2018 թուականի Սեպտեմբերի 10ին, Վրաստանի Գրողների միութեան հարիւրամեայ դահլիճը հիւրընկալել էր վրացի եւ հայ բանաստեղծական խօսքի սիրահարներին, հայ-վրացական գրական կապերը գնահատողներին: Այստեղ ժողովուրդների բարեկամութեանը, գրական կապերի խորացմանը, միմեանց գրական խօսքով մերձենալու անհրաժեշտութեանը նուիրուած հերթական միջոցառումն էր, որի հենքը տաղանդաւոր բանաստեղծուհի Սոնա Վանի վրացերէն թարգմանուած երկրորդ գրքի շնորհանդէսն էր:
Աշխարհի 15 լեզուներով թարգմանուած, Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցին նուիրուած «Լիբրետօ Անապատի Համար» բանաստեղծութիւնների ժողովածուն վրացի ընթերցողին ներկայացուեց յայտնի բանաստեղծ եւ թարգմանիչ Գիւի Շահնազարի թարգմանութեամբ: Գիրքը խմբագրել էր բանաստեղծուհի Մաղուալա Գոնաշվիլին, իսկ նկարչական ձեւաւորման հեղինակն էր Գիորգի Ծերեթելին:
Երեկոն բացեց Վրաստանի Գրողների միութեան համանախագահ Մաղլաւա Գոնաշվիլին: Գիրքը գնահատելով, որպէս հայ-վրաց գրական կապերի շարունակութիւն, նա նշեց այն յուզական շեշտադրութեան մասին, որը անտարբեր չի թողնում ընթերցողին, իսկ այս դէպքում արդէն՝ վրաց ընթերցողն է մասնակից դառնում Սոնա Վանի պատերազմի եւ մարդու ոչնչացման բնազդի դէմ պայքարին: Տիկին Գոնաշվիլին բարձրաձայնեց տաղանդաւոր բանաստեղծուհի Սոնա Վանին Վրաստանի Գրողների միութեան պատուաւոր անդամ ընդունելու որոշումը եւ նրան փոխանցեց անդամութեան գրքոյկ:
Իր օրհնաբեր ներկայութեամբ դահլիճում էր Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, ով իր խօսքում գնահատեց հայ-վրացական գրական կապերի կարեւորութիւնը, արժեւորեց երկու ժողովուրդների գրականութիւնները միմեանց ծանօթացնելու այն առաքելութիւնը, որը իրականացնում են երկու երկրների գրողների միութիւնները եւ ճանաչուած գրող-թարգմանիչները եւ իր պատրաստակամութիւնը յայտնեց մշտապէս նպաստել այդ կապերի զարգացմանը:
Թարգմանութեան հեղինակ Գիւի Շահնազարը խօսեց Սոնա Վանի պօէզիայի մասին, արժեւորելով յուզական թափն ու խնդրի կտրուկ հարցադրման բանաստեղծական նրա որոշակիութիւնը: Վերջինս «Լիբրետօ Անապատի Համար» վրացերէն գրքից կարդաց մի հատուած:
Սոնա Վանի պօէզիայի հանդէպ իրենց գնահատանքի խօսքն ասացին դերասան Ժանրի Լոլաշվիլին, գրողներ Բադրի Քութաթելաձէն, Մանանա Գորգիշվիլին, Դենիկօ Լոլաձէն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթեանը եւ ուրիշներ: Սոնա Վանի բանաստեղծութիւնները հայերէնով հնչեցրեց ՀՀ վաստակաւոր արտիստ, ասմունքող Սիլվա Իւզբաշեանը:
Միջոցառման առիթով յատուկ Ամերիկայից ժամանած Սոնա Վանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր կազմակերպիչներին, նշեց, որ «Լիբրետօ Անապատի Համար» գրքի թիրախը պատերազմն է, ցեղասպանութիւնը: «Պատերազմը կնոջ միակ բնական թշնամին է: Մենք զաւակներ ենք արարում, իսկ պատերազմը սպանում է նրանց մարտադաշտում: Նա, ով այո է ասում երջանկութեանը, ոչ է ասում պատերազմին: Կարող եմ ասել, որ ես «զէնք» եմ տեղափոխել բոլոր այն երկիրները, որոնց լեզուներով թարգմանուել է գիրքը», իր խօսքում ընդգծեց բանաստեղծուհին:
«Լիբրետօ Անապատի Համար» ստեղծագործութիւնը Հոկտեմբերին կը ներկայացուի Քենեայի բանաստեղծական փառատօնին: Իսկ մինչ այդ՝ բանաստեղծուհին կը մեկնի Չինաստան մասնակցելու «Belt and Worl»’ պօէտական միջազգային փառատօնին:
Սոնա Վանի «Լիբրետօ Անապատի Համար» լեհերէն թարգմանուած գիրքն արժանացել է Կլեմենս Եանիցկու անուան Եանիցիուս միջազգային մրցանակի: Սոնա Վանին Լեհաստանում շնորհուել է Պօէզիայի եւ Արուեստի ՀՈՄԵՐ Եւրոպական մեդալ:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ