ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Այս աշնանը, Լոս Անջելեսում հիմնուելու է նոր թատերական հարթակ՝ «Ազգերի ամերիկեան թատրոն» անունով. այս մասին յայտնում է Broadway World-ը:
Ազգերի ամերիկեան թատրոնի ստեղծումը հետապնդում է մի շատ կարեւոր նպատակ՝ միաւորել տարբեր ազգերի թատերական գործիչներին, որոնք ապրում եւ արարում են Ամերիկայում՝ ասում է նախագծի ղեկավար Արթուր Էլբակեանը:
2017ի Նոյեմբերի 9ին, Գլենդելի պատմական «Ալեքս» թատրոնում կայանալիք Արթուր Էլբակեանի «Իմ Խելագար Շեքսպիրը» ներկայացումը կ՛ազդարարի Ազգերի ամերիկեան թատրոնի բացումը։
ԱՄՆը մի երկիր է, որտեղ ապրում եւ արարում են աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդիկ, որոնք բոլորը ամերիկացիներ են: Նրանք բոլորն ապրում, աշխատում, ստեղծագործում եւ ծառայում են յանուն մէկ նպատակի՝ հզօրացնելու «Երազների երկիր»ը՝ Ամերիկայի Միացեալ Նահանգները: Սակայն ԱՄՆում ապրելով հանդերձ, նրանցից ոչ մէկը երբեք չի մոռանում իր ծագումը, իր մշակութային հիմքն ու արժէքները, որոնք ամերիկեան հասարակութեան հարստութեան մաս են դարձել:
Տարբեր երկրներից եկած մարդիկ՝ հանրայայտ եւ անկախ, մրցանակակիր եւ նոր ի յայտ եկող ռեժիսորներ, հեղինակներ, դերասաններ եւ երաժիշտներ հնարաւորութիւն կ՛ունենան միաւորուելու մէկ յարկի տակ, որի անունն է «Ազգերի ամերիկեան թատրոն», եւ միմեանց ներկայացնել իրենց ազգային թատրոնների պատմութիւնը, հասու լինել ժամանակակից միտումներին:
Արթուր Էլբակեանի «Իմ Խելագար Շեքսպիրը» ներկայացման համաշխարհային պրեմիէրան կայացել է 2014ին, Նիւ Եորքում, աշխարհում ամենամեծ մոնոներկայացումների փառատօնի՝ «United Solo»ի շրջանակներում: «Իմ Խելագար Շեքսպիրը», որի տոմսերն ամիսներ առաջ էին սպառուել, փառատօնի best seller-ն էր եւ մի քանի անգամ է ներկայացուել: Այն արժանացել է հեղինակաւոր՝ United Solo Audience («Հանդիսատեսի Համակրանք») մրցանակին, որը հիմնուել է «Backstage Magazine» ամսագրի հետ համագործակցութեամբ: 2016ին, «Իմ Խելագար Շեքսպիրը» ներկայացուեց նաեւ Կանադայում:
Արթուր Էլբակեանը թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսութեան բեմադրիչ է, դերասան, գրող եւ արտադրիչ: Ապրելով Հայաստանում, Ռուսաստանում, Եւրոպայում եւ ԱՄՆում՝ Էլբակեանը խաղացել է աւելի քան 30 առաջատար դերեր թատրոնում, ինչպէս նաեւ հեղինակել եւ վարել է մի շարք հեռուստատեսային «շոու»եր: Նա հիմնադրել է «Թատրոն-ստուդիա 13»ը. նաեւ, Հայաստանում առաջին անկախ հեռուստաալիքի՝ «ԱՐ»ի համահիմնադիրն է նա:
Էլբակեանի կիրքը թատրոնի նկատմամբ այնքան ուժեղ էր, որ նա թատրոնը բերեց հեռուստատեսութիւն՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում ներկայացնելով մի շարք հաղորդաշարեր, այդ թւում՝ «Նորին մեծութիւն թատրոն»ը՝ հանդիսատեսին տանելով թատրոնի եւ կատարողական արուեստի իւրօրինակ մի աշխարհ:
Էլբակեանն արժանացել է Լոս Անջելեսի Կինոյի եւ սցենարի փառատօնի (Los Angeles Film and Script Festival) «Լաւագոյն կարճամետրաժ վաւերագրական ֆիլմ» մրցանակին: