Թեհրանի «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը Յունուարի 31ին բազմամարդ էր. համախմբուած էին ո՛չ միայն իրանահայ համայնքի, այլ նաեւ Իրանի պետական շրջանակների ներկայացուցիչները՝ մասնակից դառնալու իրանահայ ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանի մեծարման հանդիսութեանը:
«Հայերն Այսօր»ը, յղում կատարելով «Ալիք» օրաթերթին, յայտնում է, որ «Ալիք» հաստատութեան կողմից կեանքի կոչուած յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպուած հանդիսութեանը, որն ի դէպ յագեցած էր նաեւ գեղարուեստական յայտագրով, համայնքի ազգային-հասարակական եւ պետական շրջանակների ներկայացուցիչներն իրենց ելոյթների ընթացքում վեր հանեցին Լեւոն Ահարոնեանի հարուստ եւ բեղուն կենսագրութիւնից այնպիսի տուեալներ, որոնց միջոցով ներկայացւում էր Թեհրանի հայկական համայնքի 40 տարիների պատմական անցեալը, որի հիմքում Իրանի տնտեսական վերելքին եւ Իրան-Հայաստան յարաբերութիւններին առնչուող թեմաներն էին:
Յոբելեարի 50ամեայ բազմաբեղուն կենսագրութիւնը ներկայացնող տեսաֆիլմի ցուցադրութիւնից յետոյ հրաւիրուեց իր խօսքը փոխանցելու Լեւոն Ահարոնեանը, որը վեր հանեց իր ժամանակի ատենապետութեամբ Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի շրջանից այնպիսի դրուագներ, որոնք իրենց ուրոյն տեղն են զբաղեցնում համայնքի պատմական կեանքում:
Միջոցառման հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանի միջոցով հրաւիրուեցին յոբելեարին իրենց խօսքը փոխանցելու նրա հետ գործակցած, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ժամանակի ատենապետ Աիդա Յովհաննիսեանը, Իսլամական խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան տուեալ ժամանակի պատգամաւոր Վարդան Վարդանեանը, Իրանի մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հիմնարկի պատասխանատու Սայիդ Թաղաւին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանը: Եզրափակիչ խօսքը փոխանցեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանը:
Գեղարուեստական յայտագրում ելոյթով հանդէս եկաւ Արցախից հրաւիրուած «Գանձասար» խումբը, դաշնամուրային կատարումներ ներկայացրեց Արփինէ Իսրայէլեանը, իսկ երգչախմբային կատարումով «Հայ կին» միութեանը կից գործող «Անահիտ» միութեան «Զուարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ:
Աւարտին յոբելեարին յանձնուեցին յուշանուէրներ՝ «Ալիք» հաստատութեան, Թեմական խորհրդի, Իրանի մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, Իրան-Հայաստան Առեւտրի պալատի կողմից: Ներկաներին տրամադրուեց նաեւ «Ալիք» հաստատութեան միջոցով պատրաստուած ալբոմ-գրքոյկը, որը ներկայացնում էր 90ամեայ յոբելեարի ազգային-հասարակական եւ բարեսիրական գործունէութիւնը:
«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»