ԵՐԵՒԱՆ.- Հանրապետութիւն հրապարակի վրայ Յաղթանակի տօնախմբութեան համար հաւաքուած բազմահազար ժողովուրդին յայտարարեց, որ Երեքշաբթի, Ապրիլ 24ին Ծիծեռնակաբերդ պիտի երթայ յարգանքի տուրք տալու ցեղասպանութեան զոհերուն: Ան հրաւիրեզ ժողովուրդը Հանրապետութիւն հրապարակ հաւախուելու ու այդ տեղէն միասնաբար քալելու դէպի Ծիծեռնակաբերդ:
Կը ներկայացնենք «Թերթ» լրատուական կայքի ժամանակագրութիւնը Երկուշաբթի օրուան պատմական իրադարձութիւններուն:
Նիկոլ Փաշինեանի խօսքով` իրենք պէտք է ցոյց տան, որ ժողովրդին պատկանող իշխանութիւնը ի վիճակի է իրավիճակը պահել հարիւր տոկոսով կառավարելի:
«Ես յոյս ունեմ, որ դուք էլ համաձայն կը լինէք, որ այսօրուայ մեր տօնակատարութիւնը որեւէ տհաճ միջադէպով չպէտք է նշանաւորուի: Այսօրուայ մեր տօնակատարութիւնը պէտք է լինի ուրախ, զուարթ, բայց որեւէ ծառի ճիւղի վնաս չպէտք է հասցուի»,- ասաց նա` կոչ անելով զերծ մնալ նաեւ ալկոհոլի օգտագործումից եւ յարգալից լինել ոստիկանների նկատմամբօ- միեւնոյն ժամանակ ակնկալում եւ պահանջում եմ, որ ՀՀ ոստիկանութիւնը նոյնպիսի յարգանք ցուցաբերի ՀՀ յաղթանակած ժողովրդի նկատմամբ»:
Նիկոլ Փաշինեանի խօսքով` այս պահից սկսած պէտք է զբաղուեն Հայաստանի «շատ մօտ ապագայի կառուցման եւ իրագործման հարցով»:
«Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է այլեւս լինի ազատ եւ երջանիկ պետութիւն: ՀՀ քաղաքացին պէտք է լինի ազատ, երջանիկ եւ բարեկեցիկ: Եւ ես համոզուած եմ, որ մենք միասին շատ շուտով կերտելու ենք, իրականութիւն ենք դարձնելու ազատ եւ երջանիկ Հայաստանը»,- ասաց նա:
20:34
Ժողովու՛րդ ջան, Հայաստանում երկար տարիներ հաստատուած է եղել ատելութեան, վրէժխնդրութեան, վենդէտտայի մթնոլորտ, ես ուզում եմ եւս մէկ անգամ մենք իրար հետ արձանագրենք, որ Հայաստանում ատելութեան մթնոլորտի էջը փակուած է:
Այս մասին յայտարարեց Նիկոլ Փաշինեանը` շարունակելով իր ելոյթը:
«Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, համարում են, թէ այս յեղափոխութիւնը թշնամական է իրենց նկատմամբ, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր հիմա ճամպրուկներն են հաւաքում կամ մտածում են հաւաքելու մասին, ուզում եմ դիմել այն բոլոր քաղաքացիներին, գործարարներին, ովքեր անհանգստութիւն ունեն քաղաքական այս գործընթացի նկատմամբ եւ մտածում են, թէ սկսուելու է վրէժխնդրութիւն եւ վենդէտտա:
Յարգելինե՛րս, մի՛ արէք այդ բանը, որովհետեւ վենդէտտա չի լինելու, ատելութիւն չի լինելու, վրէժխնդրութիւն չի լինելու, Հայաստանի Հանրապետութիւնում այս պահից սկսած հաստատուելու է օրինականութեան, հաւասարութեան, եղբայրութեան եւ ազգային միասնականութեան մթնոլորտ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինեանը շնորհակալութիւն յայտնեց նաեւ Արցախի Հանրապետութեան իշխանութիւններին, որ նրանք, ի հեճուկս տարածուող ստայօդ լուրերի, այս իրավիճակում պահպանեցին կատարեալ զսպուածութիւն եւ չէզոքութիւն եւ չտրուեցին սադրանքներին:
Յաջորդը` մենք վարչապետի հիմա արդէն ժամանակաւոր պաշտօնակատարի հետ ձեռք ենք բերել պայմանաւորուածութիւն, որ թաւշեայ յեղափոխութեան ձերբակալուածները պէտք է անյապաղ ազատ արձակուեն:
«Ես ակնկալում եմ, որ մէր շարժման բոլոր ձերբակալուած ու կալանաւորուած անդամները մինչեւ օրուայ վերջ, մինչեւ մէր միջոցառման աւարտը, որից յետոյ համերգ է լինելու, նրանք բոլորը առանց բացառութեան պէտք է ազատ արձակուեն»», ասաց նա:
Նիկոլ Փաշինեանի խօսքով` քանի որ Սերժ Սարգսեանն արդէն հեռացած է, իրենք պատրաստւում են չորեքշաբթի օրը` առաւօտեան ժամը 11ին «Արմէնիա Մարիոթ» հիւրանոցում շարունակել բանակցութիւնները վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեանի հետ` իշխանութեան անցնցում փոխանցման օրակարգի շուրջ:
«Ես յոյս ունեմ, որ Հանրապետական կուսակցութեան վերնախաւը միանշանակ եւ անվերապահօրէն կը ճանաչի ժողովրդական թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութեան յաղթանակը: Այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան աւելի լաւ Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան համար», ասաց նա:
Նիկոլ Փաշինեանը նշեց, որ ինքը ցանկանում է, որ միանշանակ եւ աներկբայ արձանագրուի` ոչ բռնի յեղափոխութիւնը չի կարող կիսատ մնալ, այն պէտք է շարունակուի մինչեւ վերջ:
«Եւ ես յոյս ունեմ, որ դուք բոլորդ կանգնած էք յանուն վերջնական յաղթանակի,- ասաց նա` յաւելելով, -եթէ Սերժ Սարգսեանը եւ Հանրապետականը յոյս ունեն, որ այս ամէնի արդիւնքում ստեղծելու են մի իրավիճակ, որ իրենք շարունակելու են ստուերային կառավարել երկիրը, ես ուզում եմ, որ արձանագրեն, որ ժողովուրդը յաղթել է, եւ ժողովրդի յաղթանակը պէտք է ճանաչուի անվերապահօրէն»:
20:19
Այսօր առաւօտեան առաջարկում էին, որ Սերժ Սարգսեանը հրաժարական տա հոկտեմբերին, այնուհետեւ առաջարկում էին, որ հրաժարական տա մէկ ամսից, իսկ աւելի ուշ ինձ առաջարկեցին, որ նա հրաժարական տա Ապրիլի 25ին:
Այս մասին յայտարարեց Նիկոլ Փաշինեանը:
«Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները եւ արեցի իմ սեփական առաջարկը ձեր անունից եւ ասացի, որ Սերժ Սարգսեանը պէտք է հրաժարական տա երկու ժամուայ ընթացքում, եւ Սերժ Սարգսեանը երկու ժամուայ ընթացքում հրաժարական տուեց», ասաց նա:
Փաշինեանը նշեց, որ պէտք է տօնել այս իրադարձութեանը, որ թաւշեայ յեղափոխութիւնը տարել է իր առաջին կարեւոր յաղթանակը, սակայն յիշեցրեց, որ օրակարգում ոչ թէ մէկ, այլ մի քանի հարց էր դրուած:
«Քայլ առաջին` Սերժ Սարգսեանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտօնից, դա արդէն տեղի է ունեցել: Քայլ երկրորդ` Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, որը պէտք է տեղի ունենա առաջիկայ մէկ շաբաթուայ ընթացքում, դրանից ՀՀ-ում ձեւաւորւում է ժամանակաւոր կառավարութիւն, որից յետոյ տրամաբանական ժամկէտներում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ», ասաց նա:
20:13
Ելոյթ ունեցաւ «Ելք» խմբակցութեան պատգամաւոր, հանրահաւաքը նախաձեռնած Նիկոլ Փաշինեանը: Դիմելով ժողովրդին` նա յայտարարեց` դուք յաղթել էք:
«Երէկ առաւօտեան Մարիոթ հիւրանոցում տեղի ունեցաւ իմ եւ Սերժ Սարգսեանի յայտնի հանդիպումը, եւ նա հանդիպման կէսից թողեց ու հեռացաւ: Այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլեւս հեռացել է նաեւ վարչապետի պաշտօնից»,- ասաց նա:
Նա նշեց, որ այսուհետ ՀՀ իշխանութեան անունն է Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդ: Պատմեց, որ երէկ նրան ոստիկանութիւնում պահում էին կատարեալ մեկուսացման պայմաններում: «Բայց մի իքս պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտօնեաները, ես հասկացայ, որ մէր հռչակած թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութիւնը յաղթել է», ասաց նա: