներու վերապահութիւնը հայերէնի միասնական՝ Մեսրոպեան դասակա՛ն ուղղագրութիւնը վերականգնելու կոչերուն նկատմամբ, այսուհանդերձ՝ ազգովին դէմ յանդիման կանգնած ենք աւելի քան 94 տարուան վաղեմութիւն ունեցող այս կնճռոտ, այլեւ փշոտ հարցին համազգային ու վերջնական լուծում տալու մարտահրաւէրին:
1922ին Հայաստանի նորահաստատ պոլշեւիկեան իշխանութիւնը շատ լաւ կը գիտակցէր, թէ ուղղակի հայութեան ողնաշարին կ՛ուղղէր իր հարուածը, երբ այդպէս՝ 4 Մարտին հրապարակուած հրամանագիր «դեկրետ»ով մը, պետականօրէն ու պաշտօնապէս հանրապարտադիր կը հռչակէր հայերէնի «նոր ուղղագրութիւն»ը:
Այսինքն՝ իբրեւ դասագիրք, գրական թէ գիտական երկեր կամ մամուլ, մինչ այդ հրատարակուած ազգի ամբողջ հարստութիւնը բառացիօրէն… շրջանառութենէ եւ գործածութենէ դուրս կը շպրտէր: Փոխարէնը՝ պոլշեւիկեան իր գաղափարախօսական նախասիրութեանց վրայ հիմնուած, նոր ուղղագրութեամբ հայ մարդոց ու մանաւանդ նորահաս սերունդներուն կը ստիպէր կարդալու եւ սորվելու իր քարոզչութեան ծառայող… հոգեմտաւոր սնունդը:
Սկզբնապէս «աբեղեանական» յորջորջուած, աւելի ուշ «հայաստանեան» անուանուած եւ այսօր արդէն «պոլշեւիկեան» նկատուող այդ ուղղագրութիւնը, նոյնիսկ եթէ լեզուաբանական ու գիտական առումով հիմնաւոր որոշ նախադրեալներ ունէր, այսուհանդերձ՝ պետականօրէն պարտադրուելով, էապէս եւ գերազանցապէս քաղաքական սադրանքի մը իրագործման կը ծառայէր:
Հայ ժողովուրդին հայրենաբնակ եւ տարագիր զանգուածներուն երկփեղկումը խորացնելու ծառայող պառակտի՛չ քայլ էր «նոր ուղղագրութիւն»ը, որուն միջոցաւ խորհրդային ամբողջատիրութիւնը մահացու հարուած հասցուց, ազգային պետականութեան կորուստէն ետք, հայ ժողովուրդի ազգային միասնականութիւնը պահպանելու ճիգերուն:
Օրին իսկ բուռն եղաւ ընդդիմութիւնը «սխալագրութիւն» խարանին արժանացած «դեկրետային» այդ ուղղագրութեան դէմ: Ոչ միայն Սփիւռքի տարածքին ազգային-քաղաքական անհաշտ պայքար ծաւալեցաւ ազգային մեր միասնականութեան սպառնացող վտանգին դէմ, այլեւ նոյնինքն Խորհրդային Հայաստանի մէջ գիտական ազդու ընդդիմախօսութիւն թափ առաւ նորամոյծ «ուղղագրութեան» նկատմամբ:
Հայոց լեզուի եւ գրականութեան հսկաներէն մէկը հանդիսացող Մանուկ Աբեղեանի լեզուագիտական հիմնաւորումները չարաշահելով յառաջ քշուեցաւ «դեկրետային ուղղագրութեան» պարտադրումը Լենինի ձեռնասուններուն կողմէ:
Մինչ Աբեղեանին կը յուզէր հայերէնի ուղղագրութիւնը պարզեցնելու՝ «ինչպէս կը հնչենք, այդպէս ալ գրենք»ի տրամաբանութիւնը, խորհրդային նորահաստատ իշխանաւորներուն դիտաւորութիւնները հիմնովին այլ էին, պոլշեւիկեան դաւանամոլական ներշնչում ունէին, հայ ժողովուրդէն իր ազգային-պատմական յիշողութիւնը խլելու ծանրագոյն յանցագործութեան կը միտէին:
Միայն այդ ճամբով խորհրդայինները ի վիճակի կրնային ըլլալ Հայաստանն ու հայրենաբնակ հայութիւնը երկաթէ վարագոյրով անջատելու ամբողջական Հայաստանէն ու ամբողջական հայութենէն, որպէսզի դիւրանար հայրենի հողին ու ժողովուրդին ամբողջական համարկումը Խորհրդային Միութեան մէջ՝ իբրեւ ձուլուած մէկ մասնիկը խորհրդային «բազմազգ հայրենիք»ին ու «խորհրդային ժողովուրդ»ի խառնարան-կաթսային:
Նորելուկ «ուղղագրութեան» պաշտպանութեան եւ հիմնաւորումին համար պոլշեւիկներու ծաւալած ամբոխավարութիւնը, անշուշտ, առատօրէն օգտագործեց «ժողովրդային կրթութիւն», «գրաճանաչ հասարակութիւն» եւ «ժողովրդական մշակոյ»չ հաստատելու, տարածելու եւ «զարգացնելու» կարգախօսները: Ամբոխավարական այդ աղմուկին մէջ, խորհրդայինները մէկ կողմէ ծայրայեղ կամակորութեամբ առաջ տարին նոր սերունդին միայն իրենց «ուղղագրութիւն»ը սորվեցնելու տենդագին աշխատանքը՝ ընթերցող հասարակութիւնը նոր ուղղագրութեամբ տպագրուած գիրքերու հեղեղին տակ առնելով, իսկ միւս կողմէ անվարան դիմեցին ամէնէն բիրտ միջոցներով հալածանքի, բանտարկութեան եւ մինչեւ իսկ սպանութեան քայլերու, որպէսզի լռութեան մատնեն պաշտօնական ուղղագրութեան ընդդիմախօսները:
Շատ տասնամեակներ անցած են այդ օրերէն ասդին, եւ 94 տարին, անշո՛ւշտ, «լիովին» բաւարար ժամանակ էր, որպէսզի ամբողջ սերունդներ թրծուէին պոլշեւիկեան «ուղղագրութեամբ», եւ որպէսզի հայ ժողովուրդին մերօրեայ բազմութիւնները դժուարանան ընկալելու Մեսրոպեան ուղղագրութեամբ իրենց հրամցուած ազգային հոգեմտաւոր որեւէ ժառանգութիւն:
Անշո՛ւշտ, մէկ օրէն միւսը կարելի չէ գիծ քաշել այդ բոլորին վրայ եւ… զերոյէն վերսկսիլ:
Բայց նաեւ այլեւս պէտք է սկսիլ անհրաժեշտ քայլերը նետելու Մեսրոպեան ուղղագրութիւնը պետականօրէն վերականգնելու ուղղութեամբ:
Հայաստանի վերանկախացումով եւ հայոց ազգային պետականութեան վերահաստատումով՝ հայ ժողովուրդի ինքնահաստատման ու ամբողջական ազատագրութեան երթը կը պահանջէ նաեւ յաղթահարումը ազգային մեր յիշողութեան դէմ ուղղուած պոլշեւիկեան մեծ սադրանքին, անոր շարունակուող հետեւանքներուն:
Հայերէնի Մեսրոպեան ուղղագրութեան վերականգնումը կը շարունակէ մարտահրաւէր մնալ վերանկախացեալ Հայաստանի 25ամեայ Հանրապետութեան համար:
Մարտահրաւէր, որուն պատգամաբերները եղան հայ մտաւորականութեան արժանաւոր Մեծերը:
Չմոռնանք, թէ 94 տարի առաջ պոլշեւիկեան սուիններու ապաւինած Յեղկոմը պարզապէս արհամարհեց եւ լռութեան մատնեց բողոքի ձայնը նոյնիսկ Ամենայն Հայոց բանաստեղծին՝ Յովհաննէս Թումանեանի, որ ի տես նորահաստատ խորհրդային իշխանութեանց կողմէ փութկոտ հրահանգով հայոց Մեսրոպեան ուղղագրութիւնը արգիլելու եւ Մանուկ Աբեղեանի մշակած խնդրայարոյց «ուղղագրութիւն»ը պետական պարտադիր օրէնքի վերածելու քայլին՝ 1922ի Մայիս 17ին յայտարարեց.
«Ես՝ որպէս հայ գրող եւ Հայ գրողների միութեան նախագահ, գալիս եմ յայտնելու իմ զարմանքը եւ բողոքելու էն վերաբերմունքի դէմ, որ ունեցել է Հայաստանի Լուսժողկոմը էս կարեւոր խնդրում: Պարոն Մ. Աբեղեանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ: Շատ լաւ:
Բայց Հայաստանի Լուսժողկոմը որտեղի՞ց է իմացել, թէ ե՛ւ Աբեղեանը, ե՛ւ ինքը Լուսժողկոմն էլ նրա հետ միասին, անսխալական են, որ առանց քննութեան ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել եւ միայն դրանով գրել ու տպագրել:
Պարոն Աբեղեանի առաջարկը ընդունելի է թէ չէ, դա դեռ քննելիք խնդիր է, հետեւաբար Լուսժողկոմի հրամանը անընդունելի է: Եւ եթէ էսպէս է, ապա նրան՝ Լուսժողկոմին, մնում է ուղղել իր արած սխալը, յետ վերցնել իր արած կարգադրութիւնը, խնդիրը համարել բաց եւ դնել քննութեան»:
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Պետք է հաշվեհարդարի ենթարկել այս հարցը։
Հարցը ներկայումս գործածվող տարբեր ուղղագրությունների վերացման պահանջն է, միայն մեկ ուղղագրության տիեզերական կիրառության կարիքը հայերենում։
Ուղղագրությունը լեզվի գրության կանոնների համակարգն է: Հայոց լեզվի գրությունը հիմնականում եղել է հնչյունագրային: Ուստի դրա ուղղագրությունը հիմնված է տառերի հնչական, լեզվի ձեվաբանական և ավանդական սկզբունքների վրա: Հնչյունագրային ուղղագրությունը յուրաքանչյուր հնչույթի համար ունի մեկ տառանշան: Դրանից էլ հետեվում է, որ ուղղագրությունը պիտի համադաշն լինի ուղղախոսության հետ. ուստի երբ գրում ենք՝ մարդ, պետք է ուղղախոսությամբ արտասանենք՝ մարդ, այլ ոչթե՝ մարթ. երբ գրում ենք՝ դպրոց, պետք է արտասանենք՝ դպրոց, այլ ոչթե՝ դպռոց, կամ դբռոց: Հնչյունագրային ուղղագրությունը և ուղղախոսությունը բնորոշում է՝ գրել այնպես, ինչպես արտասանվում է. արտասանել այնպես՝ ինչպես գրվում է: Կենդանի խոսակցական լեզվում, ժամանակի ընթացքում, բնականաբար ու անզգալիորեն, սերունդներից սերունդներ հոլովույթով առաջանում են հնչույթների և արտասանությունների փոփոխություններ: Այդպիսով ուղղագրության և ուղղախոսության մեջ առաջանում են տարբերություններ: Կրթությամբ և ուսումնառությամբ պիտի ճգնել նման տարբերակումները, փոփոխությունները նվազագույնի հասցնել: Իրավիճակը համագեն, համածին հասարակության մեջ դարձնել ընդհանուր. զորացնել մայր լեզուն, իհաշիվ տեղայնական բարբառների: Բանասիրական պտրումների մեջ բարբառները գուցե հարստություն են. բայց ազգային մայր լեզվի զարգացման ու առաջընթացի հոլովույթում բարբառները շեղումներ են լոկ:
Ե դարից մինչեվ այսօր հայոց լեզվի հնչույթային կազմը կրել է փոփոխություններ. դրա պատմությունը չունենք, ու չենք էլ կարող ունենալ. քանի որ դա օդի ու տարածության մեջ հնչած բանավոր խոսք է եղել, հնչույթների համակարգ է եղել, ձայն է եղել, և մենք հիմա չենք կարող բնորոշել, որ, օրինակ, Ե կամ Ժ դարում ինչպե՞ս են արտաբերել՝ ա, ա-, ա~, ա՛… ե,է, յ, ւ: Գրավոր փաստերից նկատելի է, որ ԺԵ դարից սկսած արտասանական ու գրական տարբերություններ են առաջացել նաեվ գրավոր հայերենում: Օրինակ Արարատյան Դաշտում, Վասպուրականում, Տարոնում, և այլն, ընդհանրապես պահպանվել է դասականը. բայց Կոնստանտինոպոլսում առաջացել է բաղաձայնների հնչույթային խառնակում, իստամբոլյան թուրքերենի ազդեցության ներքո: Հայերենի եռաստիճան շարքը վերածվել է երկաստիճան շարքի.
բ-պ-փ դարձել է պ>բ , բ>փ բ=փ
գ-կ-ք դարձել է կ>գ , գ>ք գ=ք
դ-տ-թ դարձել է տ>դ , դ>թ դ=թ
ձ-ծ-ց դարձել է ծ>ձ , ձ>ց ձ=ց
ջ-ճ-չ դարձել է ճ>ջ , ջ>չ ջ=չ
Դա էլ ոչ թե այնպիսի ամբողջությամբ, ինչ որ վերում է ներկայացվում: Մասնավորաբար խոսակցության մեջ խոսողները շատ հաճախ հնչում ու արտասանում եմ դասական ճշտությամբ. բայց երբ գրագետ խոսողին հիշեցնում ես տառադարձությունը, և ուզում ես որ ճիշտ արտասանի, ահա, այդ րոպեից անհատը սկսում է խառնել հնչյունները, բառերի արտասանումը: Հիմնականում գրության ժամանակ է երեվան գալիս հիշյալ հնչույթների տառադարձային խառնակությունը, դա իստամբոլյան թուրքերենի ազդեցության տակ է եղել, Կոնստանտինոպոլսում, ուր խոսված իստամբոլյան թուրքերենը նման բաղաձայների շփոթ ունի համեմատությանբ անատոլյան և միջասիական թուրքերենի: 19րդ դարի վերջերում Մխիթարյան երկու հայրեր, անդրադառնալով պոլսահայերենի տառադարձության շփոթին, ուսումնասիրում են հարցը, և տառադարձության մի ցուցակ են կազմում իստամբոլյան թուրքերենի հնչյունային համեմատությունների հիման վրա, ի տարբերություն մեր դասական տառադարձության, որ հիմնված է հունարենի և լատիներենի, հինգերորդ դարի հայ թարգմանիչների կատարած բիբլիական անունների և բառերի տառադարձության օրինաչափության կարգով։ Թուրքերենը չունի պայթական խուլ բաղաձայն հնչյունները։ Այդտեղից էլ սկսվում է տարածվել, անվանվելով թուրքահայերենի տառադարձություն. միայն 20րդ դարի սկզբներից սկսվեց գործածվել արեվմտահայերեն եզրը «կը» հայերենի համար: Երանի այս թուրքաբանությունը վերացվեր մեր մայրենիքից։
Հայերենի ուղղագրական փոփոխությունների ժամանակաշրջաններ են հաշվառվում.
Ե – Թ դարերը
Ժ – ԺԷ դարերը
ԺԸ – ԺԹ դարերը
1922 – հետո
Ուղղագրության հարցին չպիտի խառնել ում-հայերենի (արևելահայերենի) և կը-հայերենի (արևմտահայերենի) խնդիրները։ Ուղղագրական և գրական ու բարբառային հարցերը տարբեր բնագավառներ են այս խնդրում։ Ուղղագրությունը լեզվի հնչյունների նշանագրային, գրական արձանագրության, հնչույթային ձայների և ձայնակապակցությունների հնչական արժեքի պատկերային գնահատման բանաձևումը և օրինակարգումն է, և չպիտի շփոթել բարբառների արտասանական, ոճային և ձևային տարբերությունների հետ։
Հայերենի ուղղագրության փոփոխության հարցը չստեղծվեց 1922 թվականում, երբ Հայաստանում կիրառվեց ներկայումս այնտեղ գործածվող ուղղագրաձևը, ծանոթ՝ նոր ուղղագրություն անունով։ Աշխարհաբար հայերենի ուղղագրության խնդիրը առաջացավ հենց աշխարհաբարի գրական ծնունդով։ Բնական է, որ աշխարհաբարը չէր կարող բոլոր դեպքերում հետևել գրաբարի ուղղագրական կանոններին. և չհետևեց. այդտեղից էլ սկսվեց ուղղագրության հարցը։ Պատմական իրականություն է, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է միայն 36 տառ. տարբեր ժամանակներում մուտք են գործել օ, ֆ, ու, և տառերը. այդպիսով հայերեն այբուբենի տառերի քանակը դարձել է 40։ Ուստի այսօրվա 40 տառ գործածող հին ուղղագրությունը՝ մեսրոպյան 36 տառ գործածող ուղղագրության հետ նույնը չէ։ Այսօրվա հին ուղղագրությունը մեսրոպյան ուղղագրություն չէ։
Ուղղագրության հարցը թեժացավ 19-դարի վերջին տասնամյակից, որ շարունակվեց մինչև 20-րդ դարի առաջին քառորդը. սկսվեցին ուղղագրական խոտորումներ։ Ոմանք սկսեցին զեղչել բառավերջի չհնչող «յ» տառը։ Ոմանք սկսեցին բառամիջի «ու» տառը, որ «վ» էր հնչում գրել «վ», նույնիսկ «ւ»։ Բառամիջում և բառավերջում շատացավ «օ» տառի գործածությունը աշխարհաբարյան այնպիսի բառերում, որ մատենագրական անցյալ չունեին։ Դա լինելով պատմական իրականությունը իրապաշտորեն պիտի մոտենալ հետագա զարգացումներին։ Դրանք, տարաբախտաբար, իրարամերժ սևեռումների առարկա դառնալով, միգոտել են կուսակցական, քաղաքական անհարկի նախապաշարումներով, և հրապարակագրական միտումնավոր քարոզչությունների տարափի տակ գունավորվել են անհարազատ ստվերներով, հեռացել են գրավոր-լեզվական, ուղղագրական հարց լինելուց։
Արդարև, աննախապաշար մոտեցումը արդի հայերենի ուղղագրության հարցին ժամանակի հրատապ պահանջն է այլևս։
Նայենք համայնապատկերին։ Հայաստանում միահամուռ գործածության մեջ է նոր ուղղագրությունը, որ 1922 թվականի հիմնական փոփոխությունից հետո, ապա ժամանակի ընթացքում ևս մի շարք փոփոխություններից հետո, վերջնական օրինակարգում ստացավ 1940 թվականում։ 1991 թվականի անկախության հռչակումից հետո եղել են աննշան սպրդումներ Հայաստանում, սփյուռքյան ներդրմամբ։ Սփյուռքում գործածության մեջ է… են… այսպես ասած ուղղագրությունների մի խառնիճաղանջ, անհատների կամայական գործածությամբ։ Այդ այսպես կոչված «ուղղագրությունները» թեև հիմնականում հետևում են հին ուղղագրության օրենքներին, սակայն գործածությամբ, մանրամասնությունների մեջ, ծնունդ են տվել այնպիսի զարմանազանությունների, որ ստեղծված պատկերը գերազանցորեն ողբալի է։ Սա զավեշտական ամբաստանություն չէ, այլ, դժբախտաբար, ճշգրիտ հաստատում։
Սփյուռքում եթե մի հայ համայնք մամուլ ունի, այդ դեպքում մամուլը ուղղագրության առաջնորդի մի ինքնակոչ դերով հաճախ ունի, և երբեմն էլ չունի, ուղղագրական ընդհանուր և հաստատուն օրենքներ։ Սակայն ի՛նչ էլ որ է ուղղագրության վիճակը հայ մամուլի, տվյալ մի համայնքում, նույն համայնքի անհատ մտավորականները որոշ դեպքերում հետևում, իսկ երբեմն էլ չեն հետևում իրենց համայնքի մամուլի ուղղագրությանը։ Սփյուռահայ այն համայնքներում, ուր մեկից ավելի թերթեր ու պարբերականներ կան, ուղղագրության ընդհանուր դրությունը ավելի վատ է. «ուղղագրությունները» տարբերվում են մինչև անգամ տպարանից տպարան։ Որոշ թերթերում նկատելի են ուղղագրական տարբերություններ՝ հոդվածից հոդված… արդյունքը, տարբեր սրբագրողների, կամ նույնիսկ տարբեր գրաշարների նախասիրությունների…։ Այո, նախասիրությունների, և դժբախտություն է դա. դա ցույց է տալիս անտիրություն, որբություն… որբությունը մեր մայրենիքի… սփյուռքում։
Հատ-հատ օրինակներ բերելու հարկ չկա, որովհետև եղածը, համաճարակի սփռվածությամբ, մեր աչքերի առաջն է ամենուրեք։ Այնուամենայնիվ, գուցե տեղին է հավաքական անուններով նշել ուղղագրական խոտորումների իրականությունը սփյուռքում։ Այսպես.
– Հյունագրություն, վևագրություն, ուագրություն հին ուղղագրությամբ. օրինակ՝ փորւած, փորված, փորուած։ Նոր ուղղագրությամբ՝ փորված։
– Յիագրություն, հոյագրություն հին ուղղագրությամբ. օրինակ՝ յետևեալ, հետևեալ. նոր ուղղագրությամբ՝ հետևյալ։
– Էագրություն, եչագրություն. օրինակ՝ երբէք, երբեք։ Նոր ուղղագրությամբ՝ երբեք։ Եվ վերջապես -եք վերջածանցով «երբ» բառն է։
Տակավին որոշ բառերի տարբեր ուղղագրություններ հին ուղղագրությամբ. օրինակ՝ մեկը գրում է տարւայ, մյուսը՝ տարուայ. մեկը հեքիաթ է պատմում, մյուսը հեքեաթով է զմայլվում. ամեն է թե ամէն, «ողջ» թե «եկեղեցական»՝ (թող այդպես լինի), այլևս մարդ անկարող է ջոկել։ Իսկ ինչ վերաբերում է հատուկ և միջազգային աշխարհագրական ու գիտական անունների և բառերի ուղղագրությանը, որոնք հաճախ օտար բառեր են, և տառադարձվում են, ընդհանուր հին օրենքների բռնաբարումն ու աղճատումը սփյուռքում այլևս հասել է բացարձակ վայրագության։
Պետք է վերջ տալ լեզվաղարտության այս բարբարոս արշավին սփյուռքում, հանուն մեր անաղարտ մայրենիքի ուղղագրության, հանուն մեր կուչ եկող մայրենիքի տարածմանը սփյուռքում, որ աստիճանաբար դառնում է ավելի հուսահատեցնող։
Ուղղագրական համազգային միանմանությունը միշտ էլ ցանկալի է եղել բոլորի համար, ուր էլ որ եղել է։ Այնուամենայնիվ, սփյուռքում հարցը ժամանակի ընթացքում դրվելով ու լքվելով եկել հասել է այսօրվա թնջուկին։ Ոմանց էլ հասցրել է անտրամաբանական ծայրահեղությունների։
Ինչպե՛ս պիտի լուծել։
Պիտի լուծել իրականության ըմբռնումով, քննելով, ուսումնասիրելով, տրամաբանելով, ազգային շահեր ու կարելիություններ նժարելով ու եզրակացնելով։ Այլապես եթե տարվենք նախապաշարումների տենդով ու մոլեռանդությամբ, ծայրահեղություններով ու կամակորությամբ, այնպես որ չկարողանանք նշմարել ուրիշ որևէ ճառագայթ, այդ դեպքում մեր տքնությունը լինելու է ապարդյուն։
Հայերենի ուղղագրության համահայկական միանմանությունը, միասնությունը ստեղծելու, ավելի ճիշտ՝ միանմանությունը, միասնությունը վերականգնելու համար, բնականաբար, պետք է ընդունենք այսօրվա իրականության փաստը։ Եղած իրականության արժևորումով կիրառել եղած երկու ուղղագրություններից մեկը միայն, որոնք գործածության մեջ են ներկայումս։ Ճիշտ չի լինի տարվել եղածները համադրելու առաջադրությամբ, որով կստեղծվի մի երրորդ, թե քանիերո՞րդ ուղղագրություն, որով ոչ մի բան հրատարակված չէ։ Ուղղագրության խնդիրներում լավ է լինել պահպանողական, քան թե նորարարական։ Երանի թե 1922 թվականում ուղղագրության բարեփոխում չլիներ։ Եղածը մնար ու կանոնակարգվեր, առաջացած խոտորումները սրբագրելով ու պետականորեն ամրագրվելով։ Երանի թե… Բայց արվել է… և մենք այսօրվա իրականության մեջ ենք ապրում։ Դեռևս 1913 թվականում երբ տոնվում էր հայոց տառերի գյուտի 1500-ամյակը և տպագրության 400-ամյակը, մի հանձնախումբ է կյանքի կոչվում հայերենի ուղղագրությունը մշակելու համար։ Պարզ է, որ ուղղագրության խնդիրը համայնավարների ստեղծածը չէ։ Հայաստանի առաջին հանրապետությունը ուղղակի ժամանակ չունեցավ այդ խնդրով զբաղվելու։ Այնուհետև նախասովետական նույն հայ լեզվաբանները հարցը լուծեցին ժամանակի պետական ամենազորավոր լծակների միջոցով։ Խնդրի լուծման մեջ ամենազորավոր դերը խաղաց Մանուկ Աբեղյանը։
Ընդհանուր հարցի այդօրինակ առաջադրումը նախատեսում է հարմարագույն ուղղագրության կիրառումը արդի հայերենի համար, մեր այսօրվա գրական հայերենի համար, առանց սկզբնական կողմնակցության՝ հին ուղղագրության, թե նոր ուղղագրության նկատմամբ։ Ազգային ու հասարակական մեր ընթացիկ պայմաններում մեր մայրենիքի ուղղագրության միասնությունը, տիեզերական ծավալով, ներկայի ու ապագայի տեսանկույնից կշռած, շատ ավելի կարևոր ու կենսական է, շատ ավելի ճակատագրական նշանակություն ունի, քան թե ուրիշ նկատառումներ։ Քան թե հին ուղղագրության վերականգնումը, կամ թե նոր ուղղագրության պահպանումը, թե համադրումը հնի հետ։ Քան թե նոր ուղղագրության ստեղծման պարագաները ու գործադրման պայմանները, ձևերը։ Քան թե հին ուղղագրության անփոփոխ շարունակման ոմանց կողավերությունը։ Քան թե հին ուղղագրության սրբացումը և մեսրոպյան ու մաշտոցյան անվանումները, որ պատմականորեն ճիշտ չէ. «օ», «ու», «և», «ֆ» տառերի որդեգրությամբ, կամ մի շարք կապական ու մակբայական բառերի վերջի անհունչ «յ» տառի զեղչումը, օրինակ՝ հիմայ, հիմա. ինչպես նաև «ի» տառով վերջացող բառերի հոլովման դեպքում «ի» տառի փոփոխումը «ւ» տառի, որ ոմանք «ու» են գրում, արդեն, հին ուղղագրությունը օտարել են մեսրոպյան ու մաշտոցյան ուղղագրությունից։ Այս հիմնական իրականությունը անկարելի է գերագնահատել, չափազանցել։ Այսօրվա մեր հայրենիքի ինքնիշխան պետականությունը, իր գունագեղ դժվարություններով ու ջանքերով, անկարողություններով ու իրագործումներով, անճարակություններով և մասամբ նորին… Սփյուռված հայության հարաբերության կարևորությունը հայրենիքի հետ… Սփյուռահայության ուծացման դեմ այս քամող պայքարի հուսացվո՞ղ հաջողությունը, այսօրվա կյանքի ու աշխարհի խոյացող վազքի պողպատյա օրենքով, գերազանցաբար, կախում ունեն մեր ներկայի ու ապագայի պարագաներից, պահանջներից, մեր կարելիություններից, որոնք ձևակերպում են, սահմանում են մեր ցանկությունները։ Մեր առաքինությունը պիտի լինի շարժվել դրանց իրապաշտ տրամաբանությամբ, քան թե հուզականությամբ, և դա՝ հօգուտ համազգային գերակա շահերի։
Ավանդական ուղղագրությունը, դարերի ընթացքում, կրել է փոփոխություններ, և դա զարմանալի չէ, ո՛չ էլ ցավալի կամ զղջալի։ Կյանքը, լեզուն և գրականությունը իրենց պահանջներն են դրել, ու ժողովուրդը ժամանակի ընթացքում հարթել է խորդուբորդությունները։ Դարերի ընթացքում զուրկ լինելով վերահսկող ու պահապան կենտրոնական մի հեղինակության հովանավորությունից, որը պարտադրությամբ նույնիսկ արգելելու էր ուղղագրական խոտորումներ. մյուս կողմից մեր ազգային վիճակի, պատմական, աշխարհագրական և այլ գործոնների ազդեցության տակ, հին ուղղագրության օրենքները ենթարկվել են նաև ավերումների։ Զարտուղիություններ են ստեղծվել նոր օրենքների մասնակի ու քմահաճ կիրառումով, որոնք երբեմն կիրառվել են, լրացնելու հին ուղղագրության ներգո, կամ ներծին պակասությունները աշխարհաբարի և արդի հայերենի գրության պարագաներում։ Այդ բնույթի օրինակներից են հյունագրությունը, ինչպես նաև որոշ հատուկ անունների կարճացված ձևում անվան վերջում «ոյ»ի փոխարեն «օ» գրելը, հին ուղղագրության մեջ, որը սակայն հոլովման դեպքում փոխվում է «ոյ»ի, օրինակ՝ Կարօ, Կարոյի, Կարօն կամ Կարոն։
Նման աստանդական իբրթե բարեփոխությունները բացի այն որ արմատապես չեն բուժել վերքը, այլ ստեղծել են անհեթեթություններ. քանի որ նման փոփոխությունները չեն ուսումնասիրվել ուղղագրական ընդհանուր բարեփոխությունների մի ամբողջական ծավալում։ Հաճախ սիրում ենք ակնարկել, մանավանդ օտարալեզու բարեկամների, թե հայերենի ուղղագրությունը զուտ և կատարյալ ձայնական-հնչական համակարգ ունի, ծանրաբեռնված չէ հավելյալ, չարտասանվող կամ ձայնափոխ տառերով. այդուհանդերձ իրականությունը տարբեր է։
Արդի հայերենի համար հին ուղղագրության դժվարություններից, իսկապես պակասություններից են.
– Դժվարությունը «յ» տառի, որ բառասկզբում հնչում է «հ» (օրինակ` յայտնել), և ոչմի օրենք չունի թե ինչու՛. իսկ ձայնավորներից հետո, երկձայն տառակապակցություններում հնչում է «եը» (օրինակ` յայտնել). (հատկանշական է, որ նույն բառում նույն տառը տարբեր հնչյուններ ունի հին ուղղագրությամբ): Իսկ որոշ բառերի վերջում, այդ նույն «յ» տառը, «ա»ից ու «ո»ից հետո համր է, չի հնչում (օրինակ` տղայ, երեկոյ)։ Այդպիսով արդի հայերենում բառասկզբային դիրքում «հ» տառի հետ նույնահունչ դառնալով, և բառավեջում գրվելով ու չարտասանվելով դարձել է ուղղագրական դժվարություն։ Մենք իսկապես բնորոշաբար չգիտենք, թե «յ» տառը Մեսրոպ Մաշտոցի օրոք ինչպես էր հչվում, այլ միայն ենթադրում ենք։
– Դժվարությունը բառամիջյան «ո» և «օ» տառերի։ Մաշտոցը «օ» տառը չի ստեղծել և չի գործածել։ «Ո» տառը բառավերջում չի գրվել. իսկ չգիտենք, թե Մաշտոցի օրոք «ո» տառը բառասկզբում և բառամիջում ինչպես էր հնչվում։ Արդի հայերենում բառամիջյան «ո» և «օ» տառերը նույնաձայն են դարձել, դարձել են ուղղագրական դժվարություն։ Նախապես եղած օրենքի խախտումով, որ «օ» տառը փոխարինում էր «աւ» տառակապակցությանը փակ վանկում, ընթացիկ հին ուղղագրության մեջ «օ» տառի գործածությունը չունի ոչ մի օրենք։ Դա է դժվարությունը։
– Դժվարությունը «ե» և «է» տառերի. իսկապես չգիտենք թե Մաշտոցի ժամանակ «ե» տառի հիմնական հնչույթը ինչ է եղել. բառասկզբում և բառամիջում ինչպես է հնչել. ձայնավորներից առաջ ինչպես է հնչել. ինչպես է տարբելվել «է» տառից։ Արդի հայերենում բառամիջում «ե» և «է» տառերը նույնաձայն են դարձել, դարձել են ուղղագրական դժվարություն։ «Ա» տառից առաջ, և Մաշտոցի չստեղծած «օ» տառից առաջ, «ե» տառը դարձել է կիսաձայն «եը», և միանալով ձայնավոր «ա» և «օ» տառերին կազմել է այդ տառակապակցությունների երկձայնները։ Օր. Դաւթեան, եօթն։
– Դժվարությունը «վ», «ւ» և «ու» տառերի. «վ» և «ւ» տառերը նույնաձայն են դարձել. «ու» տառը բառամիջյան բաղաձայնից հետո և ձայնավորից առաջ «վ» է հնչում։ «Վ» տառը գրվում է միայն բառերի սկզբում, իսկ բառամիջում, և բառավերջում միայն «ո» տառից հետո։ «Ւ» տառը գրվում է միայն բառամիջում ու վերջում, պայմանով որ «ո» տառին չհաջորդի։ Այդպիսով ունենում ենք երեք տառանիշ նույն հնչյունի համար, այդպիսի պայմաններով. և իսկապես չգիտենք, թե Մաշտոցի օրոք «ւ» տառը ինչ հնչույթ ուներ, «ու» տառը երկբարբա՞ռ էր, ի՞նչ հնչույթ ուներ, իսկ այբուբենում չկար։ Նոր ուղղագրության մեջ այս դժվարությունը հարթվել է. բոլոր դեպքերում գրվում է «վ» այդ հնչույթի համար։
Նոր ուղղագրության ամբողջ տարբերությունը հին ուղղագրությունից՝ «ե», «է», «ո«, «օ» ձայնավորների, «յ» կիսաձայնի, «վ», «ւ» , «ու» (այս վերջինը բաց վանկում) տառերի, ապա՝ «եա», «եօ», «իւ», «ոյ» երկբարբառների գործածության մեջ է։ Նոր ուղղագրությունը վերացրել է դրանց հարուցած դժվարությունները, կանոնակարգել է դրանց ուղղագրությունը։ Պետք է ի մտի ունենալ, որ նոր ուղղագրությունը գործածվում, և գործածական է միայն ու միայն աշխարհաբարի համար. երբեք գրաբարի։
Դասական հայերենում «ե» և «է», «ո» և «օ» ձայնավորների («օ>ի դասական գրելաձևը եղել է «աւ», մի նշան վերևում, որ կոչվում է՝ պատիվ), «յ» կիսաձայնի, «վ», «ւ», «ու» բաղաձայների «ու» տառը բաղաձայնի և ձայնավորի միջև, որ «վ» է հնչում) ձայնական արժեքը, հնչույթը, տարբեր է եղել դրանց ներկա հնչույթից, ըստ մեր ներկայի արտասանության, հնչումի։ Դրանց դասական հնչույթները ունեցել են իրենց յուրահատկությունները, որոնցով տարբերակվում էին «ե» և «է» տառերը, «ո» և «օ» (աւ) տառերը, բառասկզբային «յ» և «հ» տառերը, «վ», «ւ», «ու» (բաղաձայնի և ձայնավորի միջև, որ «վ» է հնչում) տառերը։ Թե ի՛նչ են եղել այդ տարբերությունները, այժմ չենք կարող ստուգապես ասել, լեզվաբանական համեմատություններով միայն կարողանում ենք ենթադրել։ Արդարև, մեր ներկա հնչումով եղած տարբերությունները վերացել են, և որպես հետևանք, դրանք, այդ նույնահունչ տառերը, ուղղագրական դժվարություն են առաջացնում հին ուղղագրության մեջ։ Նոր ուղղագրությունը իսկապես վերացրել է գրաբարից ծագում առած հին ուղղագրությունից արդի հայերենին փոխանցված այդ դժվարությունները, կապված հիշյալ տառերի ուղղագրության հետ։
Նոր ուղղագրության մեջ հիշյալ տառերի գործածությունը կանոնակարգվել է այսպես.
– «Ե» տառը բառասկզբում բաղաձայնից առաջ հնչում է «եէ», օրինակ՝ երեկո։ Բառամիջում և բառավերջում միշտ և անփոփոխ գրվում է «ե», որպես «է» հնչույթի տառանիշ։
– «Ո» տառը բառասկզբում բաղաձայնից առաջ հնչում է «վո», օրինակ՝ ոտ։ Բառամիջում և բառավերջում միշտ և անփոփոխ գրվում է «ո», որպես «օ» հնչույթի տառանիշ։ Մեսրոպ Մաշտոցը «ո» տառը ստեղծել է «օ» հնչույթի համար։
– Միշտ և անփոփոխ երբ հնչում ենք «վ», գրում ենք «վ»։ Ուստի «ւ», «ու» տառերի «վ» հնչող լծորդային գործածության դժվարությունը վերացվել է։
– Միշտ և անփոփոխ գրվում և հնչում է «հ» այդ հնչույթի համար։ Բառասկզբի «յ» տառն էլ, որ «հ» է հնչում, գրվում է «հ»։
– Իսկ «յ» տառը վերագտել ու հաստատվել է իր կիսաձայնային հնչույթում (եը)։ Իսկ բառավերջում չհնչող «յ» տառը չի էլ գրվում։
Երկձայների, կամ երկբարբառների ուղղագրությունը, ինչպես ասվեց վերում, օրինակարգվել է նոր ուղղագրության մեջ. «յ» կիսաձայնը միանգամայն և ընդմիշտ ստանձնել է «եը» կիսաձայնի ձայնարժեքը։ Ուստի նոր ուղղագրության մեջ այդպես էլ կիրառվում է երկձայների կազմության ժամանակ։
– «Այ» երկձայնը հին ու նոր ուղղագրություններում նույնն է, գրվում է նույն տառակապակցությամբ։
– «Եա» երկձայնը նոր ուղղագրությունում դարձել է «յա»։ Նոր ուղղագրությունում «յ» կիսաձայն տառի հնչույթը «եը» է, և ձայնավոր հնչյունների հետ երկձայն է կազմում. ուստի՝ «յա» երկձայնը։ Բացի այդ, «յա» երկբարբառի հնչույթը ճիշտ հակահնչույթն է «այ» երկբարբառի, ուստի տրամաբանական է, որ տառակապակցությամբ էլ հակառակը գրվի. «այ»ի հակահնչումը՝ «յա»։ Սակայն կարևոր է և այն, որ «յա» երկբարբառը արդեն գոյություն ունի հին ուղղագրությունում. դա առաջանում է անկախաբար։ Օր. հայաստանեան, երբ վանկատում ենք, լինում է հա-յաս-տա-նեան (միշտ մեկ բաղաձայնը անցնում է հաջորդ վանկին). երկրորդ վանկում այդ «յա» երկբարբառն է, որ անկախաբար առաջանում է։ Բայց նույն բառում «–նեան» վանկում, նույն հնչույթով երկբարբառը գրվում է «եա» տառակապակցությամբ. նույն հնչութը հին ուղղագրությամբ երկու կերպ է գրվում նույն բառում։ Այդ երկվությունը նոր ուղղագրությամբ վերացվում է։ Նոր ուղղագրությամբ գրում ենք հայաստանյան, վանկատում ենք հա-յաս-տա-նյան։ «Յա» նույն տառակապակցությունը նույն երկձայն հնչույթի համար։ (Օրինակներ. ծառայաբար, զգայացունց, երեկոյացավ)։
– «Ոյ» երկձայնը հին ուղղագրությունում երկու հնչույթ ունի. ձայնավորից առաջ հնչում է «ոյ» (օյ), օրինակ՝ գոյական։ Իսկ բաղաձայնից առաջ՝ հնչում է «ույ», օրինակ՝ լոյս։ Նույն երկձայն տառակապակցությունը տարբեր ձայնարժեքով, տարբեր հնչույթներով։ Այդ երկվությունը վերացվել է նոր ուղղագրության մեջ։ Երբ հնչվում է «ոյ», այդպես էլ գրվում է, օրինակ՝ գոյական։ Երբ հնչվում է «ույ», այդպես էլ գրվում է, օրինակ՝ լույս։
– Հին ուղղագրության մեջ «իւ» տառակապակցությունը բաց վանկում հնչում է «իվ», իսկ փակ վանկում հնչում է «յու»։ Արդարև, հին ուղղագրության մեջ «յու« երկձայն գոյանում է ինքնաբերաբար, օրինակ՝ գոյութիւն, վանկատում ենք՝ գո-յու-թիւն. երկրորդ վանկում «յու» երկձայնը «յու» տառակապակցությամբ, իսկ երրորդ վանկում նույն «յու» երկձայնը «իւ» տառակապակցությամբ։ Միաժամանակ «յու» երկձայնը հակահնչույթն է «ույ» երկձայնի, ուստի տրամաբանական է որ տառակապակցությամբ էլ հակառակը գրվի, «ույ»ի հակառակը՝ «յու»։ Նոր ուղղագրության մեջ երբ հնչում է «իվ» հենց այդպես էլ գրվում է։ Իսկ «յու« հնչույթի համար էլ հենց այդպես էլ գրվում է «յու»։ Օրինակ՝ հայություն, կայունություն։
– Հին ուղղագրության «եօ» երկձայնը նոր ուղղագրությունում գրվում է «յո»։ Կիսաձայն «յ» բաղաձայնը «ո» ձայնավորի հետ կազմել է «յո» երկձայնը։ Բացի այդ, «յո» երկձայնը հնչույթով հակահնչույթն է «ոյ» հնչույթի. ուստի տրամաբանական է որ «ոյ» տառակապակցության հակառակ տառակապակցությամբ էլ գրվի՝ «յո»։ Երկձայն «յո» տառակապակցությունը առաջանում է նաև հին ուղղագրությունում ինքնաբերաբար, օրինակ՝ հայորդի, երբ վանկատում ենք՝ հա-յոր-դի. երկրորդ վանկում «յո» երկձայնը հին ուղղագրության մեջ առաջացել է ինքնաբերաբար։ Օրինակներ. տղայոց, նայող, խնայող, հմայող։
Երկձայների հնչույթային և նույնի հակահնչութային տառակապակցության գրելաձևային հակադրությունը նոր ուղղագրության մեջ, ինչպես տեսանք, ամրորեն ու տրամաբանորեն հաստատված է բոլոր երկձայների դեպքում։
Դրանք են ահա եղած տարբերությունները հին ու նոր ուղղագրությունների։ Այդ տարբերությունների օրինակարգությամբ ու հաստատումով են ուղղագրական դժվարությունները վերացել նոր ուղղագրության մեջ։
Կարելի է մի առաջարկ էլ անել։ Վերականգնել Ւ,ւ տառը այբուբենում, նրան պայմանական «ու» հնչույթ տալով, բնորոշելով, վերագրելով։ Այդպիսով «ու» շաղկապը, որ ներկա դրվածքում քառասմբակ տառ էլ է դարձել, կդառնա՝ «Ւ» մեծատառ, «ւ» փոքրատառ։ Կարտասանվի «ու» ու վերջ։ Հետաքրքիր է համեմատել մեր Ւ,ւ տառը պարսկերենի մեջ արաբական այբուբենից կիրառած վավ, կամ վաՖ տառի հետ. դա երբեմն հնչում է՝ վ, երբեմն հնչում է՝ վու, երբեմն հնչում է՝ օ, երբեմն հնչում է՝ ու։ Արդյոք մեր Ւ,ւ տառը Սբ Մեսրոպ Մաշտոցի ժամանակ հնչույթային նման իրավիճա՞կ է ունեցել։
Արդարև, ներկա մեր ազգային ու պետական կարելիությունների, հարմարությունների, արդի հայերենի ուղղագրական արտահայտչականության, ինչպես նաև մեր այսօրվա հնչաբանական լրիվության տեսակետից, վերի սեղմ քննարկումի ու համեմատության դիտակետից ելնելով, պարզվում է, որ նոր ուղղագրությունը նախընտրելի է արդի հայերենի համար։
Նոր ուղղագրության դեմ վաղուց ի վեր շղթայազերծված և վերջերս վերստին աղմկվող սփյուռքյան մի փոքրամասնության պայքարը անտեղի է ու ժամանակավրեպ։ Ժամանակին եղած մտահոգությունները, թե արդի հայերենը նոր ուղղագրության հետևանքով կկտրվի գրաբարից, որը կենսատու աղբյուրն է նրա, արդեն փարատված են, և որևէ հիմք չունեն։ Նոր ուղղագրությունը արդեն ավելի քան ութսունամյա գործածությամբ անցել է փորձնական շրջանից ու համորեն ամրացել է։ Արդի հայերենը հիմա էլ իր սննդառուի անքակտելի երակներով կապված է գրաբարի հետ. բազմաթիվ են գրաբարյան այնպիսի բառեր ու բառակապակցություններ, դարձվածքներ, որ վերահառնելով գրաբարյան դարավոր անգործածությունից նոր փայլ են առել արդի հայերենում, նոր ուղղագրությամբ։
Ոչ թե միայն ուղղագրական, այլ, իսկապես, հայագիտական բոլոր բնագավառներում, Հայաստանը այն անժխտելի կենտրոնն է, որի առաջնորդությանը հետևում է ամբողջ գիտական աշխարհը։ Հայ սփյուռքը, նաև, պետք է խելացիությամբ հետևի հայրենիքի առաջնորդությանը, և ի պահանջել հարկին, իր ևս արժանավոր նպաստը մուծի մայր հայրենիքի զարգացման ու շքեղացման վեհ գործի մեջ, ինչպես անում է հայրենասիրաբար։ Ուղղագրության խնդրում սփյուռքի մի փոքրամասնության ներկա ընթացքը տրամաբանական ու գործնական չէ։ Ի վերջո, փոքրամասնությունը չի կարող ապօրինացնել մեծամասնությանը։ Համազգային նման քվեարկությունը խնդիրը չի վճռահատի հօգուտ փոքրամասնության։ Եվ վերջապես սփյուռված հայաստանահայ հավաքականությունը, որ գրում է նոր ուղղագրությամբ, որակով ու համրանքով էլ փոքրամասնություն չէ այսօրվա սփյուռքում։ Այն մտայնությունը, թե հին ուղղագրությունը պետք է վերականգնել ու վերադառնալ նրան, անգործնական է։ Այդ մտայնությունը դեմ պիտի լինի «օ», «ու», «և», «ֆ» տառերի որդեգրմանը մեսրոպյան այբուբենում, մի բան, որ միջնադարյան պահպանողականությունը հանդուրժեց։ Այդ մտայնությունը պիտի դեմ լինի փոքրատառերի գործածությանը, և պնդի, որ մեսրոպյան երկաթագիր գործածենք մեր գրություններում։ Ժամանակին նույն հետադիմական մտայնությունը դեմ էր աշխարհաբարին. սակայն անկարող եղավ դիմադրելու բարձրացող, առինքնող ալիքին։ Կան նաև խզված բացականչություններ, որ պահանջում են հին ու նոր ուղղագրությունները համադրել, փոխադարձաբար զիջումներ անելով… և դա ի՛նչ է նշանակում… նշանակում է երրորդ, թե՞ քանիերորդ ուղղագրություն, որով ոչ մի գիրք ու գրություն ցարդ հրատարակված չէ։ Այն հսկայական ու ահռելի չափերի գրականությունը, քանակով ու որակով, որ լույս են տեսել նոր ուղղագրությամբ, ինչպե՞ս կարելի կլինի փոխարինել վերատպագրումներով… և ինչի՞ համար։ Հին ուղղագրությունը մեսրոպյան չէ։ Ուղղագրությունը վերջապես սրբություն չէ։ Սրբությունը ժողովուրդն է իր հայրենիքով, մշակույթով։ Մենք սփյուռքում պետք է շարժվենք խոհեմությամբ, այլև իրատեսությամբ, լայնամտությամբ. պետք է տրամաբանենք, ընդունենք։ Ազգային շահը պիտի նկատի ունենանք։ Պետք է գործնականում դառնանք մեկ ազգ, մեկ մշակույթ, որ շատերն են հորջորջում, բայց պնդում են իրենց նախասիրած տարբերակի վրա: Ուղղագրության խնդրում պետք է հետևենք հայրենիքին:
Ուղղագրական բարեփոխումներ և փոփոխություններ եղել են և՛ այլ ազգությունների գրության մեջ. օրինակ՝ ռուսերենում, ամերիկյան անգլերենում, հունարենում, ուկրանիերենում, ճապոներենում, չիներենում, թուրքերենում, որ այբուբեն են նաեվ փոխել… բոլոր դեպքերում էլ դրանց պատկան ժողովրդական սփյուռքները հետեվել է իրենց հայրենիքին: Միայն մեր հայ մինուճարն է իր սփյուռքյան կողը դեմ տվել, այսօրվա աշխարհում իր խախուտ ու ժամանակավոր գոյության տառապանքում:
Սփյուռքում ի՞նչ քանակությամբ մարդ է գործում ու իր ապրուստը աշխատում հայերենով։ Սփյուռքում ի՞նչ հաստատություններ ու արխիվներ պետք ունեն վերադասավորման կամ վերակազմության, եթե նոր ուղղագրությունը կիրառեն։ Եվ հարկ էլ չկա նման վերադասավորման ու վերակազմության սփյուռքում ։ Կարող են դրանք նույնությամբ պահպանել։ Ի՞նչ է սփյուռահայության դպրոցական աշակերտության համրանքը հայրենիքի նույն համրանքի հետ համեմատած։ Սփյուռահայ աշակերտության այսօրվա սերունդը ինչքանո՞վ է ճիշտ ուղղագրությամբ հայերեն գրում, կամ ինչքա՞ն է հայերեն գրում. նույնիսկ մեր ամենափառաբանված ամերիկահայ, իրանահայ ու լիբանանահայ համայնքներում… Սփյուռահայ դպրոցներում հայերեն առարկաների թվանշանը նույնիսկ հաշվի չի առնվում դպրոցական քննություններում, և չի էլ արտացոլվում դպրոցական վիճակացույց վկայականներում։ Ինչքա՞ն է հայ մտավորականության որակն ու քանակը սփյուռքում, որ այնպես տիրապետում է հին ուղղագրության օրենքներին. դա երևում է հրատարակություններից, մամուլից։ Սա թերագնահատում չէ սփյուռյան արժանավորների։ Բայց երևակայել ուղղագրական փոփոխություն հայրենիքում… Ի~նչ անհասանելի ծավալի վերադասավորման ու վերակազմության անելի առջև պիտի կանգնի ամբողջ ժողովուրդը, երկիրն ու պետությունը, որ իր արդի լեզվով ու ուղղագրությամբ է իր օրավուր կյանքի հետևից վազում… Մոլեգինների վերջին նորույթ քաջագործությունն էլ այն է, որ նոր ուղղագրությունը հին ուղղագրության փոխելու համար հիմնադրամ ստեղծելու շահարկությամբ դրամատնային հաշիվ են բացել ամերիկյան մի ի~նչոր դրամատնում… Նպատակ ունեն դրամը օգտագործել այդ համրանք չունեցող մոլեգինների ճանապարհածախսի և այլնի՞ համար… ասում են՝ Հայաստանում կաշառակերությունը տարածված է, ուստի դրամով ու կաշառքով կարելի է պետական, ակադեմիական և ուսումնական ղեկավարությանը թեքել ի նպաստ հին ուղղագրության վերականգնման… Ինչի~ հետևից են… Միջազգային ու ազգային այս ժամանակներում ի~նչ պահ են ուզում որսալ… Լավագույն մաղթանքներով ու ցանկություններով էլ, որ նայում ենք ապագա քսանհինգամյա գալիքին, ի~նչ է լինելու սփյուռահայության հայերենագիտական վիճակը… Քանի~ թերթ ու պարբերական կմնա սփյուռքում… Ամերիկահայությունը, իրանահայությունը, լիբանանահայությունը ի~նչ որակ ու քանակ կներկայացնեն…
Պարզ ու հայտնի է, որ հայրենիքը ուղղագրության հարց ու դժվարություն չունի։ Հայրենիքը մեկ ազգ, մեկ մշակույթ է։ Հայսփյուռն է որ ուղղագրության դժվարություն ունի, և պիտի հարթի այդ դժվարությունը հայրենիքի օգնությամբ։ Մոլեգին մի փոքրանմասնություն ոչ թե միայն չի ուզում հայրենիքի օգնությամբ իր դժվարությունը վերացնել, այլև ուզում է հայրենիքին նույն դժվարության մեջ գցել։ Տեղին է, որ սփյուռահայ մամուլը հարցի մի ընդհանուր քննարկում բանա իր էջերում, առանց քաղաքական և կուսակցական խտրականության. մի ընդհանուր քննարկում կատարվի, մասնակից դառնան մտավորականության ամենալայն շրջանակները, նրանք, ովքեր ուղղագրության մասին գիտական իմացություն ունեն։ Եվ մանավանդ հույժ ցանկալի է, որ օրինակ, մի երկամյա ժամանակամիջոց սահմանելով, եղած ընդհանուր կարծիքները համատեղել, եզրակացնել ու շարժվել… շարժվել դեպի նոր ուղղագրություն։
Լոնդոն 1964թ: Ուղարկեցի սփյուռքյան բազմաթիվ թերթերի, բայց միայն Բեյրութում հրատարակվող Սփյուռք Շաբաթաթերթը, խմբագիր՝ Սիմոն Սիմոնյանը, հրատարակեց, վրան էլ խմբագրական գրելով:
Վերամշակված՝ Գլենդել, Կալիֆորնիա, 2009-02-17թ։
Այս ուսումնասիրությունը զեկուցվել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության հասարակական դռնբաց նիստում, Գլենդելի Հանրային Գրադարանում, 2006 սեպտեմբերի 7-ին։
Հրատարակվել է մամուլում։
ԳԴ
Ընթերցող հասարակության հետ ուզում եմ կիսվել վեջերս կատարված մի կարևոր բացահայտումի մասին․
Դա հայերեն գրավոր խոսքի և հայոց պետականության գոյության միջև եղած խորքային խորհրդավոր կապի առկայությանն է վերաբերում։
Ինձ շատ երկար ժամանակ է պետք եղել հասկանալու համար, թե ինչո՞ւ, ինչպե՞ս Վիրքում Իբրև հայկական իշխանապետություն հիմնադրված Հայ Բագրատունիների պետությունը ժամանակի ընթացքում փոխակերպվել է վրացական պետականության։
2018 սեպտեմբերի 28-ին Գլենդելի Երիտասարդակն Կենտրոնում կազմակերպված “Դասական Ուղղագրութիւնը Ընդդեմ Աբեղեանական Ուղղագրութեան” բանավեճին մասնակցությունս և բանավեճից մնացած տպավորությունս ինձ ուղղորդեցին այն բացահայտումին, որ ժամանակի ընթացքում Վիրքում Հայ Բագրատունիների հիմնադրված հայկական իշխանապետության վրացականի փոխակերպումը կապ ունի հայերեն գրավոր լեզվի հետ։ Այդ մտքին հանգեցինք դեռ ուսանողական շրջանից միտքս չարչրկող հարցը լուծելով, հասկանալով, որը ևս կապ ունի հայերեն գրավոր լեզվի հետ։ Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի կարծեմ 2-րդ կուրսում մեզ դասավանդված Հայ ժողովրդի պետության և իրավունքի առարկայից ինձ համար անբացատրելի և անհասկանալի էր մնացել Կիևյան Ռուսիայի հայերին տրված Ներքին Դատավարական ազգային իրավունքը Ղփչաղերենով իրականացնելու դեպքը՝ ղփչաղները համարվում են թուրքական էթնոս կամ ծագում ունեցող ցեղ։ Հայերը նույնիսկ ղփչաղերենի քերականության դասագիրք են կազմել։ Ինչո՞ւ է նման բան պատահել։
Ի միջի այլոց Շահական Պարսկաստանի պաշտոնական քարտեզներում Վիրքում Հայ Բագրատունիների հիմնադրած պետության տարածքը նշված է իբրև ԱՐՄԵՆԻԱ։
Եվ Վիրքում Հայ Բագրատունիների հիմնադրված հայկական իշխանապետության վրացականի փոխակերպումը, և Կիևյան Ռուսիայի տարածքում հայկական ներքին դատավարական իրավունքը ղփչաղերենով իրականացնելը պայմանավորված՝ ավելի ճիշտ պատճառաբանված են եղել Գրաբար հայերենի կողքին աշխարհաբար գրավոր լեզու չլինելով։
Ահա թե որտեղ է թաքնված “շան գլուխը”։
Հայերեն Գրաբար լեզուն հիմնականում ունի քրիստոնեական ծիսական կիրառություն-օգտագործում։ Բազմաթիվ բառերի բազմիմաստության պատճառով՝ շատ-շատ են այն բառերը՝ որոնք մինչև 40 և ավելի իմաստով են օգտագործվում՝ գրաբար հայերենով հնարավոր չէր ոչ օրենք կազմել, ոչ դատավարություն իրականացնել, ոչ էլ երկիր կառավարել։
Համապատասխան մասնագետների պատմաբանասիրական հետազոտությամբ կարելի է մոտավոր ճշտությամբ պարզել, թե երբվանից է վրացերենը իբրև գործածելի պետական ամենօրյա գրավոր լեզու որդեգրվել։
Բագրատունիների Վիրահայկական թագավորական պետության հայկական ազգային բնույթը կորսվել է գրաբարին փոխարինելի գրավոր հասկանալի /աշխարհաբար/ հայերեն լեզու չլինելու պատճառով։
Մինչդեռ Նարեկացու գրած որոշ տաղեր ամեն ոք կարող է կարդալ և հասկանալ, նույնիսկ Վահագնի ծնունդի մասին մի քանի հազարամյակ երգված “Վահագնի Ծնունդի մասին” Երկներ երկիր և երկիրն․․․ էլ է ամենքիս հասկանալի, սակայն ինչ-ինչ ստիպողությամբ պարտադրվել է միայն սահմանափակ կիրառության ենթակա ԳՐԱԲԱՐԸ, հետագա բազմակի պարտությունների առաջնորդելով հայ ազգին։