2018 թուականի Յուլիսի 8ին Հայ առաքելական Սբ. եկեղեցին տօնում էր մեր տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը (Վարդավառ): Տօնը յաւուր պատշաճի նշուեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Ամէնուրեք հայոց եկեղեցիներում օրուան նուիրուած մատուցուեց սուրբ եւ անմահ պատարագ, քարոզ խօսուեց օրուայ խորհրդի մասին: Յաւարտ Սբ. պատարագի մոռացութեան չմատնուեց նաեւ աւանդական միմեանց վրայ ջուր ցօղալու սովորութիւնը, որն ուրախ տրամադրութիւն էր ստեղծում ինչպէս ջրողների, այնպէս էլ ջրուողների մօտ: Օրուան նուիրուած կազմակերպուեցին ուխտագնացութիւններ տարբեր սրբավայրեր ինչպէս մայր հայրենիքում, այնպէս էլ Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններ:
Քրիստոսի Պայծառակերպութեան առիթով Վիրահայոց թեմի Ախալցխայի Հոգեւոր տեսչութիւնը կազմակերպել էր ուխտագնացութիւն դէպի Ծուղրութ գիւղի շրջակայքում գտնուող խոնարհուած «Մայր Եկեղեցի» կոչուող մատուռ:
Սրբատեղին դարեր շարունակ եղել է ուխտատեղի հաւատացեալների համար յատկապէս Վարդավառի տօնին, սակայն վերջին տարիներին երբեք այնտեղ պատարագ չի մատուցուել:
Տօնի խորհուրդն ամբողջական դարձնելու համար Աստծոյ նախախնամութեամբ վերացրեց այդ դարաւոր լռութիւնը փոխարինելով սրբալոյս պատարագով:
Հրաշագործ սուրբ մատուռում «Մայր Եկեղեցում Սբ. պատարագ մատուցուեց ձեռամբ Ախալցխայի շրջանների հայութեան հոգեւոր հովիւ Թորգոմ քհնյ. Վարդանեանի:
Սուրբ պատարագին ներկայ էին Ախալցխայի եւ յարակից շրջանների հաւատացեալ ուխտաւորները:
Ախալցխայի եւ Բորժոմիի շրջանների հոգեւոր տեսուչ Յակոբ աբղյ. Սահակեանը ըստ հաւուր պատշաճի մեկնեց օրուայ խորհուրդը եւ կրկին անգամ պատմեց մեր օրերում տեղի ունեցած հրաշքների մասին, որոնք տեղի են ունեցել «Մայր Եկեղեցի» այցի եկած մի շարք հայորդիների հետ:
Յաւարտ Սբ. պատարագի ներկայ հաւատացեալ ուխտաւորները շնորհաւորեցին միմեանց Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ