ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ
Շաբաթ, Օգոստոս 19ի երեկոյեան, Գլենդելի Presbyterian եկեղեցու սրահում, վաստակաւորխմբավար Միքայէլ Աւետիսեանը, մասնակցութեամբ «Գորանի» ժողովրդային նուագախմբին, Լոս Անջելեսի Իրանահայ միութեան երգչախմբին ու մենակատարներին՝ ներկայացրեց բարձրորակ մի համերգ:
«Ժողովրդական երգերի մարգարտաշար» վերնագրի ներքոյ, 20 երգերի ոլորտներով բեմահարթակից հանդիսասրահ յորդեց հայկական ժողովրդական երգերի մի գեղեցիկ ծաղկեփունջ:
Մուտքի մօտ յարգալից վերաբերմունքով մեզ դիմաւորում էին Իրանահայ միութեան (ԻՀՄ) տիկնանց բաժանմունքի անդամները: Սրահը լեփ-լեցուն էր։ Հրաւիրուած էին ԻՀՄի երգչախմբի նախքին խմբավարներ՝ Ալֆրեդ Մարդոյեանը, Ալենուշ Եղնազարը եւ ներկայիս ԻՀՄ «սոլֆեժ»ի դասարանի երգչախմբի խմբավար ու գեղարուեստական բաժանմունքի նախագահ Ալեք Բազուկեանը։ Ներկայ էին նաեւ վարչականներ, միութենականներ, Գլենդելի քաղաքապետարանի անդամներ, մեծ թուով արուեստագէտներ եւ արուեստասէր հանդիսատեսներ:
Տրամադրութիւն արդող եւ ուշագրաւ էր բեմի աջ անկիւնում դրուած սեղանի զարդարանքը։ Հայկական մոթիւներով սփրոցի վրայ դրուած էր ձմերուկ, ցորենի հասկեր, այլ խորհրդանշական մրգեր, իսկ պատը զարդարուած էր գորգերով։
Տպաւորիչ էր երգչախմբի մուտքը՝ հանդիսատեսների բուռն ծափահարութեան ներքոյ: Քարաձայն երգչախումբի կանայք՝ «սոփրանօ» եւ «ալթօ», գրաւեցին բեմահարթակի աջ անկիւնը, ձախում՝ տղամարդիկ՝ «թենոռ» եւ «բաս», իսկ կենտրոնում «Գորան»ջ նուագախումն էր: Շքեղ էր բեմը եւ արուեստաբոյր։
Հնչեց Ռուբէն Ալթունեանի մշակումով «Նաւասարդ Սույիտ» ստեղծագործութիւնը՝ «Գորանի» ժողովրդական հոգեհարազատ եւ ոգեւորիչ գործիքաւորմով ու Հրայր Եղիայեանի մենակատարութեամբ: Ապա, երկու բաժնից բաղկացած յայտագիրը շարունակուեց մենակատարների, զոյգերգերի եւ խմբային հետեւեալ ելոյթներով.
– Սայաթ Նովայի «Յիս քու ղիմեթն չիմ գիտ»ջ սիրուած երգը, Ռ. Ալթունեանի մշակումով, մեկնաբանեց երգչախումբը՝ միաձուլուած նուագախումբի լարերին: Բեմադրութիւնը եւ ձայների հնչողութիւնը միաձոյլ էր եւ ներդաշնակ.
– Զուգերգ՝ «Թութուն դաստա» եւ «Քոքոզ եարս» ժողովրդական երգերը, կատարեցին Անահիտ Թաղթալեանն ու Օննիկ Սիմոնեանը, բառի եւ ձայնի անկաշկանդ դրսեւորումով: Ամիջակա՛ն էր եւ համոզիչ.
– Սայաթ Նովայի «Քանի վուր ջանիմ»ը, մշակում՝ Ռուբէն Ալթունեանի.
և «Մշոյ աղջիկ»ը, մշակում՝ Խ. Աւետիսեանի. Հեղինէ Ասատրեանը թաւշային ձայնով երգեց, կատարողական արուեստի փայլուն երանգներով.
– «Սրտիկ մալուլ մի մնա» ժողովրդական երգը, մշակում՝ Թաթուլ Ալթունեանի, կատարեց երգչախումբը:
– Արմինէ Գալստեանը զուլալ ձայնով մեներգեց «Սիրել եմ սէրն երեսին» ժողովրդական սիրուած երգը.
– Հաճելի էր նուագախմբի «Գիւմրուայ Տրնգի» կենդանի ելոյթը.
– Մենակատար Նեկատարինէ Չիլեանը, բեմական խաղերով ու նազանքով արտացոլեց Խաչատուր Աւետիսեանի մշակած «Ես սիրեց»ջ ժողովրդական երգը եւ Սայաթ Նովայի «Նազան»ջ ստեղծագործութիւնը:
– Ապա, խմբավար Միքայէլ Աւետիսեանը, անակնկալ մատուցելով՝ բեմ հրաւիրեց Գ. Բադալեանին, եւ նա փոխարինելով բացակայ Արմէն Հայորդին՝ կատարեց «Բռոյի» եւ «Բլբուլի հիդ» երգերը, խանդավառ մթնոլորտ հաղորդելով հանդիսասրահում:
Երկրորդ բաժինը սկսեց Խաչատուր Աւետիսեանի «Իլիկներով պար»ի՝ երգչախմբի եւ նուագախմբի հիասքանչ կատարումով: Ուշագրաւ էր Ռուբէն Ալթունեանի մշակումով «Այ սիրուն Սաթեն» զուգերգը. Անահիտ Թաղլանեանը եւ Արծրուն Դարբինեանը մեկնաբանեցին իւրովին՝ բառիմաստի եւ երաժշտութեան մեղեդիներն համապատասխան փոխյարաբերական խաղերով: Վերջում, երգչախումբն ու նուագախումբը, հմուտ խմբավարութեամբ Միքայէլ Աւետիսեանի՝ ներկայացրին ժողովրդական խմբերգերի ծաղկաքաղ՝ «Քամանչան», «Եաման եար»ը, «Տղայ Զաւէն»ը եւ «Հայկական Սիուտ»ը:
Ոգեւորուած հանդիսատեսը յոտնկայս ու «բռաւօ»ների անվերջանալի ծափողջիւններով գնահատեց համերգը:
Ընդմիջումին, Իրանահայ միութեան անունից ելոյթ ունեցաւ Մագի Ջառահեանը՝ ողջունելով միջոցառման յաջողութիւնը: Արուեստագիտուհի Նունէ Աւետիսեանը բարձր գնահատեց Միքայէլ Աւետիսեանի սոյն գեղեցիկ մտայղացումը՝ ժողովրդական երգերը հնչեցնելու ու տարածելու աշխատանքը: Բեմ բարձրացաւ Գլենդելի քաղաքապետարանի խորհուրդի անդամ Վրէժ Աղաջանեանը եւ դրուատելով Միքայէլ Աւետիսեանի փայլուն գործունէութիւնը՝ քաղաքապետարանի կողմից գնահատագիր շնորհեց նրան:
Ընտրուած երգերը՝ Խաչատուր Աւետիսեանի, Թաթուլ եւ նրա որդու Ռուբէն Ալթունեանի մշակումներն էին։ Սիրելի խմբավար Միքայէլ Աւետիսեանը կարծես իր յարգանքի տուրքն էր մատուցում իր հօր՝ Խաչատուր Աւետիսեանին, նաեւ Ռուբէն Ալթունեանին ու նրա հօր՝ Թաթուլ Ալթունեանին:
Կազմակերպուած եւ խնամուած միջոցառում էր: Բեմադրութիւնը իմաստալից էր եւ մեկնաբանուեց վերնագիրը՝ «Ժողովրդական երգերի մարգարտաշար»ը։ Կատարումները անվրէպ էին եւ արուեստավարժ, միաձոյլ էին ու ներդաշնակ՝ նուագախմբի եւ երգչախմբի ձայնային հնչողութիւնը եւ երգերի ամփոփումը։
Շնորհաւորում ենք Միքայէլ Աւետիսեանին՝ նորանոր անակնկալներ սպասելով:
Լուսանկարները՝ «Gauagalphoto»ի