ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Նախագահ Սերժ Սարգսեան «Թերթ»ի թղթակիցին հետ զրոյցի ընթացքին անդրադարձաւ 2014ին իր կատարած յայտարարութեան, թէ այլեւս երբեք պիտի չառաջադրուի պետութեան ղեկավարի պաշտօնին:
Սերժ Սարգսեան «Թերթ»ի թղթակիցին յայտնեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան եւ անոր դաշնակից Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը, տարբեր ձեւաչափերով, վերջին ամիսներուն շարունակ քննարկած են իր առաջադրման հարցը, եւ այդ քննարկումները տակաւին չեն դարձած կուսակցական պատասխանատու մարմիններու օրակարգի հարց: Նախագահը նաեւ նշեց, որ իրեն հետ արդէն բազմաթիւ գործընկերներ խօսած են, եւ ինք չի գիտեր, թէ այս քննարկումները երբ կ՛աւարտին: Սակայն եթէ վերջապէս որոշեն, որ պիտի առաջադրուի իր թեկնածութիւնը, ապա Սերժ Սարգսեան կ՛ընդառաջէ այդ որոշումին «մէկ յաւելումով»:
«Թերթ»ի թղթակիցը հետեւեալ հարցումով դիմեց նախագահ Սար-գսեանին. «Պարո՛ն նախագահ, ձեր յայտնի ելոյթում դուք յայտարարել էք, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չէք յաւակնելու վարչապետի պաշտօնին եւ յաւելել էք, որ մէկ մարդը 2 անգամից աւելի չպէտք է ղեկավարի երկիրը: Այսօր այդ յայտարարութիւնը քաղաքական ընդդիմութիւնը պարբերաբար հրապարակաւ մէջբերում է: Հարցը հետեւեալն է. դուք կը դառնա՞ք ՀՀ վարչապետ Ապրիլին»: Նախագահ Սարգսեան պատասխանեց ըսելով. «Նախ կարծում եմ, որ վաղուց արդէն ժամանակն է հրաժարուելու համատեքստից դուրս մէջբերումային լեզուակռիւների պարզունակ մարտավարութիւնից եւ ժամանակն է լսելու քաղաքական խօսքը, ընկալելու այն եւ քննարկելու հէնց այդ մակարդակում: Իսկ քաղաքական խօսքը յստակ է, բայց ոչ պարզունակ: Երբ գործիչն ուզում է քաղաքական յայտարարութիւն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպէս ես յստակ յայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետութեան նախագահ: Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում եւ խօսւում յաւակնութիւնների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթութիւնում է: Դժուար չէ սա տարբերել:
Ինչ վերաբերում է յաւակնութիւններին: Այո, ես այսօր էլ չեմ յաւակնում վարչապետի պաշտօնին: Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողութեամբ առաջնորդուող մարդ ինձ երբեք չեմ համարել: Ես չեմ կարող հաշուի չնստել իրականութեան հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատուութիւն ապագայի եւ ժամանակի մէջ մեր երկրի սահուն ընթացքի համար: Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականութեան դրական արդիւնքներ, որոնք ամրութեան լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունութեան այնպիսի մակարդակի, որն արդէն դրականօրէն կանխորոշում է նաեւ տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց միւս կողմից չի կարելի հաշուի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխութիւնների ընթացքում, ցաւօք, միայն աւելացել են. մենք անցանք ապրիլեան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զէնքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողութիւններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշուի չառնելով հնարաւոր հետեւանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտութեան եւ տրամաբանութեան շրջանակում են, թէ ոչ:
Ոչ մէկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում քաղաքական պատասխանատուութիւն եւ կառավարութիւն ձեւաւորելու լիազօրութիւն ստանձնած Հանրապետական կուսակցութեան եւ կոալիցիոն ՀՅԴի շարքերում ամենատարբեր ձեւաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկւում է, թէեւ այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ: Ինձ հետ էլ արդէն բազմաթիւ գործընկերներ խօսել են:
Չգիտեմ այս քննարկումները երբ կ՛աւարտենք: Բայց եթէ ի վերջոյ որոշենք, որ առաջադրուելու է իմ թեկնածութիւնը, ապա դա կը լինի իմ կողմից մէկ յաւելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազօրութիւնների ամբողջական իրականացմանը զուգահեռ աւելի շատ ժամանակ եմ յատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին: Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարեւոր է: Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելութիւնից, անկախ քաղաքական ներկայ դիրքաւորումից»:
Նախագահ Սերժ Սարգսեանն ասել է՝ «Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելութիւնից, անկախ քաղաքական ներկայ դիրքաւորումից»:
Հաւատալս չի գալիս…