ԴԱՒԻԹ ՎԱՆԵԱՆ
Մենք աշխարհի հնագոյն ժողովուրդներից ենք՝ գրեթէ ամէն բան տեսած, քիչ եզրակացութիւններ արած: Մեր պատմութիւնը հարուստ է կորուստներով, ցաւով ու արհաւիրքի կապարէ ծանրութեամբ:
Մեր երկիրը, նաեւ մեր եսասիրութեան հետեւանքով, բալզակեան «Շագրենի Կաշի»ի պէս փոքրացել է, դարձել գրպանում տեղաւորելի, բայց մենք՝ ինքնասիրահարուած, շարունակում ենք իւրաքանչիւրս իր վրայ քաշել ծածկոցը՝ կողքինին թողնելով մրսելու:
Հիմա յեղափոխութիւն է:
Ոմանք ասում են իշխանափոխութիւն:
Ինչ էլ որ դնէք անունը, ժամանակն է ժողովրդին միաւորելու ու միասնաբար կերտելու այն երկիրը, որտեղ հայն ազատ է լինելու ու երջանիկ, վեր է բարձրանալու մանր հաշիւներից, մտածելու է ոչ թէ կողքինից վերցնելու, այլ միւսներին տալու մասին: Ինքն է արարելու, ստեղծելու, աշխարհին տալու, աշխարհը հարստացնելու:
Կեցցէն նրանք, ովքեր կը գան ու այդ ապագայ պետութեան հիմքերը կը դնեն, որտեղ ուսումը անվճար կը լինի թէ՛ Հայաստանում, թէ՛ աշխարհի ամէն մի Բուհում (համալսարան-Խմբ.), որտեղ սովորել կը ցանկանայ հայ դիմորդը:
Կեցցէն նրանք, ովքեր մեծ հայրենադարձութեան սկիզբը կը դնեն, կ՛ապահովեն մարդկանց աշխատանքով ու տանիքով:
Կեցցէն նրանք, ովքեր իւրաքանչիւր ծնուած երեխայի դիմաց մի կլորիկ գումար կ՛ապահովեն պետական բանկում, իսկ երրորդ ու չորրորդ երեխաների դէպքում անտոկոս վարկեր կը տրամադրեն ու կը չէզոքացնեն բոլոր նախկին պարտքերը:
Կեցցէն նրանք, ովքեր համահայկական բանկ կը ստեղծեն ու վճարումների անկախ մի համակարգ:
Կեցցէն նրանք, ովքեր ժողովրդին կ՛ասեն ճշմարտութիւնը, կը սովորեցնեն տեսնել ժամանակակից աշխարհի վտանգները, երկիրը կը փոխադրեն ռազմավարական մեծագործութիւնների ռելսերի (երկաթագիծերու-Խմբ.) վրայ, կ՛արտադրեն լաւագոյն զէնքերը, սոցիալապէս կ՛ապահովեն զինուորներին ու կը ձերբազատեն նահատակների ընտանիքներին պարտքերից եւ անյաղթահարելի հոգսերից:
Կեցցէն նրանք, ովքեր կ՛արգելեն խաղադրոյքային էկոնոմիկան, կ՛ազգայնացնեն հանքերն ու հանքարդիւնաբերութիւնը, այդ ոլորտը կը ծառայեցնեն ազգային դրամագլխի գոյացմանը:
Կեցցէն նրանք, ովքեր Հայաստանի բնութիւնը, ջրային ռեսուրսները, հովիտներն ու մարգագետինները կ՛ենթարկեն օրէնքի խստագոյն պաշտպանութեանը:
Կեցցէն նրանք, ովքեր, սեփական շահը ստորադասելով, կ՛երջանկանան՝ ընդհանուրին ծառայելով:
Կեցցէն նրանք, ովքեր մեր երկիրը կը հանեն փակուղային մտածողութիւնից ու կը դարձնեն օրինակելի համայն մարդկութեան համար:
Մենք այս ամէնին հասնելու բոլոր հնարաւորութիւններն ունենք:
Եւ ուրեմն՝ կեցցէն նրանք, ովքեր կ՛ընդլայնեն կամքի ու մտածողութեան սահմանները ու վեր խոյանալու բոլոր հիմքերը կը դնեն: