ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱՊԱՌԱԺ»Ի
Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորուած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան:
Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատուութիւն է, պատասխանատուութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատուութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:
Գաղափարական հենքը պարտադրում է կատարել քո առաքելութիւնը եւ չենթարկուել այս ու այն կողմից փչող քամիներին ու հոսանքներին: Իսկ նման գաղափարական-քաղաքական ուժ դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հաւատարիմ, համոզմունքով լի եւ անձնուրաց թիմ, ովքեր ոչ թէ քաղաքականութեան մէջ են մտել ինչ-որ պաշտօններ զբաղեցնելու, այլ յանուն գաղափարի ծառայելու համար: Ահա այդպէս է Դաշնակցութիւնը: Այսօրուայ դաշնակցական պատասխանատու անձը, երբ երէկ հալածւում էր իշխանութիւնների կողմից, բանտում էր, հաւատարիմ էր նոյն գաղափարին, ինչպէս որ հիմա է: Դաշնակցութեան համար կարեւոր չեն նախարարի պաշտօնն ու պատգամաւորական աթոռը: Հիմնականը հայ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու գերագոյն նպատակն իրականացնելն է: Ահա թէ որն է այն գաղտնիքը, որի շնորհիւ Դաշնակցութիւնը միշտ ներկայ է լինում քաղաքական ասպարէզում:
Հանրութեան առաջ պատասխանատուութեան բացակայութիւնն է պատճառը, որ միայն կարճ ժամանակով համակիրների դաշտ ապահոված քաղաքական ուժերը յաջորդ քաղաքական մրցավազքին հրաժարւում են անգամ մասնակցելուց: Իսկ նրանք առաջին հերթին փորձում են արդարանալ ուրիշներին մեղադրելով, եւ այս պարագայում հիմնականում մեղադրում են կայուն եւ յարատեւ պայքարին պատրաստ Դաշնակցութեանը, քանի որ չունեն այն, ինչ ունի Դաշնակցութիւնը՝ հայ ժողովրդի պատմութիւնը կերտելու վաստակը: Պէտք է մեղադրել, խարազանել նրան, ով միշտ ներկայ է եղել եւ միշտ պատրաստ՝ ամենաթէժ պահերին ստանձնելու պատասխանատուութիւն:
Վերջին հարիւր տարիների ընթացքում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը բազմիցս ապացուցել է իր այդ ունակութիւնը. Հայաստանի Առաջին Հանրապետութեան՝ Հայկական պետականութեան կերտումը, Եղեռնից յետոյ աշխարհասփիւռ բազմահազար հայորդիների համար սփիւռքեան օջախներում հայապահպանութեան օջախներ ստեղծելու ծանր պարտականութիւնը, Արցախեան պետականութեան ակունքներում գտնուելն ու Արցախեան ազատագրական շարժման ռահվիրան լինելը, Թուրքիայի դէմ հայ ժողովրդի պահանջատիրութեան դրօշակակրի դերի ստանձնումը եւ այդ ուղղութեամբ ամէն տեսակի զոհողութիւնների գնալու պատրաստակամութիւնը: Ահա այն ուղին, որի արդիւնքում ձեւաւորուել է քաղաքական դաշտում իր ուրոյն տեղն ունեցողի վաստակը: Իսկ այդ վաստակը պարտաւորեցնող է:
Անկախ Հայաստանի Հանրապետութիւնում կայանալիք Ազգային ժողովի ընտրութիւնների արդիւնքներից՝ Դաշնակցութիւնն իր խօսքն ունի ասելու հայ ժողովրդին. ասելիք կայ, ուրեմն քաղաքական դաշտում ներկայութիւնն աներկբայ է եւ անփոխարինելի: