ԵՐԵՒԱՆ, «Մեդիամաքս».– «ՏԱՍՍ»ին տուած հարցազրոյցին ընթացքին ռուսիաբնակ յայտնի գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեան ըսած է, որ «Օրորա» մրցանակի նախագիծը ստացաւ աւելի մեծ տարողութիւն, քան ծրագրուած էր:
Ան նշած է, որ ի սկզբանէ փափաք կար օգնելու հայերուն, որպէսզի յաղթահարեն տուժածի բարդոյթը, որ կը հետապնդէ հայերը 1915ի Ցեղասպանութենէն ի վեր եւ յաղթահարել ներքին խոր ցաւը:
«Մենք ցանկանում էինք ցոյց տալ աշխարհին՝ ինչպէս են սարսափելի ողբերգութիւն ապրած մարդիկ ողջ մնացել, ոտքի կանգնել եւ պատրաստ են օգնել նրանց, ովքեր կարիք ունեն: Սակայն շուտով պարզ դարձաւ, որ այն, ինչ կատարւում է այսօր աշխարհում, այդ թեման արդիական է դարձնում իւրաքանչիւրի համար», մանրամասնած է Վարդանեան:
Ըստ անոր՝ «Օրորա» մրցանակի թեկնածուներուն համար չկան աշխարհագրական, նիւթերու կամ ազգային սահմանափակումներ:
«Ուրախ կը լինենք, եթէ մի օր մրցանակը թուրք ստանայ, որի գործունէութիւնը կը համապատասխանի մեր մրցանակի չափանիշներին», նշած է Վարդանեան:
Խօսելով իր կատարած ներդրումին մասին՝ ան դիտել տուած է, որ ինք ներդրում կը կատարէ ապագայի համար, «այդ թւում՝ իմ, իսկ աւելի կարեւոր է՝ իմ երեխաների»:
«Մենք զբաղւում ենք սոցիալական ներդրմամբ եւ տարանջատում չենք անում, որ այստեղ գումար ենք աշխատել, այնտեղ՝ ծախսել բարեգործութեան վրայ: Աշխարհում հանրային է դառնում մոդելը, երբ բիզնեսը միահիւսւում է մարդասիրութեան հետ: Ապագան սոցիալական կապիտալիզմինն է, այդ մոդելը կը փրկի աշխարհը», ըսած է բարերարը:
Ըստ անոր՝ այսօրուան արհեստագիտական յեղափոխութիւնը պէտք է լուրջ փոփոխութիւններ յառաջացնէ ընկերային, քաղաքական, կրթական ու բազմաթիւ այլ ոլորտներու մէջ։
«Եթէ աշխարհագրական յեղափոխութիւնը յանգեցրեց Վերածննդի, իսկ յետոյ էլ արդիւնաբերական յեղափոխութեան, ապա այժմ մենք տեխնոլոգիական յեղափոխութիւն ենք վերապրում: Ապրելակերպը, որը երբեմն անսասան էր թւում, այժմ կասկածի տակ է դրւում: Օրինակ, ո՞վ կարող է այսօր ասել, թէ ինչի կը բերի Uber ընկերութեան գործունէութիւնը, որը աշխատանքով է ապահովում միլիոնաւոր մասնաւոր վարորդների, չունենալով ոչ մի մեքենայ, եւ առաւել եւս, չարտադրելով դրանք: Յատկապէս եթէ մի քանի տարի անց յայտնուեն «անօդաչու» մեքենաներ: Կարելի է նաեւ խօսել Google-ի եւ Facebook-ի մասին: Հարցը այն չէ, թէ բոլորը կը միանան կա՛մ չեն միանայ այդ հարթակներին: Ոչ էլ հարցը վիրտուալ տեխնոլոգիաներն են կա՛մ դրանց կիրառումը՝ կրթութեան, բժշկութեան, գիտութեան մէջ, կենցաղում: Հարցն այն է, որ դա բերում է որակական փոփոխութիւնների փոխյարաբերութիւնների համակարգում, փոխգործակցութեան գործընթացում, հասարակական ինստիտուտներում եւ մնացած ամէն ինչում», ըսած է Ռուբէն Վարդանեան։
«Տեխնոլոգիաների զարգացումը բերում է մի կողմից հասարակութեան շերտաւորման աճին, իսկ միւս կողմից՝ տեխնոլոգիական ու տեղեկատուական կապերի ամրացմանը: Ի՞նչ է դա նշանակում: Այսօր մեր մոլորակի վրայ կայ շուրջ 200 ճանաչուած պետութիւն, բայց դրանցից բարեկեցիկ կարելի է անուանել մօտ 50ը: Մնացած երեք քառորդը այսպէս կոչուած զարգացող պետութիւնների խմբին է դասւում: Նախկինում առաջատար երկրների բնակիչները չէին մտածում դրա մասին: Իսկ այսօր մենք չենք կարող համարել, որ մոլորակի բնակիչների մեծ մասի հոգսերը մեզ չեն վերաբերում: Երկրի վրայ անյայտ հատուածներ չեն մնացել, աշխարհը փոխկապակցուած է դարձել, եւ ինչ էլ կատարուի խնդրայարոյց վայրում, դա անմիջապէս ազդում է բոլորի վրայ: Այսօր մեզ թւում է, որ ռազմական հակամարտութիւնների գօտիներից փախստականների խն-դիրը ծայրայեղ ծանր է, սակայն, եթէ ջերմաստիճանը մեր մոլորակի վրայ մէկ աստիճանով բարձրանայ, տասնեակ միլիոնաւոր մարդիկ Աֆրիկայից ու Մերձաւոր Արեւելքից կը նետուեն Եւրոպա: Իսկ դա տասնեակ անգամներ գերազանցում է այսօր Սիրիայից ու Իրաքից փրկուողների թիւը: Միգրացիոն ալիքները կը ծածկեն ոչ միայն Եւրոպան՝ դա բոլորին է վերաբերելու: Այդ պատճառով համաշխարհային գործընթացների բեւեռացում է տեղի ունենում: Մի կողմից բոլորը հասկանում են, որ փոխկապակցուածութիւնը միայն աճելու է: Միւս կողմից, աւելի է շատանում փոփոխութիւններից վախեցող մարդկանց թիւը: Նրանք քուէարկում են Brexit-ի, Թրամպի համար: Տեղի է ունենում իզոլեացիոնիստական (միջազգային մեկուսացան քաղա-քականութիւն-Խմբ.), ազգայնական քաղաքականութիւնների ուժեղացում: Դա մարդկանց բնական արձագանգն է փոփոխութիւններին», նկատել տուած է Վարդանեան։