ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
… Յունուարի 1, 1957 թուական: Արեւմտեան Ուկրաինայի Վիննիցա քաղաքից ոչ շատ հեռու՝ զօրակայանի բուժական կենտրոն: Ես եւ իմ միակ հայ ընկեր Սողոմոնը պառկած ենք բուժկենտրոնում:
– Ի՞նչպէս…, ո՞նց: Ի՞նչ պայմաններում էինք յայտնուել մենք այնտեղ: Յիշում էինք միայն այն, որ նախորդ գիշեր մերոնց ուղարկած կոնեակը վայելելուց յետոյ, գնացել էինք գիւղ «պակասը լրացնելու», ու մի լաւ հարբելուց յետոյ, բռնել էինք դէպի զօրակայան վերադառնալու ճանապարհը: Այդքանը միայն, ուրիշ ոչինչ:
Պարզւում է, որ գիշերը ջոկատի տղաները նկատել են, որ մենք զօրակայանում չենք եւ անհանգստացել են: Նրանք գիտէին, որ մենք գիւղ ենք գնացել, եւ, մտահոգուած՝ որոշել են մի քանի հոգով գնալ գիւղ՝ մեզ փնտռելու: Եւ ի՞նչ՝ տեսել են, որ բաւական հեռու տարածութեան վրայ, ես եւ Սողոմոնը, համարեա սառչած, գրեթէ անշնչացած վիճակում ընկած ենք ձեան վրայ: Չգիտեմ ինչպէս, ինչ ճանապարհով, ազատելով մեզ ստոյգ վերջնական սառչելուց ու անխուսափելի մահից, բերել, հասցրել էին զօրամասի բուժկենտրոն:
Հիւանդասենեակում երկուսս ենք՝ ես եւ Սողոմոնը: Երրորդ օրն առաւօտեան, սենեակ մտաւ մի կապիտան ու դիմեց բուժքրոջը.
– Ինչպէ ՞ս է սրանց վիճակը…, արագացրէք բուժումը, ասել եմ չէ՞, որ զօրակայանը տեղափոխւում է ուրիշ քաղաք:
– Ընկեր կապիտան, ախր նրանք ջերմութիւն ունեն, ինչպէ՞ս կարող ենք նրանց դուրս գրել: Այս մէկը,- ցոյց տալով ընկերոջս, շարունակեց բուժքոյրը,- այս մէկի վիճակը բաւարար է, կարծում եմ վաղը կարող է դուրս գրուել:
– Իսկ միւսը, միւսի վիճա՞կն ինչպէս է,- նկատի ունենալով ինձ, հարցրեց կապիտանը:
– Վատ է, շատ վատ է, թարախային անգինա է սկսուել նրա մօտ, ջերմութիւնն էլ չի իջնում:
– Չգիտեմ, ինչ ուզում ես արա, վաղը կը գամ սրան տանելու:
Յաջորդ օրը Սողոմոնը գնաց: Ես նրան այլեւս չտեսայ: Բուժկենտրոնում միայն երկուսս ենք՝ ես եւ բուժքոյր Վալեան: Վերջինս, հաւատարիմ իր կոչմանը, պարտաւոր է լինել հիւանդի կողքին: Մութն արդէն իջել է հորիզոնի վրայ: Վիճակս լաւ չէ: Վալեան անընդհատ շարժման մէջ է. մէկ՝ դեղահաբ է տալիս, մէկ՝ փոխում է ճակատիս թրջոցը, մէկ՝ ջերմաչափն է դնում թեւիս տակ, մէկ էլ՝
– Կարո՞ղ ես մէկ ժամ առանց ինձ մնալ, պիտի քաղաք գնամ ու գամ,- հարցրեց նա:
– Իհա՜րկէ կարող եմ սիրելիս, գնա, եթէ անհրաժեշտ է:
– Դա, դա Գենրիխ, օչեն վաժնօ (այո, այո, Հենրիկ, շատ կարեւոր է):
Չգիտեմ, թէ որքան ժամանակ էի քնել, մէկ էլ, ձեռքի նուրբ հպումով ինձ արթնացրեց Վալեան:
– Դէ, դէ~, վեր կաց Հենրիկ, նստիր անկողնում, տե~ս, տես թէ ինչեր եմ բերել քեզ համար,- ուրախ, պայծառացած, մեծ գործ արած մարդու հրճուանքով ասաց նա,- հիմա դու կը տեսնես, թէ ինչպէս եմ քեզ բուժելու:
Այս ամէնն ասելիս, Վալեան մահճակալի կողքի աթոռին էր շարում մէկ շիշ օղի, մօտ քսանհինգ սանտիմետր երկարութեան երշիկ, խաշած կարտոֆիլ, գլուխ սոխ, թթու վարունգ եւ՝ ամենակարեւորը՝ սեւ հաց:
– Այս ամէնը ո՞րտեղից Վալեա…
– Կարեւոր չէ Հենրիկ, կարեւորը՝ որ դու ոտքի ելնես: Վաղը՝ ինչ վիճակում էլ որ լինես՝ գալու են քեզ տանելու: Հիմա քեզ սնունդ է անհրաժեշտ: Հիմա բռնիր այս երշիկը եւ խմիր այս օղին,- այս ասելիս, նա ալիւմինէ մեծ բաժակի մէջ լցրեց կէս լիտրանոց շշի պարունակութեան կէսը, գուցէ եւ աւելին, եւ հրամայեց.
– Խմի՜ր, խմիր:
Տեսնելով, որ ես տատանւում եմ, չեմ ուզում խմել այդ գարշելի սամոգոնը (ճակնդեղի օղի), Վալեան գրեթէ ստիպողաբար շրթունքներիս հպեց օղով լի բաժակը.
– Խմի՜ր, քեզ ասում եմ խմի՜ր, եթէ ուզում ես լաւանալ:
Ինչ ուզում է թող լինի,- մտածեցի ես ու մէկ շնչով դադարկեցի այդ զզուելի խմիչքը: Մի քանի րոպէ անց գայլի ախորժակ արթնացաւ մէջս: Սկսեցի ուտել, ի՜նչ ուտել՝ լափում էի՝ ինչ ընկնում էր ձեռքս: Անկողնուս ծայրին նստած Վալեան ցնծութեան մէջ էր:
– Ա՛յ, հիմա գոյն եկաւ երեսիդ, թշերդ էլ կարմրել են:
– Իսկապէս հիմա ինձ լաւ եմ զգում: Էդ անտէր օղին փրկեց ինձ, աւելի ճիշդ՝ դու փրկեցիր: Հիմա ցաւալին այն է, որ ես հնարաւորութիւն չեմ ունենալու գոհունակութիւնս ու շնորհակալութիւնս քեզ յայտնելու: Առաւօտեան կապիտանը ինձ տանելու է:
– Ի՞նչ շնորհակալութեան մասին է խօսքը սիրելիս: Այս մի քանի օրերի ընթացքին ես նկատեցի, թէ դու որքան խելացի ես, որքան բան գիտես, ես ապշած եմ քո ռուսերէնի իմացութեան վրայ:
Մի զարմանա Վալեա, ես նոյնիսկ ռուսերէն յօդուածներ ունեմ տպագրուած «Սովետսկայա Մուզիկա» ամսագրում:
– Ի՞նչպէս ես յայտնուել բանակում, էն էլ այստեղ: Դուք չէք ծառայում, զէնք անգամ չէք տեսնելու: Ձեր վաշտը շինարարական է:
– Իմ պատմութիւնն ուրիշ է, Վալեա: Ափսոս, էլ առիթ չի լինի իրար հանդիպելու:
– Ո՜վ գիտի…, մեծ աշխարհ է…, ի՞նչ իմանաս:
Իմ աչքից չվրիպեց, իհարկէ, նրա խորամանկ ժպիտը, բայց ես ոչինչ չհասկանալ ձեւացրի, սպասելով յետագայ դէպքերին:
Վալեան հաւաքեց «սեղան»ը, եւ տեսնելով, որ խմիչքի ազդեցութեան տակ կոպերս սկսում են կամաց-կամաց տեղի տալ, ասաց.
– Տեսնում եմ՝ քունդ տանում է, արի մէկ անգամ էլ չափեմ ջերմութիւնդ, այնուհետեւ՝ կարող ես քնել, իսկ ես գնամ թղթերս դասաւորելու: Ես էլ եմ վաղը չուելու, երկու օրից դասերս սկսուելու են:
– Ի՞նչ դասեր, դու ինձ ոչինչ չես ասել այդ մասին:
– Այո՝ դասեր, ես բժշկական ինստիտուտում եմ սովորում: Արձակուրդներիս գալիս եմ զօրամաս եւ որպէս բուժքոյր եմ աշխատում: Այնպէս որ, այս օրը մեր վերջին օրն է, բարեկամս…, իսկ հիմա՝ անուշ քուն ու բարի երազներ:
…Առաւօտեան լոյսը դեռ լրիւ չբացուած, Վալեան կարգի բերեց թէ՛ իրեն եւ թէ սենեակը ու անցաւ իմ դեղորայքներին: Այլեւս ջերմութիւն չունէի եւ իձ առոյգ էի զգում: Վերջին ասեղը սրսկելու պահին ներս մտաւ ծանօթ կապիտանը:
– Հը՜, ինչպէ՞ս է հիւանդը Վալեչկա, եկել եմ տանելու: Շուտ թղթերը տուր:
– Չէք կարող տանել ընկեր կապիտան, նա հիւանդ է:
– Ո՞րքան է ջերմութիւնը, նայելով նրա դէմքին՝ չես ասի, որ հիւանդ է:
– Գրեթէ քառասուն, նրա մօտ թոքերի բորբոքում է…
– Միեւնոյնն է՝ ես նրան տանելու եմ: Այնպէս որ ստորագրիր թղթերը եւ տուր ինձ:
– Ո՛չ կապիտան, ո՛չ, չեմ կարող որեւէ թղթի տակ ստորագրել, ես պատասխանատու եմ նրա առողջութեան համար:
Տեսնելով, որ չի կարող կոտրել Վալեայի համառութիւնը, կապիտանը գտաւ ելքը:
– Լ՜՜ւ, ես ձեզ երկուսիդ կը տանեմ քաղաք՝ Վիննիցա, հիւանդանոց: Վալեա, դու հիւանդին կը յանձնես շտապ օգնութեան բաժնին: Մնացած կարգադրութիւնները ես կ՛անեմ, լա՞ւ:
Ես կարկամել մնացել եմ: Ո՞րտեղից յօրինեց այս սուտը մեր աղջիկը: Ճիշդ է, մենք գիշերուայ ընթացքին պայմանաւորուեցինք շատ հարցերում, բայց այս ի՜նչ համարձակութիւն: Վալեան, իրօք խոստացել էր ամէն գնով ազատել տալ ինձ բանակում ծառայելուց: Ահ ու վախ չունէր մեր աղջիկը: Ամէն ինչ յստակ էր. նա որոշել էր ամէն գնով իրենով անել ինձ:
Ես դեռ Երեւանում էի որոշել ի գին ամէն ինչի՝ հիւանդանոց ընկնել, եւ ահա, խնդրեմ՝ նախախնամութիւնն էր առաջնորդում ինձ դէպի իմ գերագոյն նպատակի իրականացմանը:
Փոքրիկ տնակ յիշեցնող մեքենայի թափքում ես եւ Վալեան ենք, եւ կարող ենք ազատօրէն խօսել, կապիտանը նստել էր վարորդի կողքին: Անտանելի սառնամանիքի պատճառով ես ստեպ առ ստեպ վեր էի կենում նստած տեղից եւ տեղքայլ էի անում եւ, առանց որեւէ դիտաւորութեան, յաջորդ վայրկեանին նստեցի Վալեայի կողքին, մինչ այդ նստած լինելով նրա դիմացի նստարանին:
Եւ յանկարծ՝ ահաւոր մի հարուածով նախապէս իմ նստած տեղի մասում, մխրճուեց ապրանքատար մի խոշոր մեքենայ ու մեր մեքենային հրեց մինչեւ ճամբեզր: Ես ու Վալեան լալկուել մնացել ենք: Միայն երջանիկ պատահանութեամբ էի ես վեր կացել իմ տեղից, հակառակ պարագային Աստուած գիտէ թէ ինձնից ինչ կը մնար:
Բոլորս իջանք մեքենայից ու ի՞նչ տեսանք. սառցակալած ասֆալտի վրայ իրար բախուած մի քանի մեքենաներ: Հետագայ ճանապարհն անանցանելի էր: Ստիպուած էինք այդ սառնամանիքին քայլել մինչեւ յաջորդ խաչմերուկ, որտեղ կապիտանը կարգադրեց մի մեքենայ եւ դիմեց Վալեային.
– Դու այս զինուորին հասցրու հիւանդանոց, թող մի քանի օր մնայ այնտեղ, իսկ ես գնամ տեսնեմ ինչ եղաւ մեր մեքենան:
– Լսում եմ ընկեր կապիտան,- ուրախ-ուրախ ասաց Վալեան:
Մեքենայի թափքի մէջ դիմում եմ Վալեային.
– Հիմա իմ ճակատագիրը քո ձեռքին է Վալեա, դու պիտի այնպէս անես, որ ես երկար մնամ հիւանդանոցում: Մնացեալը թող ինձ վրայ: Յիշիր թէ ինչեր ասացի երէկ գիշեր:
– Ես ամէն ինչ շատ լաւ յիշում եմ: Մեր հադիպման առաջին իսկ վայրկեանից հասկացայ, որ դու շատ բան պիտի փոխես իմ կեանքում, թէեւ քեզ բերեցին համարեա անգիտակից վիճակում: Եթէ մի կէս ժամ էլ պառկած-քնած վիճակում մնայիր ձեան վրայ՝ բանդ բուրդ էր: Այսուհետեւ ի՞նչ է լինելու իմ վիճակը, դրա մասին դու չես խօսում…
– Ի՞նչ պիտի լինի…, դու ինձ ազատել ես տալիս բանակից, ես էլ քեզ տանում եմ Երեւան…
– Լաւ, ես քեզ հաւատում եմ: Ես այստեղի բուժքոյրերի հետ լեզու կը գտնեմ: Նրանց ձեռքում շատ բան կայ: Նրանք են բժիշկներին զեկուցում հիւանդի վիճակի մասին եւ անալիզներ անում: Դու պիտի մշտապէս պառկած վիճակում լինես, քո ամէն մի քայլը հսկողութեան տակ կը լինի: Դու պիտի խաղաս, դերասանութիւն անես: Քեզ հանգիստ աշխատանք կ՛առաջադրեն, չգայթակղուես: Իսկ ես ամէն ինչ կ՛անեմ քեզ եւ մեզ համար: Մայրիկս էլ կ՛օգնի մեզ: Ինքը լաւ պաշտօնի է եւ լաւ կապեր ունի:
Եղաւ այնպէս, որ մի օր բուժքոյրն ասաց, թէ կանչուած եմ գլխաւոր բժշկի մօտ: Որքան որ յիշում եմ՝ Ալաբեկով էր ազգանունը, ազգութեամբ ազերի:
– Լսիր Անասեան, դու էլ ես կովկասցի, ես էլ: Էդ քո բոլոր խաղերը ինձ ծանօթ են: Ես չեմ հաւատում, որ դու մշտապէս գլխի ցաւ ունես, միգրեն:
– Ի՞նչպէս չէք հաւատում, չէ՞ որ կայ բժշկական եզրակացութիւն:
– Խելքիդ շատ զոռ մի տայ, եթէ ես ցանկանամ՝ յանձնաժողով կը հաւաքեմ եւ կ՛ապացուցեմ, որ դու հիւանդ չես: Պարզապէս, մենք մի հողի ու ջրի մարդիկ ենք, չեմ ուզում քեզ վատութիւն անել: Իսկ որպէս սիմուլեանտի (կեղծ, ձեւարար) էլ, կարող եմ նաեւ քեզ զինուորական դատարանի առջեւ կանգնեցնել:
– Ո՞նց, ինչի՞ համար, ո՞ր մեղքիս համար,- բարձրաձայնում եմ ես:
– Ձէնը՜դ, լակոտի մէկը: Հիմա ինձ լսիր: Ես գիտեմ, որ դու չես ուզում ծառայել: Արի համաձայնուիր աշխատել ինձ հետ: Ինձ անհրաժեշտ է ունենալ քեզ նման մէկին, որը մշտապէս գնայ կենտրոն, դեղորայք ու անհրաժեշտ առարկաներ բերի հիւանդանոցի համար: Արանքում էլ փող կ՛աշխատես…, ես կ՛ասեմ թէ ինչպէս:
– Շատ գրաւիչ առաջարկութիւն էք անում բժիշկ: Ես մեծ հաճոյքով կ՛աշխատեմ ձեզ հետ, միայն թէ ինձ բուժելուց յետոյ,- ասացի ես:
– Տղայ ջան, ինչպէս տեսնում եմ, անօգուտ է քեզ համոզելը: Ինչպէս երեւում է՝ դու լաւ տեղեկացուած ես քո շինծու հիւանդութեան մասին: Քեզ մէկ շաբաթ ժամանակ, գնայ եւ մտածիր:
…Դարձեալ նախախնամութիւնն ինձ հասաւ օգնութեան:
Այդ օրերին Սովետական բանակը մտել էր Հունգարիա՝ հունգար ժողովրդի ազատատենչ ոգին արեան մէջ խեղդելու համար: Եւ, քանի որ Վիննիցա քաղաքը մօտ էր Հունգարիայի սահմանին, սովետական վիրաւոր զինուորներին բերում էին մեր հիւանդանոցը: Տասնեակներով անոտ, անձեռ երիտասարդ զինուորներ: Աներեւակայելի խառնաշփոթ իրավիճակ: Ո՞վ էր նայում տեղի հիւանդներին, որոնք ամբողջովին անուշադրութեան էին մատնուած: Ամէնուր այս ու այն կողմ վազող բուժքոյրեր, որոնց մէջ՝ մեր հերոսուհին՝ Վալեան, որին մի կերպ կարողացայ տեղեակ պահել բժիշկ Ալաբեկովի հետ ունեցած հանդիպման մասին.
– Դու մի անհանգստանայ, ամէն ինչ լաւ է ընթանում, բժիշկը ցայտոնտի մէջ է, տեսնո՞ւմ ես, թէ ինչ է կատարւում, նա օրերով տուն չի գնում,- հազիւ հասցրեց ասել Վալեան:
Գրեթէ երեք ամիս հիւանդանոցում մնալուց յետոյ, 1957 թուականի առաջին օրերին եկաւ բաղձալի լուրը. «անբուժելի» հիւանդութեան պատճառով ես ազատւում էի Սովետական բանակում ծառայելուց: Դժուարին, պրկուած օրերն աւարտուած էին, ուստի հնարաւորութիւն էր ստեղծուել ազատօրէն հաղորդակցուել Վալեայի հետ:
– Այսօր քեզ մեր տուն եմ տանելու,- ասաց Վալեան,- միայն մայրս է, գիտես: Նա ամէն ինչ գիտի քո մասին: Առանց նրա հնարաւոր չէր լինի քեզ բանակից ազատել: Թող քեզ չթուայ, թէ դու՝ միայնակ կարող էիր քո հարցերը լուծել: Ամէն ինչ քո նպատակին ծառայեց: Իհարկէ մեծ դեր խաղաց նաեւ հիւանդանոցի այս քաոսային վիճակը եւ բժշկի գերծանրաբեռնուածութիւնը, մէկ էլ, մէկ էլ…, լա՜ւ, պէտք չէ, որ դու դա իմանաս…, այժմ եկ գնանք մեր տուն:
Ընթրիքն աւարտուելու վրայ էր, երբ հնչեց դռան զանգը:
– Դու նստիր, ես կը բացեմ դուռը,- անթաքոյց անհանգստութեամբ ասաց Վալեայի մայրը.
– Օ՜, այդ դո՞ւք էք, Անտոն Մարկիչ, այս ի՜նչ անակնկալ…
– Ես չգիտէի, որ դուք հիւր ունէք, այն էլ զինծառայող,- հիւրասենեակի մուտքին նկատել տուեց հիւրը: Դէ ի՞նչ…, ես չեմ ուզում անկոչ հիւրի դերում լինել, մանաւանդ որ շտապելու լուրջ պատճառ ունեմ:
– Ի՞նչ էք ասում, ինչո՞ւ այդպէս արագ…, հա՜, մոռացայ ձեզ ծանօթացնել…, Հենրիկ, ասեմ որ Անտոն Մարկիչը Վալեայի մարզիչն է:
– Դէ լա՜ւ էլի, սիրելի մարզիչ, մի գնացէք, քիչ յետոյ թէյ կը խմենք միասին, մայրիկս էլ, որքան որ գիտեմ քո նախընտրած խմորեղէնն է պատրաստել,- ասաց Վալեան:
– Ո՛չ, ոչ, ես պիտի գնամ, կը ներէք, որ անկոչ հիւրի նման խցկուեցի ձեր ընտանեկան յարկից ներս,- առանց Վալեայի եւ իմ կողմը նայելու՝ ասաց մարզիչը եւ արագօրէն հեռացաւ:
Մի քանի վայրկեան երեքս էլ լուռ էինք: Անձայն, իրար աչքերի մէջ էինք նայում: Յանկարծ, կարծես իրար ձէն-ձէնի տուած, երեքս միասին սկսեցինք փռթկալ: Համատեղ խնդուքի ձայնը աշխարհ էր բռնել: Ոչ մի կերպ չէինք հանգստանում: Առաջինը Վալեայի մայրն էր, որ ըմբռնելով իրադրութեան լրջութիւնը ասաց.
– Աղջիկս, մարզիչը երեք տարի է ընկել է քո ետեւից: Չեմ քաշւում ասելու, որ, եթէ Հենրիկը չլինէր, գուցէեւ քո կեանքը այլ կերպ դասաւորուէր:
– Պէտք չունես այդ ամէնը Հենրիկի ներկայութեամբ պարզաբանել մայրի՜կ…: Հենրիկին տեսնելու առաջին իսկ վայրկեանին հասկացայ, թէ ինչ ասել է սիրել…
Մօր ու աղջկայ երկխօսութեան ընթացքին ես մտածում էի, թէ ինչ էր լինելու խեղճ Վալեայի վիճակը, երբ անդրադառնար, որ խաբուած է իմ կողմից: Ճիշդ է, ես հաւանում էի նրան, բայց դա սէր չէր, սէրը յետոյ էր գալու… Ես մեծ պատասխանատուութեան տակ էի դրել ինձ: Ես փաստօրէն խաղում էի նրա բախտի հետ: Յաջորդ տարի Վալեան աւարտում էր ինստիտուտը եւ վստահ էր, որ կը կարողանար հնարաւորութիւն ստեղծել, որպէսզի ես էլ բարձրագոյն կրթութիւն ստանամ:
Յաջորդ առաւօտեան, նախաճաշին երեքս էլ լուռ էինք: Ես գիտէի, որ վերջին անգամն եմ տեսնում Վալեային: Մի կողմից ուրախ էի, որ կար այն մարզիչը, որ խելայեղօրէն սիրահարուած էր Վալեային: Հաւանաբար ինձ կորցնելուց յետոյ, Վալեան կը վրադառնայ նրա մօտ: Վալեայի մօր ակնարկներից հասկացել էի, որ ես էի հիմնական պատճառը, որ նա որոշել էր խզել իր կապը մարզչի հետ:
Երեք տարուայ փոխարէն, ես գրեթէ միայն երկու ամիս «ծառայեցի» Սովետական բանակում, իսկ միւս երկու ամիսը՝ 1957 թուականի Յունուարի մէկից սկսեալ եղայ հիւանդանոցում՝ Վալեայի «տիրապետութեան» տակ:
Ամէ՜ն, ամէն ինչ արեց Վալեան ինձ գայթակղելու համար: Ամէն վտանգ աչքի առաջ ունենալով, մօրն էլ ներգրաւելով արկածախնդրութեան մէջ, վստահ եմ՝ նոյնիսկ նիւթական զոհողութիւններով հասաւ իմ եւ իր նպատակին: Ահա թէ ինչի է ընդունակ իսկական սէրը: Նա հաւատում էր, որ ես նրան Հայաստան կը տանեմ որպէս հարսնացու…
Սակայն, իմ սիրտն ու հոգին այնտեղ էր իմ հայրենիքում, ուր իմ ծնողներն էին, եղբայրս, ընկերներս, Լիլիթը վերջապէս, որն ամէն օր նամակ էր ուղարկում ու տեղեակ պահում Հայաստանում տեղի ունեցող ամէն մի իրադարձութեան եւ մշակութային կեանքի մասին:
Ես ինձ մեղաւոր էի զգում: Հասկանում էի, որ խաղում եմ մի անմեղ աղջկայ բախտի հետ, սակայն ես ունէի նպատակ, երազանք, որին հասնելու համար, փորձում էի ինձ համոզել, որ եթէ ոչ ես, ապա մէկ ուրիշը կարող էր նման ձեւով վարուել նրա հետ:
Ես ինձ մխիթարում էի այն գիտակցութեամբ, որ ինքն էր առաջինը ինձ սէր խոստովանողը: Ինքը՝ բախտն ու նախախնամութիւնը բերեցին նման հանգուցալուծման:
…1957 թուականի Մարտի 20ին Վալեան Ուկրաինայի Վիննիցա քաղաքի երկաթուղային կայարանից ինձ ճանապարհեց Մոսկուա:
Չափազանց տխուր բաժանում էր: Ես գիտէի, որ այլեւս չէի տեսնելու Վալեային, իսկ նա, շարժուող գնացքի ետեւից ձեռքը թափահարելով բղաւում էր.
– Ամրանը՝ Երեւանում:
Նա, իհարկէ, եկաւ Երեւան, բայց…, բայց մենք չհանդիպեցինք…
Վաթսուն տարի է անցել այդ օրերից, բայց այսօրուայ նման թարմ է յիշողութիւններս պատանեկան այդ խենթ ու խելառ օրերի, մանաւանդ՝ Վալեայի կերպարը:
Մսրլեան Ընտանիք
Էդուարդ եւ Վերժին Մսրլեան
Միհրան եւ Ժանին Մսրլեան եւ զաւակը՝ Լանտըն
Նարեկ Մսրլեան
Կը Շնորհաւորեն
իրենց բարեկամներուն,
հարազատներուն
եւ «Ասպարէզ»ի ընթերցողներուն
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
Սան Ֆրանսիսքօ
«Դաւթեան-Մարիամեան» Կրթական Հաստատութիւն
Davidian-Mariamian
Educational
Foundation
Սրտագին Մաղթանքներով
Կը Շնորհաւորենք Ձեր Նոր Տարին
Եւ Ս. Ծնունդը
ՄԱՇՏՈՑ ՔՈԼԵՃ
Լաւագոյն մաղթանքներով
կը շնորհաւորենք մեր
հայրենակիցներուն
Նոր Տարին
եւ Ս. Ծնունդը
Նոր Տարուան եւ Ս. Ծնունդի
Լաւագոյն Ողջոյններ
Հայրենաբնակ Եւ Սփիւռքի
Մեր Ժողովուրդին
ԺԱՆ ԵՒ ԷԼՕ ԹԻԹԻԶԵԱՆ
ԵՒ ՆԱՐԵԿ