ՆՈՐՍ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
«Ուզում եմ կոչ անել Թուրքիային եւ ողջ աշխարհին՝ վերադարձրէ՛ք Արարատն ու Անին հայերին, վերադարձրէ՛ք, որովհետեւ ձեզ համար դրանք միայն տարածք են, իսկ հայերի համար՝ հայրենիք»:
Ռագըփ Զարաքոլու
Սոնա Վանը ստեղծագործական իր ներշնչանքի հաշուին դոյզն իսկ էներգիա չի վատնում պատերազմական գէթ մէկ տեսարան նկարագրելու համար, եւ եթէ ինչ-որ բան էլ յիշեցնում է դա, ապա՝ սոսկ խորհրդանշական լեզուամտածողութեամբ. այդ ե՛ս եմ, որ պօէտական քերթուածքը յամառօրէն տեսամտածողութեան եմ վերածում:
Սոնա Վանը բառերի լարման լիցքով «սահուն կադրերի դասաւորութեամբ» պատերազմի պատճառները իրենց տեղն է դնում (այսինքն՝ դատապարտելով յոռի երեւոյթները, որոնց դարանակալած սպասում է հէնց ինքը՝ անմեղսունակ «պատերազմ» կոչուածը), դրանով իսկ իր գեղագիտական բացառիկ կարելիութեամբ փորձելով կանխել պատերազմական ծաւալի չարաշահուող աճը՝ մարդկութեան ամբարիշտ հատուածի կողմից: Պարզւում է՝ պատերազմը ընդամէնը վերջին «խաղաղեցնող» միջոցն է եռացող հակամարտութիւնների թէժ բախումների դադարեցման հանգուցալուծման: Եւ արդեօք սա Արարիչի դրուածքի օրինաչափութեա՞մբ է, թէ… միայն Ինքը գիտի: Ինչեւէ, խիստ տոնայնութեամբ բանաստեղծը ձեռնոց է նետում մարդկութեան աշխարհակործան այդ «զբաղմունքին».
Պատերազմ
ես կին եմ
ու
յայտարարում եմ քեզ
որպէս անհատական թշնամի
այսօրուանից
բացատրել պէ՞տք է…
ես մանուկներ եմ արարում
մինչ դու սպանում ես
դաժանաբար
Սոնա Վանը ընթերցողին զարմացնելու կամ ինքնատիպ երեւալու ո՛չ ցանկութիւն ունի եւ ո՛չ էլ կայ դրա անհրաժեշտութիւնը, այլ՝ ինչպէս որ արուեստը ազնուութիւն է պահանջում, այնպէս էլ արուեստագէտը պէտք է նոյն կերպ ազնուօրէն փոխհատուցի իրեն տրուած շնորհին: Նա չի խորամանկում եւ միշտ անսքօղ բաց ու արտասովոր անկեղծութեամբ է ընթերցողին տրամադրում անսպասելի, «վերլիբրային»՝ ազատ, սպիտակ ժանրի (գրական տեսակի-Խմբ.) անզուգական վարպետին յատուկ շեշտադրումով՝ Պատերազմական թեմայով բանաստեղծութիւնների շարքը:
Ոչ յաճախ՝ դիսոնանսով (խառնաձայնութեամբ-Խմբ.) հնչող մռայլ հակապատկերները Սոնա Վանի գրչի ներքոյ, ինչպէս «հաշտուող, անչար» զուգահեռ գծեր, անխուսափելիօրէն համատեղ, բայցեւ չընդհատուող գոյութեամբ են սրում իրադարձային զարգացումները:
Ինչպէս կերպարուեստում ֆովիստական (արուեստի շարժում եւ ոճ, որ սկսաւ Փարիզի մէջ, 1905ին-Խմբ.) ուղղութեան ներկայացուցիչները, պօէտը եւս ընտրութիւն չի կատարում թեմատիկ յօրինուածքային (կոմպոզիցիոն) կառուցուածքում կարեւոր եւ անկարեւոր տարրերի առաջնահերթութեան իմաստով: Նա իր բանաստեղծական աշխարհում, ինչպէս եւ իրական կեանքում չի հակադրում բարձրաշխարհիկը սովորականին, բարոյապաշտը՝ բարոյազուրկին, բարեպաշտը՝ կեղծին, մանրուքը՝ կարեւորին: Միայն թէ իր համար այդ բոլորն իրենց տեղում հլու-հնազանդ են՝ կատարելու «հայ պօէզիայի թագուհու» (Դաւիթ Գասպարեան) հրահանգները անթերի դերակատարութեամբ, «թառելով» տողաշարին՝ սահմանուած չափի կշռոյթով:
Սոնա Վանի անսանձ-ազատ, անբիծ-սպիտակ ժանրային բանատողը զերծ պատերազմական «կադրերից» եւ ճակատագրապաշտական թանձր գոյներով պատումնագրից:
ամէն բան երեւում է կենտրոնից իմ՝
մի բողբոջ բացուեց նորից մի քիչ
մի ծիտ երգեց ծանօթ մի երգ
էկրանի վրայ –
մի կին տղայ ծնեց կրկին
մի զինուոր պայթեց բողբոջից շուտ
նախ լոյսն է
ապա՝ ձայնը
(բնութեան օրէնքները պահպանւում են
խղճինը՝ ոչ)
լոյսը
ձայնը
փոշին
կօշիկները
Կերպարուեստի պրիմիտիւիստական (պարզունակապաշտութեան) ուղղութեան յարեւնման այս տողերում պատերազմական վրձնահարուածները բոլորը չէ, որ կարող են տեսնել, քանի որ դրանք ակնարկներով են կերպաւորուած: Էլ ի՞նչ արուեստ, երբ բոլորը պիտի անմիջականօրէն ընկալեն բովանդակութիւնը՝ նման այն բանի, երբ արուեստագէտին խնդրում են բացատրել ստեղծագործութեան յօրինուածքի մանրամասները: Սոնա Վանի «Ես Յաւերժական Սարդն Եմ» պօէմի վերոբերեալ հատուածի բուն էութիւնը խորքային է, եւ միայն ենթատեքստում է պատերազմի դաժան պատկերների նկարագրութեան շարքը արտացոլւում: Այնուհանդերձ, ինչ ուզում ես ասա, բնութեան օրէնքներից մէկն ի սկզբանէ հակամարտութեան մշտննջենական դրուածքով է, ինչին մարդն իր նախաստեղծ բնոյթով պէտք է, որ մինչ պատերազմի սկսուելը կանխէր այն՝ ընդդիմանալով Աստծոյ՝ մահկանացուի հոգում ներդրած ներքին ձայնով՝ ասել է թէ խղճով, բարոյական կենսակերպով, մինչդեռ մարդկային կեանքը վերածուել է կարծես պարտադիր տրագիկ (ողբերգական-Խմբ.) քաոսի:
Ուղեղումս ծագած այլակերպ այս մտազարգացումս «Ես Յաւէրժական Սարդն Եմ» ասքագիր եռապատումի հանդէպ կարծես «առաջին սիրոյ» խոստովանութեան արդիւնք է: Պատճառը, թերեւս, այն է, որ տպաւորապաշտութեամբ անչափ մեծարելով իմպրեսիոնիստ (տպաւերապաշտ-Խմբ.) նկարիչներին, նրանց մշուշոտ գունագծային նկարներում առարկաները աչքերիս առջեւ փոխակերպւում են Սոնա Վանի պօէտական լեզուամտածողութեան, եւ ոչ արդէն մշուշոտ, բայց այլաբանական բառադարձումներով առկայծումների:
Ընթերցողների համար ցանկալի կը լինի իմանալ սոնավանական տողերում կրկնուող 4 թուի խորհուրդը, դէ, ես էլ փորձեմ վերծանել, թէ կը համընկնի՞ արդեօք ներկայացուած խորհրդապատկերմանը: Ըստ այդմ՝ մի քանի վարկած, որոնցից մէկը՝ իմ բարեկամուհի մի էքստրասենսի՝ (գերզգայութեան-Խմբ.) ի վերուստ ստացած թելադրանքով Տիեզերքը 9 գօտիների է բաժանուած, դրանցից 4րդը չարի գօտին է: Բայց նաեւ մտածում եմ ամենեւին էլ պարտադիր չէ ենթադրել, որ եթէ պատերազմի թեմա է, ուրեմն պէտք է լինի 4 թիւը, եւ առաւել եւս պարտադիր չէ, որ այդ դէպքում համընկնեն սիմվոլները (խորհրդանիշները-Խմբ.): Այս մասին յայտնի են միայն մարդկանց ենթագիտակցութիւնների շփումների հարթութիւնում: Եւ, այնուամենայնիւ, ներքոյ հատուածում պարփակուած է գաղտնիքն այդ թուի, ինչին տիրապետում է պայծառը տեսանող գաղտնաբառային այս տողերի հեղինակը.
մայրը ճչում է ու ընկնում վար
հողը թանգարան է ստորգետնեայ
սա զինուորն է մահից չորս դար յետոյ
իսկ սա՝ չորս ժամ յետոյ ընդամէնը
ամէն բան կրկնւում է նոյնութեամբ… ուրեմն սխալ է
ինչ-որ մի բան
ես յաւէրժական սգուորն եմ
չորս սեւ գլխաշորերով
ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ՄԵՆՔ
ՍՈՆԱ ՎԱՆԻ ՊՕԷՏԻԳԱՅՈՒՄ
Պօէտը իր նախորդ՝ 2010ին հրատարակուած եւ 2011ին վերահրատարակուած՝ «Չառա Անունով Թռչունը» գրքի «Պատերազմ Եւ Վարդ» բանաստեղծաշարում իր պապի՝ Յովհաննէս Տէր Յովհաննիսեանի օրագրից վերհանուած յուշերով շաղախուած բարձրակէտային զարգացմամբ, Դէր Զօրի թեմայով եւ երրորդ-եզրափակող՝ ապրիլքսանչորսեան մեծ ողբերգութիւնից մէկ դար անց, մեր ժամանակների հեւքը ներկայացնող «Պար Աւազի Վրայ» խորագրով գործերում, առանց առօրեայ ծեքծեքումներով կերպաւորումների՝ «Պատերազմ Եւ Վարդ» բանաստեղծաշարի գլխագրի ոգով՝ «վարդ»երով թաղում-պարտակում է «Պատերազմ»ի արհաւիրքները, միաժամանակ շարունակում է ի դերեւ հանել դրանց ծխածածկոյթի տակ իրականացուող ցեղասպանութիւնների գլխաւոր մեղաւորների ոճրագործութիւնները՝ ոչ պարտադիր սեւ ու մռայլ գրչահարուածներով:
«Լիբրետօ…»ում Հայոց Մեծ ցաւին «զգուշօրէն հպուած» պօէտի հայերէն բնագրից թարգմանուած այլ լեզուներով գրքերը ողջ աշխարհում սփռուած հայութեան ոգեկոչմանն ուղղուած, անմեղ զոհերի յիշատակին ներբողուած եզակի ձօներգ են: Միլիոնաւոր նահատակների արեան կանչերի «անլռելի զանգակատնից» հնչող յիշատակի համազգային խոնարհական ձայնակցմամբ, արդիական լեզուամտածողութեան վառ օրինակների փունջ կազմող ստեղծագործութիւններում խորհրդանշւում է վերջաբանը՝ վշտակերպ տրամադրութիւնների ու վերստին նոր մի նախերգանք հայի վերապրումի:
«Լիբրետօ անապատի համար»» ժողովածուն ստեղծուել է ինչպէս իրական փաստերի ազդեցութեամբ, այնպէս էլ՝ արարման յարընթացում՝ պօէտի պատկերամտածողութեան, գենետիկ (ծննդական-Խմբ.) յիշողութեան, ենթագիտակցական ազդակներով լի ալեգորիկ (այլաբանական-Խմբ.) հարուստ երեւակայութեան շնորհիւ, որն առաւել արտայայտուած է Դէր Զօրի ոդիսականի էներգետիկայով (ուժաբանութեամբ-Խմբ.) ու պաթոսով լի ստեղծագործութիւններում:
2017ին, Մոսկուայում հրատարակուել է «Լիբրետօ…»-ից թարգմանաբար ռուսերէն ժողովածու՝ հայկական «Կանթեղ» մրցանակի դափնեկիր, բանաստեղծ, թարգմանիչ Միխայիլ Սինելնիկովի խմբագրութեամբ: Եւս մէկ ռուսերէն գիրք տպագրուեց Երեւանում՝ Մեծ Եղեռնի թեմայով, պօէտի գրեթէ բոլոր բանաստեղծութիւններն ընդգրկող։
Այս գրքերի կապակցութեամբ Մոսկուայում Հոկտեմբերի 16ին Մարինա Ցվետաեւայի տուն-թանգարանում մեծ հանդիսութեամբ տեղի ունեցաւ այս երկու գրքերի շնորհանդէսի արարողակարգ Սոնա Վանի մասնակցութեամբ:
«Լիբրետօ Անապատի Համար» ժողովածուն արդէն թարգմանուել է 14 լեզուներով: Անցեալ տարի Հոկտեմբերին Լեհաստանում լոյս տեսած եւ տպագրուած լեհերէն տարբերակի շնորհանդէսի կապակցութեամբ հեղինակը հրաւիրուեց այդ երկրի Բիթգոշչ քաղաք: Ժողովածուի առիթով գինեձօնն անչափ տպաւորիչ ու հիացական արձագանգներով ուղեկցուեց, որի ընթացքում հեղինակին շնորհուեց գրական հեղինակաւոր միջազգային երկու պարգեւներ՝ Եւրամիութեան կողմից տրուող Հոմեր (Հոմերոս) մեդալ եւ Քլիմենս Ջենիքի՝ Եանիցիուսի անուան միջազգային գրական մրցանակ:
Յօդուածը նուիրւում է բանաստեղծուհու ծննդեան տարեդարձին:
Երեւան
Յատուկ «Ասպարէզ»ի համար
…Եւ այս էջին հովանաւորն է…։