ԱՐՄԷՆՈՒՀԻ ՄԽՈՅԵԱՆ
Միացեալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի պատուիրակութիւնը, Սեպտեմբերի 10ին Գիւմրիում էր: Պատուիրակութեանը, որը գլխաւորում էր Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանեանը, նախ ընդունեց Շիրակի մարզպետ Կարէն Սարուխանեանը, ապա՝ Գիւմրու քաղաքապետ Սամուէլ Բալասանեանը: Հայաստան պատուիրակութեան այցի նպատակն է ամրապնդել Կալիֆորնիա-Հայաստան կապերը, յատկապէս՝ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում:
Զարեհ Սինանեանն ու նրա հետ Հայաստան ժամանած ծերակուտականները եւ պատուիրակութեան միւս անդամները շնորհակալութիւն յայտնեցին ջերմ ընդունելութեան համար: Թէեւ նրանցից շատերի համար սա առաջին այցը չէր Գիւմրի, սակայն տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի առումով՝ ճանաչողական էր այցը:
«Մենք Շիրակի մարզ ենք այցելել, քանի որ գիտենք, թէ Գիւմրին ունի տեխնոլոգիական կենտրոն, ուստի, կը փորձենք ձեզի հետ քննարկել, ինչպէս նաեւ հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու հնարաւոր համագործակցութեան ուղղութիւնները», իր խօսքում նշեց Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանեանը:
Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»ը, Շիրակի մարզպետն ու Գիւմրու քաղաքապետը պատրաստակամութիւն յայտնեցին համագործակցել բոլոր բնագաւառներում եւ վստահեցրին՝ ամէն ինչ անելու են Շիրակի մարզ նոր ներդրողներ բելելու եւ աւելի գործնական ծրագրեր իրականացնելու համար: Քաղաքապետ Սամուէլ Բալասանեանը ողջունեց հիւրերի այցը Գիւմրի եւ խօսեց Գիւմրու եւ Գլենդելի միջեւ առկայ կապերի մասին: Քաղաքապետն իր խօսքում նշեց, որ թէեւ Գիւմրին եւ Գլենդելը քոյր քաղաքներ են, բայց այս կապն ամրապնդելու բոլոր նախադրեալները կա՛ն:
«Պէտք է մեր կապերն աւելի խորացնենք, գործնական քայլերի գնանք եւ ստեղծենք այնպիսի մի մթնոլորտ, որ կապերն աւելի ամրանան, յատկապէս որ Գլենդելը հայաշատ քաղաք է, եւ մեծ թուով գիւմրեցիներ են այնտեղ ապրում: Կապերի ամրապնդումը Կալիֆորնիայի հետ շա՛տ կարեւոր է Հայաստանի ու նաեւ Գիւմրու համար», նշեց Սամուէլ Բալասանեանը:
Քաղաքապետը ապա հիւրերին ներկայացրեց ներկայումս Գիւմրիում իրականացուող ծրագրերը՝ փողոցաշինութեան, պատմական կենտրոնի վերականգնման ուղղութեամբ, ապա խօսեց յառաջիկայ հնարաւոր ծրագրերի մասին:
Հիւրերն, իրենց հերթին, շնորհակալութիւն յայտնեցին ընդունելութեան համար եւ փոխանցեցին Հայաստանից ստացած իրենց տպաւորութիւնները: Այցի շրջանակներում, պատուիրակութիւնը եղաւ նաեւ Գիւմրու տեխնոլոգիական կենտրոնում՝ ծանօթանալով քաղաքի ՏՏ ներուժին:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»