Ամերիկեան հեղինակաւոր «Նիւ Եորք Թայմզ» պարբերականն անդրադարձել է հայ եւ թուրք լուսանկարիչների՝ Անահիտ Հայրապետեանի ու Սերրայ Աքչանի համատեղ նախագծին, որը բացայայտում է Թուրքիայում քրիստոնեայ եւ իսլամացուած հայերի՝ սահմանից այն կողմ շարունակուող կեանքը:
Լուսանկարչուհիները ճանապարհորդել են ժամանակակից Թուրքիայի տարածքով՝ հասնելով ամենախուլ գիւղերը, որտեղ մինչ օրս հայեր են ապրում:
«Այդ ծպտեալ հայերը, որոնց փնտռում էին լուսանկարիչները, Ցեղասպանութեան ժամանակ ողջ մնացածների ժառանգներ են, որոնց ապաստան են տուել տեղի թուրք, քուրդ եւ արաբ ընտանիքները՝ կրօնափոխելով նրանց: Որոշ հեռաւոր գիւղերում, որտեղ եղել են Հայրապետեանն ու Աքչանը, հայերը թաքցնում էին իրենց կրօնական ու էթնիկ (ազգային-Խմբ.) պատկանելիութիւնը՝ հարեւանների կողմից ճնշումների ենթարկուելու վախից դրդուած», գրում է պարբերականը:
2006 թուականին սկիզբ առած այս համատեղ նախագծի գլխաւոր նպատակն է արմատախիլ անել հայերի եւ թուրքերի միջեւ առկայ թշնամական պատկերացումները միմեանց մասին:
«ԹԵՐԹ»