ԵՐԵՒԱՆ.- Հայասատանի արտաքին գործոց նախարարութիւնը հաղորդագրութեամբ մը գուժեց Սուրէն Յարութիւնեանի մահը: Նախարարութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ կ՛ըսուի.
«2019թ. Մարտի 2ին, 80 տարեկան հասակում կեանքից հեռացել է ՀՀ անուանի դիւանագէտ եւ հմուտ քաղաքական գործիչ Սուրէն Յարութիւնեանը: Մեր խորին ցաւն ու կսկիծ ենք յայտնում հմուտ պետական գործիչ եւ անուանի դիւանագէտ Սուրէն Յարութիւնեանի մահուան կապակցութեամբ, ով իր բազմամեայ ակտիւ քաղաքական գործունէութեան եւ փորձի շնորհիւ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետութեան՝ որպէս պետութիւն եւ նրա արտաքին քաղաքականութեան կայացման գործում:
Սուրէն Յարութիւնեանը ծնուել է 1938թ. Սեպտեմբերի 5ին Թբիլիսիում: 1961 թուականին աւարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական անասնաբոյժի որակաւորմամբ, երկար տարիներ աշխատել է մասնագիտութեամբ, ինչից յետոյ 1977ին ընդունուել եւ 1980 թուականին աւարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիւանագիտական ակադեմիան: 1967-1970թթ. եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ապա 1970-1978թթ. Համլեկեմ կենտկոմի քարտուղար: 1978ից աշխատանքի է անցել ԽՄԿԿ կենտկոմի ապարատում, իսկ 1986-88թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտօնը: Հայաստանի համար բեկումնային եւ դժուարին տարիներին՝ 1988-90թթ., զբաղեցրել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտօնը: Նոյն ժամանակահատուածում նաեւ ընտրուել է ՀԽՍՀ 7րդ եւ 11րդ գումարումների Գերագոյն խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւոր: 1990թ. նա նշանակուել է Մարոկկոյում ԽՍՀՄ (այնուհետեւ ՌԴ) դիւանագիտական ներկայացուցիչ եւ երկար տարիներ շարունակել է աշխատանքը ՌԴ ԱԳՆ համակարգում: 1999ից ծառայութեան է անցել ՀՀ դիւանագիտական համակարգում՝ նշանակուելով ՀՀ դեսպան Բելառուսում, ինչպէս նաեւ՝ ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում: Պաշտօնավարել է մինչեւ 2003 թուականը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծուել է Սուրէն Յարութիւնեանի յուղարկաւորութեան կազմակերպման յանձնաժողով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի գլխաւորութեամբ»: