«Ակունք»ը ստորեւ թուրքերէնից թարգմանաբար ներկայացնում է թուրք յայտնի պատմաբան, ցեղասպանագէտ, պրոֆեսոր Թաներ Աքչամի յօդուածը թուրք-ամերիկեան յարաբերութիւնների եւ Թուրքիայի ներկայիս ճգնաժամային վիճակի մասին:
ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ
Ամերիկան մօտիկից ճանաչող ընկերներս կը հաւաստեն, որ ամերիկացիները երբեք ուղղակի եւ բացայայտ կերպով չեն առճակատում: Նրանք կ՛ասեն, որ ամենաուժգին ընդհարման ժամանակ անգամ ամերիկացիները ժպիտով դրութիւնն արձանագրելով՝ առանձնապէս մեծ հակազդեցութիւն չեն ցուցաբերում:
Ընկերներիս կարծիքով՝ ամերիկացիների՝ «ուժգին եւ անմիջական հակազդեցութիւն ցուցաբերելուց հեռու» այդ կեցուածքը հիմնականում սխալ է մեկնաբանւում հակառակորդի կողմից: Հակառակորդը կարծում է՝ «յաղթանակ է տարել», եւ կարծում է, թէ ամերիկացիները յետքայլ են արել: Այնինչ դա մի մեծ սխալմունք է լինում:
«Քանզի,- ասում են ընկերներս,- իրենց հակազդեցութիւնը «բղաւելով» եւ բացայայտ կերպով չցուցդրող ամերիկացիներն իրենց իրական կեցուածքը ժամանակի ընթացքում են բացայայտում: Եթէ խօսքս տեղին է, նրանք վարւում են անգլիացիների՝ «Ամենաճիշտ վրէժը սառը կերպով է մատուցւում» խօսքին համապատասխան, եւ շատ ծանրակշիռ կերպով են իրենց «վրէժը լուծում»:
Չգիտեմ, թէ որքանով է յարմար ազգութիւնների նման վերաբերմունքից խօսելը, բայց Նիւ Եորքում շարունակուող Զարրաբի դատական գործը (խօսքը Թուրքիայի, Իրանի եւ Մակեդոնիայի գործարար Ռեզա Զարրաբի մասին է- «Ակունք»ի Խմբ.) ինձ յիշեցրեց այդ ամէնի մասին:
Թուրքիայի եւ, յատկապէս, Թայիփ Էրդողանի հետ բաւականին բացայայտ ընդհարման մէջ մտած եւ վերջինում «լուռ մնացող» ԱՄՆը հիմա սկսում է կամաց-կամաց իր խաղը բացայայտել:
Ինչպէս երեւում է, Էրդողանի դէմ (ԱՄՆի կողմից) սկսուել է երկարատեւ չինական տառապանքներ յիշեցնող, բաւականին մանրազնին կերպով նախապատրաստուած մի պլան (ծրագիր-Խմբ.):
Զարրաբի դատական գործընթացում բացայայտուող ամէն տեղեկութիւն շոկ (ցնցում-Խմբ.) է առաջացնում: ԱԶԿի կառավարութիւնն ու Էրդողանը սկզբնապէս կարող են շարժուել՝ այդ հրաձգութիւնից քաղաքական ու գաղափարական փաստարկներով պաշտպանուելու զգացումի:
ԱԶԿն կարող է մտածել, թէ ինքը, հնարաւոր է, շահած դուրս գայ խաղից՝ այն գաղափարից ելնելով, թէ այդ «յարձակման» աղբիւրն ԱՄՆը չէ, որ երկրում ամրապնդւում են հակաամերիկեան տրամադրութիւնները, եւ որ դա «Թուրքիայի դէմ կազմակերպուած խաղ է»:
Այսպէս, օրինակ, թուրքական կառավարութեանն ընդդիմադիր որոշ շրջանակներում անգամ հնարաւոր է այդ պաշտպանական գծի հետքերը նշմարել: Քիչ չեն նրանք, ովքեր ասում են, թէ «յարձակումը Թուրքիային է ուղղուած, եւ որ խօսքը գնում է ազգային պաշտպանութեան մասին»:
Սակայն խիստ ակնյայտ է, որ այդ պաշտպանական գծում մեծ անցքեր են բացուելու՝ տեղեկատուութեան նոր ռմբակոծութեան միջոցով: Նախ՝ այն փաստը, որ մեղադրանքներն անձանց են ուղղուած, ամրապնդում է այն համոզմունքը, թէ «մաղձ թափելով» հնարաւոր է գործի միջից դուրս գալ: Արդէն իսկ ԱՄՆի ռազմավարութեան կարեւոր հիմքերից մէկն էլ հէնց դա է: Թուրքիային առաջարկւում է Զարրաբի դատական գործի միջոցով «մաղձից ազատուել»:
Երկրորդը՝ սոյն դատական գործի տնտեսական հետեւանքներն են… Ճիշդ է՝ եթէ խնդիրը միայն ներքին հասարակական կարծիքին ուղղուած քաղաքական ու գաղափարախօսական փաստարկներով սահմանափակուէր, Էրդողանը եւ ԱԶԿն կարող էին շահած դուրս գալ այս ընդհարումից: Սակայն սկսեց հորիզոնում երեւալ, որ սոյն դատական գործն իր հետ կարող է բերել նաեւ տնտեսական անկում: Ինչպէս երեւում է, 2019թ. ընտրութիւններին զուգընթաց զարգացող տնտեսական անկումը շատ մեծ վնասներ է հասցնելու Թուրքիայի քաղաքացուն, վնասներ, որոնք չեն կարող որեւէ գաղափարական փաստարկով հատուցուել:
Այդ կէտում ԱԶԿն այլեւս հաստատ կանգնած է լինելու երկու նախընտրանքի առջեւ. կա՛մ այդ «մաղձը», այսինքն՝ Էրդողանին իր մէջքից ցած գցել, կամ էլ ամէն բան աչքի առաջ ունենալ՝ յանուն մի հոգու պաշտպանութեան: Այդ երկրորդ ընտրութիւնը նշանակում է քաղաքացիական պատերազմ: Երրորդ այլընտրանք առայժմ չի երեւում:
Բացարձակապէս պատահականութիւն չէր այն, որ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանի հարազատների կատարած ֆինանսական ապօրինութիւնների մասին տեղեկութիւնները հրապարակեց Զարրաբի դատական գործի ուսումնասիրման հետ գրեթէ նոյն օրերին: Ռազմավարութիւնն ակնյայտ է. մեկուսացնել Էրդողանին՝ որպէս անձ, տարանջատում դնել նրա եւ Թուրքիայի միջեւ:
Եթէ ԱԶԿն ամէն բան անի յանուն իր առաջնորդի, վերջինիս պաշտպանելու համար հարկադրուած կը լինի յարձակուել Ժողովրդահանրապետական կուսակցութեան վրայ, իսկ դա նշանակում է մի գործընթացի սկիզբ, որը ենթադրում է անգամ ԺՀԿ շտաբի ներկայացուցիչների, ներառեալ՝ Քըլըչդարօղլու ազատազրկում: Դա էլ քաղաքացիական պատերազմի գործընթացն է, հասարակութեան 50 տոկոսի պայքար՝ միւս 50 տոկոսի դէմ… Յանուն ինչի՞, ինչի՞ համար: Յանուն մէկ անձի պաշտպանութեան…
Որքան տարածուեն Զարրաբի դատական գործի տեղեկութիւնները, ԱԶԿն եւ պետութեան միւս ղեկավարներն այնքան կը տեսնեն, որ իրենց ունեցած այլընտրանքները հետզհետէ նուազում են. կամ մի հոգուց ազատուել, կամ էլ՝ քաղաքացիական պատերազմ՝ յանուն այդ անձի պաշպանութեան… Առաջինը շատ դիւրին է, որովհետեւ ի վերջոյ հարկադրուած չեն լինի մեծ փոփոխութիւն անել պետութեան հիմնական նախընտրութիւնների մէջ, բայց մի անձի պաշտպանելը կարող է լիովին կործանել այս երկիրը:
Չգիտեմ՝ ԱԶԿի ղեկավարութիւնն արդեօք այդքան հեռատես է, որ կարողանայ այս գործընթացի խորութիւնը տեսնել: Սակայն հաստատ է, որ մտել ենք մի այնպիսի գործընթացի մէջ, որում այլընտրանքների թիւը շատ է նուազել՝ կա՛մ Էրդողանը, կա՛մ Թուրքիան:
Թարգմանեց՝
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»
akunq.net