ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ.- Փոքրիկ Հայաստան է Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանը Կալիֆորնիայի Փոքրիկ Հայաստան քաղաքում: Այստեղ են համախմբուած ամերիկահայ նոր սերունդը ներկայացնող մատղաշ ու երիտասարդական սեմին կանգնած աշակերտներ, որոնց ընտանիքները խաղաղովկիանոսեան այս ափերն են հաստատուել Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Իրաքից ու հայասփիւռ այլ գաղթօջախներից: Մարդակերտման ու հայակերտման հիմնական առաքելութեամբ քառասունեօթամեայ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս վարժարանը ամերիկահայ աշակերտներին կրթում ու դաստիրակում է հայապահպանման ազգային արժէքների հիմնաշեշտով, որպէսզի ամերիկեան բազմազգի հասարակարգում նրանք կարողանան լինել գիտակից, պարտաճանաչ քաղաքացիներ եւ արժանավայել հայորդիներ: Իսկ մարտահրաւէրային սոյն առաքելութիւնը լաւագոյնս կեանքի կոչելու նպատակով, վարժարանը անցնող տարեշրջանում մշակեց ու շարունակում է կենսագործել ուսումնակրթական բազմաթիւ ծրագրեր ու աշխատանքներ, ուր մասնաւոր տեղ է յատկացուած հայոց լեզուի ու յարակից առարկաների, պատմամշակութային արժէքների ու գիտելիքների ուսուցմանն ու իւրացմանը:
Վարժարանի անկիւնադարձային ծրագիրն է համարւում արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի դասաւանդման բաժինների հիմնումը. մի ծրագիր, որը ոչ միայն հարստացնում է աշակերտների հայերէնի ուսումնառութիւնը, այլ մանաւանդ՝ ամրակայում է միասնականութեան ոգին ամերիկահայ աշակերտի մօտ։
Անգնահատելի ու հայ մանկավարժի համեստ զոհաբերութեան ու կոչմանն արժանի աշխատանք են տանում վարժարանի հայերէնագիտական բաժնի ուսուցիչ-ուսուցչուհիները: Արժեհամակարգային իմաստով, նրանց շնորհիւ է, որ ամերիկահայ աշակերտի մօտ զօրացւում է պահանջատիրութեան եւ հայ ժողովրդի արդար իրաւունքներին զօրավիգ կանգնելու ոգին: Նրանց շնորհիւ է, որ թոթովախօս հայ մանուկը մանկապարտէզում ու նախակրթարանում սերտում է մաշտոցեան այբ-բեն-գիմը, մանկակերտ ձեռագրով գրում է հայերէն բառեր ու նախադասութիւններ, ծանօթանում Վարդանանց սխրագործութեանը, հայկական աւանդութիւններին ու ծէսերին: Այս տարի մեր մանուկներին շատ էր տպաւորել Տեառնընդառաջի, Սուրբ Սարգսի, Բարեկենդանի ծիսակատարութիւնը, մանաւանդ՝ խարոյկի վրայից ցատկելը, որը կազմակերպուել էր վարժարանի շրջափակում: Պահանջատիրութեան ոգու պերճախօս վկան է աշակերտների խուռներամ մասնակցութիւնը գաղութումս ձեռնարկուող ապրիլեան միջոցառումներին, բայց մանաւանդ՝ թուր-քական հիւպատոսարանի առջեւ տեղի ունեցող բողոքի եւ արդարահատուցման համագաղութային ցոյցին:
Հայերէն բաժնի կարեւոր նպատակներից է հայերէնախօսութեան ընդհանրացումն ու տարածումը աշակերտութեան մօտ: Այդ իմաստով, անհրաժեշտ է նակտւում ո՛չ միայն ուսուցիչների, այլ նաեւ ծնողների համատեղ գործակցութիւնը: Ամերիկեան ամենակուլ միջավայրում տա-կաւին շատ անելիքներ կան հայերէնախօսութեան զարգացման ուղղութեամբ: Այնուամենայնիւ, վարժարանում կազմակերպուող զանազան միջոցառումների, որոնց թւում՝ թատերական վարժեցումների, ներկայացումների, արտասանական մրցումների, դասարանային քննարկումների ձեռնարկմամբ, տեսալսողական նիւթերի ցուցադրմամբ, հայրենի եւ տեղացի հայ գրողների, մտաւորականների հետ հանդիպումների կազմակերպմամբ՝ հայերէնի ուսուցիչները եւ տնօրէնութիւնը լուրջ ճիգ են գործադրում, որ ամերիկահայ աշակերտի բլթակն ու միտքը վարժուեն հայերէն լսելու, հայերէն մտածելու եւ հայերէնով արտայայտուելու նպատակամղումով:
Վարժարանի ուսման նպատակներից է նաեւ ժամանակակից արհեստագիտութեան հնարանքների ու հնարաւորութիւնների կիրառումը աշակերտների կողմից, որպէսզի երրորդ հազարամեակը թեւակոխող հայ աշակերտը կարողանայ նորարարութիւններ ու փոփոխութիւններ առաջացնել իր հանապազօրեայ կեանքում: Վարժարանը օժտուած է համակարգչային ու համացանցային յարմարանքներով, Smartboard կոչուող համակարգչային գրատախտակներով: Ծրագրեր են մշակւում, որ ապագայում թուայնացուեն վարժարանի գրադարանի հայերէն բաժնի գրքերը՝ աշակերտներին աւելի դիւրամատչելի դարձնելու միտումով:
Ի վերջոյ վարժարանի գերագոյն նպատակն է վերապատրաստել այնպիսի սերունդ, որը սովորելու պատրաստակամութիւնը եւ զարգանալու կարեւորութիւնը յարատեւօրէն իր էութեան ու կեանքի առանցքը դարձնելով հանդերձ՝ կարողանայ մանաւանդ ծառայութեան իր համեստ բաժինը բերել հայրենիքի հզօրացման եւ մեր համայնքի զարգացման ու հայապահպանման նուիրական առաքելութեանը։
Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանը անցեալի ուսումնակրթական արգասաւոր փորձի լոյսի ներքոյ՝ զարգացման նոր ուղղութիւններ ու փոփոխութիւններ առաջացնելու հեռանկարներով է կերտում իր ներկան ու ապագան: