ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Համաշխարհային ճանաչման հայ երգահան Տիգրան Մանսուրեանի ծննդեան 80ամեակը, Մարտի 6ին, երկու նշանակալի ձեռնարկներով նշուեց «Եու.Սի.Էլ.Էյ.» համալսարանում: «Հըրբ Ալբըրթ» երաժշտական դպրոցի կողմից կազմակերպուած՝ «Արեւելք Արեմուտք. հատման կէտի փնտռտուքներ» խորագրով համաժողովը նպատակ ունէր ներկայացնելու Մանսուրեանին որպէս ազգային եւ համաշխարհային երգահանի:
Համաժողովի առաջին՝ «Մանսուրեանն ու հայկական երաժշտական աւանդոյթները» բաժնում բանախօսներն էին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ՝ երգահան-դաշնակահար Արթուր Աւանեսովը Հայաստանից, «Լարք» երաժշտանոցի տնօրէն, խմբավար, երգահան Վաչէ Պարսումեանը, «Եու. Սի. Էլ.Էյ.» համալսարանից՝ երգահան Եան Կրաուսն ու Էյ Ջի Ռէյսին: Բանախօսներն անդրադարձան Մանսուրեանի երաժշտական ուղղութեան փնտռտուքների ուղուն եւ այդ ճանապարհին ազգային ակունքներին նրա անդրադարձին՝ ի դէմս Կոմիտասի: «Անհերքելի փաստ է, որ Մանսուրեանը դարձաւ շարունակողը Կոմիտասի ստեղծագործական, կոմպոզիցիոն-կառուցողական սկզբունքների, առաջին երգահաններից, ով ժամանակակից դարձրեց Մեծ դասականի աւանդոյթներն ու վերահաստատեց Կոմիտասի ուղերձը՝ նոր գեղագիտական հիմքի վրայ», այս մասին նշում է նաեւ երաժշտագէտ, դոցենտ Լուսինէ Սահակեանը:
Ձեռնարկի երկրորդ մասը, որ կրում էր «Արեւե՛լք եւ Արեւմուտք. հատման կէտերի փնտռտուք» անուանումը, բանախօսութիւններով հանդէս եկան նաեւ Սիէթլի Սիմֆոնիկի գեղարուեստական հարցերով փոխնախագահ եւ Վաշինգտոնի համալսարանի դոցենտ Ելենա Դուբինեցը, «Եու.Սի.Էլ.Էյ.» համալսարանի «Թորնթոն» երաժշտական դպրոցից դոցենտ Լիզա Կուպեր Վեսթը, ինչպէս նաեւ՝ Եան Կրաուսն ու Աւանեսովը:
«Ես պատմական համատեքստում փորձեցի ներկայացնել Մանսուրեանի երաժշտութիւնն ու տեղը երաժշտական պատմութեան մէջ: 60ականներին, ուսանողական տարիներին, Տիգրան Մանսուրեանը ջանասիրութեամբ տրուել էր այն տարիներին Արեւմուտքից Խորհրդային Միութիւն մուտք գործող կոմպոզիտորական արուեստի տարբեր ուղղութիւնների իւրացմանը՝ կոմպոզիցիոն-տեխնիկական միջոցների եւ տարբեր համակարգերի: Իր ստեղծագործական որոնումների ընթացքում, Մանսուրեանը տեղ գտաւ արեւելեան ու արեւմտեան երաժշտութեան խաչմերուկում, եւ դա պատահական չէր, քանզի նրա վաղ շրջանի գործերում արդէն նկատելի էր արեւելքի եւ արեւմուտքի ազդեցութիւնը, ի դէմս մի քանի երգահանների՝ Անդրէյ Վոլկոնսկի, Մանսուրեանի ընկերներից՝ Ալֆրեդ Շնիտկէ, Արվօ Փարթ, Վալենտին Սիլուեստրով:
1970ականներին, Մանսուրեանը ներկայացնում էր հայկական երաժշտութիւն, բայց ընդհանուր առմամբ այդ տարիներին միտում կար՝ հեռանալ ակադեմիական աւան-գարդ երաժշտութիւնից, դէպի մի երեւոյթ, որը կը խօսի հանդիսատեսի, լսողի հոգու հետ: Կը ցանկանայի ընդգծել, որ Մանսուրեանը դարձաւ այդ ուղղութեամբ ամենայաջողուած երգահանը: Նրա երաժշտութեան միջոցով հանդիսատեսը սկսում է խօսել իր հետ, եւ սա բացառիկ շնորհ է», իր խօսքում նշեց Ելենա Դուբինեցը: Նա տեղեկացրեց, որ զեկոյցը պատրաստելու համար զրուցել է բազմաթիւ յայտնի երգահանների հետ, ովքեր միայն դրական են արտայայտուել Մանսուրեանի մասին՝ որպէս անձի, եւ երգահանի, ինչը, Դուբինեցի կարծիքով, բացառիկ երեւոյթ է երաժշտագէտների շրջանում:
1960-70ականների Կենտրոնական Եւրոպայի եւ Լեհաստանի երաժշտութեան հարցերով մասնագէտ, Լիզա Կուպեր Վեսթը նշում է, որ նշուած տարածաշրջանում այդ տաիրներին, արեւմտեան աւանգարդ տեխնիկայի եւ ազգային ինքնութեան կոմբինացիաների միտում կար: Նա զուգահեռներ անցկացրեց լեհ երգահան Գորեցկիի եւ Մանսուրեանի միջեւ, քանզի երկուսն էլ հետաքրքրուած են եղել ազգագրական եւ հոգեւոր երաժշտութեամբ, եւ օգտագործել են մոտիվներ ազգային աւանդոյթներից: «Ես շատ եմ սիրում Մանսուրեանի վաղ ստեղծագործական շրջանի աշխատանքները, որոնք գուցէ շատերի համար դժուար ընկալելի լինեն, բայց նրանք իւրայատուկ են», նշեց Վեսթը: Նա նաեւ կարեւորեց համաժողովը՝ նշելով, որ արեւմտեան դպրոցներում, ինչպէս օրինակ «Եու.Սի.Էլ.Էյ.»ում, կարեւոր է ներկայացնել նաեւ Գերմանիայից, ԱՄՆից բացի այլ երաժշտական միտումներ ու երգահանների, որոնք կը լրացնեն միմեանց եւ հանդիսատեսը կը կարողանայ գնահատել ստեղծագործական այն շունչը, որ առկայ է եղել համաշխարհային երկրորդ պատերազմից յետոյ, աշխարհի տարբեր շրջաններում:
«Եու.Սի.Էլ.Էյ.»ի պրոֆեսոր, միջազգային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունեցող Եան Կրաուսն էլ մանրամասներ ներկայացրեց իր յայտնի՝ «Արմինիըն Ռեքվիեմ»ի ստեղծման պատմութիւնից ու կառուցուածքից: Իր այդ գործն էլ բնութագրելով որպէս արեւելքի ու արեւմուտքի երաժշտական հատման իւրատեսակ կէտ, Կրաուսը նշեց, որ այն գրելիս ազդուած է եղել Եւրոպական մի շարք յայտնի երգահաններից, Կոմիտասից ու Տիգրան Մանսուրեանից:
Հայ ճանաչուած երաժիշտ Արթուր Աւանեսովն ընդգծեց, որ համաժողովը հետաքրքիր էր նաեւ այն առումով, որ բանախօսների խօսքը շատ դէպքերում ինքնաբուխ էր հնչում. «Զեկուցողները, որ տարբեր ոլորտների երաժշտագէտներ էին, եւ ներկայացնում էին տարբեր տեսակէտներ, յաճախ էին միանման արտայայտւում Մանսուրեանի՝ որպէս երգահանի մասին, յաճախ էինք միմեանց միտքը շարունակում եւ այդ ամէնն ինքնաբուխ էր ստացւում: Դա կարեւոր էր, առաւել եւս, երբ օտարները նման կերպ են արտայայտւում երգահանի մասին, ով մեծութիւն է հայ երաժշտարուեստում»:
Ձեռնարկը վարում էր «Նարեկացի» հայկական ուսումնասիրութիւնների ամբիոնից՝ Փիթեր Քաուին. «Մանսուրեանը բազմակողմանի երգահան է, եւ շատ ուրախ ենք, որ առիթ ունեցանք մեծ երգահանի տարեդարձի առիթով քով քովի բերել մասնագէտների, ովքեր կարողացան լուսաբանել այդ բազմակողմանի էութեան տարբեր կողմերը: Շատ կարեւոր էր տեսնել Մանսուրեանին հայկական, եւ միաժամանակ՝ համաշխարհային երաժշտական իրականութեան մէջ», նշեց Քաուին:
«Եու.Սի.Էլ.Էյ.» համալսարանի նշանաւոր երաժշտական դպրոցում անցկացուած բնոյթով բացառիկ համաժողովը՝ նուիրուած հայ երգահան Տիգրան Մանսուրեանին, հնարաւոր էր դարձել «Եու.Սի.Էլ.Էյ.»ի «Հայկական երաժշտութեան ծրագիր»ի հիմնադիր եւ ղեկավար, պրոֆեսոր Մովսէս Պօղոսեանի ջանքերի շնորհիւ նաեւ:
«Շոնբերգ» սրահում, ձեռնարկին յաջորդած յոբելեանական համերգի ժամանակ, Մովսէս Պօղոսեանը նշեց, որ Տիգրան Մանսուրեանը տարբեր սերունդների կողմից հաւասարապէս սիրուած երգահան է՝ ոմանց յայտնի ֆիլմերի համար գրուած սքանչելի երաժշտութեամբ, միւսներին՝ դասական երաժշտութեան իր գլուխ գործոցներով:
Խօսքով հանդէս եկաւ Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը, տեսաուղերձով ներկաներին ողջոյնի խօսք ուղղեց եւ Մանսուրեանին շնորհաւորեց ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը:
Համերգային ծրագրում ներառուած էին Տիգրան Մանսուրեանի, Կոմիտասի, Վալենտին Սիլվեստրովի, Ալֆրեդ Շնիտկէի, Արվօ Փարթի ստեղծագործութիւնները:
Համերգի աւարտին, հանդիսատեսը «Շնորհաւոր տարեդարձ» երգով «դիմաւորեց» Երեւանից ուղիղ տեսակապով ներկաներին միացած Տիգրան Մանսուրեանին:
«Մանսուրեանի 80 ամեակը լոկ հայկական երաժշտութեան տօնումը չէ՝ այլ երաժշտութեան ընդհանրապէս: Նրա արուեստը կայ եւ կը շարունակի լինել լաւագոյն երաժշտական ժառանգութեան մասը», իր յօդուածում նշում է երաժշտական քննադատ Նեստոր Կաստիլիոնէն: