ՍԵԴԱ ՀԵՐԳՆԵԱՆ
Այս տարուայ Ապրիլից Երեւանում բնակարանների գները նկատելիօրէն բարձրացել են: Այս մասին են վկայում ինչպէս կադաստրային (կալուածատոմարի-Խմբ.) պաշտօնական տուեալները, այնպէս էլ՝ անշարժ գոյքի գործակալները: Թանկացումն առաւել տեսանելի է եղել Մայիս ամսին:
Կառավարութեանն առընթեր անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի տուեալներով՝ այս տարուայ Յունուարին Երեւանում բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների շուկայական միջին գները, 1 քառ.մ. մակերեսի հաշուարկով, 0.9 տոկոսով նուազել են 2017թ. Յունուարի համեմատ: Իսկ Փետրուարին, նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ, գնանկումը կազմել է 0.3 տոկոս:
Մարտից սկսած՝ աճի միտում է արձանագրուել. բնակարանների գները, նախորդ տարուայ Մարտի համեմատ, բարձրացել են 2.6 տոկոսով: Ապրիլին ու Մայիսին թանկացման տեմպը (կշռոյթը-Խմբ.) նկատելիօրէն արագացել է: Ապրիլին, 2017ի Ապրիլի համեմատ, գները բարձրացել են 6.6 տոկոսով, իսկ Մայիսին, 2017ի նոյն ամսուայ համեմատ՝ 7.7 տոկոսով: Յունիսի կադաստրային տուեալները դեռեւս չեն հրապարակուել, սակայն անշարժ գոյքի գործակալներն ասում են, որ Յունիսին թանկացման տեմպը նուազել է:
Բնակարանները ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանում են, որին յաջորդում են Արաբկիրն ու Դաւթաշէնը: Այս տարուայ Մայիսին, 2017ի նոյն ամսուայ համեմատ, տոկոսային առումով ամենազգալի թանկացումն արձանագրուել է Կենտրոնում, Դաւթաշէնում եւ Աջափնեակում:
Այս տարուայ Մայիսին, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում իրականացուել է բնակարանների առուվաճառքի 865 գործարք: Ապրիլի համեմատ այս ցուցանիշն աճել է 4.7 տոկոսով, իսկ 2017 թուականի Մայիսի համեմատ այն նուազել է 3.4 տոկոսով:
Ըստ «Ալեքս-Ռ» անշարժ գոյքի գործակալութեան փոխտնօրէն Արթուր Մնացականեանի՝ բնակարանների գների բարձրացումը պայմանաւորուած է գնորդների ու վաճառողների թուի աճով, որն էլ Հայաստանում Ապրիլ-Մայիսին տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութեան արդիւնք է: Գների բարձրացման վրայ ազդել է նաեւ «արհեստական աղմուկը»: «Գնորդների թիւը մեծացել է: Եթէ մինչեւ Ապրիլ ամիսը մարդիկ տատանւում էին՝ գնե՞լ տուն կամ բնակարան, թէ ոչ, ներդրումներ կատարե՞լ, թէ ոչ, ապա Ապրիլ-Մայիսի յայտնի իրադարձութիւններից յետոյ վստահութիւնը մեծացել է, եւ մարդիկ իրենց քայլն են անում, հիմնաւոր գնումներ են անում: Հիմա, քանի որ մարդկանց գնողունակութիւնը այդքան էլ բարձր չէ, մարդիկ կարողանում են հիմնականում ծայրամասերում գտնուող բնակարաններ գնել: Իսկ եթէ օգտւում են հիպոթեքից (գրաւադրութիւն-Խմբ.), ապա Կենտրոնին աւելի մօտ բնակարաններ են գնում: Արտասահմանից եկող գնորդներն աւելի մեծ հնարաւորութիւններ ունեն եւ կարողանում են Կենտրոնում գտնուող բնակարաններ ձեռք բերել: Մարդիկ մտածում են, որ թանկացման միտումը կը շարունակուի եւ աւելի նպատակայարմար են գտնում հէնց այս պահին գնել անշարժ գոյքը: Նաեւ արհեստական աղմուկի հետեւանքով են գները բարձրացել: Լուրեր եղան, որ բնակարանները շատ են թանկացել, եւ շատերը իրենց բնակարանները հանեցին վաճառքի, բայց կարծում եմ՝ դա տեւական չի լինի», «Հետք»ի հետ զրոյցում ասաց Ա. Մնացականեանը:
Ըստ նրա՝ Յունիսին թանկացման տեմպերը նուազել են, ինչը պայմանաւորուած է արձակուրդային սեզոնով (եղանակով-Խմբ.): Այնուամենայնիւ, նախորդ տարուայ Յունիսի համեմատ պահանջարկն աւելի մեծ է:
Չնայած կադասատրային տուեալները ցոյց են տալիս, որ տոկոսային առումով գները ամենաշատը բարձրացել են Կենտրոն վարչական շրջանում, սակայն անշարժ գոյքի գործակալի խօսքով՝ գործարքների քանակի աճն ու գների բարձրացումն առաւել նկատելի է Կենտրոնին ոչ այնքան մօտ շրջաններում:
Ինչ վերաբերում է նորակառոյց շէնքերի բնակարաններին, ըստ Ա. Մնացականեանի, դրանց գնորդներն ու հետաքրքրուողները եւս շատ են, ինչը ներկայում պայմանաւորուած է եկամտային հարկի վերադարձմամբ: Յիշեցնենք, որ 2015 թուականից «Եկամտային հարկի մասին» օրէնքում կատարուած փոփոխութեամբ նորակառոյց եւ կառուցուող շէնքերում բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած վարձու աշխատողներին հնարաւորութիւն է տրուած հետ ստանալ իրենց աշխատավարձից գանձուող եկամտային հարկը եւ այն ուղղել հիփոթեքային վարկի տոկոսագումարների մարմանը:
«Պահանջարկի աճ կայ նաեւ բիզնես տարածքների նկատմամբ՝ հիմնականում սպասարկման ոլորտի կողմից», նկատում է անշարժ գոյքի գործակալը:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա ըստ Ա. Մնացականեանի, առաւելապէս հողի առուվաճառքի աշխուժացման որոշակի միտում է նկատւում, հիմնականում՝ գիւղատնտեսական նշանակութեան հողերի:
Ըստ Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի՝ Մայիսին ակտիւացել է նաեւ մարզերում գտնուող բնակարանների առուվաճառքը: Մասնաւորապէս, Մայիսին մարզերում վաճառուել է բազմաբնակարան բնակելի շէնքերի 402 բնակարան: Ապրիլի համեմատ այս թիւն աճել է 10.7 տոկոսով, իսկ 2017 թուականի Մայիսի համեմատ՝ 22.6 տոկոսով:
Ինչ վերաբերում է անհատական բնակելի տներին, ըստ Կադաստրի վերջին տուեալների՝ Մայիսին Երեւանում վաճառուել է 144 անհատական բնակելի տուն՝ 2017 թուականի Մայիսի 128ի համեմատ:
Իսկ մարզերում Մայիսին վաճառուել է 344 անհատական բնակելի տուն՝ 2017 թուականի Մայիսի 281ի համեմատ:
«ՀԵՏՔ»