ԵՐԵՒԱՆ ԹԱՔՍԻ – 7
ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ
Բնակարանս ճիշդ Սայաթ Նովա-Չարենցի վրայ է: Քիչ ներքեւ Ալեք Մանուկեան փողոցն է, անկիւնում՝ ռադիօտունը, որին չհասած թաքսիի սպասարկման կէտ կայ, յաճախ եմ օգտւում իրենց ծառայութիւններից:
– Բարեւ ձեզ:
– Բարեւ:
– Ազատ թաքսի ունէ՞ք:
– Այո,- առանց ինձ նայելու, թրաշը քորելով, քթի տակ ասաց գրասեղանի հետեւը տեղ գրաւած մի մարդ ու գոռաց,- Մնաց, մարդ ա սպասում:
Մնացը ինձ հրաւիրեց «Օփել» մակնիշի սրճագոյն մեքենան, աջ ու ձախ նայելով ուսերը թոթուեց ու նստեց ղեկին: Ես նրանից շուտ էի տեղաւորուել, ամրագօտիս միացրել էի: Մինչ նա կը հարցնէր՝ ուր եմ գնալու, ես ասացի՝ Արաբկիր:
Միացրեց հաշուիչը:
– Կոնկրետ հասցէն ասա, ցաւդ տանեմ, Արաբկիրի ո՞ր մասը:
– Որ Կոմիտասով բարձրանաք, այնտեղ մի «ՍԱՍ» կայ, հասնէք, կ՛ասեմ:
Նոր էինք մտել Բաղրամեան, մի կին, երեխայ գրկին, երկրորդի ձեռքը բռնած, առանց շտապելու, դանդաղ, կտրում էր փողոցը, մէկ էլ վարորդը հայհոյելով մի այնպիսի վտանգաւոր անցում կատարեց, որ ես սոսնձուեցի նստարանին.
– Անասուն են, անասուն, մի երեխան գիրկն ա առել, մէկին էլ հետեւից քարշ տալով, փողոց ա անցնում, չի տենո՞ւմ աւտօ ա գալիս:
– Հա, բայց դուք կարող էիք զիջել, դուք էլ տեսաք, որ մարդ ա անցնում, էն էլ երկու երեխու հետ:
– Ախպերս, սենց աննորմալների որ զիջես, փող տուն չես տանի, զարմանում եմ, իսկականից, չե՞ն տենում աւտօ ա գալիս, գլուխները առած՝ գնում են:
– Կը ներես, վարպետ, ենթադրենք թէ չի տեսել:
– Այ ցաւդ տանեմ, հեքիաթ ես պատմում, քեոռ ա, ի՞նչ ա, ո՞նց կարա էսքան աւտօ չտենայ:
– Լաւ, ենթադրենք գիժ ա, խելքը թռցրած կամ խմած ա:
– Բա խի ա տնից դուրս էկել, էն էլ էրկու էրեխու հետ: Ոնց որ բան ու գործ չունեն, սաղ օրը…
Լռում ենք:
– Վարպետ ջան, այ էստեղից ձախ թեքուէք, խնդրում եմ, սա Գրիբայեդովն է, չէ՞:
– Հա, ախպերս, բայց ոնց որ դու մեքենայ չես քշել:
– Քշել եմ, բայց մարդկանց վրայով՝ չէ՛:
– Մարդկանց վրայով քշողներ էլ ունենք, ցաւդ տանեմ, մենք՝ թաքսու վարորդներս, քաղաքի ամենալաւ քշողներն ենք, աչքներս փակ կարանք քշենք, փողոց չկայ, որ օրը մի քանի անգամ չմտնենք: Մարդկանց վրայ քշողները էն շեֆերի, օլիգարխների ջահել լակոտներն են, ովքեր թէ՛ ժողովրդի, թէ՛ միլիցիայի վրայ թքած ունեն: Բա ես էլ էդ եմ ասում, Ղարաբաղը ազատագրինք, որ դառնանք էդ լակոտների խեղկատակները…
– Յաջորդ խաչմերուկում պահէք, խնդրում եմ:
Վարորդը արգելակեց, նայեց հաշուիչին, ես էլ աչքի ծայրով ստուգեցի գումարը: Ուզածը ստացաւ, շնորհակալութիւն յայտնեց ու շրջադարձ կատարեց:
Այդ օրը Մայիսի ութն էր, Կանանց տօնը: