ՍՈՒՐԷՆ ՍԱՐՈՒՄԵԱՆ
ԵՐԿՐԻ ՀԻՄՔԸ
Ամէն անգամ, երբ անտեսանելի ու չար ոգու նման գլխավերեւով սլանում էր հերթական արկը, զինուորին թւում էր, թէ ինքը լսում է երկնքի պատռուելու ձայնը, յետոյ արկի հետագծի երկարութիւնն ունեցող պատռուածքից արցունքների պէս խոշոր ու վճիտ թափւում էին անձրեւի ծանր կաթիլները: Երկինքը հեկեկում էր լուռ ու երկար, արտասուող կնոջ ուսերի պէս թոյլ ցնցւում էր հողը, ու այդ հողի վրայ, ցաւից գոռալով ու անզօր կատաղութիւնից մայր հայհոյելով, մահանում էին հարիւրաւոր մարդիկ: Մահը, չրխկացնելով իր ոսկորները, վառվռուն աչքերով ու ագահ, զբօսնում էր ապրիլեան կապարագոյն երկնքի տակ: Նոր զոհին մօտենալուց առաջ սեւեռուն նայում էր նրան, ասես հմուտ դահիճ՝ անշտապ մտորում՝ ընտրելով մահապատժի եղանակը: Գթասիրտ էր հազուադէպների նկատմամբ: Այդ քչերը կապարագոյն երկնքից ու կպչուն ապրիլեան ցեխից յաւիտենաբար հեռանում էին՝ չհասցնելով գիտակցել կատարուածի ողբերգական անդառնալիութիւնը, չհասցնելով վախենալ ու տառապել մարմինը մինչ բջիջներ մասնատող ցաւից: Միւսներին՝ շատերին սպանելու համար մահը հաւատաքննութեան խարոյկները միացնում էր պարսկական ցցի, քառատումը՝ միջնադարեան Եւրոպայի այդ սիրելի ներկայացումը դժբախտ Վասակ Մամիկոնեանի տանջալից մահուամբ հռչակ ստացած մորթեզերծ անելու հետ: Հերթական զոհը սպանւում էր՝ մի քանի տառապալից ակնթարթի ընթացքում հասցնելով զգալ բոլոր, մարդու յօրինած բոլոր մահապատիժներին միաժամանակ ենթարկուած լինելու սոսկումը: Հերթական արկը պայթում էր նրա ոտքերի տակ: Վառուող վառօդը դառնում էր մահապատժի խարոյկ, արկի բեկորները դառնում էին անհամար ցցեր, միս պոկոտող աքցաններ, վերջոյթները հատող տապարներ: Զոհը նաեւ խեղդւում էր, որովհետեւ արկը թերմոբարիկ էր լինում եւ այրում էր ողջ թթուածինը, ու մահանալուց առաջ հասցնում էր տեսնել գետնին ընկած սեփական փորոտիքը՝ լպրծուն եւ արնաշաղախ:
Ապրիլեան ցեխը շաղախւում էր արիւնով ու ամրապնդում երկրի հիմքերը: Նոր շինութեան՝ կամուրջի կամ բերդապարիսպի հիմքում, այն անխորտակ պահելու համար, զինուորի խոժոռադէմ ու լռակեաց նախնիները դաշոյնի վարժ հարուածով գրեթէ անցաւ սպաննուած մարդու մարմին էին ամփոփում: Երկիրը կամուրջի կամ բերդապարիսպի յարաբերութեամբ մարմնաւորում էր անսահմանութիւնը: Այդ անսահման կառոյցի անսահման հիմքը՝ հորիզոնից հորիզոն ձգուող զոհասեղանը ներկւում էր ապրիլեան ցեխի չափ թանձր արիւնով, ու արեան բոսոր բծերը ուրուագծում էին երկրի ամուր, հաստատուն, երջանիկ ապագայի տեսիլքային պատկերները:
ՀԱՒԱՍԱՐՈՒԹԻՒՆԸ
Հերթական զոհին որոնող, վառվռուն աչքերով ու անողորմ մահուան մօտիկութիւնը զայրացած գնդապետի կտրուկ շարժումով կարծես պոկել էր բոլոր ուսադիրները: Հողի վրայ խրթին զիգզագներ նկարած խրամատներում՝ լաբիրինթոսի պէս անսահման զոհարանի այդ ցեխոտ բաւիղներում, հաւասարապէս յոգնած, կեղտոտ ու սարսափահար էին բոլորը: Ճիշդ է, մահը ճշմարիտ իմաստունի պէս ձգտում էր մօտ լինել հասարակ ժողովրդին ու առաջին հերթին տանում էր տափաստանների թաւշահեր կանաչի մէջ թաղուած ու լեռնալանջերի մթին ծերպերում կորած գիւղերից եկած տղաներին՝ կարմրաթուշ, կենսախինդ ու միամիտ, ինչպէս գիւղական կեանքը:
Սակայն ժամանակ առ ժամանակ, աւելի հազուադէպ մահն իր հայեացքը դարձնում էր նաեւ ժողովրդավարական պետութեան ազնուականների՝ պաշտօնեաների, գործարարների, յաջողակ իրաւաբանների ու անուանի բժիշկների, հեռատես ու ողջախոհ արուեստագէտների զաւակների կողմը: Արկի ուղիղ հարուածից աւերուած նոյն խրամախորշում հաւասարւում, յաւիտենաբար եղբայրանում էին հարուստն ու աղքատը, գրկախառնւում այնքան ամուր, որ կրակի դադարի ժամանակ դիակներ հաւաքող սանիտարները ահռելի ջանքերի գնով էին կարողանում իրարից բաժանել երկաթի պէս ամուր, երկաթի պէս սառած ձեռքերը:
Շարունակուող կեանքն անյապաղ վերացնում էր մահուան հաստատած հաւասարութիւնը: Մէկը յուղարկաւորւում էր շքեղ դագաղի մէջ՝ խաղաղ, նիրհած մարդու պէս անխռով պառկած, դիակառքի հետեւից սգահար, դանդաղ ընթացող շքեղ մեքենաների ուղեկցութեամբ, միւսին թաղում էին հապճեպ, իրար արագօրէն մեխուած տախտակներից պատրաստած ու էժանագին մահուդով պատուած դագաղի մէջ: Մէկի գերեզմանի վրայ խոյացող կոթողը, որովհետեւ մարմարի այդ հսկայական վէմը անհնար էր անուանել շիրմաքար, գերազանցում էր միւսի գիւղական տան արժէքը:
Նոյնն էր լինում միայն գերեզմանին թափուող արցունքի քիմիական կազմը՝ ջուր ու աղ՝ շաղախուած յաւիտենական վշտով:
ԱՅԼ ԿԵԱՆՔԻ ԱՆՐՋԱՅՆՈՒԹԻՒՆԸ
Խրամատում կանգնած, խանձուած, փոս ընկած այտերով դէմքը դէպի իր վրայ թափուող արճիճն ու կրակը դարձրած զինուորն արագօրէն մոռանում է, որ կայ այլ կեանք՝ լռակեաց ինչպէս ամառային կարճ գիշերը, լեցուն աստղերի առկայծուն շեղջերով ու քամու թեւերի վրայ ցատկոտող երջանկութեամբ: Այդ կեանքում կան խոտի դէզեր, որոնք կարիք չկայ հրդեհել: Ամառային կարճատեւ գիշերներին այդ դէզերը յարմար են հարեւանի գեղեցիկ, անառակ աչքերով աղջկայ հետ թաքուն սէր անելու համար, երբ թւում է, թէ մթութեան մէջ անասելիօրէն գեղեցկացած սիրուհին ոտքի չքնաղ մատերով խաղում է երկնքից կախուած լուսնի հետ:
Այդ կեանքում կարելի է քայլել պարզապէս քայլելու համար: Դիտել ստուերի ու լոյսի խաղը, որը սովորական ծառուղին դարձնում է ճենապակեայ ծառերի ու զմրուխտէ սաղարթների անիրական պարտէզ: Չշտապել: Վախուորած ու աչալուրջ՝ չնայել չորս կողմը: Գետնին չնետուել, երբ անսպասելիօրէն ինչ որ բարձր ձայն է հնչում:
Այդ կեանքում մահը հեռու է թւում ինչպէս ծերութիւնը, սակայն զինուորն այլեւս չի հաւատում նրա գոյութեանը:
ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ
Մահուան գնացողին կարելի է ամէն ինչ: Արգելքներն անարժէք պատրանքներ են: Ցեխոտ խրամատում, ցցուած գերանների ու ժանգոտած փշալարի, ականադաշտերի ու պարկուճների հարեւանութեամբ զինուորը վերագտնում է իր ճշմարիտ էութիւնը: Դաստիարակութեամբ, մանկուց ներարկուած նախապաշարումներով ու անբնական սովորութիւններով աղաւաղուած էութիւնը: Ցեխոտ խրամատում, բոլոր քամիների թրատող հարուածների ու բոլոր անձրեւների լպրծուն սառնութեան դէմ անպաշտպան՝ նա մոռանում է հիւանդանալու մասին: Ուրախանում է, երբ կուշտ ուտում է: Ուրախութիւնը կրկնապատկւում է, երբ ուտելիքը համեղ է լինում: Երջանկութիւն է զգում, երբ կարողանում է օղի հայթայթել: Տաքացուող արտաքնոցն ու բաղնիքն անհնարին են ու կորուսեալ՝ ինչպէս դրախտը: Իւրաքանչիւր ճաշկերոյթը վերջինն է, հացի ամէն պատառը՝ եւս: Մահապատժի գնացողի վերջին գլանակը կիսում են եղբայրաբար: Ծուխը թւում է կենարար ու քաղցր: Որեւէ համբոյր այլեւս երբեք չի կրկնուելու: Ամէն ձեռքսեղման ժամանակ ճմլւում է սիրտը: Բոլոր կանայք անասելիօրէն գեղեցկանում են, որովհետեւ նրանց հետ մերձենալու կարճ րոպէներին ժխտւում է զինուորի տիեզերական մենութիւնը:
Զինուորը սկսում է նշմարել նաեւ պատերազմի արիւնարբու գեղեցկութիւնը՝ լի մօտալուտ, անհամար վախճաններով ու անափ ազատութեամբ:
ՀՐԱՄԱՆՆԵՐԸ
Հրամանները վախճանի անխուսափելիութեան տիեզերական օրէնքի հնչիւնաւորումն են, մահուան հետ խելակորոյս մոլեխաղի կանոնադրական մեղմասութիւնը: Ենթակային դիմելու յարգալից ձեւը, որը սահմանուած է ներքին ծառայութեան կանոնագրքով, ու մարտադաշտի արնաշաղախ համատեքստից դուրս՝ հրամանի միանգամայն անմեղ բառերն անխուսափելին քօղարկող էվֆեմիզմ (մեղմասութիւն-Խմբ.) են: Զինուորին երբեք չեն ուղարկում մահանալու, ինչպէս առաջին քրիստոնեաները՝ անլուր չարչարանքների մէջ ճանաչելու տառապանքի յաւերժութիւնը, զինուորին ուղարկում են գրոհի: Գետնատնակի մօտ տնկուած փայտէ ցուցանակի վրայ պետական ներկի խունացած կարմիրով գրւում է շինութեան համարը, երբեք՝ եղբայրական գերեզմանոց, որին վերափոխուելու համար անհրաժեշտ է գետնատնակի մօտ պայթած ընդամէնը մէկ պատահական արկ: Վիրաւորների հեծեծող ու տառապող բազմութիւնն անուանում են սանիտարական կորուստներ, դիակները՝ քայքայուած կամ անվնաս, գարշահոտող կամ հողի վրայ կուչ եկած մարդկանց բազմութիւն յիշեցնող, դաշտերում անկանոն թափթփուած կամ փլատակների մէջ յայտնաբերուած դիակները կոչւում են չվերականգնուող կորուստներ:
Հրամանները մեղմում են զինուորի գոյութեան ճակատագրականութիւնը: Հրամանները մոգութիւն են, քանի որ նրանք խօսքի ստեղծած իրականութիւնից բացառում են մահը, իսկ այն, ինչ չի անուանւում, չի կարող գոյութիւն ունենալ: Այդ տեսանկիւնից՝ զինուորն անմահ է: Հրամանատարի ահեղ տեսքն ու զէնքի շաչիւն յիշեցնող գոռ ձայնը սքօղում են հրամանների՝ զինուորական կեանքին անյարիր մեղմ էութիւնը:
Երբեք չի կարելի իրերը կոչել իրենց անուններով: Մերկ ճշմարտութիւնը, ինչպէս ամէնուրեք, մահացու վտանգաւոր է նաեւ մարտադաշտում:
ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆԸ
Զինուորն իր նախկին ես-ը թողնում է իր յիշողութիւններում, որոնք մշտապէս լուսաւոր են, լեցուն մեղմ թախիծով ու զղջումով: Ժամանակին ասուած կոպիտ խօսքը՝ անպատեհ, ինչպէս բոլոր կոպիտ խօսքերը, կամ ժամանակին չասուած բառերը՝ լի սիրով ու անկեղծութեամբ, ճակատային երկար գիշերներին գլխիվայր են շրջում զինուորի տիեզերքը:
Յիշողութիւնը դարանակալում է ամէն ակնթարթ ու տափաստանի քամիների պէս անսանձ ու յորդ՝ խուժում դադարների ժամանակ վախից ու ատելութիւնից դատարկուած զինուորի սիրտը: Մի անանուն սարի լանջին պարուրուած ճանապարհից նշմարած կղմինդրէ տանիքները՝ գիւղական անշուք տների անշուք կտուրները, զինուորի յիշողութիւններում ինչ որ հեքիաթային բնակավայրի զարմանահրաշ երկրաչափութիւնը մատնող գաղտնագրեր են: Զինուորի յիշողութիւնը ամէն ինչը գեղեցկացնելու կախարդական ունակութիւն ունի:
Ճանապարհի ոլորանից իր քայքայուած թափքի համար անասելի արագութեամբ դուրս սլացած «Մոսկուի»չը յիշողութիւնը գործարկող բանալին է ու զինուորին ստիպում է կարօտել նոյնքան հնամաշ «Մոսկուի»չ ունեցող իր ծերունազարդ հօրը:
Յիշողութիւնը գործարկող բանալիներն անթիւ են՝ սփռուած զինուորի տիեզերքով մէկ: Ծառերի խորհրդաւոր խշշոցը, շան հաչոցի հեռաւոր արձագանգը, ոսկեծամ մանուկի վախեցած հայեացքը, գիշերային երկնքում ցոլացող ամէն աստղն ու անձրեւի՝ տխրութեամբ ընկնող ամէն կաթիլը, աշխարհի անհամար իրերն ու մարմնի անհամար զգացողութիւնները ճակատային երկար գիշերներին գլխիվայր են շրջում զինուորի տիեզերքը:
Զինուորի յիշողութիւնը կենդանի է կեանքից: Զինուորի յիշողութիւնը լի է լոյսով ու ներողամտութեամբ: Զինուորի յիշողութիւնը գեղեցկացնում է այն ամէնը, ինչը տեղաւորում է իր սահմաններում: Եթէ կեանքը նման լինէր զինուորի յիշողութեան ստեղծած իրականութեանը, պատերազմներ թերեւս չէին լինի:
ԶԻՆՈՒՈՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Զինուորի հայրենիքն աշխարհագրական վայր չէ. այն կարող է անասելիօրէն մեծ լինել Հայաստանի Հանրապետութիւնից, այն կարող է ծուարել շէնքերի արանքում կորած մի փոշեթաթախ բակում:
Արեւմտեան Հայաստանում մնացած սարը զինուորի համար կարող է լինել նոյնքան օտար, որքան իր վրայ մագլցող ամէն երկրորդ լեռնագնացին սպաննող Անապուրնան, իսկ գեղեցիկ համարուելու համար անգամ պատմական Հայաստանից դուրս գտնուող ցանկացած բարձունքի անհրաժեշտ է պարզապէս լինել փոքր ինչ համաչափ:
Հայրենիքն այնտեղ է, որտեղ զինուորն իրեն լաւ է զգում: Լաւ զգալու համար կուշտ եւ առողջ լինելը քիչ է: Լաւ զգալու հիմքը յիշողութիւնն է՝ խարսխուած տատիկի մամռապատ գերեզմանաքարի եւ անցեալի անորսալի ստուերներով ու տխրութեամբ լի հայրական տան վրայ:
Սակայն յիշողութիւնը նաեւ ցաւ զգալու հիմքն է, ու Արեւմտեան Հայաստանում մնացած սարին նայելիս շատ զինուորների այտերով ցած են գլորւում արցունքի մատնիչ կաթիլները:
Զինուորի հայրենիք դառնալու համար երկիրը պիտի լինի աշխարհի ամէնից արդար վայրը: Արդարութիւնը զինուորին հնարաւորութիւն է տալիս ունենալ պատիւ: Արդարութիւնը զինուորին դրդում է լինել անձնազոհ:
Պատերազմող երկիրը դառնում է հայրենիք, եթէ արշաւի դուրս եկած մահուան առջեւ հաւասարւում են բոլորը:
Փիլիսոփան պաշտպանում է տիեզերքը ճանաչելու իր իրաւունքը: Նա կարդացել է Լայբնից ու Շոպենհաուեր: Նա գիտի, որ իւրաքանչիւր մարդ հայելու նման բազմապատկում է հնարաւոր տիեզերքների քանակը, ու խրամատում կանգնած՝ պաշտպանում է իր ճանաչած, իրեն սէր ու բարութիւն նուիրած անհամար տիեզերքները:
Հողագործը ոռոգել է իր դաշտերը քրտինքով: Զինուոր դարձած՝ նա դաշտերում թափում է իր արիւնը: Ոսկեգոյն ու անուշաբոյր հացը՝ երեք վիթխարի գոմշացուլերի մէջքին դրուած անսահման տիեզերական հացը նրա աշխարհի մոդելն է:
Հայրենիքում ամէն ոք պաշտպանում է իր աշխարհը:
Հայրենիքում իւրաքանչիւրը սիրում է իրենը, այն, ինչը այլ վայրում իրենը լինել չի կարող:
Հայրենիք համարուելու համար յիշողութեամբ ու արդարութեամբ լի հողը պիտի լինի մարդունը:
========================================================
Նոր Տարին Յոյսերով եւ Բարիքներով Լի Տարի մը ըլլայ
Տոքթ. Միսաք Եւ Տիկ. Հուրիկ Ապտիւլեան
==============================================================
Զաւէն Եւ Հալինա Պէրպէրեան Եւ Ընտանիք
Ջերմօրէն Կը շնորհաւորենք
ձեր Նոր Տարին Եւ Սուրբ Ծնունդը,
Մաղթելով Որ Իրականանան
Ձեր Բոլոր Իղձերը
===================================================================
Տէր եւ Տիկ. Հրայր
եւ Աստղիկ Թէճիրեաններ
Նոր Տարուան եւ Ս. Ծնունդի Առիթով Լաւագոյնը
Կը Մաղթենք Հայ Ժողովուրդին
================================================================
Կը Շնորհաւորեմ Նոր Տարին
Եւ Ս. Ծնունդը Իմ Ընկեր- Ընկերուհիներուն
Լաւագոյն Մաղթանքներով
ԱՐԱՔՍ ՍԱՐԵԱՆ
Սան Ֆրանսիսքօ