Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
1804թ. Անգլիայում հիմնադրուած քրիստոնէական հրատարակչական կազմակերպութիւն B.F.B.S.-ն իր The Bible in the World տեղեկագրում տեղեկութիւններ էր ներկայացնում թէ՛ համայն աշխարհով մէկ իր ներկայացուցիչների գործունէութեան եւ թէ տուեալ երկրներում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ: Տեղեկագրի՝ 1916թ. Յունուար ամսին հրատարակուած համարում տեղ գտած լուրում ներկայացուած է Մուսա լերան շուրջ 5 հազար հայ բնակիչների դրաման: Այդ մասին պոլսահայ Hyetert կայքէջում գրում է Բուղրա Փոյրազը:
Հրապարակման հեղինակը նշում է, որ, այդ աղբիւրի համաձայն, Անթաքիայի նահանգապետը տուեալ շրջանի 6 հայկական գիւղերի բնակիչներին հրամայել է տեղահանութեանը նախապատրաստուել եօթ օրուայ ընթացքում, սակայն տեղի հայերը, քաջ գիտակցելով, թէ իրականում ինչ նպատակ ունէր այդ աքսորը, որոշում են դիմադրել: Նրանք այդ նպատակով զինուած բարձրանում են Մուսա լեռը: Մուսալեռցի հայերը 6 շաբաթ զինուած դիմադրութիւն են ցուցաբերում: Այդ ընթացքում Անթաքիան գտնւում էր թուրք զինուորների եւ զինուած հրոսակախմբերի հսկողութեան տակ: Ի վերջոյ, հորիզոնում երեւում են ֆրանսիական ռազմանաւերը, որոնք շուրջ 1000 հայ տղամարդու, 3000 կնոջ ու երեխայի 1915թ. Սեպտեմբերի 14ին հասցնում են Եգիպտոսի Պորտ Սայիդ նաւահանգիստը:
Ոչ մի իր չունեցող հայ գաղթականները Եգիպտոսի իշխանութիւնների կողմից վերաբնակեցւում են 500 վրանից բաղկացած ճամբարում: B.F.B.S. կազմակերպութեան՝ Եգիպտոսում գտնուող մասնաճիւղի աշխատակիցներն աջակցում են այդ հայերին, նաեւ անվճար Սուրբ գրքեր բաժանում նրանց: Կազմակերպութեան ներկայացուցիչները տեղի հայկական եկեղեցում, օգտագործելու նպատակով, Աւետարան են տրամադրում հայ քահանային, որի լուսանկարը կցուած է հրապարակմանը: