ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի Հանրապետութեան Կեդրոնական դրամատունը հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը՝ առ ի բացատրութիւն վերջերս մամուլի մէջ հրապարակուած այն լուրերուն, ըստ որոնց կտրուկ կերպով նուազած են Հայաստանի Կեդրոնական դրամատան միջազգային արժոյթի պահեստները:
Ստորեւ սոյն հաղորդագրութիւնը՝ ամբողջութեամբ.
«ՀՀ միջազգային պահուստների փոփոխութեան գնահատման եւ վերլուծութեան համար կարեւոր է ուսումնասիրել աւելի երկար ժամանակահատուած եւ զերծ մնալ ամիսների ընթացքում տեղի ունեցած կարճաժամկէտ սեզոնային (եղանակային-Խմբ.) տատանումների վերլուծութիւնից:
ՀՀ միջազգային պահուստները 2018 թուականի ընթացքում նուազել են շուրջ 55 մլն. ԱՄՆ դոլարի չափով: 2018 թուականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների շարժի հիմնական գործօններից է հանդիսացել ՀՀ կառավարութեան կողմից պետական պարտքի մարման եւ սպասարկման համար զուտ վճարուած շուրջ 200 մլն. ԱՄՆ դոլարը:
ՀՀ կենտրոնական բանկի այլ գործառնութիւնների շնորհիւ (արտարժոյթի առք, միջազգային պահուստների կառավարումից ստացուած եկամուտ եւ այլն) միջազգային պահուստները չեն նուազել այդ չափով:
Միաժամանակ կարեւոր է նշել, որ միջազգային պահուստների բաւարար լինելու չափը չի որոշւում բացարձակ մեծութիւնով:
ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել արտարժութային պահուստներին ներկայացուող հիմնական պահանջներին, մասնաւորապէս՝ հնարաւոր արտաքին ցնցումները մեղմելու կարողութեան առումով:
Նաեւ որպէս այլ փաստարկ, ներկայացնենք ԱՄՀի (արժոյթի միջազգային հիմնադրամ) կողմից գնահատուող միջազգային պահուստների բաւարար լինելու մեթոդաբանութիւնը եւ գնահատականը՝ կայքի միջոցով վերլուծելով ՀՀ միջազգային պահուստների մակարդակի գնահատականը, կարող էք համոզուել, որ վերջինս ոչ միայն բաւարարում է ԱՄՀի կողմից ներկայացուած ամենախիստ պահանջին, այլ նաեւ աւելի բարձր է գնահատւում հարեւան երկրների համեմատ:
Ֆինանսական շուկաներում ձեւաւորուած միտումների եւ ակնկալուող զարգացումների ներքոյ ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է նուազագոյն ռիսկերով ՀՀ միջազգային պահուստների կառավարման իր որդեգրած ռազմավարութիւնը, որն ուղղուած է միջազգային պահուստների ապահովութեան, իրացուելիութեան ու արդիւնաւէտ կառավարման ապահովմանը»: