ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Հայերն Այսօր».- Լեռնային Ղարաբաղի մարզական պատուիրակութիւնը 13-22 Սեպտեմբերին պիտի մասնակցի Իրանի մայրաքաղաք Թեհրանի մէջ կայանալիք իրանահայերու հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան (ՀՄԱԿ) կազմակերպած 48րդ համահայկական խաղերուն:
«Արցախփրէս»ի թղթակիցին հետ զրուցելով՝ այս տեղեկութիւնը փոխանցած է Լեռնային Ղարաբաղի կրթութեան, գիտութեան եւ մարմնակրթութեան նախարարութեան աշխատակազմի մարմնակրթութեան վարչութեան պետ Աշոտ Դանիէլեանը եւ աւելցուցած, որ Արցախի խումբը արդէն 8րդ անգամն ըլլալով պիտի մասնակցի Թեհրանի մէջ կայացող համահայկական խաղերուն:
«Սեպտեմբերի 12ին 51 հոգանոց պատուիրակութիւնով կը մեկնենք Թեհրան, որի կազմում կը լինեն 5 պատուիրակութեան անդամ, 7 մարզիչ եւ 39 մարզիկ: Արցախի մարզիկները ներկայանալու են մի շարք մարզաձեւերում, մասնաւորապէս՝ բասկետբոլի տղաների ու աղջիկների թիմերը (9ական մարզիկ եւ 2ական մարզիչ), սեղանի թենիսի տղաների ու աղջիկների թիմերը (3ական մարզիկ եւ 1ական մարզիչ), շախմատի տղաների ու աղջիկների թիմերը (4 տղայ, 2 աղջիկ եւ 1 մարզիչ), աթլետիկայի տղաների ու աղջիկների թիմը (4 տղայ, 5 աղջիկ եւ 1 մարզիչ): Մարզիկները 14 տարեկանից բարձր են: Բոլորի ֆիզիկական պատրաստուածութիւնը բարձր մակարդակի վրայ է, եւ մենք պայքարելու ենք միմիայն մրցանակային տեղեր գրաւելու համար, որովհետեւ մեր թիմում կան այնպիսի մասնակիցներ, ովքեր համահայկական խաղերի մրցանակիրներ են, Հայաստանի Հանրապետութիւնում անցկացուած տարբեր մրցաշարերի չեմպիոններ», ըսած է Ա. Դանիէլեան, որ պիտի գլխաւորէ նաեւ արցախեան մարզական պատուիրակութիւնը:
Նշենք, որ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւնը (ՀՄԱԿ) իրանահայութեան մարզամշակութային մեծագոյն կազմակերպութիւնն է: