1919 թուականի փետրուարեան մի օր անսովոր եռուզեռ էր Թիֆլիսում: Քաղաքի տարբեր անկիւններից մարդկանց մեծ ու փոքր խմբերը շարժւում էին դէպի նոյն վայրը՝ Վոզնեսենսկայա փողոց թիւ 18 տունը, որտեղ ապրում էր հայ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը: Այս օրը գրողի ծննդեան օրն էր: Նա դառնում էր 50 տարեկան:
Հաւաքուել էր մի խառնիճաղանջ ու բազմալեզու բազմութիւն՝ հայեր, ռուսներ, վրացիներ, թաթարներ, հրեաներ… Հնչում էր երաժշտութիւնը, աշակերտներն ասմունքում էին, լսւում էին զուարթ վանկարկումներ ու ծափողջոյններ: Վերջապէս բացուեց պատշգամբի դուռը եւ երեւաց բանաստեղծը: Նա առաջ եկաւ, թոյլ մատները հպեց բազրիքին ու նայեց փողոցին: Բազմութիւնը մի պահ ալիքուեց ու լռեց: Բոլորը սպասում էին Թումանեանի խօսքին: Բայց նա շարունակում էր լռել, իսկ հայեացքը յուշում էր, որ կան պահեր, երբ բառերն աւելորդ են: Այն, ինչ կատարւում էր շուրջը, գնահատանքի ու երախտիքի ամենաանկեղծ տուրքն էր, որ կ՛երազէր ամէն մի արուեստագէտ: Դա Թումանեանի աստեղային ժամն էր, որ նա վաստակել էր ազնուաբար: Սակայն ի՞նչ գնով: Թերեւս միայն իրեն էր յայտնի, թէ ինչ արժեր մեծ թռիչքի հատուցումը, թէ բարձունքին հասնելու համար որքան դժուարին, ծանր ու երկար էր եղել դէպի վերելք տանող ճանապարհը:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ ՊԼՈԿԻՑ